Հայոց դպրոցն ու հայեցի դաստիարակութիւնը շաղկապւած երեւոյթներ են: Հայոց դպրոցում մատաղ սերնդի հոգում սերմանւում են մեր ազգային ու հոգեւոր արժէքները՝ ինչը համարւում է հայկական վարժարանների առաջնահերթ առաքելութիւնը:

Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համար փետրւար ամիսն առանձնայատուկ նշանակութիւն ունի, քանի որ նրանց համատեղ ջանքերի շնորհիւ շուրջ 15 օրերի ընթացքում տօնւում են հայ եկեղեցու եւ ազգային-աւանդական կարեւոր տօներից Տեառնընդառաջը, Վարդանանքն ու Բուն Բարեկենդանը: Դպրոցի պատասխանատուների համար նշւած տօները լաւագոյն առիթն են հանդիսանում, որպէսզի հետաքրքիր միջոցառումների կազմակերպմամբ կատարեն իրենց առաքելութիւնը՝ երեխաներին հայեցի կրթելու եւ նրանց հայկական արժէքներին հաղորդ դարձնելու ուղղութեամբ: 

Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց երկուշաբթի՝ փետրւարի 13-ի առաւօտեան:  Տօնի առթիւ դպրոց այցելեցին արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն ու բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանը: Տօնակատարութիւնն սկիզբ առաւ դպրոցի բակում՝ տօնին առնչւող շարականների եւ «Տէրունական աղօթք»-ի կատարմամբ: Այնուհետեւ դպրոցի կրտսերագոյն եւ աւագ աշակերտները քահանայ հօր հետ միասնաբար բոցավառեցին զարդարւած աւանդական թուփը: Աւարտին բոլորը միմեանց ձեռքերը բռնած, շրջելով բոցկլտող խարոյկի շուրջ՝ երգեցին եւ ուրախացան, հիւրասիրւեցին համեղ հրուշակով, իսկ մանուկները ուսուցչուհիների օգնութեամբ թռան խարոյկի վրայից: 

Սրբոց Վարդանանց յաղթանակի տօնը նշելու համար՝ չորեքշաբթի փետրւարի 22-ի առաւօտեան, մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան հրաւէրով դպրոց այցելեց «Արմէն» տարրական կրթահամալիրի ուսուցչուհի Արմինէ Սիմոնեանը: Նա սկզբում դիւրին բացատրութեամբ անդրադարձաւ Վարդան Մամիկոնեանի ու նրա քաջարի զինւորների սխրագործութիւններին՝ շեշտելով կրօնի եւ հայկական արժէքների պահպանման կարեւորութիւնը: Շարունակութեան մէջ երեխաներին ներկայացաւ «Վարդան զօրավար»-ը, որի զինազգեստի մասին առաւել բացատրութեամբ հանդէս եկաւ ուսուցչուհի Սիմոնեանը: Միջոցառումը եզրափակւեց սաների հայրենասիրական երգերի կատարմամբ եւ Վարդան զօրավարի խրատական խօսքերով, ով յորդորեց ամէն գնով պահպանել հայրենիքը եւ մայրենի լեզուն:

Բուն Բարեկենդանի տօնը նշւեց կիրակի՝ փետրւարի 26-ի առաւօտեան՝ հաճելի եւ անակնկալներով յագեցած մի միջոցառմամբ: Բոլոր սաներն ընդունել էին գեղանկարչի կերպար՝ համապատասխան դիմայարդարմամբ ու գլխարկներով: Օրն անցաւ բուռը խանդավառութեամբ: Սաներն առանձնաբար լուսանկարւեցին, ապա բակում դիմաւորեցին երկու ծաղարծուների, ովքեր իրենց չարաճճի արարքներով մթնոլորտն առաւել զւարճալի դարձրին: Վերջում ծաղրածուների միջոցով աշակերտներին բաժանւեցին քաղցրաւենիքի կապոցներ: 

Թղթակից (Նոր Ջուղա)