Հ.Յ.Դաշնակցութեան «Ռուբէն» երիտասարդական միութեան վարչութիւնն իր դաստիարակչական աշխատանքների ծիրում, 2017 թւականի յուլիսի 16-ից 27-ը, ճանաչողական ճամբար կազմակերպեց Արցախում եւ Հայաստանում, 30 միութենականների մասնակցութեամբ:  

Այցելութիւնների շարանը մեկնարկեց յուլիսի 18-ին, Արցախում: Նախ խումբը եղաւ Գանձասարի վանքում, ապա մեկնելով Ղշլաղ գիւղ, այցելեց Նիկոլ Դումանի տուն-թանգարան, որտեղ առաւել չափով իրազեկւեց նւիրեալ հերոսի եւ Խանասորի արշաւանքի հրամանատար Վարդանի գործունէութեանը: Նրանք Ստեփանակերտում այցելեցին քաղաքի խորհրդանիշ տատիկ-պապիկի յուշարձանը եւ Զոհւած ազատամարտիկների թանգարանում՝ բացայայտեցին արցախեան ազատամարտի իրողութիւնից նորանոր ծալքեր, իսկ Շուշիում տպաւորւեցին Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի եւ Շուշիի բերդ կատարած այցելութիւններով: Երիտասարդներն առիթ ունեցան նաեւ ներկայ գտնւելով ԼՂՀ բանակի զօրանոցներից մէկում, մօտիկից ծանօթանալ հայ զինւորների առօրեային: 

Արցախեան շրջագայութիւններն աւարտւեցին յուլիսի 21-ին, երբ խումբը շարժւեց դէպի Հայաստան: Նրանք ամենասկզբում այցելեցին «Տաթեւ» վանք՝ վայելելով դէպի սոյն խորհրդաւոր վայրը տանող ճոպանուղիով ուղեւորութեան հաճելի պահը: Այնուհետեւ յաջորդ օրերի ընթացքում այցելութիւններ կատարւեցին դէպի Սեւանայ լիճ, Ապարան, Սարդարապատի յուշահամալիր-թանգարան, Երեւանի քաղաքային գերեզմանոց (պանթէոն), Եռաբլուր, Հ.Յ.Դ. Բիւրոյի թանգարան, Ծիծեռնակաբերդի յուշահամալիր-թանգարան եւ մի շարք այլ տեսարժան վայրեր: Ռեմականները քաղաքային գերեզմանոցում իրենց յարգանքի տուրքը մատուցեցին դաշնակցական գործիչներ՝ Արամ Մանուկեանի, Վահան Յովհաննիսեանի եւ Հրայր Մարուխեանի յիշատակին, իսկ Եռաբլուրում նրանց խորհրդաւոր այցը նշանաւորւեց ի մասնաւորի զոհւած մարտիկների հոգիների խաղաղութեան եւ հայ զինւորների առողջութեան համար՝ մատուռում առ Աստւած բարձրացւած աղօթքով:

Ճանաչողական շրջագայութիւններին զուգահեռ տեղի ունեցան նաեւ մի շարք ուսուցողական հանդիպումներ. նրանք Արցախ եղած ժամանակաշրջանում, հիւրընկալւելով Հ.Յ.Դ. Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում, հանդիպեցին շրջանի Կենտ. Կոմիտէի անդամ Ժիրայր Շահիջանեանին՝ հիմնականում զրոյց ծաւալելով Արցախում Դաշնակցութեան իրականացրած ծրագրերի եւ ապագայ անելիքների շուրջ, իսկ ԼՂՀ խորհրդարանի յարկի տակ, խորհրդարանի փոխ-նախագահ Վահրամ Բալայեանի միջոցով հաղորդ դարձան Արցախի ներկայ իրավիճակին եւ քաղաքական ու տնտեսական ոլորտներում պետութեան հեռանկարային ծրագրերին: Երեւանում, հանդիպում կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հ.Յ.Դ. Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի հետ, ուր իրազեկւեցին Հայ Դատի գրասենեակների աշխատանքների, ձեռքբերումների եւ ապագայ անելիքների վերաբերեալ: 

Նշելի է, որ ճամբարախումբը թէ Արցախում եւ թէ Հայաստանում առանձին հանդիպումներ իրականացրեց նաեւ երկու շրջանների երիտասարդական միութիւնների պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ծանօթանալով միմեանց գործունէութեանը եւ այդ շրջագծում տեսակէտներ փոխանակելով:  

Երիտասարդ միութենականների ճանաչողական ճամբարն իր աւարտին հասաւ յուլիսի 27-ին, եւ նրանք նոյն օրը ուղեւորւեցին դէպի Սպահան, հարազատ Նոր Ջուղա:

 
Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝
Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան վարչութեան զեկոյցի համաձայն
 
Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչ միութեան վարչութիւնը