Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում: 

Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի որոշմամբ ու հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յոբելեանական յանձնախմբի կազմակերպմամբ իրականացւած այս ծրագրին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Երեկոն բացւած յայտարարւեց հաղորդավարուհի Ալինա Տէր-Սուքիասեանի ողջոյնի խօսքով, որից յետոյ արտայայտւեց կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Նիկիտ Միրզայեանցը: Նա նշեց. «Նոր Ջուղայում Բեգլար Աղայեանն ու Յովսէփ Միրզայեանը, տեղացի մի քանի արւեստասէր երիտասարդների հետ, 1887-ի փետրւարի 9-ին, ուսուցչական կազմի եւ աշակերտութեան համար տւել են հենց առաջին ներկայացումը՝ «Խեչոյի թուզը» եւ «Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք» պիեսները, որը տեղի է ունեցել «Սիմոնենց» կոչւող տան դահլիճում»: Այնուհետեւ պրն. Միրզայեանցն իր խօսքը ծաւալեց՝ ակնարկ ունենալով Նոր Ջուղայի թատրոնի պատմութեանն ու յիշելով այս ճանապարհին դերակատար անձանց. կարեւորութեամբ ընդգծեց յատկապէս՝ ներկայացումներում կանանց դերակատարութիւնը, որը նկատի ունենալով ժամանակաշրջանի սուղ մտածելակերպը՝ ինքնին հերոսութիւն էր համարւում: 

Յաջորդիւ ցուցադրւեց տեսաֆիլմ, որտեղ արտացոլւած էր Նոր Ջուղայի թատրոնի պատմութիւնը՝ համապատասխան լուսանկարներով:

Ընթացքում նորջուղայեցու գեղեցիկ բարբառով «Կարօտի երգը» կատարեցին՝ Վահէ Ակոնը եւ Արամազդ Մկրտչեանը, որը հանդիսատեսի մօտ ստեղծեց խանդավառ մթնոլորտ եւ արժանացաւ բարձր ծափողջոյնների:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Լեւոն Շանթ» թատերախումբը ղեկավարութեամբ Գաբրիէլ Թիքիդջեանի, երեք արարով վարպետօրէն ներկայացրեց ֆրանսահպատակ Բելգիացի դրամատուրգ Մորիս Հէննեկինի «Բեբեկս» (Ախ այս ստախօս կանայք) կատակերգութիւնը: Հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած այս ներկայացումը պատմում էր մի կնոջ ստախօսութեան մասին, որի պատճառով էլ ընտանիքում առաջանում են անհամաձայնութիւններ ու վէճեր: Հերոսուհու ստերին վերջ չկայ, քանի որ նա իր նախորդ սուտը քողարկելու համար ստիպւած է անընդհատ նորն ասել, ինչի պատճառով էլ ստախօսի համար առաջանում են մեծ  բարդութիւններ: 

Դերերում հանդէս եկան Վաղօ Տէր-Սուքիասեանը, Հայդուկ Վարդեւանեանը, Զարենուշ Աղուրեանը, Կարէն Խանլարեանը, Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, Յասմիկ Յովսէփեանը, Անասիկ Ծառուկեանը, Մարինէ Հայրապետեանը եւ Էդմոնդ Օրդուբէգեանը:

Երեկոն եզրափակւեց Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի խօսքով, ով ակնարկ նետեց թատրոնի հետ կապւած իր յուշերին եւ անցեալ տարիների ընթացքում ներկայացւած ներկայացումներին: Ահա մի հատւած պրն. Օհանեանի խօսքից. «Գեղեցկօրէն ներկայացւեց «Բեբեկս»-ը եւ Նոր Ջուղայի բարբառը, որոնք մեզ տարան դէպի մեր փառաւոր անցեալն ու ակունքները… Թատրոնը բացի այն, որ վեր է հանում եւ խարազանում համայնքի տկար կողմերը, միեւնոյն ժամանակ գնահատելով բարոյական կողմերը՝ այն ներկայացնում է ժողովրդին: Կեանքի իրական կրթիչ ու դաստիարակիչ տեղն է բեմը եւ թատրոնը: Հայկական թատրոնը վաղեմի անցեալ ունի. Քրիստոսից 70-80 տարիներ առաջ, պատմական Հայաստանի Տիգրանակերտ եւ Արտաշատ քաղաքներում բեմադրւել են յունական ողբերգութիւններ: Անցեալ ունի մեր ժողովուրդը թատրոնի հետ, ինչպէս նաեւ մենք ջուղայեցիներս անցեալ ունենք թատրոնի հետ»:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան