Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ: Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում:

Վերոնշեալ միջոցառումը լաւապէս կազմակերպելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել կազմակերպիչ յանձնախումբ, ուր ընդգրկւած են թեմիս երիտասարդներից. սոյն կազմում ներառւած են նաեւ Թեհրանի եւ Ատրպատականի հայոց թեմերից մէկական ներկայացուցիչներ, ովքեր ներկայացւել են պատկան Թեմական խորհուրդների կողմից եւ աշխատում են հեռակայ կարգով: Կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ, բուն ծրագրին ընդառաջ, Նոր Ջուղայում կազմակերպւեց երիտասարդական հանդիպում, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, որտեղ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի 18-ից 30 տարեկան երիտասարդ-ուհիների մասնակցութեամբ քննարկումներ տեղի ունեցան «Ազգային եւ հոգեւոր կեանքը ներհամայնքային սովորութիւնների եւ պահանջների նկատառումով» թեմայի շուրջ:

Երկժամեայ այս ծրագրին ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ խորհրդաժողովի կազմակերպիչ յանձնախմբի նախագահ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ Թեմական խորհրդի կողմից սոյն յանձնախմբի հետ կապ Սոնիկ Բաղումեանը: Երեկոյին մասնակցութիւն բերած շուրջ 50 երիտասարդների շարքում  աչքի էին ընկնում թէ միութիւնների ու երգչախմբերի կողմից ներկայացուցիչներ եւ թէ ազատ ունկնդիրներ: Հանդիպումը վարեցին Մանիա Ղուկասեանն ու Թովմա Գալստանեանը: Ստացւած բանաձեւը ներկայացւելու է Միջթեմական երիտասարդական խորհրդաժողովին: 

Թղթակից (Նոր Ջուղա)