Թեմակալ Առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2014 թւականի նոյեմբերի 30-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ Պատարագ թաղի ծխատէր հովիւ՝ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ:

Ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, Ն.Ջ. Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամները եւ բազմաթիւ հաւատացեալներ:

Ս. Պատարագի ընթացքում, «Տէրունական աղօթք»-ից անմիջապէս առաջ, ընդհատւեց Ս. Պատարագի սովորական ընթացքը եւ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, իբրեւ խարտաւիլակ, եկեղեցու ատեանի առջեւ գահին բազմած առաջնորդ Սրբազան Հօր մօտ առաջնորդեց երկու անձանց՝ յանձինս Ալբերթ Ղազարեանի եւ Արմէն Բաղումեանի, դպրութեան եւ կիսասարկաւագութեան պաշտօն ստանալու համար:

Դպրութեան եւ կիսասարկաւագութեան ձեռնադրութիւնների կարգը կատարւեց իր բոլոր մանրամասնութիւններով, որը խորհրդանշական եւ իմաստաւոր բաժինների մի ամբողջութիւն էր: Նախ դպրութեան պաշտօն տրւեց Ալբերթ Ղազարեանին եւ Արմէն Բաղումեանին. նրանց գլխի մազերից խաչաձեւ կտրւեցին՝ ի նշան աշխարհիկ զբաղումներից հեռացման եւ եկեղեցական կեանքին նւիրւելու, ապա դռնապանութեան, լուսարարութեան, ընթերցանութեան եւ այլ փոքր պաշտօններ ստացան: Կիսասարկաւագութեան ձեռնադրութեան արարողութեան շարունակութեան մէջ նրանց միացաւ նախապէս դպրութեան պաշտօն ստացած Շանթ Թահմազեանը, Շահինշահրից:

Առաջնորդ Սրբազան Հայրը, ձեռնադրութիւնից յետոյ իր իմաստալից քարոզի ընթացքում, ուրախութիւն յայտնելով ձեռնադրութեան առթիւ, շնորհաւորեց թեմի բոլոր զաւակներին, հայոց եկեղեցուն եւ պաշտօն ստացած անձանց ընտանիքների պարագաներին, իսկ երիտասարդ անհատների ներկայութեանը եկեղեցու մէջ, առաւել եւս՝ եկեղեցական ծառայութեանը նրանց նւիրւելուն մեծ նշանակութիւն տւեց եւ այն ոգեւորութեան առիթ համարեց ու ասաց. «Իւրաքանչիւր մարդ երկրաւոր այս կեանքում Աստծու կողմից տրւած կոչում եւ շնորհք ունի: Բայց կարեւորն այն է, որ մարդ լսի այն ձայնին, որն իրեն առաջնորդում է՝ իր շնորհքները շահարկելու եւ Աստծուն ու մարդկութեանը ծառայեցնելու: Ես գնահատում եմ նրանց, ովքեր իրենց ամենապարզ աշխատանքի մէջ կատարեալ են. ի՞նչ արժեն այն անձինք, ովքեր մեծամեծ պաշտօններ են զբաղեցնում եւ բարձրագոյն կրթութիւնների ու վկայականների են արժանացել, սակայն չգիտեն եւ չեն ուզում իրենց կարողութիւնները կատարեալ կերպով ի սպաս դնել Աստծուն ու մարդկութեանը»: Առաջնորդ Սրբազան Հայրը խօսքն ուղղելով նոր ձեռնադրւած կիսասարկաւագներին՝ ասաց. «Դուք այսօր Հայ եկեղեցու առաջին փոքր աստիճաններն ստացաք: Աւետարանի խօսքի համաձայն՝ եթէ փոքրի մէջ հաւատարիմ գտնւեցիք՝ աւելի մեծ պաշտօններ կը վստահւեն ձեզ: Կարեւորն այն է՝ ինչ որ անելու էք՝ հաւատո՛վ, նւիրումով եւ սիրով անէք, առանց տրտնջալու: Ձեր ծառայութեան մէջ եղէ՛ք խոնարհ, հեզ եւ պարկեշտ, որպէսզի ամօթով չմնաք ո՛չ Աստծու, ո՛չ եկեղեցու եւ ո՛չ էլ մարդկութեան առջեւ: Ձեր օրինակն ու տիպարը թող լինի Յիսուս Քրիստոսը, ով Իր կեանքի՛ օրինակով ցոյց տւեց, որ մեծութիւնը՝ խոնարհութեան, ծառայութեան եւ պարկեշտութեան մէջ է»:

Արարողութիւնից յետոյ, եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց եկեղեցեաց վարչութեան միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն, որտեղ սրտի խօսքեր արտասանւեցին նոր ձեռնադրւած կիսասարկաւագների խարտաւիլակ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանի միջոցով: Յանձինս Ալբերթ կիս. Ղազարեանի՝ առաջնորդ Սրբազան Հօրը, արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանին, հոգեւորականաց դասին, Կրօնական խորհրդին եւ Եկեղեցեաց վարչութեանն ուղղւած շնորհակալութեան եւ երախտիքի խօսքեր հնչեցին նաեւ նոր կիսասարկաւագութեան պաշտօն ստացածների անունից:

Նոր ձեռնադրւած կիսասարկաւագներն իրենց ծառայական կեանքի սկզբում հոգեւոր գեղեցիկ մի խմբերգով իրենց ուխտն ամրապնդեցին՝ ամբողջապէս Տիրոջը նւիրւելու եւ Նրա Ս. եկեղեցու հաւատարիմ ու հնազանդ սպասարկողները լինելու տրամադրութեամբ:

Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր հայրական խրատով եւ իմաստուն խօսքով եզրափակեց միջոցառումը, որից յետոյ ներկաները շնորհաւորեցին նոր ձեռնադրւած կիսասարկաւագներին՝ բարեմաղթանքներ կատարելով նրանց: