Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնն իր հիմնադրման 125-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնական երեկոյ կազմակերպեց, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում: 

Երեկոյթին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, ընկերութեան անդամուհիները եւ մի շարք այլ հրաւիրեալներ: 

Միջոցառումը բացւած յայտարարւեց ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Վանա Զոհրաբեանի եւ Վանէ Շահնազարեանի գեղեցիկ ասմունքով, որից յետոյ ներկաներին ջերմօրէն ողջունեցին ծրագրի հանդիսավարներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Մարտունի խաչիկեանը: 

Ապա հրաւիրւեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը՝ ընթերցելու Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրը՝ յոբելեանի կապակցութեամբ, ուր ասւած էր. «Այս առիթով Մեր գնահատանքը կը յայտնենք 125-ամեայ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան ճամբով ցարդ գործած եւ այժմ գործող վարչութիւններուն, որոնք ընկերութեան ջահը պահեցին անմար՝ զայն փոխանցելով սերնդէ սերունդ: Մենք վստահ ենք, որ 125-ամեակի նշումը նոր մղում պիտի տայ ձեզի՝ նոր ծրագրեր մշակելու եւ նոր աշխատանքներ ձեռնարկելու, նւիրեալ ծառայութեան ճամբով, նոր յոբելեաններ նւաճելու վճռակամութեամբ»:

Երեկոյի շարունակութեան մէջ բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ Վրէժ Շիրւանեանը: Նա իր խօսքում ընդգծելով, թէ հայ ժողովրդի պատմութեան էջերը թերթելիս, մեզ համար ակնյայտ է դառնում այն իրողութիւնը, որ ազգային կազմակերպութիւններն ու խմբակցութիւնները կազմւել են ոչ թէ պատահականութեամբ, այլ ժամանակի հրամայականից եւ մեր ժողովրդի առարկայական պայմաններից ելնելով, կարեւորեց յատկապէս այն փաստը, որ Սփիւռքում ազգային կազմակերպութիւնները հանդիսանում են որպէս առանցքային նշանակութիւն ունեցող կենտրոններ: 

Ապա բանախօսն անդրադառնալով նաեւ ընկերութեան հիմնադրման նպատակներին ու որդեգրած ուղուն՝ ակնարկ ունեցաւ 125 տարիների ընթացքում կատարած կարեւորագոյն աշխատանքներին:

Ահա մի հատւածի մէջբերում բանախօսի զրոյցից.

«Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը հիմնադրւել է Նոր Ջուղայի ուսուցիչ՝ Յովսէփ Բարսեղեանի ջանքերով: Պրն. Բարսեղեանը ձմռան մի ցուրտ օր տեսնելով չքաւոր աշակերտուհիների թշւառ դրութիւնը որոշում է մի միութիւն ստեղծել՝ չքաւորներին օգտակար հանդիսանալու համար: Այդպիսով հաւաքում է Ս. Կատարինեան օրիորդաց դպրոցի բարձր դասարանի աշակերտներին եւ հրաւիրում նրանց հիմնել միութիւն, որի միջոցներով հնարաւոր կը լինի օգնել նոյն դպրոցի չքաւոր երեխաներին, նրանց դպրոցական պիտոյքներ եւ զգեստներ մատակարարելով»: 

Ընթացքում իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով շնորհաւորելով պանծալի ամեակի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնելով ձեռնարկի կազմակերպիչներին ու դերակատարներին, դրւատեց միութեան գործունէութիւնը եւ հիմնադրման նպատակը: Թեմակալ առաջնորդն իր խօսքում հետաքրքիր ու հպարտառիթ անւանեց յատկապէս այն փաստը, որ Բարեգործական ընկերութեան վեհանձն գաղափարներով օժտւած հիմնադիրի կողքին, բարեսիրական ծրագրերի իրագործման համար աշխատել են մատղաշ սերնդի պարզ ներկայացուցիչները՝ աշակերտները: 

Յանուն Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների շնորհաւորանքի խօսք ուղղեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա գնահատելով ընկերութեան ծաւալած գործունէութիւնը, իր մանկութեան յուշերից հետաքրքիր դրւագներ պատմեց՝ յոբելեարի աշխատանքների հետ կապւած:   

Յատկանշական է, որ հանդիսավարների միջոցով ծրագրի ընթացքում ընթերցւեցին այս առիթով ստացւած ուղերձները: Ընկերութիւնն ուղերձներ էր ստացել՝ Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդից, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական եւ Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւններից, Փերիոյ Կրթ. միութեան Կենտրոնական վարչութիւնից, Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնից, Ն. Ջ. հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տեսչութեան, ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտութեան կողմից, «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբից, մի շարք անհատներից ու արտերկրում բնակութիւն հաստատած իր անդամուհիներից:

Միջոցառման ընթացքում իրականացւեց նաեւ գեղարւեստական  յայտագրով ծրագիր, ուր ժողովրդական եւ հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարմամբ, ծրագրին առաւել խանդավառ եւ հայաշունչ մթնոլորտ հաղորդեց Հայաստանից ժամանած ժողովրդական երգիչ Նարեկ Պօղոսեանը, իսկ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ղեկավարութեամբ ասմունքեցին ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ Մեղրի Կարապետեանն ու Նարեգա Սիմոնեանը: 

50-ամեայ վաստակի համար՝ յոբելեար վարչութեան կողմից պարգեւատրւեց վաստակաշատ անդամուհի Ժենետ Դաւթեանը՝ իր յուշանւէրը ստանալով թեմակալ առաջնորդի եւ Բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Սանդրա Խուդաբախշեանի ձեռամբ, որից յետոյ Հայր Սուրբի, տկն. Խուդաբախշեանի ու մի շարք վաստակաւոր անդամուհիների միջոցով հատւեց յոբելեանական կարկանդակը:

Երեկոն շարունակւեց ուրախ մթնոլորտում եւ հիւրասիրութեամբ:

Հարկ է նշել, որ այս առիթով կից սրահում, կազմակերպւել էր ցուցահանդէս, ուր ցուցադրւել էին ընկերութեան բազմամեայ գործունէութիւնից լուսանկարներ եւ արհեստանոցներից հին իրեր:

Թղթաից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

baregorx_01.jpg baregorx_02.jpg baregorx_03.jpg

baregorx_04.jpg baregorx_05.jpg baregorx_06.jpg

baregorx_07.jpg baregorx_08.jpg baregorx_09.jpg

baregorx_10.jpg baregorx_11.jpg baregorx_12.jpg

baregorx_13.jpg baregorx_14.jpg baregorx_15.jpg

baregorx_16.jpg baregorx_17.jpg baregorx_18.jpg

baregorx_19.jpg baregorx_20.jpg baregorx_21.jpg

baregorx_22.jpg baregorx_23.jpg baregorx_24.jpg

baregorx_25.jpg baregorx_26.jpg baregorx_27.jpg

baregorx_28.jpg baregorx_29.jpg baregorx_30.jpg

baregorx_31.jpg baregorx_32.jpg baregorx_33.jpg

baregorx_34.jpg baregorx_35.jpg baregorx_36.jpg

baregorx_37.jpg baregorx_38.jpg baregorx_39.jpg

baregorx_40.jpg baregorx_41.jpg baregorx_42.jpg

baregorx_43.jpg baregorx_45.JPG