Ընդառաջելով ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւող ամենամեայ ծրագրին, ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս Թեմիս Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւել է Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ աղջկանց եւ տղայոց դպրոցների աշակերտութեան մասնակցութիւնը՝ Հայաստանում կայանալիք Հայագիտական 8-րդ համահայկական օլիմպիադային:

Այս նպատակով զոյգ դպրոցների պատասխանատու կազմերի նախաձեռնութեամբ մրցոյթ անցկացւեց 14-ից 17 տարեկան գերազանցիկ աշակերտների միջեւ, որի արդիւնքում ընտրւեցին լաւագոյն 9 աշակերտները, որոնցից հրաժարւեց մէկ հոգի եւ այժմ օլիմպիադայի համար Հայաստան են մեկնելու 8 աշակերտներ՝ 5 աղջիկ եւ 3 տղայ: 

Համահայկական այս ծրագրին բարձր մակարդակով ներկայութիւն ապահովելու նպատակով, դպրոցների ուսուցչական կազմի որոշումով, «Քանանեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանի գլխաւորութեամբ եւ ուսուցչուհիներ Անահիտ Թահմազեանի, Սեդա Դիլանչեանի, Քառոլին Դիլանչեանի եւ Սօսէ Պօղոսեանի ուսուցմամբ, կազմակերպւել է հայ գրականութեան, հայոց պատմութեան եւ հայ մշակոյթի պատմութեան շաբաթական դասընթացներ, որոնցից իւրաքանչիւրի աւարտին մասնակից աշակերտներն իրենց ծնողներին եւ Կրթական խորհրդին են ներկայացնում անցնող շաբաթւայ ընթացքում ձեռք բերած գիտելիքների արդիւնքը: 

Յատկանշական է, որ օլիմպիադայի մասնակիցները Հայաստան են մեկնելու օգոստոսի 3-ին: Խմբին որպէս պատասխանատուներ ընկերակցելու են «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սարհադեանը եւ Կրթական Խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը:

 
 
olimpiad_01.jpg olimpiad_02.jpg olimpiad_03.jpg

olimpiad_04.jpg olimpiad_05.jpg olimpiad_06.jpg