Ուրբաթ եւ շաբաթ՝ փետրւարի 10-ին եւ 11-ին, հոգեզմայլ արարողութիւնների մատուցմամբ ու հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, նշւեցին Ս. Սարգիս զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօները: 

Հանդիսաւոր արարողութիւններն իրականացւեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ:

Հոգեւոր արարողութիւնների շարանն սկիզբ առաւ ուրբաթ՝ յետմիջօրէի ժամը 3:00-ին, եկեղեցու շրջափակում՝ աղօրհնէքի եւ ոչխարների զենման ծիսակարգերի կատարմամբ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6:00-ին, տեղի ունեցաւ Հսկումի  արարողութիւն, ուր գերպ. Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց իր պատգամը:

Նա սկզբում ներկայացրեց Ս. Սարգիս զօրավարի կեանքն ու կատարած ծառայութիւնները, ապա մէջբերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի խօսքը, որտեղ շնորհազարդ Հայրապետը նշել էր. «Հայաստանեայց Առաքելական եկեղեցին ունի երկու երես՝ ազգային եւ հոգեւոր, որոնք անբաժանելի են: Ս. Սարգիսը շօշափելի փաստն է այս իրողութեան: Ս. Սարգիսը որպէս զօրավար ազգային էր, իսկ որպէս նահատակ՝ սուրբ. նա որպէս հաւատի ռահվիրայ իր կեանքը եւ գլուխը տւեց թշնամուն, որպէսզի պահի իր եկեղեցու մեծ գլուխը՝ Յիսուս Քրիստոսին, հաւատը եւ եկեղեցին»: 

Այնուհետեւ Հայր Սուրբը դիմելով եկեղեցում ներկայ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմի զաւակներին, ովքեր հրաւիրւել էին մասնակցելու Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ սոյն տօնի առթիւ կազմակերպւած զինւորների օրհնութեան կարգին,  ասաց «Դուք այստեղ հրաւիրւել էք որպէս Ս. Սարգսի ազգային երեսի խորհրդանիշ: Եթէ այսօր դուք ծառայում էք ազգին, երկրին եւ հողին, մենք էլ ձեր կողքին, ձեզանից ուժ վերցնելով՝ ծառայում ենք Աստծուն, եկեղեցուն եւ ժողովրդին»:

Այնուհետեւ երիտասարդ զինւորները ծնկի եկան խորանի առջեւ՝ օրհնութիւն ստանալու համար, որից յետոյ բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր յանուն թեմի ազգային իշխանութեան ողջոյնի խօսք ասաց Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա նշեց, թէ օրինակելով Հայաստանում 2014 թւականից իրականացւող «Մենք մեր զինւորի կողքին ենք» բարեգործական ծրագրից, Կրօնական խորհուրդը նոյնպէս որոշեց կազմակերպել նման արարողութիւն: 

Շարունակութեան մէջ արտայայտւեց ազգային-հասարակական գործիչ Թաթուլ Օհանեանը, ով իր խորին շնորհակալութիւնը յայտնելով խորհրդին՝ այս գեղեցիկ մտայղացման համար, ասաց. «Հայրենիքը միայն սահմանափակ սահմաններով հող ու ջուր չէ: Հայրենիքն իր ժողովրդով է հայրենիք: Հայրենիքն այն ժողովրդով է հպարտ, որ ունի հաւատամք, ունի մշակոյթ, լեզու, վարք ու բարք, աւանդութիւն եւ սովորութիւն: Ազգերը ապրում, գոյատեւում եւ ստեղծագործում են իրենց հայրենիքներում: Հետեւաբար հայրենիքը, հողն ու ջուրը եւ ժողովուրդը համարւում են սուրբ, իսկ այս սրբութեան պահողները մեր զինւորներն են: Մեր զինւորներն իրենց անանձնական մօտեցումով, իրենց բարի փորձերով պահում են մեր սահմանները եւ մեզ»: Պրն. Օհանեանն իր խօսքի աւարտին բոլոր զինւորներին մաղթեց անվտանգ ու բարի ծառայութիւն:

Վերջում Հայր Սուրբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների միջոցով  Կրօնական խորհրդի կողմից նւէրներ շնորհւեցին դերզօրավար Արտիկ Մելիքեանին, ներկայ զինւորներին, իսկ բացակայութեան պարագային՝ նրանց ծնողներին: 

Շաբաթ՝ փետրւարի 11-ի առաւօտեան« սոյն տօնի առթիւ, ձեռամբ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Երգեցողութիւնը կատարեց Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:

Պատարագին ներկայ էին նաեւ հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ-ուհիները՝ իրենց ուսուցիչների եւ ծնողական խորհրդի ընկերակցութեամբ:

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց գերպ. Հայր Սուրբը: Նա նշելով, որ մեր  եկեղեցին հարուստ է իր սրբերով, այսպէս աւելացրեց. «Այսօր աշխարհի չարիքների պատճառով շատ մարդիկ են նահատակւում, սակայն տարբերութիւն գոյութիւն ունի մարդկային եւ սրբերի նահատակութեան միջեւ: Մենք մարդկային նահատակների համար խնդրում ենք երկնքի արքայութիւնը, սակայն սրբերից խնդրում ենք Աստծոյ մօտ մեզ համար բարեխօսութիւնը: Ս. Սարգիսն այսօր մեզանից իւրաքանչիւրին պատգամում է սիրել միմեանց՝ առանց որեւէ ակնկալիքի, հաւատալ, զիջել ու նահատակւել»:  

Այնուհետեւ Հայր Սուրբը շնորհաւորանքի խօսք ասաց Ս. Սարգիս զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, իսկ արարողութիւնների կազմակերպման եւ իրականացման համար գնահատեց հոգեւորականաց ու դպրաց դասերին, Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանը, եկեղեցու տիկնանց յանձնախմբին, հարիսայի պատրաստման յանձնախմբին, երգչախմբին եւ յատկապէս հաւատացեալ ժողովրդին ու տօնի առթիւ մատաղ կամ նիւթական նւէրներով նւիրատւութիւն կատարած անհատներին:

Վերջում Ս. Սարգիս զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա բոլորը համախմբւեցին եկեղեցու բակում, ուր օրհնւեց նաեւ պատրաստւած հարիսան եւ  բաժանւեց ժողովրդին:

Թղթակից՝ Նոր Ջուղա
 
surbsargis_01.JPG surbsargis_02.JPG surbsargis_03.JPG

surbsargis_04.JPG surbsargis_05.JPG surbsargis_06.JPG

surbsargis_07.JPG surbsargis_08.JPG surbsargis_09.JPG

surbsargis_10.JPG surbsargis_11.JPG surbsargis_12.JPG

surbsargis_13.JPG surbsargis_14.JPG surbsargis_15.JPG

surbsargis_16.JPG surbsargis_17.JPG surbsargis_18.JPG

surbsargis_19.JPG surbsargis_20.JPG surbsargis_21.JPG

surbsargis_22.JPG surbsargis_23.JPG surbsargis_24.JPG

surbsargis_25.JPG surbsargis_26.JPG surbsargis_27.JPG

surbsargis_28.JPG surbsargis_29.JPG surbsargis_30.JPG

surbsargis_31.JPG surbsargis_32.JPG surbsargis_33.JPG

surbsargis_34.JPG surbsargis_35.JPG surbsargis_36.JPG

surbsargis_37.JPG surbsargis_38.JPG surbsargis_39.JPG

surbsargis_40.JPG