Նոր Ջուղայի «Կատարինեան» ուղեցոյց եւ միջնակարգ տղայոց դպրոցի Տեսչութեան եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի՝ թւականիս նոյեմբերի 13-ին, կազմակերպւել էր միօրեայ արշաւ: Դէպի Ծիր Կաթի՞ն: Այո՛. արշաւի նպատակը ե՛ւ աստղագիտութեան հետ՝ իբրեւ գիտութեան ծանօթանալն էր, ե՛ւ մեր Երկիր մոլորակի հարեւան աստղերի հետ «ակն ընդ ական» հանդիպելը՝ թէկուզ կարճ ժամանակով համարեա անջատւելով արդի տեխնոլոգիայի եւ համակարգչային, ինտերնետային ու բջջային կապերի աշխարհից:

Վառզանէ քաղաքի համանուն անապատ հասնելու ճանապարհին, որտեղ էլ պէտք է ընթանային աշակերտութեան «աստղագիտական հետազօտութիւնները», դպրոցի արշաւախումբն այցելեց մի հինաւուրց ջրհոր, որ պարսկերէնով հնչում է այսպէս՝ «Գաւ չահ», նոյնն է՝ «Եզան հոր» եւ ծանօթացաւ տեղացիների՝ գետնի խորքից ջուր հանելու մի աւանդական եղանակի հետ:

Յաջորդ կայանը Վառզանէի անապատն էր՝ շրջապատւած աւազաբլուրներով, որոնք, հարկաւ, պէտք է մագլցէին տղաները՝ «իւրովի ուսումնասիրելու տարածքը»: Այնուհետեւ հերթը աւազագնայ մեքենաներով պտոյտի գնալունն էր. մի իսկական տղայական զւարճալի ուղեւորութիւն, որ մեծ ոգեւորութիւն պատճառեց աշակերտներին:

Մայրամուտին խարոյկի շուրջ հաւաքւած արշաւախումբն ազգային-հայրենասիրական երգերով եւ զւարճալի զրոյցներով համեմւած մի համեստ խրախճանքով սպասեց աստղաբոյլի յայտնւելուն:

Դպրոցի Տեսչութեան հրաւէրով արշաւախմբին, իր ուղեւորութեան  ամբողջ ընթացքում, ուղեկցում էր աստղագիտութեան մի երիտասարդ մասնագէտ, ով էլ իր հետ բերել էր մի աստղադիտակ: Նրա օգնութեամբ եւ ուղղորդմամբ գիշերւայ տարբեր ժամերին աշակերտները դիտեցին տարբեր աստղեր եւ համաստեղութիւններ, ծանօթացան Երկիր մոլորակի հարեւան լուսատուների հետ, ճանաչեցին «Ծիր կաթինը»՝ նոյն «Հարդագողի ճանապարհը», որով, մի առասպելի համաձայն՝ անցել է իրենց նախահայր Վահագն չաստւածը:

 

asdghagitakan_arshav_01.jpg asdghagitakan_arshav_02.jpg asdghagitakan_arshav_03.jpg

asdghagitakan_arshav_04.jpg asdghagitakan_arshav_05.jpg asdghagitakan_arshav_06.jpg

asdghagitakan_arshav_07.jpg asdghagitakan_arshav_08.jpg asdghagitakan_arshav_09.jpg

asdghagitakan_arshav_10.jpg asdghagitakan_arshav_11.jpg asdghagitakan_arshav_12.jpg

asdghagitakan_arshav_13.jpg asdghagitakan_arshav_14.jpg asdghagitakan_arshav_15.jpg

asdghagitakan_arshav_16.jpg asdghagitakan_arshav_17.jpg asdghagitakan_arshav_18.jpg

asdghagitakan_arshav_19.jpg asdghagitakan_arshav_20.jpg asdghagitakan_arshav_21.jpg

asdghagitakan_arshav_22.jpg asdghagitakan_arshav_23.jpg asdghagitakan_arshav_24.jpg

asdghagitakan_arshav_26.jpg