2017 թւականը բուռն աշխուժութեամբ է մեկնարկել Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան համար՝ կազմակերպւած միջոցառումների եւ հայոց ազգ. ծերանոց կատարւած այցելութիւնների շնորհիւ:

Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները, Սպահան քաղաքի ընդհանուր եւ 5-րդ շրջանի քաղաքապետերը, պետական բարձրաստիճան այլ պաշտօնատարերն ու Հայ Ուս. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւը ամանորի առթիւ այցելութիւններ են կատարել հայոց ազգ. ծերանոց, որոնց մասին ժամանակին իրազեկում կատարւել է, իսկ այլ աշխատնքներին կանդրադառնանք ստորեւ: 

Ամանորի թոհուբոհին՝ երեքշաբթի՝ յունւարի 3-ի երեկոյեան ժամը 4-ին, միութենականների եւ հայոց ազգ. ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի մասնակցութեամբ կազմակերպւեց միջոցառում: Ծրագրում տեղ էին գտել Ձմեռ պապիկի այցելութիւն, հիւրասիրութիւն, երգ, պար եւ զանազան անակնկալներ, որոնց միջոցով բազմապատկւեց ներկաների տօնական տրամադրութիւնը: Ընթացքում տօնի առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցեց միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ապա Ձմեռ պապիկը նւէրներ պարգեւեց տարեցներին՝ նրանց մաղթելով քաջառողջութիւն եւ երկար կեանք:

Հինգշաբթի՝ փետրւարի 16-ի երեկոյեան, միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի ներկայութեամբ նշւեց Տեառնընդառաջը: Հոգեւոր արարողութեան բաժինն իրականացւեց  արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով, որի աւարտին բոցավառւեց թուփը, իսկ ներկաները հիւրասիրւեցին աւանդական հրուշակով:  Ապա քահանայ հօրն ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ընդգծելով, որ ծերանոցը միշտ եղել է թեմի հոգեւորականց դասի ուշադրութեան կիզակէտում եւ տեղի բնակիչները տարբեր առիթներով վայելել են նրանց ներկայութիւնն ու օրհնանքը: 

Ընդունւած կարգի համաձայն երկար տարիներ է, ինչ վարչութեան կողմից 15 օրեայ յաճախականութեամբ անդամուհիների համար կազմակերպւում են զանազան թեմաներով նիստեր ու դասընթացներ: Այս շրջագծում վարչութիւնը ձեռնամուխ է եղել 2017 թւականի ընթացքում կազմակերպել հոգեբանա-դաստիարակչական նիւթերով հանդիպումներ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի դասախօսութեամբ: Գերպ. Հայր Սուրբը յունւարի 31-ին եւ փետրւարի 21-ին ներկայանալով միութեան կենտրոնատեղի՝ մասնագիտականօրէն անդրադարձ ունեցաւ «Այսօրւայ երիտասարդն ու դաստիարակութեան արդի մեթոդները» թեմային եւ պատասխանեց ներկաների հարցերին: Վերոնշեալ ուսուցողական նիստերը մեծ ընդառաջում են գտան անդամուհիների կողմից: 

Կիրակի՝ փետրւարի 26-ի առաւօտեան, «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի 7-րդ եւ 8-րդ դասարանի սաները Բուն Բարեկենդան տօնը պատեհ առիթ համարելով այցելեցին ծերանոց՝ տեղի բնակիչների տօնական խանդավառութիւնն ու տրամադրութիւնը բազմապատկելու նպատակով: Տղաներին ուղեկցում էին իրենց ուսուցիչներն ու դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչները: Այցելուներին ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց Կանանց Գթութեան միութեան վարչութեան անդամ Լիդա Սիմոնեանը: Ընթացքում օրւայ առթիւ բացատրութիւններով հանդէս եկաւ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, որից յետոյ ծրագիրը շարունակւեց երգերի կատարմամբ, պարով ու մրցոյթներով: Իսկ  միջոցառումն իսկական տօնի վերածւեց յատկապէս, երբ դպրոցի ծնողական խորհրդի կողմից նախատեսւած դիմակները կրեցին տարեցներն ու դպրոցական տղաները:  

Յաջողութիւն ցանկանալով Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիներին՝ առաւել բեղմնաւոր գործունէութիւն ենք մաղթում նրանց:

Թղթակից (Նոր Ջուղա)