Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ մարտի 14-ի երեկոյեան, խորհրդի ժողովասրահում կազմակերպւեց գնահատման երեկոյ, որտեղ մեծարւեցին ՀՀ անկախութեան 25-ամեակի, Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի, Սպահանի հայոց թեմի 16-րդ շրջանի Պատգ. ժողովի ընտրական եւ Ս. Ա. Վանքի ամանորի յանձնախմբերի անդամները:

Ծրագրին ներկայ էին Թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տէր Սիփան ծ. Վրդ. Քէչէճեանը եւ Թեմական խորհրդի անդամները:

Միջոցառումը սկզիբ առաւ միասնական աղօթքով, ապա Թեմական խորհրդի անունից արտայայտւեց կազմի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով  շնորհակալական խօսք ուղղեց յանձնախմբերի անդամներին, որոնց ջերմեռանդ գործունէութեան եւ անսակարկ համագործակցութեան շնորհիւ բարեյաջող աւարտ են ունեցել նրանց վստահւած բոլոր ծրագրերը, նշելով որ ազգային մարմինները առանց նման անհատների, կը դժւարանային իրականացնել այդ աշխատանքները: Վրէժ Տէր-Մարտիրոսեանն իր խօսքի աւարտին ներկաներին յորդորեց նոյն համագործակցութեան ոգով շարունակել իրենց ազգանպաստ աշխատանքը:

Շարունակութեան մէջ խօսքը փոխանցւեց Թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տէր Սիփան ծ. Վրդ. Քէչէճեանին, ով եւս հանդէս եկաւ շնորհակալանքի ու քաջալերանքի խօսքերով: 

Յանուն հրաւիրեալ յանձնախմբերի, արտայայտւեց Զարեհ Ղարախանեանը՝ շնորհակալութիւն յայտնելով Թեմական խորհրդին՝ իրենց վստահած պարտականութեան համար, այնուհետեւ ներկաները յուշեր պատմեցին աշխատանքի ընթացքից:

Վերջում տեղի ունեցաւ գնահատագրերի բաշխման արարողութիւն, ուր Թեմական խորհրդի կողմից պատրաստւած գնահատագրերը գերպ. Հայր Սուրբի եւ խորհրդի ատենապետի ձեռամբ յանձնւեցին պատկան կազմերի անդամներին:

Միջոցառումն աւարտւեց հիւրասիրութեամբ: