Կրթական անխոնջ մշակները անմահ են. նրանք իրենց տիպար կեցւածքով ու նւիրական առաքելութեամբ անմահանում են բոլորի՝ յատկապէս իրենց դաստիարակած սերունդների հոգիներում ու սրտերում:  

Ուսուցչուհի Աննիկ Սիմոնեանը ծնւել է 1937 թւականին Չհարմահալ գաւառի Աղբուլաղ գիւղում: Մանուկ հասակում առ յաւէտ կորցնելով իր հօրը՝ իր եղբօր ու մօր հետ բնակութիւն է հաստատում նախ Նոր Ջուղայում, ապա Աբադանում, որտեղ էլ աւարտում է իր միջնակարգ կրթութիւնը:  

Հայոց ազգային դպրոցների ժամանակի հոգաբարձութեան հրաւէրով, 1975 թւականին որպէս հայերէն լեզւի ուսուցչուհի աշխատանքի է անցնում Աբադանի «Ադաբ» դպրոցի տարրական բաժնում: Ուսուցչութեան աշխատանքին զուգահեռ մի քանի ուսումնական տարեշրջան վարում է դպրոցի գրադարանավարուհու պաշտօնը: Եղել է նաեւ նոյն դպրոցի սկաուտական խմբի սկաուտապետը:

Այնուհետեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի պատճառով տեղափոխւում է Նոր Ջուղա, ուր նոյն աշխատանքը շարունակում է Նոր Ջուղայի «Արմէն» տղայոց տարրական դպրոցում (այժմ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիր) մինչեւ հանգստի կոչւելը:  

Պաշտօնավարութեան 30 տարիների ընթացում նա վաստակեց ոչ միայն իր աշակերտների, ծնողների ու գործընկերների, այլեւ ամբողջ համայնքի սէրն ու յարգանքը: Օր. Աննիկը յայտնի էր աշակերտների նկատմամբ իր սրտցաւ ու հոգատար վերաբերմունքով,  եւ այդ յատկութիւնով էլ փայլեց մինչեւ իր կեանքի վերջին օրերը: Նրան յաճախ կարող էիր տեսնել իր նախկին աշակերտների որպիսութեան մասին տեղեկանալիս կամ էլ նրանց յաջողութիւններով ուրախանալիս:

Ուսուցչուհին կրթական ասպարէզում ունեցած իր գործունէութեանը զուգահեռ, որպէս հայրենասէր եւ համայնքի ապագայով մտահոգւած անձնաւորութիւն  դերակատարութիւն է ունեցել ազգային-հասարակական բազմաթիւ աշխատանքներում: Նա դեռ պատանեկան տարիքից անդամագրւել է Հ.Յ.Դ. պատանեկան միութեան, իսկ յետագայում Հ.Յ. Դաշնակցութեան շարքերը՝ մինչեւ իր մահը հաւատարիմ մնալով կուսակցութեան գաղափարներին:

Եղել է նաեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան երէցների միաւորի հիմնադիր անդամներից ու երեք շրջան ընտրւել նոյն միաւորի վարչութեան անդամ: Նա աշխոյժ մասնակցութիւն էր բերում համահայկական ծրագրերին ու յատկապէս ի օգուտ հայրենիքի կազմակերպւող նւիրահաւքներին:

Հայրենասէր ու նւիրւած ուսուցչուհին իր մահկանացուն կնքեց 2017 թւականի դեկտեմբերի 19-ին, խորը վշտի մատնելով իր հարազատներին եւ այն բոլոր անհատներին, ովքեր բախտ էին ունեցել վայելելու նրա համեստ ու հոգատար բնաւորութիւնը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի պատւէրով