Կիրակի՝ մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի: Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ: 

Ընթացքում հաւատացեալներին իր յաւուր պատշաճի քարոզը փոխանցեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Նա իր խօսքում հիմնականում պատգամելով «Խնդրեցէք եւ պիտի տրւի» խօսքը, շեշտեց, որ   Աստւած լաւապէս ճանաչում է մեզանից իւրաքանչիւրի պէտքերն ու երկնային արքայութիւնը ժառանգելու համար՝ զանազան խնդրանքների փոխարէն, Աստծուց, որը վստահութեան եւ գթասրտութեան Աստւած է, պէտք է խնդրենք մեր մեղքերի թողութիւնը: Քարոզիչ Հայրն աւելացրեց նաեւ, որ Աստւած կատարեց հայ ժողովրդի խնդրանքը՝ իր զաւակներին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան գործում ուժ պարգեւելու կապակցութեամբ, այն պատճառով, որ յարութեանն ու լոյսին հաւատացող մեր ժողովրդի գոյատեւումը նոյնպէս իր կամքն էր: 

Քարոզի շարունակութեան մէջ Հայր Սուրբը շնորհաւորելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան 99-ամեակի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի անւանակոչութեան տօների առիթներով՝ կոչ արեց բոլորին՝ աղօթել Աստծուն՝ հայրենիքը պայծառացնելու եւ հայ զինւորին, հոգեւորականին ու ազգային գործիչներին ուժ եւ առողջութիւն պարգեւելու համար:  

Հոգեպարար արարողութեանը յաջորդեց հոգեհանգստեան պաշտօնը՝ ի յիշատակ մայիսեան յաղթանակների՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների:

Այնուհետեւ բոլորը համախմբւելով եկեղեցու բակում՝ վայելեցին այս պանծալի առիթին նւիրւած գողտրիկ միջոցառումը, որտեղ թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, մայիսեան հերոսամարտերի, ինչու չէ նաեւ Խոռամշահրի ազատագրման պանծալի յաղթանակների առթիւ, պարգեւատրւեցին մայիսի 21-ից 29-ը ընկած ժամանակահատւածում ծնւած թեմիս զաւակները: Պարգեւատրման արարողութիւնը կայացաւ ձեռամբ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմիս Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի:

Տօնական այս միջոցառման ընթացքում, որը վարեց Մանիա Ղուկասեանը,  թեմիս ազգային իշխանութեան անունից արտայայտւեց Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով գնահատելով գեղեցիկ մտայղացումը՝ մայիսի 21-ից 29-ը ընկած ժամանակահատւածում ծնւած թեմիս զաւակներին մեծարելը՝ աւելացրեց, որ այս յիշարժան թւականներին ծնւածները խորհրդանշականօրէն մայիսեան յաղթանակների ճամբին զոհւած մարտիկների կենդանի վկաներն են: Նա իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, թէ մայիսեան հերոսամարտերով երաշխաւորւեց հայ ժողովրդի եւ հայրենիքի գոյատեւումը, մաղթեց՝ նոյն ոգով ինչքան շուտ կերտել նաեւ Միացեալ Հայաստանը: 

Որպէս եզրափակիչ խօսք իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդը: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը շնորհաւորելով ՀՀ հիմնադրման 99-ամեակի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի անւանակոչութեան տօների, ինչու չէ նաեւ Խոռամշահրի ազատագրման առիթները՝ կարեւորութեամբ շեշտեց, որ հայ ժողովուրդը ոչ միայն կապւած է իր հայրենիքին եւ պատրաստ է յանուն այդ սուրբ հողի զոհաբերելու իր թանկագին կեանքը, այլեւ Սփիւռքում ապրող մեր ժողովուրդը նոյն գիտակցութեամբ պատրաստ է նաեւ պաշտպանելու իր ծննդավայր երկրի հողային ամբողջականութիւնը, հայ համայնքն ու եկեղեցին: Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ բախտաւորութիւն համարելով հայ ծնւելը, կրկնակի բախտաւորութիւն համարեց յատկապէս յաղթանակների ամսւայ ընթացքում՝ մայիսում ծնւելը: Նա վերջում դրւատանքի խօսք ուղղեց թեմիս Կրօնական խորհրդին՝ ծրագիրը նախաձեռնելու, իսկ Ն. Ջ. Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանն ու եկեղեցու Կանանց յանձնախմբին՝ միջոցառման կազմակերպման գործում համագործակցութիւն ցուցաբերելու համար: 

Թղթակից (Նոր Ջուղա)
 
 
hogehangisd_may28_01.JPG hogehangisd_may28_02.JPG hogehangisd_may28_03.JPG

hogehangisd_may28_04.JPG hogehangisd_may28_05.JPG hogehangisd_may28_06.JPG

hogehangisd_may28_07.JPG hogehangisd_may28_08.JPG hogehangisd_may28_09.JPG

hogehangisd_may28_10.JPG hogehangisd_may28_11.JPG hogehangisd_may28_12.JPG

hogehangisd_may28_13.JPG hogehangisd_may28_14.JPG hogehangisd_may28_15.JPG

hogehangisd_may28_16.JPG hogehangisd_may28_17.JPG hogehangisd_may28_18.JPG

hogehangisd_may28_19.JPG hogehangisd_may28_20.JPG