Երեքշաբթի՝ փետրւարի 6-ին, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Պատարագիչ Հայր Սուրբն օրւայ առթիւ իր պատգամում նշելով, թէ ինչպէս Վարդանանց պատերազմից առաջ Ղեւոնդ Երէցն իր քարոզով Աստծոյ շունչը փոխանցեց հաւատի ճամբին պատերազմողներին, աւելացրեց, որ մեր եկեղեցին չենք կարող բաժանել հոգեւոր եւ ազգային իմաստների, քանի որ Ղեւոնդ Երէցն ու իր հետեւորդները  հոգեւորն ու ազգայինը հաստատեցին՝ որպէս մէկ ամբողջութիւն: Հայր Սուրբն իր խօսքի աւարտին շեշտելով, որ քահանան Աստծոյ սպասաւորն է եւ եկեղեցու պաշտօնեան, իր ուրախութիւնը յայտնեց թեմիս հոգեւորականների եւ ժողովրդի միջեւ յարգանքի, սիրոյ եւ վստահութեան վրայ հիմնւած փոխ-յարաբերութեան համար, ապա շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, յոյս յայտնեց, որ թեմիս հոգեւորականներին ինչպէս միշտ տեսնելու ենք ղեւոնդեանց քահանաների հոգով ու նւիրումով:

Ս. պատարագին յաջորդեց եկեղեցու սրահում ընդունելութիւնը, ուր օրւայ առթիւ խօսքերով ու շնորհաւորանքներով հանդէս եկան եկեղեցու երեցփոխուհի Ռիթա Մկրտչեանն ու Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամուհի Լիդա Սիմոնեանը: Վերջում արտայայտւեց նաեւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը՝ քահանայից տօնը շնորհաւորելով եւ պատարագի ու միջոցառման գործն ի կատար ածողներին շնորհակալութիւն յայտնելով:

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց հինգշաբթի՝ փետրւարի 8-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում՝ ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ: Պատարագը կատարեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը՝ եկեղեցական դասի մասնակցութեամբ:

Ժողովրդից բացի ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, «Արմէն»  տարրական երկսեռ կրթահամալիրի 5-րդ ու 6-րդ դասարանների եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտ-աշակերտուհիները եւ պատասխանատուները:

Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով գիտակցաբար մահւանը, ինչու չէ նաեւ Վարդանանց պատերազմին ու այդ հերոսական իրագործումի պատգամին, աւելացրեց, որ այսօր էլ ականատեսն ենք հայրենասէր հայորդիների սխրագործութիւնների, ովքեր իրենց նախնիներից ժառանգած ոգով եւ թանկագին արեան գնով Արցախում պաշտպանում են մեր սուրբ հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգութիւններից: Պատարագիչ հայրն ընդգծելով, որ Վարդանանց հերոսներն իրենց մահւամբ կենդանութիւն եւ յաւերժութիւն պարգեւեցին Հայաստանին ու հայ ժողովրդին, կոչ արեց յատկապէս նոր սերնդին՝ օրինակ վերցնելով նրանցից, եկեղեցին, ազգն ու հայրենիքը վեր դասել ցանկացած բանից:

Զոյգ պատարագների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Թղթակից (Նոր Ջուղա)

ghevondyax_01.JPG ghevondyax_02.JPG ghevondyax_03.JPG

ghevondyax_04.JPG ghevondyax_05.JPG ghevondyax_06.JPG

ghevondyax_07.JPG ghevondyax_08.JPG ghevondyax_09.JPG

ghevondyax_10.JPG ghevondyax_11.JPG ghevondyax_13.jpg

ghevondyax_14.jpg ghevondyax_15.jpg ghevondyax_16.jpg

ghevondyax_17.jpg ghevondyax_18.JPG ghevondyax_19.JPG

ghevondyax_20.JPG ghevondyax_21.JPG ghevondyax_22.JPG