Երեքշաբթի՝ 2016 թւականի դեկտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:00–ին, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Ամանորեայ հանդէս: Սոյն ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց Թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, թեմիս Թեմական եւ Կրթական խորհուրդների եւ համայնքի Վարչութեան ներկայացուցիչներն ու սաների ծնողները:

Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի օրդ. Կարինէ Մինասքանեանը, ով շնորհաւորելով Ամանորը բոլորին մաղթեց ուրախ, բարեբեր եւ յաջողութիւններով լի տարի: Այնուհետեւ իր շնորհակալական խօսքն ուղղեց ազգային մարմիններին եւ ծնողներին, ովքեր իրենց անվերապահ աջակցութեամբ միշտ սատարել են դպրոցին եւ իրենց հնարաւորութիւնների սահմանում ծաղկուն ու կանգուն պահել այն:

Յաջորդիւ տօնական զարդարւած բեմի վրայ՝ իրենց վառ ու գունեղ զգեստներով ներկայացան կրթօջախի սաները, ովքեր աշխոյժ ու ոգեւորիչ երգ ու պարով եւ քաղցրահունչ ասմունքներով հաճելի պահեր պարգեւեցին ներկաներին:

Իսկ ինչպէս ամենամեայ Ամանորեայ հանդէս փոքրիկներին հիւր եկան նրանց սիրելի ու այդքան սպասւած ձմեռ պապն ու ձիւնանուշը՝ հրաշք մանուկներին նւիրելով գեղեցիկ մրգեր: Սաների ուրախութիւնը բազմապատկւեց, երբ նրանց հետ պար բռնեցին ձմեռ պապն ու ձիւնանուշը՝ մթնոլորտին հաղորդելով առաւել խանդավառութիւն ու հարազատութիւն:

Հանդէսի աւարտին բեմ հրաւիրւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը իր հայրական մաղթանքը արտայայտելու, ով դրւատեց մանուկների ելոյթը, բարձր գնահատեց դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կատարած առաքելութիւնը՝ հայ մանկանը կրթելու եւ հայեցի դաստիարակելու նւիրական գործում: Այնուհետեւ Ամանորի եւ Ս. Ծննդեան բարեբաստիկ տօների կապակցութեամբ իր շնորհաւորանքի խօսքն ուղղեց բոլորին եւ նրանց մաղթեց քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ նորանոր վերելքներ՝ անձնական, ընտանեկան եւ ազգային կեանքում:

Վերջում դպրոցի տեսչուհին շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներին՝ իրենց ներկայութեան համար եւ նաեւ բոլոր այն անձնաւորութիւններին, ովքեր համագործակցել էին ծրագրի իրականացման աշխատանքում:

Ծրագրի աւարտին բոլոր ներկաների համար նախատեսւել էր համեստ հիւրասիրութիւն:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան
Լուսանկարիչ՝  Գեւիկ Խաչատրեան