Երեքշաբթի՝ 28 նոյեմբեր 2017 թւականի առաւօտեան, ՍՀԹ Ազգային առաջնորդարանի պատւիրակութիւնը, որին մաս էին կազմում թեմիս առաջնորդ՝ գերպ. տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ Թաթուլ Օհանեանը, Վարուժ Մինասեանը, Վարուժ Մովսիսեանը եւ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ՝ Վահէ Թորոսեանը, այցելեց Սպահանի քաղաքապետարան՝ շնորհաւորելու Ղոդրաթօլլահ Նոռուզիին՝ Սպահանի քաղաքապետի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ:

Սպահանի քաղաքապետ՝ Ղոդրաթօլլահ Նոռուզին ողջունելով ներկաներին նշեց. «Մեզ համար Սպահանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց կրօնից ու հաւատամքից, հաւասար են եւ հաւասարապէս օգտւում են բոլոր հնարաւորութիւններից: Սպահանում ապրող մուսուլմանները եւ քրիստոնեաները առանձնայատուկ կապւածութիւն ունեն այս քաղաքի հետ եւ երկու կրօնների հետեւողներն էլ Սպահանը գնահատում են որպէս կրօնների երկխօսութեան դարպաս»: 

Քաղաքապետը յաւելեց. «Հայերը երկրում տիրող դժւարին պահերին եղել են իրենց մուսուլման եղբայրների կողքին եւ դրա վառ ապացոյցն է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում տւած նահատակները»:

Պրն. Նոռուզին նշելով, թէ Ազգային առաջնորդարանը արտերկրի հետ կապեր հաստատելու լայն հնարաւորութիւններ ունի, ցանկացաւ օգտւելով առիթից, նպաստել առաւել մեծ թւով հայ եւ քրիստոնեայ զբօսաշրջիկներ ընդունելու եւ զբօսաշրջութեան բնագաւառին զարկ տալու գործին:

Թեմիս առաջնորդ գերպ. տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, յանուն թեմի ազգային մարմինների եւ հայ համայնքի շնորհաւորեց նորընտիր քաղաքապետին եւ յոյս տածեց, որ առաւել ամուր յարաբերութիւններ եւ սերտ համագործակցութիւններ են ծաւալելու երկու կողմերի միջեւ: Նա նշեց, որ հայերը դարեր ի վեր ապրում են Սպահանում եւ երբեւէ իրենց ներքին աշխատանքների կազմակերպման գործում պետական խոչընդոտի չեն հանդիպել եւ դա փաստն է այն իրողութեան, որ Իրանում հայերը ապրում են ազատօրէն:

Պատգ. ժողովի ատենապետ Պրն. Օհանեանն եւս իր հերթին փոխանցեց շնորհաւորանքի խօսքեր եւ ներկայացրեց պատւիրակութեան կազմը: