Կրթութեան եւ լուսաւորութեան մշակ հայ ուսուցչին գնահատելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ մեծարման երեկոյ: Միջոցառմանը հրաւիրւել եւ ներկայ էին՝ թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների հանգստի կոչւած ու աշխատող հայ տեսուչները, ուսուցիչները եւ գրասենեակների պատասխանատուները՝ իրենց պարագաներով:

Ծրագրի մեկնարկը տրւեց Կրթական խորհրդի անդամ եւ երեկոյի հանդիսավար Ադրինէ Ստեփանեանի ողջոյնի խօսքով: Ապա Կրթական խորհրդի խօսքն ընթերցւեց ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանի միջոցով:

Ահա մի հատւածի մէջբերում խորհրդի խօսքից.

«Հայ ուսուցչի տօնը որքան էլ հաճելի, նոյնքան էլ պարտաւորեցնող է, քանզի հայ ուսուցչի ուսերին է ծանրացած հայ տեսակի շարունակութեան եւ զօրացման պատասխանատու գործը: Կրթութեան միջոցով է, որ մեզ կը յաջողւի հասնել մեր ազգային իղձերին եւ նպատակներին, որի պահանջը մենք զգում ենք ամէն օր, թէ՛ հայրենիքում եւ թէ՛ սփիւռքում: Սիրելի ուսուցիչներ ու կրթութեան մշակներ, ձեր ամենօրեայ աշխատանքով ու օրինակով, փորձէք հաստատել ձեր անհատականութիւնը եւ հաւատարիմ մնալ արդի քաղաքակրթական արժէքներին, ազգային աւանդոյթներին ու ժամանակակից մօտեցումներին»:

Ելոյթների շարանում արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով փոխանցելով մարմնի ջերմ շնորհաւորանքները առիթի կապակցութեամբ, ընդգծեց, որ ուսուցչի գործը առաքելութիւն է եւ ուսուցիչը ոչ միայն մարդակերտման, այլեւ ազգակերտման պարտականութիւնն ունի: Նա իր խօսքի մի այլ բաժնում յայտնելով, որ հայ ժողովուրդը բախտաւոր ազգ է, քանզի ունի երկու ուսուցչապետեր, կարեւորութեամբ անդրադարձաւ հոգեւոր ուսուցչապետ Յիսուս Քրիստոսի եւ ազգային ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի անժխտելի դերակատարութեանը՝ հայ ազգի հոգեմտաւոր արժէքների կերտման եւ վերելքի գործում: 

Գեղարւեստական ծրագրով երեկոն իրենց ուսուցիչների համար յիշարժան դարձրին մատաղ սերունդը: Ծրագրի առաջին բաժնում  խմբական երգերի կատարմամբ ելոյթ ունեցան «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի աշակերտները՝ Արսինէ Մարգարեանի ղեկավարութեամբ. այս շարանն աւարտւեց երգի մենակատարմամբ՝ ղեկավար տկն. Մարգարեանի միջոցով: Վերոնշեալ կատարումներն իրականացւեցին մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի նւագակցութեամբ, իսկ որպէս գեղարւեստական ծրագրի առաջին բաժնի վերջաբան մայեստրօն կատարեց իր հեղինակած դաշնամուրային համարներից մէկը:

Ընթացքում ցուցադրւեցին դպրոցական առօրեայ կեանքի թեմայով հումորային կարճ ֆիլմեր, ապա իրագործւեց աշակերտական ծրագրի երկրորդ բաժինը՝ այս անգամ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական եւ «Մասիս» ուղեցոյց դպրոցների սաների խմբական երգերով ու մեներգերով՝ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ:

Այնուհետեւ Կրթական խորհրդի կողմից նախատեսւած պատւոգրերով ու նւէրներով գնահատւեցին անցնող տարեշրջանի աւարտին հանգստի կոչւած ուսուցչուհիներ՝ Մառիթա Քեշիշեանն ու Անետ Ղազարեանը, որից յետոյ իր ուսուցչութեան տարիների գեղեցիկ եւ զւարճալի յուշերով ներկաների հետ կիսւեց տկն. Քեշիշեանը:

Որպէս երեկոյի եզրափակիչ խօսք իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա գնահատելով Կրթական խորհրդին՝ երեկոյի կազմակերպման համար, ինչու չէ նաեւ գեղարւեստական կատարողներին՝ ծրագրի ընթացքում հնչած «Իմ փոքրիկ նաւակ» երգի բառերը փոխ առնելով, իւրաքանչիւր աշակերտին նմանեցրեց թղթից պատրաստւած փոքրիկ նաւակի եւ աւելացրեց, որ այս դիւրաբեկ նաւակները հսկայական պողպատեայ նաւերի կը վերածւեն ոչ միայն մեր խրախուսանքներով ու քաջալերանքներով, այլեւ մեր ջերմեռանդ աշխատանքով: Նա իր խօսքի մի այլ բաժնում կարեւորութեամբ ընդգծեց, որ ուսուցիչն այն ժամանակ իր մեծագոյն յաջողութիւնը կարձանագրի, երբ որպէս նաւապետ եւ նաւավար կարողանայ  այս փոքրիկ նաւակները տգիտութեան փոթորիկներով անցկացնել եւ շրջանաւարտութեան խաղաղ նաւահանգիստ հասցնել: 

Երեկոյի աւարտին աւանդոյթի համաձայն ներկաները միասնաբար լուսանկարւեցին, ապա դիտելով կրթահամալիրի կենտրոնական սրահում կազմակերպւած գրքերի ցուցահանդէսը, մօտիկից ծանօթացան Կրթական խորհրդի պատւէրի հիման վրայ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան տրամադրած գրքերին: Ցուցադրւած գրքերի շարանում տեղ էին գտել տարբեր օղակներին պատկանող դասագրքեր, դպրոցական բառարաններ եւ ուսումնաօժանդակ, մեթոդիկայի ու արտադասարանային աշխատանքների գրքեր, որոնց օգտագործելու են թեմիս ուսուցիչները՝ աշխատանքի առաւել արդիւնաւորման համար:

Կենտրոնական սրահում կազմակերպւել էր նաեւ հիւրասիրութիւն, ուր հրաւիրեալները ճաշակեցին անուշաբոյր պատառիկները, որոնք պատրաստւել էին Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիների միջոցով:

Հարկ է նշել, որ հիւրասիրութեան ընթացքում Կրթական խորհրդի անդամները մօտենալով ուսուցիչներին՝ նրանց փոխանցեցին խորհրդի սրտագին շնորհաւորանքները, ինչու չէ նաեւ առիթի կապակցութեամբ պատրաստած պատւոգրերն ու նւէրները: 

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան