Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի տնօրինութեան, անձնակազմի եւ ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ տարիներ է սոյն դպրոցի հարազատ յարկի ներքոյ բարի ապրելակերպ խորհրդանշող տօնի՝ Բուն Բարեկենդանի առթիւ կազմակերպւում է մրցոյթ-տարազահանդէս, որտեղ աշակերտուհիներն առիթ են ունենում դրսեւորելու իրենց ստեղծագործական ոգին ու ճաշակը:

Միջոցառումը տեղի ունեցաւ կիրակի՝ փետրւարի 26-ի երեկոյեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում, ուր աշակերտներից բացի ներկայ էին նաեւ դպրոցի տնօրինութիւնը, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամներն ու մի շարք հրաւիրեալներ:

Ծրագրի մեկնարկը տրւեց «Քանանեան» վարժարանի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանի ողջոյնի խօսքով, ապա օրւայ հանդիսավարը՝ նոյն դպրոցի շրջանաւարտ Շաղիկ Մատթէոսեանը, ով ընդունել էր յունական դիցաբանութեան կիսաստւած Մեդուզայի կերպարը, բացատրութեամբ ելոյթ ունեցաւ աւանդական այս տօնի սովորութիւնների ու ծէսերի շուրջ եւ ներկայացնելով մրցոյթի իրաւարար կազմին, պաշտօնապէս բացւած յայտարարեց երեկոն:  

Մրցոյթ-տարազահանդէսի իրաւարար կազմի անդամներն էին՝ Սօսէ Ասատրեանը, Անի Տէր-Մարտիրոսեանն ու Ելենա Մանուկեանը, ովքեր կերպարների գնահատման բարդ աշխատանքը կատարեցին հաշւի առնելով իմաստը, դրսեւորած ճաշակն ու միտքը եւ տարազի ստեղծման համար պահանջւած աշխատանքը: Տարազաւորների դերասանական ունակութիւնները կերպարի ներկայացման ուղղութեամբ նոյնպէս դերակատար հանդիսացաւ լաւագոյնների ընտրութեան հարցում:

Այնուհետեւ աշակերտուհիներն առանձնաբար ներկայացան հարթակի վրայ՝ ցուցադրելով իրենց հանդերձանքը եւ կերպարին համապատասխան խօսքեր ու բացատրութիւններ փոխանցելով: 

Արդիւնքների ամփոփումից յետոյ երեկոյի լաւագոյնները ճանաչւեցին հետեւեալ կարգով.

Կերպարը լաւագոյնը մարմնաւորելու համար՝ գնահատւեց տատիկի դերում յայտնւած Սելին Մկրտչեանը: 

Ճաշակի բաժնում միւսներին գերազանցեցին՝  Լուսին Մինասեանը՝ թռչունի եւ Անիշա Խաչեանը ծովի կերպարներով:

Լաւագոյն մտքի բաժնում յաղթեց Նելիանա Գրիգորեանը՝ լուսնի հանդերձանքով ու դիմայարդարմամբ:

Լուսիա Մատթէոսեանը՝ ծաղկի եւ Մինէ Յարութիւնեանը Վարդագոյն արքայադստեր կերպարներով նոյնպէս լաւագոյններից ճանաչւեցին՝ տարազի պատրաստման ուղղութեամբ կատարած բարդ աշխատանքի համար: 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցան նաեւ ուրախ երաժշտութեան ներքոյ պարեր ու հիւրասիրութիւն, իսկ վերջում աշակերտներին բաժանւեցին աւանդական աղանձի կապոցներ:

Թղթակից (Նոր Ջուղա)