Հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան, երեքշաբթի՝ 16 դեկտեմբերի 2014 թ. երեկոյեան ժամը 7:30-ին, Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական եւ գեղարւեստական միջոցառում՝ նւիրւած «Տարեցների տարւան»:

Երեկոյի հաղորդավար եւ Հայ կանանց գթութեան միութեան անդամուհի Վարսենիկ Օրոջեանը ողջունելով ներկաներին, օրւայ առթիւ իր շնորհաւորանքի խօսքն ուղղեց տարեցներին, այնուհետեւ բանախօսական ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Վարուժան արքեպս. Հերկէլեանը, ով իր խօսքում գնահատելով նման միջոցառման կազմակերպումը, պատգամեց նոր սերնդին՝ յարգել տարեցներին ու հոգատար լինել նրանց նկատմամբ:

Ծրագրի երկրորդ բաժնում ներկայացւեց գեղարւեստական ծրագիր, որի ընթացքում հայ երգի կատարմամբ ներկաների տօնական տրամադրութիւնն առաւել բարձրացրին համայնքի տաղանդաշատ երգիչ-ուհիներ՝ Ժաքլին Պօղոսեանը, Զարենուշ Աղուրեանը,  Անասիկ Յովսէփեանը, Շաքէ Մովսիսեանը եւ Սարմէն Շահմիրզայեանը,  ընկերակցութեամբ «Արփա» նւագախմբի: «Արփա» նւագախմբի երաժիշտներն էին՝  Ասպետ Սիմոնեանը, Սարօ Ղարախանեանը, Ժիրայր Ղարիբեանը, Էդմոնդ Ղազարեանը, Մինաս Գէորգեանը, Րաֆֆի Խուդաբախշեանը,  Կարէն Օհանեանը եւ Կարէն Իւնիկեանը, ղեկավարութեամբ դկտր. Արբի Բաբումեանի:

Ծրագիրն իր աւարտին հասաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հայրական օրհնանքով, ով գնահատանքի խօսք ուղղելով Հայ Կանանց Գթութեան միութեանը, ուժ ու կորով մաղթեց նրանց՝ իրենց ընտրած աստւածահաճոյ գործում: