Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը նախագահեց Ս. Ստեփանոս եկեղեցու ս. պատարագին, որը մատուցւեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի միջոցով: 

Ընթացքում Հայր Սուրբն ընթերցեց ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Մարդը՝ Աստծու որդու մարդեղութեան նպատակը» խորագրով պատգամը: 

Շնորհազարդ Հայրապետն իր պատգամում նշելով, որ քրիստոնէական մտածողութեան մէջ, քիստոսաբանութիւնը եւ մարդաբանութիւնը անքակտելիօրէն իրար հետ առնչւած են  եւ մարդը արժէք է Աստծու համար՝ որպէս ստեղծագործութեան պահապան ու պաշտպան, ընդգծել էր. «Քրիստոսի ծնունդը մի հրաւէր է, վերանորոգւելու Բեթղեհէմի խորհրդով: Քրիստոսի ծնունդը մի յիշեցում է փրկութեան ճանապարհի վրայ գտնւող մարդուն՝ հաւատարմօրէն հետեւելու Քրիստոսին: Քրիստոսի ծնունդը մի կոչ է, մասնակից դառնալու, եկեղեցու ճամբով իրագործւող, փրկագործական առաքելութեանը: Այս գիտակից հաւատով մօտենանք Քրիստոսի ծնունդին ու հաղորդւենք նրա խորհրդով ու պատգամով»:

Հոգեպարար արարողութիւնն աւարտւեց Քրիստոսի ս. Ծնունդը հռչակող շարականի «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» աւետաբեր բառերով: 

Յաջորդ օրը՝ շաբաթ, յունւարի 6-ի առաւօտեան ժամը 10:00-ին, ս. Ծննդեան տօնի պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ, Ս. Յովհաննու, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում: Ս. Բեթղեհէմ եկեղեցու պատարագը կատարեց թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը. մասնակցում էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու սարկաւագաց դասը: 

Քարոզի պահին, հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Հայր Սուրբը, ուր անդրադառնալով, որ այսօրւայ մատաղ սերունդը ազգի ապագայի ղեկավարն ու ճակատագրի որոշիչն է լինելու եւ յատկապէս ընդգծելով, թէ հայ ընտանիքները հայութեան կենդանի ու կենսատու բջիջներն են, կոչ արեց. «Յիսուս Քրիստոսի Ծննդեան տօնն իր մէջ սրբացնում եւ իւրացնում է ընտանիք կազմելու, բայց մանաւանդ որդեծննդեան գաղափարն ու իդէալը: Ուստի, Ս. Ծննդեան այս տօնի առիթով, եկէք ազգովի վերադառնանք մեր աւանդական ու պապենական կենցաղակերպին, փոխենք մեր մտածումը, հոգեբանութիւնն ու հասկացողութիւնը, եւ փորձենք լինել բազմանդամ ու բազմազաւակ ընտանիքներ, այնքան` որքան իւրաքանչիւրիս պարագաներն ու կարողութիւնները կը ներեն, որպէսզի մեր այսօրւայ բազմածին երեխաները դառնան մեր ազգի փայլուն, պայծառ ու հզօր ապագայի երաշխիքն ու կռւանը»:

Հայր Սուրբի ս. Ծննդեան տօնի պատգամն ընթերցւեց միւս եկեղեցիներում՝ պատարագիչ հայրերի միջոցով:

Արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի կարգը, որտեղ աղօթքների եւ շարականների հնչման ներքոյ Հայր Սուրբի ձեռամբ ս. Միւռոնի հեղումով օրհնւեց եւ սրբագործւեց ջուրը: 

Նոյն օրը, կէսօրից յետոյ, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, իսկ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով ու Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, երեկոյեան ժամը 5:30-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, որից յետոյ վանքի Ծաղկեայ դահլիճում թեմակալ առաջնորդն ընդունեց ս. Ծննդեան տօնի առթիւ շնորահաւորանքները: 

Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ:

Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցւած Ճրագալոյցի եւ Ս. Բեթղեհէմ եկեղեցում կատարւած ս. Ծննդեան տօնի զոյգ պատարագների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)
 
sznund_jugha_01.JPG sznund_jugha_02.JPG sznund_jugha_03.JPG

sznund_jugha_04.JPG sznund_jugha_05.JPG sznund_jugha_06.JPG

sznund_jugha_07.JPG sznund_jugha_08.JPG sznund_jugha_09.JPG

sznund_jugha_10.JPG sznund_jugha_11.JPG sznund_jugha_12.JPG

sznund_jugha_13.JPG sznund_jugha_14.JPG sznund_jugha_15.JPG

sznund_jugha_16.JPG sznund_jugha_17.JPG sznund_jugha_18.JPG

sznund_jugha_19.JPG sznund_jugha_20.JPG sznund_jugha_21.JPG

sznund_jugha_22.JPG sznund_jugha_23.JPG sznund_jugha_24.JPG

sznund_jugha_25.JPG sznund_jugha_26.JPG sznund_jugha_27.JPG

sznund_jugha_28.JPG sznund_jugha_29.JPG