Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը՝ յունիսի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, որտեղ եզրափակւեց այս կրթօջախի 2022-2023 ուսումնական տարեշրջանը:

Ծրագրին հրաւիրւած էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն եւ սաների հարազատները:

Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը: Նա շնորհակալական խօսքերի շարան ուղղեց բոլոր այն անձանց, ովքեր սատար էին հանդիսացել հանդէսի իրականացման գործում՝ ի մասնաւորի պարուսոյց Քաթրին Թորոսեանին: Խօսքի շարունակութեան մէջ տկն. Դիլանչեանը յայտնելով, որ լրացնում է իր աշխատանքային ժամանակաշրջանը եւ հանգստի է կոչւելու, յուզախառն արտայայտութիւններով ներկաների հետ կիսւեց իր բազմամեայ գործունէութեան գեղեցիկ տպաւորութիւններով: Նա շնորհակալական խօսքեր ասելով նաեւ տարիների ազգային մարմիններին, գործակիցներին, ծնողական խորհուրդներին եւ ծնողներին, պատիւ համարեց, որ իր աշխատանքային ժամանակաշրջանում աւելի քան 1500 աշակերտի հետ աշխատելու առիթ է ունեցել: 

Մանկական ներկայացումների սկիզբն հանդիսացաւ մանկապարտէզի կրտսեր խմբակների՝ կանաչի եւ դեղինի  միասնական ելոյթը, որտեղ երգերով, արտասանութեամբ եւ գեղեցիկ շարժումներով ներկայացւել էին բնութեան երեւոյթները՝ արեւը, ամպը, ծիածանը, ծաղիկները եւ ի հարկէ բարի պարտիզպանը, ով խնամում է քնքուշ ծաղիկներին:

Երկրորդ արարի ներքոյ հանդէս եկան դպրոցի աւագները՝ նախակրթարանի սաները: Այստեղ բեմականացւել էին Հայաստան աշխարհի եօթ հրաշալիքները՝ հայրենի հողը, Արցախը, մայրենի լեզուն, խաչքարը, Էջմիածինը, դուդուկը եւ հայկական լաւաշը: Այս արարը նոյնպէս ողողւած էր խօսքերով, արտասանութեամբ, երգերով ու պարային շարժումներով: Աւարտին նախակրթարանի սաները կատարեցին աւանդոյթ դարձած  «Հրաժեշտ այբենարանին» երգը եւ  վեր նետեցին իրենց աւարտական գլխարկները:

Աշխոյժ ու գունագեղ արարներին յաջորդեց վկայականաբշխման արարողութիւնը, որտեղ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ դպրոցի տնօրէնուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով՝ սաները խմբակ առ խմբակ ստացան իրենց վկայագարերը:

Եզրափակիչ ելոյթների շարանում արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, ով գովասանքի խօսքեր ասաց սաներին՝ իրենց համարձակ ելոյթների եւ արտայայտութիւնների համար: Նա նաեւ գնահատեց դպրոցի անձնակազմի աշխատանքը: 

Ներկաներին իր պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա բարձր գնահատելով փոքրիկների կատարումները՝ աւելացրեց, որ բեմականացւած եօթ հրաշալիքների կողքին գոյութիւն ունի եւս մէկը՝ ութերորդ հրաշալիքը եւ դա մատաղ սերունդն է, որը պէտք է պահի ու պահպանի իր հայկական ինքնութիւնը: Սրբազան Հայրը գնահատելով նաեւ Մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմի կատարած աշխատանքը՝ նշեց, որ նրանք սէր են արմատաւորում փոքրիկների մէջ եւ դիմացը ստանում են նրանց յարգանքը: Նա ընդգծեց, որ մանկավարժութեան առաքելութիւնը լաւագոյնս կատարած կը լինի այն անհատը, ով փոքրիկներին ինչ մտածել սովորեցնելու փոխարէն, սովորեցնում է ինչպէս մտածելը:

Նշելի է նաեւ, որ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը եւ նախակրթարանի ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանը իրենց աշխատանքային ժամանակաշրջանը բոլորելու եւ հանգստի կոչւելու համար՝ ծաղկեփնջերով մեծարւեցին իրենց համագործակիցների կողմից:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հայաստանի առաջին Հանրապետութեան 105-ամեակի առիթով, ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու շրջափակում իրականացւեց ժոովրդական տօնակատարութիւն՝ նախաձեռնութեամբ ՀՀ հիմնադրման 105-ամեակի տօնակատարութեան Շահինշահրի յանձնախմբի: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Շահինշահրի՝ Հայ համայնքի վարչութեան եւ Հայ Դատի գրասենեակի անդամերը, Նոր Ջուղայի եւ Շահինաշհրի միութիւնների ներկայացուցիչները, համայնքի «Սրբոց Վարդանանց» մէկ օրեայ վարժարանի անձնակազմն ու ժողովուրդ:

Սկզբում Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցականաց դասի մասնակցութեամբ: Այնուհետեւ հնչեց ՀՀ օրհներգը եւ օրհնւեց ու ծածանւեց եռագոյն դրօշը:

Այնուհետեւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ հանդիսավար Անահիտ Այւազեանը, ով ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել՝ հայրենիքի համար նահատակւած քաջարի հայորդիների անմոռաց յիշատակը, ապա տօնակատարութեան կազմակերպիչ յանձնախմբի խօսքն ընթերցեց Մառիթա Քեշիշեանը: Նա շեշտելով, որ 1918 թւականից 105 տարիներ անց, չեն վերացել մեր ազգի եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրները, աւելացրեց, որ քանի դեռ մեր սահմանները անապահով են եւ պատերազմը շարունակւում է, վտանգւած է մեր պետականութիւնը:

Խօսքում ընդգծւած էր նաեւ, որ պայմանները թելադրում են առաւել քան եբեւէ զգօն լինել եւ միասնական ուժերով լծւել հայկական պետականութեան պահպանման ու ամրապնդման գործին՝ շարունակելով ազգի նւիրեալների կիսատ մնացած գործը:

Օրւայ բանախօսն էր Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը: Նա անդրադառնալով 1918 թւականին հայրենիքում տիրող կացութեանն ու ժողովրդի տրամադրութեանը՝ յատկապէս Մայիսեան սխրագործութիւնը վերազարթօնքի շրջան համարելով, ասաց, որ լինելու եւ չլնելու երկընտանքի առջեւ կանգնած հայ ժողովուրդը կարողացաւ դիմադրել եւ յետ մղել թրքական արշաւանքները, որն այս անգամ կազմակերպւել էր Արեւելահայասանը գրաւելու եւ պանթուրքիստական ծրագիրն ամբողջացնելու նպատակով:

Բանախօսն թւարկելով նշւած մայիս 28-եան յաղթանակի արդիւնքում ձեռքբերումերը, այդ յաղթանակի հոգեբանութեան շարունակութիւնը համարեց՝ Արցախի ազատագրումը, Հայաստանի 2-րդ Հանրապետութեան կերտումը, իսկ անցնող ամիսների ընթացքում Արցախի շրջափակման դէմ համայն հայութեան ի մասնաւորի արցախահայութեան դիմադրութիւնը:

Այնուհետեւ պրն. Մանսուրեանն համեմատութիւններ անցկացնելով այսօր եւ 105 տարի առաջ հայրենիքում տիրող իրավիճակների միջեւ, կարեւորութեամբ ընդգծեց. «Այսօր նոյնպէս հայ ժողովուրդը կանգնած է իր պետականութեանը եւ գոյութեանն սպառնացող մարտահրաւէրների առջեւ: Խաղաղութիւնը ցանկալի երեւոյթ է, բայց եթէ այն պէտք է ձեռք բերւի ի գին գերիների ազատազրկման, հողային կորուստների, անվտանգութեան խաթարման եւ պետականութեան վտանգւած լինելու արդիւնքում, կորցնում է իր արժէքը»:

Երեկոյի գեղարւեստական բաժնում պարային կատարումներով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումը՝ ղեկավարութեամբ Ալինա Գրիգորեանի, ասմունքեց Լուսիա Մինասեանը, իսկ ազգային-հայրենասիրական երգեր սփռւեցին դիջէյ Վահէ Յարութիւնեանի միջոցով:

Տօնախմբութեան աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց՝ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա յիշեցնելով Քրիստոսի այն խօսքը, որտեղ մարդ արարածին արգելում է ստացած աշխարհիկ ժառանգութիւնների նկատմամբ անհոգ եւ անփոյթ լինելը,  աւելացրեց. «Երկու տեսակ ժառանգութիւն գոյութիւն ունի, առաջինը՝ հոգեւոր գանձերն են, որոնք տրւում են Աստծոյ կողմից, իսկ երկրորդը աշխարհիկ ժառանգութիւնն է, որը բաժանւում է անձնական եւ ազգային-հաւաքական խմբերի: Անձնական ժառանգութեան հետ կարող ենք մեր ցանկացած ձեւով վարւել, սակայն ազգային-հաւաքականի նկատմամբ իրաւունք չունենք անհոգ եւ անփոյթ գտնւել»:

Սրբազան Հայրն իր պատգամի շարունակութեան մէջ յիշատակելով, որ 1918-ի մայիսի 28-ի հետ կապւած ձեռքբերումները, հայ ժողովրդի ազգային-հաւաքական ժառանգութիւնն է, որի շնորհիւ պահպանւել են հայրենիք, պետութիւն, ազգ, լեզու եւ  մշակոյթ արժէքները, յորդորեց ոչ միայն ամենայն բծախնդրութեամբ պահել ու պահպանել այդ ժառանգութիւնը, այլ նաեւ զարգացնել ու  ծաղկուն վիճակում փոխանցել յաջորդ սերունդներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, խանդավառ եւ զւարճալի մթնոլորտի ներքոյ իրականացւեց մանկական դաշտահանդէս՝ Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ:

«Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի Ձեռնարկային յանձնախմբի համագործակցութեամբ իրականացւած այս միջոցառմանը մասնակցել էին մինչեւ 10 տարեկան մանուկներ:

Միջոցառման շրջագծում նախատեսւել էր՝ փոքրիկներին լուսանկարելու տաղաւար, հնչեցին մանկական երգեր, որոնց ընթացքում մանուկների մասնակցութեամբ կատարւեցին համապատասխան պարային շարժումներ եւ դիմայարդարման կրպակ՝ փոքրիկների դէմքերին իրենց նախասիրած պատկերները դաջելու համար:

Շարունակութեան մէջ նաեւ մասնակիցներին միացան ծաղրածուն եւ իր ընկերը՝ մարզիկ առիւծը՝ անմոռանալի պահեր պարգեւելով նրանց: Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, իսկ երեխաները մեծ բաւականութիւն ստացան շրջափակում տեղադրւած բազմաթիւ անհատական ու խմբական զւարճալի խաղերից օգտւելով:

Աւարտին բոլոր մասնակիցները մեծ խանդավառութեամբ եւ բարձր տրամադրութեամբ թողեցին խաղահրապարակը:

Թղթակից (Նոր Ջուղա)

«Հայաստանը եւ յարակից անվտանգութեան խնդիրները» (ارمنستان و مسائل امنیتی پیرامون) խորագրով գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 31-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ նոյն վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանի:

Հինգ գլուխներից բաղկացած պարսկերէնով այս գրքի համահեղինակներն են՝  Իսլամական Ազատ համալսարանի միջազգային յարաբերութիւններ ճիւղի դոկտորայի թեկնածու, Կովկասի եւ տարածաշրջանի հարցերի շուրջ տասնեակ յօդւածների հեղինակ, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը եւ Իսլամական Ազատ համալսարանի դասախօս, միջազգային յարաբերութիւնների մասնագէտ, քաղաքական, դիւանագիտական եւ այլ թեմաներով բազմաթիւ գրքերի եւ յօդւածների հեղինակ դոկտ. Բաշիր Էսմայիլին:   

Շնորհանդէսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայ հայրեր, Ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ, համալսարանների դասախօսներ եւ ուսանողներ ու մի շարք այլ հրաւիրեալներ եւ ներկաներ:

Ծրագրի ելոյթների շրջագծում նախ հնչեց հասարակագէտ եւ Սպահանի Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Հասան Սաղաֆեանի խօսքը: Նա գովեստի խօսքեր ասելով գրքի տպագրման կապակցութեամբ՝ յատկապէս իր հպարտութեան առիթը համարեց իր ժամանակի ուսանող Գեղարդ Մանսուրեանի այս յաջողութիւնը: Պրն. Սաղաֆեանը իր խօսքի մի այլ բաժնում ցաւ եւ ափսոսանք յայտնեց այն փաստից, որ աշխարհում դեռ կան ժողովուրդներ, ովքեր ազգայնամոլութեան եւ դաւանանքի զոհ են դառնում: Նա վերջում նորանոր յաջողութիւններ մաղթելով հեղինակներին՝ վստահութիւն յայտնեց, որ նման աշխատասիրութիւններ օգտակար կը հանդիսանան շրջանում խաղաղութիւն հաստատելու գործին:

Դոկտ. Բաշիր Էսմայիլին նշելով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ տպագրւել են բազմաթիւ յօդւածներ, սակայն  սակաւ է ակադեմիկ եւ վստահելի աղբիւրների առկայութիւնը, կարեւորութեամբ ընդգծեց, որ պասկերէնով համապատասխան աղբիւրներ չունենալու պատճառով պրն. Մանսուրեանը հարկադրւած է եղել ուսումնասիրել հայերէն եւ ռուսերէն աղբիւրները: Նա անդրադառնալով այն փաստին, որ գիրքը որպէս համալսարանական հրատարակչութեան արտօնութիւն ստացած ձեռնարկ ընկալեալ ձեւի համաձայն ստացել է չորս իրաւարար դասախօսների դրական կարծիքն ու հաստատումը, եւ զերծ է կողմնակալութիւնից, յորդորեց այն ընթերցել առանց նախապաշարումների եւ փորձել գիտական մօտեցում ցուցաբերել գրքի բովանդակութեան նկատմամբ:

Գեղարդ Մանսուրեանն իր խօսքերի սկզբում անդրադարձ կատարելով Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական յոյժ կարեւորութեանը՝ բացատրեց, որ գրքում հիմնականում տեղ են գտել միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից վերլուծութիւններ՝ Հայաստանի անվտանգութեան հարցի կապակցութեամբ՝ որպէս պանթուրքիստական նպատակների իրականացումը խոչընդոտող երկիր եւ լուծումներ է առաջարկւել այդ պայթիւնավտանգ կացութեան վերացման ուղղութեամբ: Նա վերջում շնորհակալական խօսք ուղղեց Իսլամական մշակոյթի նախարարութեանը՝ գրքի տպագրման արտօնութիւնը շնորհելու եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին՝ արտօնութեան ստացման հարցով ցուցաբերած օժանդակութեան համար: Հարկ եղած համագործակցութիւնների եւ շնորհանդէսի կազմակերպման համար հեղինակը շնորհակալ եղաւ թեմի Թեմական խորհրդին:

Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը դաշնամուրով նւագեց իր հեղինակային գործերից՝ «Դիանա Աբգար» երաժշտութիւնը, իսկ ընթերցւեց Կովկասեան եւ Միջին Ասիայի հարցերի մասնագէտ, բազմաթիւ յօդւածների եւ գրքերի հեղինակ եւ Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Հոսէյն Ահմադի շնորհաւորանքի մաղթանքը. ներկաները նաեւ դիտեցին քաղաքական գիտութիւնների մասնագէտ, լրագրող, քաղաքական եւ դիւանագիտական թեմաներով աւելի քան քսան գրքերի հեղինակ դոկտ. Էհսան Էղբալ Սաիդից տեսանիւթ, որով գովասանքի խօսքեր էր ասել իրականացւած աշխատասիրութեան մասին:

Ծրագիրը վարեց «Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու-գրադարանավար Վերգինէ Միրզախանեանը:

Վերջում ցանկացողների համար գրքերը մակագրեցին եւ ստորագրեցին  հեղինակները:

Թղթակից (Նոր Ջուղա)

Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերի յաղթանակների արդիւնքում կերտւած հայոց պատմութեան պանծալի իրադարձութիւններից՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակի առիթով, կիրակի՝ մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում իրականացւեց ժողովրդական տօնախմբութիւն:

Ծրագրում նախ «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ դրօշի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ. այս բաժինն աւարտւեց ՀՀ հիմնի ունկնդրութեամբ: Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի։

Այնուհետեւ երեկոյի բացման ելոյթով հանդէս եկաւ հանդիսավար Շաղիկ Մատթէոսեանը. խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մենք այսօր եկել ենք յայտնելու, որ ոչ ոքու թոյլ չենք տալու մեր անունից զիջելու Հայաստանի եւ Արցախի ոչ մի սանտիմետր հողը, ոչ ոք իրաւունք չունի Արցախը համարելու ոչ հայկական եւ Ադրբեջանի մաս: Մենք տէր ենք կանգնելու մեր պապերից ժառանգւած հայրենիքին: Մենք կը դառնանք արժանի հետեւորդը մեր քաջ նախահայրերի, որոնց յաղթական պայքարի շնորհիւ այսօր կանք: Փառք Սարդարապատի հերոսներին եւ փառք մեր նորօրեայ անձնուրացներին»:

Տօնախմբութեան շարունակութեան մէջ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Զաւէն Սիմոնեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս, ՀՀ ազգային ժողովի պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը ընդունեցին թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց Թադէոս Աւետիսեանը: Նա հակիրճ անդրադարձ ունեցաւ 1918 թւականի գոյապայքարին եւ դրանից բխած Հայաստանի Հանրապետութեան կերտմանը, ապա վերադառնալով մերօրեայ խնդիրներին եւ գոյաբանական իմաստով այն պայքարին, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում, յատկապէս ընդգծեց հայրենիքի գոյութեանը սպառնացող թշնամիների կողմից առաջացած պայմանները եւ աւելացրեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական նպատակն  է՝ Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի եւ կործանարար հարւած հասցնել տնտեսութեանը եւ ի վերջոյ հայաթափել Արցախը:

Բանախօսն իր ելոյթի մի այլ բաժնում շեշտելով, որ Հայաստանի գործող իշխանութիւնն Ադրբեջանի հետ համաքայլ սլանում է հակահայ ընթացքով եւ բացայայտ կերպով մեր հայրենիքի անբաժանելի մասը՝ Արցախը, ճանաչում է Ադրբեջանի կազմում, պետականութեան պահպանման եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու միակ ճանապարհը դիմադրութեան եւ համահայկական միասնական պայքարի շարունակութեան մէջ նկատեց:

Նա անդրադառնալով օրեր առաջ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից միաձայնութեամբ կատարւած յայտարարութիւնը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը համահայկական ներուժի համախմբման եւ հայրենիքի պաշտպանման գործում, վստահութիւն յայտնեց, որ հայ ժողովուրդը կերտելու է իր յաղթանակը նոր Սարդարապատով: Պրն. Աւետիսեանը խօսքի եզրափակիչ մասում շեշտելով, որ Հայաստանի ազգային ուժերը կամք ու պատրաստակամութիւն ունեն կանխելու վերահաս կապիտուլացիան, այս գոյապայքարում բարձր գնահատեց Իրան-Հայաստան բարեկամական յարաբեութիւնները, սփիւռքի կազմակերպւած համայնքների հսկայական ներուժը եւ այդ թւում նաեւ իրանահայ համայնքների անփոխարինելի դերն ու անուրանալի աջակցութիւնը:

Գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական եւ իր հեղինակային երգերով ելոյթ ունեցաւ Արթուր Խաչենցը:

Երեկոյի աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանը: Նա զուգահեռներ անցկացնելով 1918 թւականի եւ այսօրւայ պայմաններում մղւող գոյապայքարների միջեւ՝ նշեց, որ ինչպէս 105 տարի առաջ մեր ժողովրդի պայքարը մղւեց Սարդարապատ, Ղարաքիլիսա եւ Բաշ-Ապարան երեք ճակատներում, այսօր նոյնպէս մեր պայքարի ճակատները երեքն են՝ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը:

Նա ընդգծելով նաեւ, որ մեր պապերը մեզ կտակեցին՝ հայրենիք, պետականութիւն, ազգ ու ժողովուրդ եւ այսօր մեր պարտականութիւնն է ոչ միայն այդ բոլորը պահել ու պահպանել նոյնութեամբ, այլ նաեւ աւելի զարգացնել եւ արժեւորել, հայ ազգի յաղթանակի կերտման գրաւականը համարեց հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ միասնականութեան ոգու դրսեւրումը:

Տօնախմբութիւնն աւարտւեց հրավառութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Թւականիս մայիսի 8-ին, 9-ին եւ 21-ին, Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիւրերն էին «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների 7-րդ եւ 8-րդ դասարանցիները, եւ Նոր Ջուղայի մանկապարտէզի ու մանկամսուրի սաները՝ իրենց ուսուցչուհիների ուղեկցութեամբ։

Սկզբում, գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի միջոցով աշակերտները ծանօթացան գրադարանի տարբեր բաժինների եւ գործունէութեան հետ, այնուհետեւ գրքերի զարմանահրաշ աշխարհում ապրեցին հաճելի եւ անմոռաց պահեր՝ խաղալով հայկական զւարճալի եւ զարգացնող խաղեր։

Յատկանշելի է, որ զոյգ հանդիպումները կազմակերպւել էին պատկան դպրոցների տեսչութեան նախաձեռնութեամբ։

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի

 

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ՝ հինգշաբթի՝ մայիսի 18-ին, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նախագահեց Սնկերտ գիւղի եկեղեցու Պատարագին. այստեղ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութիւնը կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Սրբազան Հայրը տօնին պատշաճ իր քարոզում հակիրճ անդրադառնալով Քրիստոսի Յարութիւնից մինչեւ Համբարձումը տեղի ունեցած իրադարձութիւններին, բացատրութեամբ հանդէս եկաւ Համբարձման տօնը նաեւ Վիճակի տօն անւանելու պատճառի մասին. նա նշեց. «Քրիստոսի համբարձւելուց անմիջապէս յետոյ, Յուդայի տեղ այլ անհատի նշանակելու եւ  12 առաքեալների շարքը համալրելու համար՝  աշակերտները նշանակեցին երկու թեկնածուներ՝ Բարսաբա Յովսէփը եւ Մադաթիան: Այնուհետեւ նրանք աստւածային կամքն իրենց յայտնւելու համար՝ դիմեցին վիճակահանութեան, ինչի արդիւնքում Մադաթիան դասւեց առաքեալների շարքին»: Նա շարունակութեան մէջ աւելացրեց նաեւ, որ յետագայում հեթանոսական ժամանակաշրջանից եկած՝ բնութեան հետ կապւած աւանդութիւններն ու սովորութիւնները միախառնւելով քրիստոնէական Համբարձման տօնին, Համբարձումը նաեւ Վիճակի տօն անւանւելու պատճառ հանդիսացաւ:

Աւարտին Սրբազան Հայրը նշելով, որ իւրաքանչիւր անհատի ծնունդն ու մահը անկախ իր կամքից է տնօրինւում, սակայն  անձն է որոշում իր կեանքի որպիսութիւնն ու ճանապարհը, յորդորեց՝ հեռու մնալ սնահաւատութիւնից եւ հաւատացեալ քրիստոնեայի նման ընտրել աստւածատաճոյ կեանք:

Արարողութեանը ներկայ էին՝ Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ: Արարողութեան կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցու վարչութեան միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Երկուշաբթի՝ մայիսի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, իր աւարտին հասաւ Հայ եկեղեցասէր կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի հիմնադրման 20-րդ ամեակին նւիրւած լսարանների շարանը: Վերջին նիստը, որը միեւնոյն ժամանակ 6-րդն էր այս շարանից,  կայացաւ «Փրկաբանութիւն» խորագրով: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Կանանց հոգեւոր լսարանի պատասխանատու արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, եկեղեցական դասը, ազգային մարմինների, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, յոբելեար լսարանի եւ երգչախմբի անդամուհիները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:

Ծրագիրն սկիզբ առաւ «Տէրունական աղօթք»-ի միասնական արտասանութեամբ, ապա ընթացքում հնչեցին թեմայի շուրջ բացատրութիւններ, Աստւածաշնչեան համարների ընթերցումներ եւ մի շարք որմնանկարների մասին մեկնաբանութիւններ ու վերլուծական բացատրութիւններ. ցուցադրւեցին նաեւ թեմային առնչւող մի շարք ֆիլմերից հատւածներ:

Երեկոյի աւարտին, ի գնահատանք ծրագրի կազմակերպիչների, ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի նւէրներ շնորհւեցին բանախօսական նիւթերի հայթայթման եւ մատուցման գործում գլխաւոր դերակատարներ՝  Անուշ Յովհաննիսեանին, Մարինէ Առաքելեանին, Մարինէ Մխիթարեանին եւ Ալբերտ սրկ. Ղազարեանին:

Այնուհետեւ, որպէս եզրափակիչ խօսք, իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը։ Նա նախ իր գնահատանքի եւ շնորհակալական խօսքն ուղղեց կազմակերպիչներին եւ այս գործում իրենց աջակցութիւնը ցուցաբերած բոլոր ազգային մարմիններին ու անհատներին, ապա յայտարարելով, որ մօտ ապագայում տեղի է ունենալու այս առիթին նւիրւած բուն ձեռնարկը, բարձր գնահատեց այն լայնածաւալ եւ անզուգական աշխատանքը, որը կատարւել է լսարաններում փոխանցւած նիւթերի պատրաստման եւ գրաւիչ ու մատչելի մատուցման ուղղութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Կիրակի՝ մայիսի 14-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ, Սպահան նահանգի Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի միջոցով կազմակերպւել էր հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստը, ուր նշւած կենտրոնի պաշտօնական փորձագէտներն ու ընտանեկան հարցերի շուրջ խորհրդատուները ունկնդրելով հայ  այցելուներին յուզող հարցերին, համապատասխան խորհուրդներ տւեցին առկայ խնդիրների փարատման եւ դատական հայցերի արդարացի լուծման ուղղութեամբ: Նիստին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը՝ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Լորիս Նաւասարդեանի:

Ընթացքում Սրբազան Հայրն ողջունելով կենտրոնի գովելի նախաձեռնութիւնը, նման միջոցառումների կազմակերպումը սիրոյ եւ եղբայրութեան նշան համարեց եւ երախտագիտութեան ու շնորհակալական խօսք ասաց նախաձեռնողներին, ովքեր իրենց հանգիստը զիճելով, դրական քայլ են վերցրել հայ համայնքին պատկանող իրենց հայրենակիցների խնդիրների փարատման համար:

Այնուհետեւ հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստերի կազմակերպման մասին բացատրութեամբ հանդէս եկաւ Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի փորձագէտ Մոհամմադ Փառւառեշը, ով նշելով, որ նշւած միջոցառումների շարանը իրականացւում է, թէ՛ հայրենակիցներին օգտակար հանդիսանալու եւ թէ՛ Արդարադատութեանը ներկայացւող հայցերի քանակը նւազեցնելու նպատակով, յոյս յայտնեց, որ կը կարողանան այս ծիրում իրենց լաւագոյն ծառայութիւնը մատուցել:

Նշելի է, որ աւարտին Սպահան նահանգի Արդարադատութեան պաշտօնական փորձագէտների կենտրոնի եւ Թեմական խորհրդի անդամների միջեւ կայացաւ հանդիպում, ուր քննարկումներ անցկացւեցին նշւած երկու կողմերի միջեւ կայանալիք համաձայնագրի կէտերի շուրջ: Համաձայնագիրը ստորագրւելու է հայ համայնքին եւ իհարկէ ազգային մարմիններին, նշւած կենտրոնի կողմից դատական հարցերի կապակցութեամբ անվճար կերպով խորհուրդներ եւ ուղղութիւններ մատուցելու շրջագծում:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Կանադահայ լուսանկարիչ եւ արւեստագէտ Հրայր Բազէ Խաչերեանը իր հերթական գիրք-ալբոմը հրատարակելու նպատակով, որում ընդգրկւած են նաեւ Նոր Ջուղայի եկեղեցիների լուսանկարները, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ ժամանեց Սպահան-Նոր Ջուղա։

Հրայր Բազէի աշխատանքային այցը պատեհ առիթ համարելով՝ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, մայիսի 11-ի երեկոյեան, գրադարանում տեղի ունեցաւ զրոյց-հանդիպում՝ «Արեւմտեան Հայաստանը՝ Բազէի աչքերով» խորագրով:

Հանդիպման սկզբում գրադարանավար Վերգինէ Միրզախանեանը, ծանօթացրեց լուսանկարիչ-արւեստագէտին, նրա արժէքաւոր աշխատութիւններն ու հարուստ պատկերագրքերը, ապա Բազէն սկսեց իր ելոյթը՝ ցուցադրելով Արեւմտեան Հայաստան կատարած ճամբորդութիւնների եւ Կիլիկիոյ շրջանի բերդերի ու մշակութային այլ յուշարձանների վերաբերեալ պատրաստած տեսանիւթը, որի ընթացքում նա բացատրեց, թէ յատկապէս վերջին տարիներին կենտրոնացել է Կիլիկիայի թագաւորութեան վրայ եւ առաջիկայ զոյգ ալբոմները նւիրւած են այդ թագաւորութեան հարուստ պատմութեանն ու մշակոյթին։

Նա պատմեց, թէ ինչքան դժւարութիւնների եւ խոչընդոտների է հանդիպել, ինչ արկածների ու փորձանքների միջով է անցել սոյն փաստերը հաւաքելու համար։

Վերջում ներկաներն իրենց յուզող հարցերն ուղղեցին լուսանկարչին, ապա ներկայանալով Ս. Ա. Վանքի շրջափակում, ծանօթացան մայրամուտը լուսանկարելու աշխատանքային ընթացքին:

Լուսանկարիչ Բազէն 30 տարուց ի վեր Հայաստանի, Արցախի եւ Արեւմտեան Հայաստանի մասին պատմող աւելի քան 16 եռալեզու գիրք-ալբոմներ է հրատարակել, որոնցից 4-ը առկայ են «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում, որոնք են՝ «Հայկական զարդատառ», «Հայկական զարդանախշային արւեստը», «Խաչքարեր», «100. 1915-2015», «Խաչքար» ալբոմները։ Բազէն սաւառնել է հայկական արւեստի երկրակամարում եւ պատկերել ու ներկայացրել է մեր հայրենիքի չտեսնւած պատկերները։

Նրա լուսանկարների հաւաքածուն, մեծ արխիւ ու նաեւ հետազօտական նիւթ է այն բոլոր մասնագէտների, գիտնականների, հետազօտողների համար, որոնք ընդհանրապէս եւ այս օրերին մասնաւորապէս, հետեւողականօրէն զբաղւած են մեր մշակութային յուշարձանների պահպանութեան հարցերով։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, թւականիս մայիսի 7-8-ին, հովւական այցելութիւն կատարեց Խուզիստան նահանգի երբեմնի հայահոծ քաղաքներ՝ Ահւազ եւ Աբադան, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներ Սարմէն Մինասեանի ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանի:

Երկուշաբթի՝ մայիսի 7-ին, պատւիրակութիւնն, ահւազաբնակ Աշոտ Փիլոսեանի ուղեկցութեամբ այցելեց Ահւազի եկեղեցի ու գերեզմանատուն։ Ահւազի «Ս. Մեսրոպ» եկեղեցում աղօթք մատուցւեց Սրբազան Հօր միջոցով, այնուհետեւ տեղի հայոց գերեզմանատանը թաղւած՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Մկրտիչ Թովմասեանի շիրիմի մօտ կատարւեց հոգեհանգստեան կարգ՝ նահատակի եւ գերեզմանատանը հանգիստ առած բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։ Պատւիրակութեան անդամերը շրջայց կատարեցին նաեւ հայոց գերեզմանատանը կից՝ պարսկական գերեզմանատուն, ուր թաղւած քրիստոնեայ-եւրոպացի եւ ասորի ննջեցեալների համար եւս հնչեց աղօթք:

Յատկանշական է, որ թեմակալ Առաջնորդը տեղեկանալով հայոց գերեզմանատան համար ստեղծւած իրավիճակի մասին, անհրաժեշտ համարեց Թեմի ազգային իշխանութեան եւ պետական պատկան կառոյցների միջոցով կալւածի կարգավիճակը ճշտելու համար պարտն ու պատշաճը տնօրինել:

Երեքշաբթի՝ մայիսի 8-ին, թեմակալ Առաջնորդն ու նրան ընկերակցող Կրօնական եւ Թեմական խորհուրդների ներկայացուցիչները, մեկնեցին Աբադան։ «Ս. Կարապետ» եկեղեցու մուտքի մօտ պատւիրակներին դիմաւորեցին աբադանաբնակ Մանուկեան ընտանիքը, պետական պատասխանատուներ, Նաւթային ընկերութեան տնօրէնը եւ պարսիկ հայրենակիցներ:

«Ս. Կարապետ» եկեղեցում, գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով կատարւեց եկեղեցական արարողութիւն, իսկ եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց ցեղասպանութեան յուշակոթողի առաջ հնչեց «Հոգւոցն Հանգուցելոց» աղօթքը՝ սրբադասւած նահատակների հոգիների խաղաղութեան համար. վերջում ներկաները խունկ ծխեցին զոհւածների յիշատակին:

Եկեղեցու գրասենեակում, Սրբազան Հայրը եւ զոյգ խորհուրդների ներկայացուցիչները հանդիպելով Մանուկեան ընտանիքին, լսեցին եկեղեցու եւ հայոց դպրոցների իրավիճակի ու դրանց պահպանման վերաբերեալ զեկոյց։ Սրբազան Հայրը բարձր գնահատեց Մանուկեան ընտանիքի աշխատանքը՝ եկեղեցին կանգուն եւ բարւօք վիճակում պահելու համար:

Աբադանի հայոց գերեզմանատնում թեմակալ Առաջնորդը կատարեց ընդհանրական հոգեհանգստի կարգ։ Պատւիրակութեանն առաջարկւեց ցանկապատել եւ նորոգել գերեզմանատանը։

Հարկ է նշել, որ նահանգի պետական հեռուստատեսութեան կողմից նկարահանւեց թեմիս ազգային իշխանութեան պատւիրակութեան այցելութիւնը Աբադանի «Ս. Կարապետ» եկեղեցի, իսկ Սրբազան Հայրը պատասխանեց այցի նպատակի, Իրանում կրօնների համակեցութեան եւ փոքրամասնութիւնների նկատմամբ արտերկրում հնչող խտրականութեան կեղծ մեղադրանքների վերաբերեալ հեռուստատեսութեան լրագրողի հարցումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ կազմակերպւած տղայոց մինիբասկետբոլի քառակողմ մրցաշարն աւարտւեց շաբաթ՝ մայիսի 6-ին:

Խաղերի արդիւնքում առաջին տեղը գրաւեց «Գոլնուռ»-ը, երկրորդ հանդիսացաւ «Արարատ»-ը, իսկ «Զոբ Ահան» եւ «Առեֆզադէ» խմբերը միասնաբար գրաւեցին երրորդ տեղը: Բոլոր մասնակիցները յուշանւէրներ ստացան Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբից: Փակման հանդիսութիւնը վարեց նշւած յանձնախմբի անդամ Արթուր Բաղրամեանը:

Եռօրեայ   խաղերի արդիւնքն է.

Չորեքշաբթի՝ մայիսի 3

«Արարատ» 28-«Առեֆզադէ» 19

«Գոլնուռ» 35-«Զոբ Ահան» 24

 

Հինգշաբթի՝ մայիսի 4

«Գոլնուռ» 46-«Առեֆզադէ» 24

«Արարատ» 22-«Զոբ Ահան» 22

 

Շաբաթ՝ մայիսի 6

«Զոբ Ահան» 32-«Առեֆզադէ» 20

«Արարատ» 39-«Գոլնուռ» 56

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Երեքշաբթի՝ մայիսի 2-ին, որը համընկնում է իրանական օրդիբեհեշտ ամսւայ 12-ին՝ Ուսուցչի օրւան, մեծարւեցին եւ գնահատւեցին հայոց ազգ. դպրոցների անձնակազմերի հայ եւ պարսիկ անդամները: Աշակերտներից բացի, ովքեր նախքան դպրոցական զանգի հնչելը, տօնը յիշարժան դարձրին՝ իրենց սիրելի ուսուցիչների հետ ողջագուրւելով եւ իհարկէ նրանց ծաղիկներ ու յուշանւէրներ պարգեւելով, օրւայ ընթացքում զանազան պահերին, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Կրթական խորհրդի անդամները, ինչպէս նաեւ թեմի այլ ենթամարմինների ներկայացուցիչներն ու աշակերտութեան ծնողները ներկայ գտնւելով Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների հարազատ յարկերի ներքոյ, ծաղկեփնջերով եւ գովեստի ու բարեմաղթանքների արտայայտութիւններով, իրենց ջերմագին շնորհաւորանքներն ուղղեցին նշւած վարժարաններում մատաղ սերնդի կրթութեամբ ու դաստիարակութեամբ զբաղւող մշակներին:

Նոյն օրւայ ընթացքում իւրաքանչիւր դպրոցի տնօրէնութեան  նախաձեռնութեամբ գնահատագրեր եւ նւէրներ շնորհւեցին անձնակազմի բոլոր անդամներին:

Այս առիթով հինգշաբթի՝ մայիսի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի դահլիճում, երկու սեանսների ներքոյ, իրականացւեց «Ջուղայի երաժշտական երեկոյ» խորագրով ձեռնարկը, նախաձեռնութեամբ Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Առաջնորդարանի Զբօսաշրջութեան եւ Հանրային կապի գրասենեակների: Ծրագրին հրաւիրւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների անձնակազմերն ու նրանց ընտանիքները:

Երեկոն սկիզբ առաւ Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի ելոյթով, ով Թեմական խորհրդի անունից հանդէս եկաւ ողջոյնի եւ տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքերով:

Այնուհետեւ ներկաները վայելեցին տաղանդաւոր եւ երիտասարդ երաժիշտների միջոցով իրականացւած դասական երաժշտութեան համարները՝ աշխարհահռչակ դիրիժորներ՝ Կոմիտասից, Վիվալդիից, Գրեգից, Ալբինոնիից եւ այլ յայտնիներից:

Կատարումներին յաջորդեց Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանում շրջայցը, որն իրականացւեց թանգարանի տնօրէն Զոյեա Խաչատրեանի ուղեկցութեամբ: Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Ծրագրին ներկայ էին նաեւ Թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչներ` Սաթենիկ Աւետումեանն ու Ժանետ Բաղումեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մարզական միաւորի համագործակցութեամբ, կազմակերպւել են տղայոց մինիբասկետբոլի քառակողմ մրցաշար՝ մասնակցութեամբ՝ «Արարատ», «Զոբ Ահան», «Գոլնուռ» եւ «Առեֆզադէ» խմբերի: 

Մրցաշարի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 3-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ուր բարիգալստեան խօսքով եւ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի բանաձեւի ընթերցմամբ ելոյթ ունեցաւ նոյն յանձնախմբի անդամ Արթին Քեշիշեանը: Որպէս հանդիսատես ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ու «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ:

Եռօրեայ մրցաշարի առաջին օրւայ ընթացքում իրականացւել են հետեւեալ խաղերը.

«Արարատ» 28-«Առեֆզադէ» 19

«Գոլնուռ» 35-«Զոբ Ահան» 24

Մրցոյթները շարունակւելու են հինգշաբթի եւ շաբաթ՝ մայիսի 4 եւ 6-ին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Աստղագիտութեան համաշխարհային շաբաթւայ մեկնարկը տրւեց երկուշաբթի՝ ապրիլի 24-ին. այս շրջագծում Իրանի աստղագիտութեան ասոցացիայի նախաձեռնութեամբ նշւած շաբաթւայ չորորդ օրը հինգշաբթի՝ ապրիլի 27-ը, անւանակոչւել էր Իրանում առաջին կին աստղա-ֆիզիկոս եւ աստղագիտութեան մայր, ինչպէս նաեւ Իրանի առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիր Ալենուշ Տէրեանի անւամբ: Առիթը պատեհ համարելով «Ադիբ» աստղագիտութեան կենտրոնի առաջարկով եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի համագործակցութեամբ, հռչակաւոր հայուհու անւամբ անւանակոչւած օրը, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացւեց բանախօսական միջոցառում, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի Կրթադաստիարակչութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի պատւիրակութիւնը, ազգային մարմինների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:

Սկզբում ուսուցչուհի Սիւնէ Մինասեանը անդրադարձաւ աստղա-ֆիզիկոս Ալենուշ Տէրեանի կենսագրականին՝ ի մասնաւորի ընդգծելով գիտական ոլորտում նրա նւաճումներն ու ձեռքբերումները:

Այնուհետեւ աստղագիտութեան եւ Սպահանի մեծարման շաբաթների համընկման առիթով աշակերտուհի Էմիլի Նաւասարդեանը դաշնամուրով կատարեց Կոմիտասի «Կաքաւիկ»-ը: Շարունակութեան մէջ աշակերտներ՝ Արէն Մարկոսեանն ու Դանիթա Ղազարեանը միասնաբար ելոյթ ունեցան՝ «Քարահունջից Թեհրան» խորագրով, որտեղ անդրադարձ կատարեցին մարդկութեան պատմութեան առաջին աստղադիտարան Քարահունջին եւ Թեհրանում Ալենուշ Տէրեանի հիմնադրած՝ Իրանի առաջին արեւային աստղադիտարանին:

Սփռւեց Ալենուշ Տէրեանի կեանքին ու գործունէութեանն անդրադարձող վաւերագրական «Սույէ խոռշիդ» (թարգմանաբար՝ «Դէպի արեւ») ֆիլմը:

Այնուհտեւ պրն. Մոռադին բանախօսական նիւթ ծաւալեց «Տիեզերքի ճակատագիրը» խորագրով, որտեղ անդրադարձ ունեցաւ տիեզերքի ստեղծմանը մինչեւ աստղագիտութեան ոլորտին առնչւող մի շարք նոր գիւտերին եւ ձեռքբերումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի, ուրբաթ՝ ապրիլի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ժողովրդական հանդիպում տեղի ունեցաւ՝ դասախօսութեամբ Հայաստանից հրաւիրւած ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանի եւ քաղաքագէտ,  Ադրբեջանի հարցերի փորձագէտ Անժելա Էլիբեգովաի:

Առաջին զեկուցաբերը՝ Ասպրամ Կրպէյեանը, ելոյթ ունեցաւ «Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանային մարտահրաւէրները» նիւթի շուրջ: Նա անդրադառնալով հայրենիքի գոյութիւնը սպառնացող առկայ վտանգներին, յատկապէս շեշտեց, որ Արցախը կորցնելով, ոչ միայն վտանգի տակ ենք դնելու Հայաստանը, այլ նաեւ կորցնելու ենք Հայաստանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ ժողովուրդը ոչ թէ չի հասկանում իրավիճակի լրջութիւնը, այլ մոլորւած է, աւելացրեց. «Ինձ համար միշտ ուղեցոյց է եղել Արամ Մանուկեանի այն պատգամը, որտեղ ասւած է՝ «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին, թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Հիմա էլ նոյն կարգավիճակում ենք եւ մեր փրկութեան միակ գրաւականը մեր միասնականութիւնն է: Պարտադիր չէ համաձայն լինել բոլոր հարցերի շուրջ. պարզապէս պէտք է միայն սրբազան երդում տալ, որ հաւատարիմ ենք մէկ գաղափարի եւ դա՝ հայկական պետականութեան գոյութիւնն է»:

Նա իր խօսքի աւարտին ընդգծելով, որ հայ ժողովրդի յաղթանակը կը կերտւի միայն եռամիասնութեան շնորհիւ, կոչ արեց՝ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը վերամիաւորւեն՝ յանուն յաւերժական Հայաստանի:

Անժելա Էլիբեգովան դասախօսեց «Ադրբեջանի քաղաքականութիւնը եւ գործողութիւնները՝ Հայաստանի, Արցախի եւ Իրանի դէմ, 44-օրեայ պատերազմից յետոյ» խորագրով: Նա սկզբում մատնանշելով, որ Ադրբեջանում, բոլոր ոլորտներում, սերմանւում է հայատեացութիւնը եւ ձեւաւորւում է հային թշնամի լինելու տեսակը, աւելացրեց, որ այդ քաղաքականութեամբ Ադրբեջանի պետութիւնը կարողանում է նաեւ քողարկել իր ներքին խնդիրները եւ շեղել իր սեփական ժողովրդին:

Տկն. Էլիբեգովան խօսելով Ադրբեջանի կողմից հայերի ինտեգրման քաղաքականութեան մասին, որի պարզ դրսեւորումը Լաչինի միջանցքի փակելն է, աւելացրեց, թէ Ադրբեջանը արցախահայութեան առջեւ է դրել երկընտրանք՝ նրանք կամ կը լքեն Արցախը, կամ դառնալով Ադրբեջանի քաղաքացի կստանան համապատասխան  անձնագիր, չնայած, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախն ստանալ առանց հայ բնակչութեան: Նա յաւելեց. «Արցախահայութիւնը, 1990-ականներից յետոյ, միշտ համոզւած է եղել, որ Հայաստանը իր թիկունքում է եւ պաշտպանելու է իր շահերը, սակայն ցաւօք Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները՝ խաղաղութեան անւան ներքոյ եւ Ադրբեջանի նկրտումների դիմաց առանց որեւէ դիմադրութեան, գնում են միակողմանի զիջումների»։

Որպէս նոյնքան կարեւոր հարց, դասախօսն անդրադարձ կատարեց Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրին, որի քարոզչական, քաղաքական եւ դիւանագիտական աշխատանքն արդէն սկսւել է, իսկ ռազմական ու տնտեսական աշխատանքն նախապատրաստական փուլում է։

Խօսելով Զանգեզուրի միջանցքի մասին, ադրբեջանագէտն ընդգծեց հայ ժողովրդի շահերին համընկնող Իրանի դիրքորոշումը, շեշտելով, որ Իրանի համար եւս կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքը եւ սահմանների փոփոխութիւնը։

«Չնայած դժւար է պատկերացնել ինչ է կարելի անել այս իրավիճակից դուրս գալու համար, բայց եւ այնպէս միակ յոյսը ազգային իշխանութիւն ձեւաւորելն է», Անժելա Էլիբեգովան այսպէս եզրափակեց իր ելոյթը։

Երեկոն վարեց Միգանոշ Տէր-Մարտիրոսեանը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայից դասը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի ազգային մարմինների, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան նախաձեռնութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի Նոր Ջուղայի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ, ապրիլի 23-ից 27-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում իրականացւեց ցեղասպանութեան թեմայով մուլտիմեդիա ցուցահանդէս, որը լայն ընդառաջում գտաւ ոչ միայն երկօրեայ ոգեկոչման միջոցառումներին մասնակից հայորդիների, այլ նաեւ վանքի թանգարաններ այցելող զբօսաշրջիկների կողմից:

Ցուցահանդէսի երեք սրահներում ցուցադրւել էին հետեւեալը. առաջին սրահում՝ ներկայացւել եւ վաճառւում էին ցեղասպանութեան՝ ի մասնաւորի Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն անդրադարձող գրքեր եւ տպագրութիւններ, գենոցիտի արմատաբանութեան մասին նիւթեր եւ Հայոց Ցեղասպանութեան մասշտաբը պատկերող քարտէզներ ու լուսանկարներ:  

Երկրորդ սրահում ցուցադրւում էին վաւերագրական նկարներից ու տեսանիւթերից կազմւած 360 աստիճանով ֆիլմեր, որոնց զուգահեռ սփռւում էին ձայնային բացատրութիւններ՝ Ցեղասպանութեան պատմութիւնից եւ վերապրածների յուշերից:

Վերջին սրահում տեղադրւել էր հայելի, որի վրայ պատկերւած էին բոլոր այն հաշթագները, որոնցով կարելի է ստոյգ տեղեկութիւններ ստանալ նոր ցեղասպանութեան վտանգի եւ մշակութային ցեղասպանութեան մասին: Ներկաները հնարաւորութիւն ունեցան նշւած հայելու մէջ սելֆի կատարելով՝ իրենց մօտ պահպանել հաշթագները եւ տարածել: Այստեղ ներկայացւած էր նաեւ արցախեան ցեղասպանութեան զոհերից անուններ՝ իրենց ծննդեան թւականներով, որը մեծ յուզմունք էր պատճառում այցելուներին:

Նշելի է, որ ցուցասրահի յատակի վրայ յատուկ գծերով դաճւել էին դէպքերի թւականները, որոնց միջոցով այցելուները հեշտութեամբ կարողացան իրադարձութիւններին եւ ներկայացւած փաստերին ու լուսանկարներին ծանօթանալ ըստ դրանց յաջորդականութեան:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը Շահինշահրում նշւեց ժողովրդական համահաւաքի կազմակերպմամբ, ապրիլի 23-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» եկեղեցում:

Սկզբում, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով իրականացւեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների հսկման արարողութիւնը, որից յետոյ քահանայ հայրը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը, միութիւնների ներկայացուցիչները, հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի ուսուցչական կազմն ու աշակերտները եւ միւս ներկաները վառւած մոմեր եւ ծաղիկներ տեղադրեցին եկեղեցու շրջափակում գտնւող Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի առջեւ:

Այնուհետեւ սուրբ նահատակների յիշատակը յարգելու համար մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ մեկնարկեց ժողովրդական համահաւաքը՝ Անահիտ Այւազեանի հաղորդավարութեամբ:

Ծրագրում հնչեցին պահանջատիրական խօսքեր. Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Մառիթա Քեշիշեանը, Հայ համայնքի վարչութեան խօսքն ընթերցեց Վալենթին Թորոսեանը, Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի անունից արտայայտւեց Էմմա Օրդուբէգեանը եւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորների կողմից ելոյթ ունեցաւ Մելքոն Շիրւանեանը:

Մառիթա Քեշիշեանն անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն ու մերօրեայ պայմաններում թշնամու կողմից շարունակւող սադրիչ գործողութիւններին՝ կարեւորութեամբ ընդգծեց. «Չնայած անմարդկային դժւարութիւններին, մեր ժողովուրդը վերջին հարիւրամեակին կարողացաւ միասնականութեան անմնացորդ աշխատանքի եւ հետեւողական ջանքերի արդիւնքում ուղղել իր մէջքը, պահպանել ինքնութիւնը եւ վերկանգնել անկախ պետականութիւնը: Կեցցէ հայ ժողովուրդը, կեցցէ Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնութիւնը: Փառք հայ ժողովրդի ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը զոհաբերած նահատակներին»:

Վալենթին Թորոսեանը մատնանշեց. «Եղեռնի 108-րդ տարելիցին, անկախ ազգութիւնից ու դաւանանքից, բազմաթիւ պետութիւններ, մարդասիրական կազմակերպութիւններ եւ ազնիւ անհատներ իրենց ձայնը միացրին համայն հայ ժողովրդի պահանջատիրական ձայնին, որով արդարութեան համար մղւով պայքարում նոր սկիզբ ազդարարւեց հայ կեանքումՍրբադասւած նահատկների կանչը մեզ նոր ուժ է ներշնչում, որպէսզի մեր արդար պահանջատիրութեան ձայնը աշխարհին լսելի դարձնենք, այդու կոչ ենք անում միասնական ոգով շարունակել մեր պայքարը, որն այսօր ազգայինից վեր բարձրանալով դարձել է պայքար յանուն մարդու եւ նրա կեանքի իրաւունքի»:

Էմմա Օրդուբէգեանը շեշտելով, որ այսօր Հայոց Ցեղասպանութեան առթիւ կազմակերպւող ցոյցերն ու համահաւաքներն իւրայատուկ իմաստ են ստանում, քանի որ Հայաստանն ու Արցախը գտնւելով ճգնաժամային նորանոր մարտահրաւէրների թիրախում, ամենածանր ժամանակներն են ապրում, կոչ արեց՝ տէր կանգնել հայրենիքին եւ յանուն արդարութեան ու ազգային արժանապատւութեան վերականգնել համազգային միասնականութիւնը:

Մելքոն Շիրւանեանն յատկապէս անդրադառնալով 2018 թւականից ցայսօր ՀՀ իշխանութեան վարած քաղաքականութեան արդիւնքում հայ ժողովրդի համար առաջացած ազգավտանգ հետեւանքներին, շեշտեց, եթէ հայ ժողովուրդն Ցեղասպանութիւնից կարճ ժամանակ անց կարողացաւ հիմք դնել իր անկախ պետականութեան, այսօր եւս իվիճակի կը լինի միասնական ճիգերով վերագտնել իրեն, վերադարձնել կորուստները եւ հաստատել արժանապատիւ խաղաղութիւն եւ հային բնորոշ արժանավայել պետականութիւն: 

Ծրագրի շարունակութեան մէջ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան ու Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղերի եւ համայնքի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան անունից, Ցեղասպանութիւնը դատապարտող ու ցեղասպանից հատուցում պահանջող արտայայտութիւններով, ինչպէս նաեւ հայ ժողովրդի դէմ կիրառւած նոր ցեղասպանութեան՝ Արցախի շրջափակման վերաբերեալ բողոքի խօսքերով ու դատապարտումներով եւ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան կոչով  հերթաբար հանդէս եկան՝ Վարդուհի Պօղոսեանը, Ջանիկ Թահմազեանը եւ Անահիտ Մկրտչեանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին ասմունքներ ու երգեր: Արութին Հախնազարեանը մեներգեց «Հերոս տղաները»–ը, Նազելի Մարկոսեանը՝ «Մօր երգը զինւորին» երգը, իսկ Արւին Մինասքանեանը՝ «Հայաստան»–ը: Նազելիին ձայնակցեց Արութին Հախնազարանը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծութիւնը ասմունքեց Բիւրա Մինասեանը: Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաներից՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը ասմունքեցին «Թէ չես եղել Հայաստանում»-ը, իսկ Աննա Թորոսեանը, Մելւին Մարկոսեանը եւ Նարեկ Թորոսեանը ընթերցեցին պահանջատիրական խօսքեր: Ծրագրում ցուցադրւեցին նաեւ օրւան պատշաճ տեսանիւթեր:

Համահաւաքի աւարտին համայնքի ծխատէր քահանայ հայրը նախ ընթերցեց Ոգեկոչման յանձնախմբի կոչը, այնուհետեւ իր խօսքում նշելով, որ համայն հայութեան պահանջատիրական գործընթացը շարունակւելու է մինչեւ Հայ Դատի արդար լուծումը եւ ոճրագործից հատուցում ստանալը, աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ խաղաղութիւն պարգեւի հայոց աշխարհին եւ միասնական դարձնի համայն հայ ժողովրդին՝ ի նպաստ հայրենիքի եւ ազգի գոյատեւման ու վերելքի:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Նոր Ջուղայում իրականացւեցին Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման միջոցառումները:

Կիրակի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, կայացաւ Սրբադասւած նահատակների հսկման արարողութիւնը, որից յետոյ ներկաները գլխաւորութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ներկաները վառւած մոմեր տեղադրեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, այնուհետեւ վանքի բացօթեայ տարածքում իրականացւեց բողոքի համահաւաք:

Համահաւաքն սկիզբ առաւ հաղորդավար Մանիա Ղուկասեանի խօսքով, ով յատկապէս ընդգծեց. «Ներում են թշնամուն, բայց ոչ նրան, ով փորձել է գոյութեան գրքից սրբել քո անունը եւ ինչպէս Նժդեհն է ասել. «Կը գայ այն օրը, երբ հայութիւնը կը ների թուրքերին, սակայն ոչ թէ նրանց առջեւ ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած»»:

Յաջորդիւ, 108-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի անունից հանդէս եկաւ Արթուր Բաղրամեանը: Յանձնախմբի խօսքում ասւած էր. «Այսօր մենք կանգնած ենք մեր գոյութիւնը արժանապատւօրէն պահպանելու, կամ տարածաշրջանում՝ Հայաստանի դէմ թշնամօրէն տրամադրւած պետութիւնների կողմից բնաջնջւելու վտանգի առաջ: Վկան՝ Լաչինի շրջափակումը եւ Արցախի ժողովրդի գոյութեան դէմ կախւած սպառնալիքը, վկան՝ թշնամու ամենօրեայ յարձակումները Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ եւ վկան՝ բազմաթիւ այլ սանձազերծումներ, որոնք փաստում են, որ թշնամու նպատակը մնացել է նոյնը՝ հայերի բնաջնջումը: Եւ այս հանգրւանին մենք ենք որոշելու թէ արդեօք նւաստացած ու ծնկի եկած պիտի սպասենք մեր վախճանին, թէ համառօրէն շարունակենք պայքարը մեր հայրենիքի ամէն մի կտորի ու սանտիմետրի համար եւ Հայաստանի, Արցախի ու սփիւռքի համադրւած ու միացեալ ջանքերով ի վերջոյ հասնենք մեր ամբողջական իրաւունքներին»:

Ազգային մարմինների խօսքն ընթերցեց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը: Նա իր խօսքում շեշտելով, որ պէտք է վերականգնւեն հայութեան ոտնահարւած իրաւունքները, Հայաստանն ու հայութիւնն իրենց արժանի տեղը պէտք է ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում եւ հայութիւնը պիտի ունենայ անվտանգ ապրելու եւ արարելու հնարաւորութիւն իր բնօրրանում, կարեւորեց նաեւ Հայաստան-Արցախ-Սփիւռք համագործակցութեան վերականգնումը եւ ասաց. «Հայրենիքի պաշտպանութիւնը հեշտ գործ չէ: Մեզ բոլորիս հարկաւոր է պատրաստւել երկար, շատ երկար ու դժւար դիմադրութեան: Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծւած իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պէտք է ընկած լինեն ոչ թէ յոյզերը, այլ հաւասարակշռւած մօտեցումները»:

Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա ակնարկ ունենալով այն հանգամանքին, որ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը ոգեկոչում ենք այնպիսի պայմաններում, երբ մեր ազգի առջեւ ծառացել են լրջագոյն մարտահրաւէրներ, աւելացրեց, որ խնդրին լուծում տալու համար թէեւ աշխատանք են տանում հայկական զանազան կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ, սակայն հարկաւոր է ժողովրդի ներկայութիւնը եւ մինչեւ իւրաքանչիւր անձ չկանգնի իր քոյրերի ու եղբայրների կողքին, չի կարելի աշխարհից որեւէ ակնկալիք ունենալ: Պրն. Բեգլարեանն իր խօսքի աւարտին  անհրաժեշտ նկատեց Ռուսաստանի խաղաղապահ զօրքերը կատարեն իրենց պարտականութիւնը տարածաշրջանում, ապա գնահատելով Իրանի Իսլ. Հանրապետութեան որոշումները, յատկապէս վերջին մէկ տարւայ ընթացքում, ընդգծեց նաեւ, թէ միայն չբաւարաւի Իրան-Հայաստան սահմանը անխափան պահելով եւ ջանք տանի արցախահայութեան անվտանգութիւնը պահպանելու համար:   

Երեկոյի գեղարւեստական բաժնում ելոյթներով հանդէս եկան Նոր Ջուղայի միութիւնների եւ երգչախմբերի ներկայացուցիչներն ու խմբերը եւ իհարկէ անհատ կատարողներ:

- Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի ներկայացուցիչները կատարեցին «Սուրբ, Սուրբ»-ը, որը մեներգեց Ալենուշ Թորոսեանը, խմբի ղեկավար Արբի Բաբումեանի դաշնամուրի եւ Պարոյր Վարդանեանի դուդուկի նւագակցութեամբ: Վերջիններս նաեւ կատարեցին «Ադանա» երգի երաժշտութիւնը:

- Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբից Ասպետ Մարգարեանը մեներգեց «Արժանի»-ին, իսկ Արեգա Յարութիւնեանը՝ «Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին» երգը:

- Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբից Վանէ Խաչիկեանը ասմունքեց Վահան Տէրեանի «Մի խառնէք» բանաստեղծութիւնը:

- «Տուն իմ հայրենի» երգի տակ պարով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը:

 - Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի անդամ Արթուր Քամարզարեանը ասմունքեց Վազգէն Ովեանի «Հիմա էլ լռենք»-ը, իսկ «Հայաստան իմ Արցախ» պարային կատարմամբ հանդէս եկաւ նոյն համոյթի պարախումբը:

«Այայի երկիր Արցախ»-ը զուգերգեցին երիտասարդ երգիչներ՝ Թանիա Մինասեանն ու Վանանդ Իսաղուլեանը:

Գեղարւեստական յայտագիրը եզրափակւեց Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան հովանաւորութեամբ եւ «Դումահ» խմբի միջոցով պատրաստւած «Աշխարհի ցաւով» երգի տեսահոլովակի ցուցադրմամբ:

Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա անդրադարձ ունենալով Հայ Դատի պահանջատիրական աշխատանքների զարգացումներին՝ յորդորեց. «Վերականգնելով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, միասնաբար ոտքի կանգնենք եւ գիտակցութեամբ, հաւատարմութեամբ ու պարտաճանաչութեամբ ստանձնենք մեր դերակատարութիւնները՝ հայոց պահանջատիրական գործում»: Նա նշելով, որ թէեւ անընդունելի, բայց միեւնոյն ժամանակ հասկանալի է իւրաքանչիւր պետութեան մօտեցումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման նկատմամբ, ինչը դրսեւորւում է իրենց ազգի ու պետութեան շահերը, սակայն հայկական պետութեան հարցում անընդունելի է յարմարւողի կարգավիճակում յայտնւելը կամ ցեղասպանին ներելն ու նրանից հատուցում չպահանջելը: Սրբազան Հայրն աւելացնելով, որ արեան կանչը վեր է ամէն ինչից, ասաց, թէ աշխարհում որեւէ ձայն, աղմուկ եւ ժխոր չի կարող խանգարել կամ լռեցնել մեր սուրբ նահատակների արեան կանչը:

Համահաւաքի աւարտին Կազմակերպիչ յանձնախմբի դիմումով եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի համագործակցութեամբ, ուղիղ միացում տեղի ունեցաւ նշւած հեռուստաալիքի թղթակից Մեղրի Ղուկասեանի հետ, որի միջոցով ներկաները էկրանի վրայ ականատեսը եղան Երեւանում դէպի Ծիծեռնակաբերդ իրականացւող ջահերով երթի:

Այնուհետեւ Սրբազան Հայրն ազգայինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների ընկերակցութեամբ այցելեց վանքի ցուցասրահ, ուր նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ «Ռուբէն» երիտ. միութեան եւ 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ կազմակերպւել էր Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած մուլտիմեդիա ցուցահանդէս:

Աւելի ուշ, նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան եւ համագործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի եւ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան իրականացւեց (Talk show)՝ «Կրկնւող ցեղասպանութիւն» խորագրով: Ծրագիրը վարեցին՝ «Ռուբէն» երիտ. միութեան, Ուսանողական միաւորի  եւ Թադէոս Թադէոսեան» միութեան անդամներ հերթաբար Շաքէ Մովսիսեանը, Վահէ Թահմազեանը եւ էմիլի Պօղոսեանը, իսկ ընթացքում ներկաներն իրենց տեսակէտներով ու առաջարկներով կիսւեցին միմեանց հետ:

Հարկ է նշել, որ համահաւաքի ամբողջ ընթացքում յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներն իրենց ձեռքում ունէին Արցախի Հանրապետութեան դրօշը:

Երկուշաբթի՝ ապրիլ 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, ապա վանքի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ տեղի ունեցաւ համահաւաք եւ ծաղկեմատոյցի արարողութիւն, Մանիա Ղուկասեանի հաղորդավարութեամբ:

Ծրագրում աշակերտական խօսքով եւ գեղարւեստական ելոյթներով հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցները. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցից Նելի Շահմիրզայեանն ընթերցեց պահանջատիրական խօսք, իսկ Նատալի Յակոբեանը, Վանայր Յովսէփեանը եւ Մենուա Մարկոսեանը ասմունքեցին «Մենք միասնական ենք» բանաստեղծութիւնը: «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցից Սելին Բաղրամեանը ասմունքեց Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ը, իսկ Նելի Ղազարեանը մեներգեց «Դարձիր իմ Անի» երգը, որի ընթացքում պարային շարժումներով ելոյթ ունեցաւ դպրոցի պարախումբը:

Այնուհետեւ իրականացւեց ծաղկեմատոյցի արարողութիւն՝ մասնակցութեամբ՝ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ գրասենեակի պատասխանատուների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի  միութիւնների, դպրոցների եւ ժողովրդի:

Ծաղկեմատոյցից յետոյ արտայայտւեց Ռոբերտ Բեգլարեանը, իսկ 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի բանաձեւը՝ պարսկերէն լեզւով ընթերցեց Արթին Քեշիշեանը:

Պրն. Բեգլարեանն իր խօսքն ասաց պարսկերէնով. նա յատկապէս անդրադարձ ունենալով աւելի քան չորս ամիսներ Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով շուրջ 120 հազար արցախահայութեան գլխին ճօճւող ցեղասպանութեան վտանգին եւ մատնանշելով Իրանի Իսլ. Հանրապետութեան առաջնորդի խօսքը՝ Արցախի ժողովրդի անվտանգութեան պահպանման ուղղութեամբ, դիմելով Իրանի պետական այրերին՝ ի մասնաւորի արտաքին գործոց նախարարութեանը ցանկացաւ` առաւել չափով զգայնութեամբ հետեւեն այս հարցին եւ իրենց ամբողջ հնարաւորութիւններով աշխատեն տարածաշրջանում հաստատւող խաղաղութիւնը տեղի ունենայ առանց Արացխի ժողովրդի նկատմամբ ճնշումների եւ սադրիչ գործողութիւնների:

Երկօրեայ եկեղեցական արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի:

Նշելի է նաեւ, որ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի 7-ից 10-րդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ, ապրիլի 14-ին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի է ունեցել աշակերտական աշխատանոց, որտեղ աշակերտները, ոչ միայն մաքրազարդել են Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի տարածքը, այլ նաեւ պատրաստել են առիթին նւիրւած պաստառներ ու ձեռքի աշխատանքներ, որոնք ցուցադրւել են վանքի տարածքում: Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի սաների կատարմամբ ապրիլի 19-ին, իրենց հարազատ դպրոցի յարկի ներքոյ իրականացւել է միջոցառում, ողողւած հայրենասիրական երգով ու արտասանութեամբ եւ իհարկէ ձեռքի աշխատանքի պատրաստմամբ: Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատնեկան միութիւնը համագործակցելով ոգեկոչման յանձնախմբի հետ օժանդակել է պահանջատիրական ցուցանակների պատրաստման գործում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները՝ Ալիքի թղթակցի եւ Ստուդիօ Գեւիկի

 

Ուրբաթ՝ ապրիլի 21-ի առաւօտեան, Սպահան նահանգի Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը: Այս սրբավայրում հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցու աճիւնները:

Աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադարձաւ նահատակի կենսագրականին: Նա նշելով, թէ ինչպէս Գրիգոր Արփայեցին, որն այն օրերին քրիստոնէութեան քարոզիչ էր, իր հաւատի պատճառով դաւադիր ծրագրի արդիւնքում մեղաւոր ճանաչւեց վարձկան մարդասպանի կատարած սպանութեան համար եւ մահապատժի ենթարկւեց, պատգամեց. «Այսօր մեր կեանքում չարը զօրեղ է. գործում է անխնայ եւ փորձում որսալ իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնեայի, ուստի հարկաւոր է լինել զգօն եւ արթուն, որպէսզի իմանանք թէ ինչ ենք հիւրընկալում մեր նեղ եւ անձնական շրջանակում, եւ ում դիմաց ենք բացում մեր մտքերը, սրտերն ու հոգիները: Մենք պէտք է մեր կեանքից վանենք՝ չարը, մեղքը եւ անբարոյութիւնը եւ ապաշնորհ ամէն ինչ՝ Աստծոյ ողորմութեանն ու օրհնութեանն արժանանալու համար»:  

Այնուհետեւ ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ, ապա գարնանային պայծառ օրւայ մնացած բաժինը վայելեցին բնութեան գրկում:

Հոծ թւով ժողովրդից բացի՝ արարողութեանը ներկայ էր թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Ջաւէն Սիմոնեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)