ՀՀ հիմնադրման 100-ամեակին ընդառաջ, այս տօնին նւիրւած միջոցառումների շարանը մեկնարկեց Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած դասախօսական երեկոյի միջոցով, չորեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 21-ի երեկոյեան, շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում: 

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչները եւ մի շարք այլ հրաւիրեալներ: 

Բացման խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ միութեան անդամուհի Գայիանէ Եղիազարեանը, ուր կարեւորութեամբ ընդգծեց առաջին Հանրապետութեան առանցքային դերակատարութիւնը Հայաստանի 2-րդ եւ 3-րդ Հանրապետութիւնների ստեղծման գործում եւ հայ կնոջ ազդեցիկ դերը ՀՀ անկախութեան կերտման եւ երկրի բարգաւաճման հարցերում:

Յաջորդիւ «Հայ կինը եւ անկախութիւնը» թեմայի շուրջ դասախօսական զրոյց ծաւալեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: 

Դասախօսը նշելով, որ հայոց դարաւոր պատմութեան ընթացքում հայ կինը որպէս ազգասէր, առաջադէմ եւ գործունեայ անհատ, ոչ միայն գերազանցապէս կատարել է իր մայրական պարտականութիւնները, այլեւ պահպանել է  ընտանիքի օջախը եւ հոգեւոր արժէքները փոխանցել գալիք սերունդներին, ընդգծեց նաեւ, թէ հայուհին հայկական գոյամարտերին իր մասնակցութեամբ փաստել է, որ խիզախ ու նպատակասլաց է եւ այն անձն է, ով մանուկ հասակից հերոսութիւն եւ ազգասիրութիւն է սերմանում իր զաւակի հոգում ու սրտում:

Հայր Սուրբն անդրադառնալով հայ ժողովրդի պատմութեան էջերում արձանագրւած ճակատագրական հանգրւաններին՝ ի մասնաւորի Վարդանանց եւ Վահանանց պատերազմներին, իսկ աւելի ուշ ժամանակաշրջաններում՝ հայ-թաթարական կռիւներին (1905-1906 թ.թ.) ու ինքնապաշտպանական հերոսամարտերին (1915-1923 թ.թ.), յատկապէս կանգ առաւ այդ իրադարձութիւնների շրջագծում հայ կնոջ հերոսական գործունէութեան վրայ: 

Դասախօսն իր խօսքի մի այլ բաժնում կարեւորութեամբ ընդգծելով հայոց պետականութեան վերականգնման գործում հայուհիների դերը եւ այն փաստը, որ  Հայաստանն առաջին պետութիւնն է եղել, որտեղ կնոջը ընտրելու եւ ընտրւելու իրաւունք է շնորհւել, ներկայացրեց ՀՀ առաջին խորհրդարանական ընտրութիւններում ընտրւած երեք հայ կին պատգամաւորներ՝ Կատարինէ Մանուկեանին, Վարվառա Սահակեանին եւ Պերճուհի Բարսեղեանին, ինչու չէ նաեւ աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարին: Նա որպէս վերջաբան մէջբերեց Գարեգին Նժդեհի «Մայրերի ափի մէջ պիտի փնտրել ազգի ճակատագիրը» խօսքը եւ շեշտեց, որ հայուհիների կողմից տրւող դաստիարակութիւնից է կախւած մեր զաւակների հայ լինելը:

Շարունակութեան մէջ արտայայտւեց ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա գնահատելով բովանդակալից դասախօսական ելոյթը՝ ակնարկ կատարեց պատմութեան տարբեր հանգրւաններում հայ կնոջ առանցքային դերին՝ որպէս ստեղծագործութեան եւ ողջամտութեան խորհրդանիշ: Նա գնահատելով նաեւ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան այս նախաձեռնութիւնը՝ ներկայացրեց Կենտ. յանձնախմբի անդամներին ու յառաջիկայ ծրագրերը՝ շեշտելով, որ առիթի նշման համար կեանքի են կոչւել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ենթայանձնախմբերը: Վերջում պրն. Օհանեանը կոչ արեց՝ խուռներամ շարքերով մասնակցել պանծալի տօնին նւիրւած բոլոր միջոցառումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

kananx_01.jpg kananx_02.jpg kananx_03.jpg

kananx_04.jpg kananx_05.jpg kananx_06.jpg

kananx_07.jpg kananx_08.jpg kananx_09.jpg

kananx_10.jpg