Աղբիւր՝ www.alikonline.ir

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն Իրանում կրօնական փոքրամասնութիւնների վիճակի մասին մարդու իրաւունքների զեկուցողների զեկոյցները համարում է ոչ հաւաստի եւ իրականութեան չհամապատասխանող: Այս մասին նա ասել է Իրանի մարդու իրաւունքների շտաբի տեղեկատւական կենտրոնի հետ զրոյցում:

«Իրանում, կրօնական փոքրամասնութիւնները մասնակցում են երկրի սոցիալ-քաղաքական կեանքին, այդ թւում՝ ընտրութիւններին, եւ սա ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների գլխաւոր չափորոշիցներից մէկն է»,- ասել է պատգամաւորը:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովն ընդունել է մարդու իրաւունքների հետ կապւած Կանադայի առաջարկած հակաիրանական բանաձեւը, որտեղ Իրանին ներկայացնում են բազմիցս կրկնւած եւ իրականութեան չհամապատասխանող մեղադրանքներ: Բանաձեւում ներկայացւել է կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների իբր ոտնահարման մի քանի փաստեր:

Դոկտ. Կարէն Խանլարեանն ուշադրութիւն է հրաւիրել այն փաստի վրայ, որ որպէս կանոն նման բանաձեւերի ընդունումը համընկնում է Իրանի դէմ քաղաքական բանաձեւերի կամ յայտարարութիւնների ընդունմանը. «Գլխաւոր նպատակը միանշանակ է. Իրանի դէմ օգտագործելով մարդու իրաւունքների լծակը, փորձում են դիւիդենտներ շահել: Ուրեմն, բնական է, որ փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարումը վերածւում է Իրանում մարդու իրաւունքների հետ կապւած զեկոյցների եւ ընդունւած բանաձեւերի գլխաւոր առանցքներից մէկին»,- ասել է պատգամաւորը:

Խօսելով մարդու իրաւունքների զեկուցողների ներկայացրած զեկոյցներում առկայ բացթողումների մասին, նա նշել է, որ դրանցում տեղ գտած «փոքրամասնութիւն» հասկացողութիւնը հակասում է այն ինչի հետ, որն ամրագրւած է Իրանի Իսլամական Հանրապետութեան Սահմանադրութիւնում:

«Եթէ զեկոյցներում ներկայացւած խնդիրները կոնկրետ վերաբերում են Սահմանադրական օրէնքում նշւած կրօնական փոքրամասնութիւններին, ապա պէտք է նշեմ, թէ գոնէ այդ փոքրամասնութիւնների մի հատւածի՝ իրանահայութեան սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վիճակի եւ խնդիրների մասին մարդու իրաւունքների զեկուցողների կողմից որեւէ ուսումնասիրութիւն չի կատարւել»,- ասել է դոկտ. Խանլարեանը:

Պատգամաւորը յատուկ ընդգծել է, որ զեկոյցները պատրաստելից դրա հեղինակները հիմնականում օգտագործում են արտասահմանում գտնւող իրանական ընդդիմութեան տրամադրած խիստ կողմնակալ եւ ոչ հաւաստի տեղեկատւութիւնը, որն էլ բնականաբար, նւազագոյնի է իջեցնում ներկայացւած զեկոյցների անկողմնակալութիւնը, հաւաստիութիւնն ու արժէքը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը յատուկ ընդգծել է. «Իրանահայութիւնն ունի իրեն յատուկ խնդիրները, սակայն, ուշագրաւ է այն փաստը, որ դրանք երբեւէ չեն արտացոլւում Իրանում մարդու իրաւունքների հետ կապւած զեկոյցներում: Օրինակ տնտեսական խնդիրները, որոնք հիմնականում կապւած են Իրանի դէմ գործադրւող պատժամիջոցների հետ, եւ իրանահայութեան ներկայացուցիչներին պատկանող բազմաթիւ փոքր եւ միջին արդիւնաբերական ձեռնարկութիւնների սնանկացման պատճառն են դարձել, երբեւէ չեն արտացոլւում այդ զեկոյցներում»:

Նա մէկ անգամ եւս յիշեցրել է, որ իրանահայութիւնն ազատօրէն կատարում է իր կրօնական, մշակութային եւ հասարակական բոլոր ծիսակատարութիւններն ու միջոցառումները, Իսլ. խորհրդարանում ներկայացւած է երկու պատգամաւորով, որոնց միջոցով էլ փորձում է կարգաւորել իր խնդիրները. «Կարծում է, թէ այս փաստն ինքնին ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների գլխաւոր չափորոշիչներից մէկն է»,- նշել է պատգամաւորը:

Իր խօսքերի աւարտական բաժնում դոկտ. Կարէն Խանլարեանը յատուկ ընդգծել է, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին բարձրաձայնող կեղծ յաւակնորդների ներկայացրած փաստարկներին հակառակ, չափորոշիչը ոչ թէ պրոբլեմների բացակայութիւնն է, այլ, սահմանւած օրէնքներում դրանց կարգաւորման հնարաւորութեան առկայութիւնը:

«Մեր երկրի բոլոր քաղաքացիները, այդ թւում, նաեւ, փոքրամասնութիւններն ունեն նման հնարաւորութիւն»,- յստակեցրել է պատգամաւորը: