Չորեքշաբթի՝ 2017 թւականի մարտի 8-ին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանի, անակնկալ կերպով այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» երկսեռ կրթահամալիր, որտեղ «Բարեգործական տօն»-ի (جشن عاطفه ها) առիթով կազմակերպւել էր տնային ուտեստների վաճառք: Դպրոցի տեսչութեան կարգադրութեամբ սոյն ձեռնարկի ընթացքում նաեւ տեղի ունեցաւ աշակերտական «Ռոշդ» ամսաթերթի փառատօնը, որի նպատակն է զարգացնել աշակերտների մտային կարողութիւններն ու ստեղծարար ունակութիւնները: 

Սոյն ծրագրի հասոյթի մէկ մասը յատկացւելու է դպրոցի կարիքները հոգալուն, իսկ մեծ բաժինը՝ կարիքաւոր աշակերտներին օժանդակութիւն եւ աջակցութիւն ցուցաբերելու նպատակին:

Ծրագիրն իրականացնելու համար, տարրական բաժնի ծնողների միջոցով պատրաստւել էին զանազան տեսակի ուտեստներ, որոնք տեսչութեան կարգադրութեամբ ու ծնողական խորհրդի համագործակցութեամբ եւ աշակերտների ու նրանց ծնողների միջոցով մատուցւեց ներկաներին: Դպրոցի բակում ներկայ էին ոչ միայն պատասխանատուները, աշակերտներն ու նրանց ծնողները, այլեւ աշակերտների բարեկամ-հարազատներն ու ընտանեկան այլ պարագաները: Գնահատելի եւ ուրախալի երեւոյթ էր ծնողների բուռն մասնակցութիւնը սոյն ծրագրին:

Գերպ. Հայր Սուրբը եւ պրն. Մովսիսեանը շփւելով ծրագրի մասնակիցների հետ՝ գնահատեցին եւ քաջալերեցին նրանց՝ բարեգործական նպատակով այս ծրագրին մաս կազմելու եւ նեցուկ հանդիսանալու համար: