Ապրիլի 13-ի առաւօտեան, Աւագ Հինգշաբթի օրւան յատուկ ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ ի յիշատակ «Վերջին ընթրիք»-ի պահին Յիսուս Քրիստոսի միջոցով իր մարմինն ու արիւնը խորհրդանշող Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման: 

Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար երկու եկեղեցիներում եւս ներկայ գտնւեց եւ նախագահեց ս. պատարագին: Արարողութեանը մասնակցելու եւ օրւայ խորհրդին հաղորդ դառնալու համար՝ ժողովրդից բացի՝  Ս. Ստեփանոս եկեղեցում ներկայ էին հայոց ազգ. «Արմէն» երկսեռ կրթահամալիրի սաները, իսկ Ս. Մինաս եկեղեցում՝ «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի աշակերտուհիները: 

Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Ս. Մինասում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները: 

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն օրւան պատշաճ իր քարոզում հիմնականում դիմելով ներկայ աշակերտութեանը՝ կարեւորեց հոգեւոր ծնողների դերն ու ներկայութիւնը իւրաքանչիւրի կեանքում: Նա նշելով, որ հոգեւոր ծնողներ են համարւում ծխատէր քահանայ հայրը եւ մկրտութեան կնքահայրը, կարեւոր համարեց նրանց հետ ժամանակ անցկացնելը՝  նրանց փորձառութիւններից օգտւելու համար:  

Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Ոտնլւայի կարգը կատարւեց Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում: 

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը նախագահեց Ս. Ստեփանոս եկեղեցու արարողութեանը, որին մասնակցել էին նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն ու եկեղեցու դպրաց դասը: 

Հարկ է նշել, որ թեմիս Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ «Արմէն» երկսեռ կրթահամալիրի տնօրինութեան համագործակցութեամբ վերոնշեալ բոլոր եկեղեցիներում հոգեւոր հայրերը լւացին սոյն դպրոցի աշակերտների ոտքերը: 

Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբն աւարտին նշելով, որ ժամերգութիւնն սկիզբ առաւ «Սրբիր ինձ զոբային մշտիկով եւ ես մաքուր կը լինեմ» նախադասութեամբ, կարեւորութեամբ ընդգծեց այն փաստը, որ արարողութեան ընթացքում առ Աստւած բարձրացւած աղօթքում, խնդրում ենք Բարձրեալին՝ զոբային մշտիկի միջոցով եւ Ոտնլւայի արարողութեամբ ոչ միայն մաքրի մեր մարմինն ու ոտքերը, այլեւ մանաւանդ մաքրի ու սրբի մեր մտքերը, սրտերն ու հոգիները:

Թղթակից (Նոր Ջուղա)