Թւականիս հինգշաբթի՝ 20 Նոյեմբերի առաւօտեան, Թեմական Խորհրդի հրաւէրով, Ս. Ամենափրկչեան Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում հանդիպում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների պատասխանատուների ու երիտասարդական կառոյցների անդամների մասնակցութեամբ, որի նպատակն էր նրանց ծանօթացնել գրադարանի նոր համակարգի հետ, ինչպէս նաեւ միջոցներ խորհել գրադարանից օգտւողների համար որակեալ ծառայութիւններ մատուցելու ուղղութեամբ:

Հանդիպման առաջին բաժնում, Թեմական խորհրդի անդամ տկն. Քառոլին Դիլանչեանը, յիշեցնելով գրադարանների դերը քաղաքակիրթ սերունդ կերտելու գործում, աւելացրեց նաեւ, որ ազգային մարմինները միշտ կարեւորել են համայնքիս պատանի-երիտասարդների մօտ ընթերցանութեան հանդէպ սէրը զարգացնելու եւ նրանց հայ ու օտարազգի գրականութեան հետ ծանօթացնելու խնդիրները, ապա հակիրճ կերպով տեղեկութիւններ փոխանցեց Թեմական Խորհրդի միջոցով գրադարանում կատարւած նորոգութիւնների եւ կառոյցի արդիականացման ուղղութեամբ տարւած աշխատանքների մասին:

Այնուհետեւ գրադարանի պատասխանատու օրդ. Վերգինէ Միրզախանեանը, ներկաներին բացատրութիւններ փոխանցեց գրադարանում ստեղծւած նոր հնարաւորութիւնների մասին, այդ թւում մատնանշեց էլեկտրոնային գրացուցակի պատրաստմանը, գրքերի առցանց որոնման համակարգին, որը հասանելի է նաեւ Ազգային Առաջնորդարանի կայքի միջոցով եւ համակարգչային ցանցի ընդլայնմանը, իսկ շարունակութեան մէջ ներկաներին ծանօթացրեց գրադարանի ապագայ աշխատանքներին, անդրադառնալով գրքերի թւայնացման եւ համացանցում տեղադրման, գրական ու հեքիաթասութեան երեկոներ կազմակերպելու ծրագրերին:

Հանդիպման ընթացքին մասնակիցները եւս տեսակէտներ ու առաջարկներ փոխանցեցին գրադարանի արդիւնաւէտութիւնը բարձրացնելու ուղղութեամբ, յատկապէս կարեւորելով հասարակութեան բոլոր անդամներին եւ ի մասնաւորի նոր սերնդին ընթերցանութեան ոլորտ ընդգրկելու եւ արտասահմանեան գրադարանների ու տարբեր հետազօտական կենտրոնների հետ կապեր իրականացնելու խնդիրները: