Շաբաթ՝ 2017 թւականի յունւարի 21 առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի “Հայ կանանց եկեղեցասիրաց” միութեան անդամուհիները՝ համայնքի հոգեւոր հովիւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ուղեկցութեամբ, Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին համայնքի “Նարեկ” մանկապարտէզ-նախակրթարան:

Դպրոցի տեսչուհի օրդ. Կարինէ Մինասքանեանի բարիգալստեան խօսքին յաջորդեց սաների երգի ու ասմունքի գեղեցիկ ելոյթը: Այնուհետեւ քահանայ հայրն առիթը պատեհ համարելով կատարեց օրհնանքի կարգը՝ օրհնելով հացը, աղն ու ջուրը՝ բացատրելով այդ խորհրդի իմաստը:

Յաջորդիւ միութեան նախագահ տկն. Լինա Մովսիսեանը շնորհաւորելով բոլորին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ բարձր գնահատեց դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի ծաւալած աշխատանքը՝ հայ մանկանը հայեցի կրթելու եւ դաստիարակելու նւիրական գործում:

Միութիւնը Ամանորի առիթով պատրաստել էր գեղեցիկ նւէրներ դպրոցի սաների համար, որոնք նւիրեցին նրանց՝ քահանայ հօր  ձեռամբ:

Դպրոցի անձնակազմը սիրով պատասխանեց միութեան անդամուհիների կողմից կրթա-դաստիարակչական աշխատանքների մասին հնչած հարցումներին եւ յստակ պատկեր ներկայացրեց իրագործած գործունէութեան կապակցութեամբ:

Վերջում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան