Տարիներ է, ինչ ապրիլի 7-ը`Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը Նոր Ջուղայում նշւում է, Ն. Ջ. Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած ձեռնարկների միջոցով:

Սոյն աւանդոյթն իրականացւեց եւս այս տարի եւ ապրիլի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ դասախօսական-գեղարւեստական յայտագրով ծրագիր՝ նւիրւած զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ էակներին՝ հայ մայրերին, եւ քանի որ այս տարի լրանում է Հայուհեաց բարեգործական ընկերութեան հիմնադրման 125-ամեակը, այս տօնակատարութիւնը լաւագոյն սկիզբը հանդիսացաւ միութեան 125-ամեակի յոբելեանական ձեռնարկների շարանի: 

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայ հայրերը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի հայոց ագզային դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչները, Բարեգործական ընկերութեան անդամուհիները եւ հոծ բազմութիւն:

Երեկոն բացւած յայտարարւեց կազմակերպիչ ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի միջոցով՝ մօրը ձօնւած բանաստեղծութեան կատարմամբ, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Վեհանուշ Խուդաբախշեանը, որտեղ ասւած էր. «Մայրերի մասին գրւել եւ գրւում են բազմաթիւ երգեր ու բանաստեղծութիւններ. որքան շատ են գրւում, միեւնոյնն է չեն սպառւում մօրը գովերգող խօսքերը: Ինչքան էլ մօրդ գովերգես՝ աշխարհի լաւագոյն եւ հրաշալի խօսքերով ու բառերով, դարձեալ երբ նայում ես այդ սուրբ էակին, ծնւում են նոր բառեր ու խօսքեր»:

Օրւայ բանախօսն էր վաստակաւոր ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, ով իր խօսքի սկզբնական բաժնում անդրադառնալով Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատ թագաւորի պատմութեանը, ինչու չէ նաեւ նոյն ժամանակահատւածում Տրդատի միջոցով հաւատի համար զոհւած Գայիանէ եւ Հռիփսիմէ կոյսերին, շեշտեց, որ քրիստոնէական հաւատը ազնւացնում է հայ կնոջը եւ օգնում կերտել աւելի ամրակուռ ընտանիք: Նա հայոց պատմութեան մէջ յաւերժացած քրիստոնէակենցաղ կանանց բաժանելով հետեւեալ երեք խմբերի՝ քրիստոնէութեան նահատակներ եւ վկայուհիներ, Կրօնաւորներ կամ միանձնուհիներ եւ բարեպաշտ քրիստոնեաներ, առանձնաբար յիշեց նրանցից մի քանիսին՝ Վահան Մամիկոնեանի մայր Ձւիկ տիկնոջը, Արշակ 2-րդ թագաւորի կին Փառանձեմ թագուհուն, Սերոբ Աղբիւրի կին Սօսէ մայրիկին, ինքնապաշտպանական կռիւներում դերակատար կանանց, Ցեղասպանութեան ճիրաններից փրկւած որբերի խնամատարութեամբ զբաղւող Սաթենիկ եւ Պերճուհի Պարտիզպաններին եւ յատկապէս Արցախեան պատերազմում դերակատար հերոսուհիներին՝  շեշտելով, որ հայ կինը հանդէս է գալիս իր բազմակողմանի բնաւորութեան գծերով, որպէս հաւատին կառչած անձ, մայրենի լեզուն պահպանող ազդակ, հայրենիքի պահպանման ճամբին մղւող պայքարի ջատագով, հերոսածին եւ տոկունութեան ու զոհողութեան տիպար:

Տկն. Տէր-Մարտիրոսեանն իր խօսքի երկրորդ բաժնում թւարկելով 125-ամեայ Հայուհեաց բարեգործական ընկերութեան գործունէութեան բնագաւառները, ինչպիսիք են՝ բարեսիրական նպատակներով աշխատանքները եւ կրթութեան, մշակութային եւ Հայ Դատի ոլորտներում կատարած գործունէութիւնը, դրւատանքի խօսք ուղղեց միութեան վեհանձն ու խոհեմ անդամուհիներին, ապա կոչ ուղղեց բոլոր մայրերին՝ նեցուկ հանդիսանալ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան, հայկական բազմադարեան մշակոյթի պահպանման եւ ազատ անկախ ու միացեալ հայրենիքի կերտման նւիրական գործերին:  

Յաջորդիւ գեղարւեստական անզուգական համարների կատարմամբ բազմապատկւեց ներկաների տօնական տրամադրութիւնը: Մեներգերի բաժնում հանդէս եկան՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամներ՝ Էդւին Մանուկեանը «Հայոց աղջիկներ» եւ Նարբէ Գրիգորեանը «Լուսին ես ամպի տակին» երգերով, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամուհի Արսինէ Ալեքսանդրեանը երգեց «Օրօր»-ը, իսկ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը՝ «Մայր իմ սուրբ»-ը: «Սարերի հովին մեռնեմ» եւ «Ախպերս ու ես» երգերը կատարեց «Ասուպ» ռոկային խումբը՝ անդամակցութեամբ՝ Ադրիան Դաւթեանի, Վահէ Կարապետեանի եւ Դրօ ու Սերօ Տէր-Մարտիրոսեանների: «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիների միջոցով հնչեցին եւս երկու բանաստեղծութիւններ. սոյն խմբի կատարողներն էին՝ Վեհանուշ Խուդաբախշեանը, Վանա Զոհրաբեանը, Նարեգա Սիմոնեանը, Մեղրի Կարապետեանը, Վանիա Պետրոսեանը եւ Վանէ Շահնազարեանը: «Արցախի պար» պարային համարով հանդէս եկաւ Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախումբը, իսկ «Զով գիշեր» մենապարը կատարեց նոյն պարախմբի անդամուհի Ալինէ Յարութիւնեանը: 

Հարկ է նշել, որ «Էրեբունի» պարախումբը ղեկավարում էր Ալինա Գրիգորեանը, «Փարոս» ասմունքի խումբը՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, իսկ երգչախմբերի անդամների ելոյթի իրականացման ուղղութեամբ համագործակցութիւն էին ցուցաբերել պատկան ղեկավարները՝ «Կոմիտաս»-ից Արմէն Ամիրխանեանը, իսկ «Տաթեւ»-ից Համիկ Ալեքսանդրեանը:

Գեղարւեստական բաժնի հաղորդավարութիւնը կատարեց Վանիա Պետրոսեանը, ով ընթացքում ընթերցեց նաեւ առիթին նւիրւած գեղեցիկ խօսքեր ու մաղթանքներ: 

Վերջում ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմիս Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը նախ շնորհաւորանքի խօսք ուղղեց Մայրութեան տօնի եւ Հայուհեաց բարեգործական ընկերութեան հիմնադրման 125-ամեակի առիթներով, ապա իր խօսքում նշելով, որ հայրական ձեռքը կառուցում է տունը, իսկ մայրական ձեռքը՝ կանգուն ու շէն է պահում այն, ցանկացաւ, որ բոլորն այս տօնական երեկոյին համբուրեն իրենց կեանք տւող մայերի ձեռքերը, իսկ իւրայատուկ աղօթք բարձրացնեն առ Աստւած իրենց զոյգ ծնողների՝ հայրերի ու մայրերի համար: Նա իր խօսքի աւարտին հայ մօրը նմանեցնելով հրեշտակի՝ ընդգծեց, թէ ովքեր տեսել են հայ մայրերին, կարող են ասել՝ տեսել են նաեւ հրեշտակներին:

Թղթակից (Նոր Ջուղա) 
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան