Թւականիս մայիսի 14-ին, իրականութիւն դարձաւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացումը, առ այն, որ Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ Արքեպիսկոպոսի եւ թեմի միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ա. վանքի շրջափակում կանգնեցնել մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն: Խորհուրդն այս բարեբաստիկ առիթով, ինչու չէ նաեւ մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգամ ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ, որը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ յունիսի 19-ի երեկոյեան ժամը 6:30-ին, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ «Հայկական խաչքարեր» խորագրով: 

Մրցոյթին ներկայ էին՝ Կրօնական, Թեմական եւ Կրթական խորհուրդների  ներկայացուցիչները, հայոց ազգ.դպրոցների տնօրինութիւններն ու ուսուցչական կազմերը եւ աշակերտների ծնողները:

Սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավարուհի Լեռնիկ Ծատուրեանը, ով իր դիպուկ ու հաճելի արտայայտութիւններով մեծ խանդավառութիւն առաջացրեց մրցակիցների եւ հանդիսատեսի միջեւ:

Իրաւարար կազմի դժւարին պարտականութիւնը ստանձնել էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ «Կատարինեան» դպրոցի ուսուցիչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, «Քանանեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհիներ՝ Սեդա Դիլանչեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանն ու Սիւնէ Մինասեանը: 

60 աշակերտ-ուհիները բաժանւել էին 12 խմբերի միջեւ: Առաջին փուլի ընթացքում բոլոր խմբերը պատասխանեցին իրենց հերթական, ինչու չէ նաեւ ցուցադրւած մի տեսանիւթի շրջագծում հնչեցւած հարցերին: Արդիւնքների ամփոփումից յետոյ, եզրափակիչ փուլ թեւակոխեց բարձրագոյն նիշը հաւաքած «Հայկ» խումբը, իսկ եզրափակչի երկրորդ մասնակցին ճանաչելու ուղղութեամբ՝ քանի որ «Նայիրի» եւ «Ուրարտու» խմբերը համահաւասար նիշերով, միասին զբաղեցրել էին երկրորդ լաւագոյն տեղը, նրանց համար հնչեց լրացուցիչ մէկ հարց, եւ ի վերջոյ «Նայիրի»-ին յաջողւեց մրցակցութիւնը շարունակել եզրափակչում:

Վերջին փուլի ընթացքում առաւել թէժ մրցակցութիւն տեղի ունեցաւ երկու մասնակից խմբերի միջեւ, որի արդիւնքում առաջին տեղը գրաւեց «Նայիրի»-ին, իսկ երկրորդ հանիսացաւ «Հայկ»-ը: 

Յաջորդիւ կազմակերպիչներին ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, յատկապէս գնահատելով նրանց, առ այն, որ աւարտական քննութիւններից անմիջապէս յետոյ աշակերտներին խրախուսել են մասնակցելու այս մրցոյթին: Պրն. Մովսիսեանն իր խօսքի աւարտին խորհրդի անունից գնահատագրեր շնորհեց իրաւարար կազմի անդամներին եւ զոյգ դպրոցի փոխ-տնօրէններ Ռիմա Սիմոնեանին ու Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանին: Պարգեւատրւեցին մրցոյթի առաջին եւ 2-րդ կարգը զբաղեցրած խմբերը, իսկ  գնահատագրեր շնորհւեցին բոլոր մասնակիցներին: 

Երեկոն եզրափակւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի խօսքով, ով գնահատեց նման թեմայով մրցոյթի կազմակերպումը, յատկապէս ընդգծելով, որ այն պատեհ առիթ հանդիսացաւ, որպէսզի աշակերտութիւնն ընդլայնի իր տեղեկութիւնները հայկական խաչքարերի մասին:

Միջոցառումն արժանացաւ նաեւ հանդիսատեսի ու ծնողների բարձր գնահատանքին:

Թղթակից (Նոր Ջուղա)
 
 
khachkar_01.JPG khachkar_02.JPG khachkar_03.JPG

khachkar_04.JPG khachkar_05.JPG khachkar_06.JPG

khachkar_07.JPG khachkar_08.JPG khachkar_09.JPG

khachkar_10.JPG khachkar_11.JPG khachkar_12.JPG

khachkar_13.JPG khachkar_14.JPG khachkar_15.JPG

khachkar_16.JPG khachkar_17.JPG khachkar_18.JPG

khachkar_19.JPG khachkar_20.JPG khachkar_21.JPG

khachkar_22.JPG khachkar_23.JPG khachkar_24.JPG

khachkar_25.JPG khachkar_26.JPG