Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, թւականիս նոյեմբերի 28-ին, Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, ցուցադրւեց ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Թեւանիկ» ֆիլմը: Ցուցադրութեանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հոգեւոր տեսուչ՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, հոգեւորականաց դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, ֆիլմի ռեժիսորը եւ մեծ թւով հանդիսատես:

Սկզբում, օրւայ հանդիսավար՝ Մանիա Ղուկասեանը, բարիգալստեան խօսք ուղղելով ֆիլմի ռեժիսորին եւ ներկաներին, անդրադարձ ունեցաւ «Թեւանիկ»-ի բովանդակութեանը, նշելով. «Այն ներկայացնում է երեք ֆիլմ՝ մի վերնագրի ներքոյ: Երեք պատմութիւն, երեք պատանիների դրամաներ, մարդկային խեղւած ճակատագրեր, որոնք պէտք է յիշւեն եւ փոխանցւեն սերունդներին: «Թեւանիկ» ֆիլմը Արցախեան պատերազմն ապրած մարդկային ճակատագրերի, ապրումների ու պայքարի մի ամբողջական պատկեր է»:

Ապա անդրադարձաւ ֆիլմի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի կենսագրութեանը, նրա նկարահանած խաղարկային եւ վաւերագրական ֆիլմերին եւ հայաստանեան ու միջազգային տարբեր կինօփառատօներին արժանացած մրցանակներին, այնուհետեւ հանդիսատեսին հրաւիրեց դիտելու ֆիլմը:

Ֆիլմի աւարտին, բեմ հրաւիրւեց Ջիւան Աւետիսեանը, ով նախ իր շնորհակալական խօսքն ուղղեց Թեմական խորհրդին՝ հրաւէրի համար, ապա հանդիսատեսին՝ իր ներկայութեան համար: Նա իր ուրախութիւնը յայտնեց Նոր Ջուղայում «Թեւանիկ»-ը էկրանի վրայ ցուցադրւելու կապակցութեամբ, նշելով, որ «Թեւանիկ»-ի նպատակն է Արցախեան պատերազմը ներկայացնել ոչ միայն հայաստանաբնակ հայութեանը, այլ նաեւ Սփիւռքում ապրող հայերին, եւ ի մասնաւորի օտարերկրացի հանդիսատեսին, եւ հենց նոյն պատճառով էլ փորձ է արւել ազնիւ կերպով պատմել մի ֆիլմ ազատամարտի մասին, որը նկարահանւել է իրական փաստերի հիման վրայ: Ֆիլմի ռեժիսորն աւելացրեց, որ այժմ աշխատում է յաջորդ ֆիլմի վրայ, որը կոչւում է «Վերջին բնակիչը» դարձեալ իր առանցքում ունենալով Արցախ աշխարհը: Իր արտայայտութիւնների աւարտին, Ջիւան Աւետիսեանն իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Նոր Ջուղայի հայ համայնքին՝ այս գործում իր ներդրումն ունենալու համար:

Վերջում բեմ հրաւիրւեց Թեմիս բարեջան առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, արտայայտւելու: Սրբազան Հայրն իր խօսքերում նշեց. «Այս ֆիլմը յուզմունքից բացի, առաւել հպարտութիւն է ներշնչում մեզ եւ առիթ ստեղծում առաջ նայելու»: Ապա անդրադառնալով ֆիլմի երեք բաժիններին, նշեց, որ երեք մասն էլ ցոյց է տալիս մի դրւագ, որում ներկայացւում է մեր ժողովրդի ազատատենչ պայքարի ոգին, անձնազոհութիւնն ու հայրենասիրութիւնը: Նա շնորհաւորելով Ջիւան Աւետիսեանին եւ ֆիլմի նկարահանող անձնակազմին՝ այս եւ նման ֆիլմերի պատրաստման համար, յաջողութիւն մաղթեց նրանց եւ իր խօսքը եզրափակեց, ասելով.- «Պատիւ մեր հերոսներին, տղաներին, պատանիներին, տարեցներին, ովքեր միասնական ոգով, Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, կարողացան նման ազատագրական պայքար տանել, արիւն թափել եւ յաղթանակ ապահովել: Պատի՛ւ նրանց»:

Յատկանշելի է, որ ֆիլմի տոմսերի վաճառքից գոյացած հասոյթն ամբողջովին յատկացւելու է ֆիլմի նկարահանման ծախսերին: