Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանում մայիսի 19-ին սպասւող նախագահական ընտրութիւններին հայ համայնքը որեւէ թեկնածուի սատարելու միասնական որոշում չունի: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

«Սովորութեան համաձայն թողնելու ենք, որ իւրքանաչիւրն իր ցանկութեամբ ընտրութիւն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չէզոքութիւն պահպանելն է: Ամէն դէպքում մենք հաւանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպէս գիտէք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարէն Խանլարեանը:

Հայ համայնքն ունի հարցեր, պահանջներ տարբեր մակարդակներում` տնտեսական, քաղաքական: Գլխաւորը Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման հարցը հետապնդելն է: Կարէն Խանլարեանը նշեց, որ նման հարցեր արծարծելու համար լաւ առիթ է:

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա Կարէն Խանլարեանի խօսքով, որոշ դժւարութիւններ կան:

«Դժւարութիւններ կան եկեղեցիների, դպրոցների պահպանման ծախսերի հետ կապւած: Մենք այդ տեսանկիւնից ակնկալիքներ ունենք ընտրւող նախագահից: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական հարցերը նոյնն են, ինչ Իրանի միւս քաղաքացիներինը: Մեր համայնքն էլ Իրանի հասարակութեան մանրակերտն է»,-ասաց հայազգի պատգամաւորը:

Կարէն Խանլարեանը տեղեկացրեց, որ նախագահական ընտրութիւնների նոյն օրն անցկացւելու են Թեհրանի աւագանու ընտրութիւններ, որոնց մասնակցում են 3 հայ թեկնածուներ` Արա Շահվերդեան, Անդրանիկ Սիմոնի, Արմէն Նազարեան:

«Սա շատ լաւ հնարաւորութիւն է, որ հայ համայնքն իր ներկայութիւնն ունենայ Թեհրանի աւագանու կազմում, քաղաքի զարգացման առումով մենք էլ մեր տեսակէտը կարող ենք դրսեւորել: Մրցակցութիւնը չափազանց դժւար է լինելու, Իրանի մեծ թւով քաղաքացիներ են առաջադրել աւագանու թեկնածութիւն: Երեք հայ թեկնածուն էլ կարող են աւագանի դառնալ, եթէ յաղթահարեն անցօղիկ շեմը»,-ասաց նա:

Իրանի նախագահական ընտրութիւններն անցկացւելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածուներ` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյէդ Իբրահիմ Ռէիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա: