Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը 10-ի սահմաններում իր  բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտ անձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորում են նրան եւ դիմում փախուստի: Մինչ այդ յանցագործները փորձում են յարձակւել նաեւ Առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք, որ նոյն ինքնաշարժով տեղափոխւելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը, այդուհանդերձ հակառակ տարածւած լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառւել:

Վարուժ Մինասեանը անմիջապէս տեղափոխւել է հիւանդանոց եւ կատարւել են առաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նա այսօր դուրս է գրւել հիւանդանոցից ու տեղափոխւել է իր բնակարան:

Կատարւած յանցագործութեան կապակցութեամբ յարուցւել է դատական գործ եւ դէպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննութիւն՝ պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարւել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարւում:

Թեմիս Թեմակալ Առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները դատապարտելով այս եւ նմանօրինակ յանցագործ արարքները, յայտնում են, որ անհրաժեշտ է չտրւել որոշ լրատւամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին, եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցել հանրութեանը:  

 
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Սպահանի Հայոց Թեմի
Ս. Ամենափրկիչ Վանք
Նոր Ջուղա- Սպահան
 
25 սեպտեմբերի 2017 թ.