2017 թւականի յունիսի 1-ի երեկոյեան, Շահինշահրի Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, հանդիսաւոր արարողութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան 99-ամեակը:

Միջոցառմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, հոգեւորականաց դասը, ազգային իշխանութեան, ազգային  մարմինների ներկայացուցիչներն ու մեծ թւով ժողովուրդ:

Ծրագիրն սկզբնաւորւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան 99-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամ Մարիա Խուդավերդեանի ողջոյնի խօսքով, ով բարի գալուստ մաղթելով ներկաներին ներկայացրեց օրւայ ձեռնարկի յայտագիրը: 

Որպէս օրւայ խորհրդի սկիզբ տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Սկաուտական միաւորի միջոցով եւ հնչեց Հայաստանի Հանրապետութեան հիմնը, որից յետոյ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ կատարւեց Հանրապետական մաղթանք:

Յաջորդիւ օրւայ առթիւ բանախօսեց վաստակաշատ ուսուցչուհի Վիոլետ Յարութիւնեանը, ով հայոց տօնացոյցում մայիս ամիսը որակելով որպէս յաղթանակների ամիս՝ ամփոփ անդրադարձաւ Հայաստանի անկախութեան հիմնաքարը հանդիսացող Մայիսեան հերոսամարտերին, որոնցով կարելի է ասել փակւեց հայ ժողովրդի ողբերգական պատմութեան շրջանը եւ սկսւեց նորագոյն՝ հայկական պետականութիւնների պատմութեան ժամանակաշրջանը: Այդ հրաշալի յաղթական էջերից  է համարւում 9 մայիս 1992-ը՝  Շուշիի ազատագրման թւականը, երբ երկար ժամանակներից ի վեր գերութիւնից ազատագրւեց կովկասահայութեան մշակութային մեծ կենտրոններից մէկը՝ Շուշին:

Տօնի առթիւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Հայր Սուրբը: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը շնորհաւորելով համազգային մեծ տօն՝ 1918 թւականի մայիսի 28-ը՝ բարձր գնահատեց հայ ժողովրդի անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին, ընդգծելով հայ ժողովրդի յաղթանակի գերագոյն գաղտնիքը, որն է միասնականութիւնը, որի շնորհիւ հայ ժողովուրդը միշտ կենաց ու մահու պայքարում հրաշքներ է գործել եւ հպարտութեամբ յաղթական է դուրս եկել: 

Ծրագրի երկրորդ բաժնում հնչեցին ազգային-ժողովրդական գեղեցիկ երգեր՝ Նոր Ջուղայից հրաւիրւած շնորհալի երիտասարդ Վահէ Յարութիւնեանի գործիքաւորմամբ, եւ ներկաները համախմբւած՝ գեղեցիկ երաժշտութեան ներքոյ մեր հայկական աւանդական շուրջպարը պարեցին:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝  Վ. Յարութիւնեան
Լուսանկարիչ՝ Սերինէ Աղախանեան
 
 
may28_sh_01.JPG may28_sh_02.JPG