Ուրբաթ՝ 2017 թ. փետրւարի 24-ին, առաւօտեան ժամը 8:00-ից, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում կայացան Սպահանի հայոց  թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի եւ Շահինշահրի հայ համայնքի Վարչութեան 10-րդ շրջանի ընտրութիւնները:

Համայնքի անդամները մասնակցելով ընտրութիւններին ընտրեցին այս նստաշրջանի 3 պատգամաւոր եւ 5 վարչութեան անդամին:

Սոյն ընտրութեանը համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ թեկնածուները ներկայացան ընտրատեղամաս եւ քւէարկեցին:

Շահինշահրի զոյգ ընտրութիւնների Ընտրական յանձնախմբի յայտարարութեան համաձայն Պատգամաւորական ժողովի 16-րդ նստաշրջանի համար ընտրւել են Մարիտա Քեշիշեանը, Մելինէ Թորոսեանը եւ Վիոլետ Յարութիւնեանը, իսկ Հայ համայնքի վարչութեան 10-րդ շրջանի ընտրութիւնների արդիւնքում ընտրւել են Մելքոն Շիրւանեանը, Ռայմոնդ Թորոսեանը, Էդւին Բաբումեանը, Արմոնդ Հախնազարեանն ու Ստեփանոս Թահմազեանը:

 
Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան
Լուսանկարիչ՝ Սերինէ Աղախանեան