Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի եւ կազմակերպութեամբ սկաուտներից կազմւած գործադիր յանձնախմբի, շաբաթ՝ օգոստոսի 5-ի երեկոյեան, նոյն միութեան մարզասրահում տեղի ունեցաւ Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը։ 

Երեկոն սկսւեց դրօշակի արարողութեամբ, որից յետոյ ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին հինգ մարտիկների յիշատակը։ Յաջորդիւ հանդիսատեսին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ սկաուտ Վանիա Պետրոսեանը, ապա Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց Թանգիկ Միրզախանեանը, որից յետոյ տեղի ունեցաւ «Արարատ» եւ «Գանձասար» խմբերի միջեւ մրցախաղը։

Երեկոն իրենց ներկայութեամբ պատւել էին Հայ դատի յանձնախմբի, Թեմական խորհրդի եւ «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները եւ հինգ մարտիկների յիշատակը յարգող այլ հայորդիներ։ Յիշեցնենք, որ այս մրցաշարը ամենամեայ կարգով տեղի է ունենում Նոր Ջուղայում, որին մասնակցում են համայնքի երիտասարդներից կազմւած ֆուտբոլի սիրողական խմբեր։ Հինգ օր տեւողութեամբ խաղերին մասնակցեցին՝ «Արարատ», «Սարդարապատ», «Գանձասար», «Գետաշէն» եւ «Վիշապ» խմբերը. խաղերի փակումը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին։ 

Մրցաշարի մասնակիցներին գնահատելու եւ արժեւորելու նպատակով ուրբաթ՝ օգոստոսի 11-ին, Նաւասարդի տօնի առիթով կազմակերպւած հանդիսութեան ընթացքում շնորհակալագրեր յանձնւեցին մասնակից մրցավարներին, իսկ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած «Սարդարապատ» եւ «Արարատ» խմբերին յանձնւեցին գնահատագրեր եւ յուշանւէրներ։ Գնահատագրերը եւ յուշանւէրները յանձնեցին միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը, Սկաուտական միաւորի գերագոյն մարմնի անդամ՝ Թանգիկ Միրզախանեանն ու կազմակերպիչ յանձնախմբի նախագահ՝ Սեպուհ Վարդանեանը։ Մրցաշարի կազմակերպման գործում իրենց համագործակցութիւնն էին բերել միութեան Ֆուտբոլի յանձնախումբը, իսկ մրցավարութիւնը անշահախնդրօրէն ստանձնել էին Մելքոն Քեշիշեանը, Կարօ Շահբազեանը եւ Էդմոնդ Բաղդասարեանը: Մրցաշարի կազմակերպիչ յանձնախումբը նորկայացնում էին Սեպուհ Վարդանեանը, Մասիս Սիրջանեանը, Նարեգա Սիմոնեանը, Շանթ Մելքոմեանը, Ռուբէն Խոսորովեանը եւ Լուսին Յովսէփեանը. Գերագոյն մարմնի եւ յանձնախմբի կապ էր նշանակւած Թանգիկ Միրզախանեանը: 

Յարգանք ու պատիւ Լիսբոնի հինգ մարտիկներ՝ Վաչէ Դաղլեանին, Արա Քերջլեանին, Սիմոն Եահընեանին, Սեդրակ Աճեմեանին եւ Սարգիս Աբրահամեանին, ովքեր 1983 թւականին անձնազոհական մի ակտով Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում, Թուրքիայի դեսպանատան 3-ժամեայ գրաւումից յետոյ պայթեցրեցին այն եւ ողջակէզ դարձան փլատակների տակ՝ աշխարհին պատգամելով Հայ Դատի արդար լուծման պահանջատիրութիւնը: 

 
Ն. Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան 
թղթակից՝ Երանուշ Թահմազեան.
լուսանկարները՝ հեղինակի
 
hing_martikner_01.JPG hing_martikner_02.JPG hing_martikner_03.JPG

hing_martikner_04.JPG hing_martikner_05.JPG hing_martikner_06.JPG

hing_martikner_07.JPG hing_martikner_08.JPG hing_martikner_09.JPG

hing_martikner_10.JPG hing_martikner_11.JPG hing_martikner_12.JPG

hing_martikner_13.JPG hing_martikner_14.JPG