Շաբաթ՝ օգոստոսի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցան Լիզբոնի հինգ  անձնազոհ  մարտիկների ողջակիզման 40-ամեակին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը։

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդներից կազմւած «Արարատ», «Շուշի», «Ուրարտու», Սարտարապատ» եւ «Արցախ» սիրողական խմբերը՝ հնգօրեայ մրցաշարի ընթացքում մրցեցին միմեանց հետ, իսկ եզրափակիչ խաղերի շրջագծում տեղի ունեցան «Արարատ-Շուշի» եւ «Ուրարտու-Սարդարապատ» խմբերի մրցութիւնները, որոնց արդիւնքում մրցադաշտից յաղթող դուրս եկան՝ «Սարդարապատ» եւ «Արցախ» խմբերը՝ զբաղեցնելով հերթաբար՝ առաջին եւ երկրորդ տեղերը, որոնց շնորհւեց գնահատագրեր, իսկ «Սարդարապատ» խմբի անդամներին՝ նաեւ պարգեւներ:

Խաղերի մրցավարութեան դժւարին պարտականութիւնը անշահախնդրօրէն ստանձնել էին՝ Ռուբիկ Պարսամեանը, Արթին Մելիքեանը եւ Արին Խաչիկեանը, ովքեր նոյնպէս գնահատւեցին կազմակերպիչների կողմից:

Գնահատագրերը եւ պարգեւները յանձնեցին՝ «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան  նախագահ Ժորժ Ղազարեանը, նոյն Կենտ. վարչութեան փոխնախագահ եւ  Սկաուտական միաւորի հետ կապ  Զարեհ Ղարախանեանը եւ  Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անդամ եւ մրցաշարի Կազմակերպիչ յանձնախմբի հետ կապ Նարեգա Սիմոնեանը:

Խաղերի փակման ծրագիրը վարեց Սկաուտական միաւորի անդամ, դեր առաջնորդ՝ Վանէ Յովսեփեանը, ով հանդէս եկաւ միաւորի անունից շնորհակալական խօսքով ուղղւած մասնակից հինգ խմբերի անդամներին եւ հանդիսատեսին՝ իրենց ներկայութեամբ Լիզբոնի հինգի յիշատակը վառ պահելու համար:

Այս ողջունելի Միջոցառումն  աւարտւեց  խմբական լուսանկարւելով:

 Ստորեւ ներկայացնում ենք յաղթող խմբերի անւանացանկը.

Առաջին կարգ՝ «Սարդարապատ» խումբ, Հերմոնդ Մարկոսեան, Համլետ Պօղոսեան, Դաւիթ Յովսէփեան, Սիփան Մկրտչեան, Երւանդ Աբրահամեան,  Արմէն Ազարանգ եւ Մայիս Թորոսեան:

Երկրորդ կարգ՝ «Արցախ» Խումբ, Ռոմիկ Թահմազեան, Գեւիկ Մկրտչեան, Ռուբէն Իսաղուլեան, Ալբրիկ Ղազարեան, Արամէ Իւնիքեան, Արւին Յովհաննիսեան եւ Էմին Բաղրամեան:

Յիշեցնենք, որ խաղերն իրականացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, նոյն միաւրի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ եւ ի հարկէ «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի համագործակցութեամբ:  

Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն էին՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, Ռոբերտ Սիմոնեանը, Էմմանուէլ Սիրջանեանը, Սասուն Սիմոնեանը, Վանէ Յովսէփեանը, Ստեփանիա Յակոբեանը, Էրիքա Զարգարեանը եւ Քաջազնունի Սարեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Ուրբաթ՝ օգոստոսի 18-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց տաղաւար տօներից չորրորդի՝  Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ, Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի համանուն եկեղեցում: Նոյն օրը նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագի ընթացքում քարոզախօսեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարեց Ս. Կոյս Մարիամի Վերափոխման տօնի հետ կապւած աւետարանական դրւագին, եւ ասաց. «Քրիստոսի խաչելութիւնից 12 տարիներ յետոյ, երբ Սուրբ Կոյսն աւանդում է իր հոգին եւ նրա ցուցմունքի համաձայն առաքեալները դին ամփոփում են Ձիթենեաց լեռան ստորոտում գտնւող Գեթսեմանի պարտէզում, երեք օր Աստւածածնի գերեզմանից լոյս է ճառագայթում եւ լսւում են հրեշտակների քաղցրաձայն փառաբանութեան երգերը եւ երրորդ օրը Քրիստոսը հրեշտակների հետ իջնում է ցած, վերցնում է իր մօր մարմինը եւ փոխադրում է երկինք՝ նրան նստեցնելով իր աջ կողմը»:

Սրբազան Հայրը կարեւորութեամբ ընդգծելով տօնի պատգամը՝ աւելացրեց, որ բոլոր հաւատացեալները պէտք է օրինակ քաղելով Սուրբ Կոյսից, որն ապրեց աստւածապաշտութեամբ, աղօթքով ու բարեգործութեամբ եւ ամենօրեայ կարգով այցելեց Քրիստոսի գերեզմանատուն եւ այլ սրբավայրեր, փորձեն յաճախակիօրէն այցելել եկեղեցի, մասնակցեն Պատարագներին, ստանան հաղորդութիւն եւ վերածւեն Կոյսի փոքր օրինակների:

Յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը. օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Խոյգան գիւղի Եկեղեցեաց վարչութեան անդամները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Նոր Ջուղայի  Հայ  մարզամշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, նոյն միաւորի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի համագործակցութեամբ, օգոստոսի 15-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ամենամեայ ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին, Լիզբոնում զոհւած հինգ քաջարի մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի,  Արա Քրջլեանի,  Սիմոն Եահնեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին:

Բացման ծրագրի սկզբում ներկաներին ողջունեց օրւայ հաղորդավարուհի՝ Սկաուտական միաւորի դեր-առաջնորդ Վանէ Յովսէփեանը, ապա բոլորը յոտնկայս հետեւեցին խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով նոյն միաւորի Արի-Արենուշ հատւածների ներկայացուցիչների միջոցով եռագոյն դրօշի եւ նկարագարդի մուտքը դահլիճ: Լիզբոնի մարտիկների նկարները տեղադրւելուց եւ «Պատւի առ» հրահանգից յետոյ՝ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց անմահ հերոսների անմոռաց յիշատակը:

Յաջորդիւ հաղորդավարուհին անդրադառնալով Լիզբոնի հինգ տղաների գործողութեան իւրայատուկ տեղին ու դերակատարութեանը՝ միջազգային մակարդակի վրայ հայութեան Դատը լայնօրէն ներկայացնելու եւ ծանօթացնելու ուղղութեամբ, նշեց. «Այս  յիշատակի երեկոները, կը գան լռութեան պատերը քանդելու, կը գան ասելու, թէ հայ երիտասարդութիւնը պատրաստ է իւրաքանչիւր օր շարունակել պայքարը, որպէսզի համայն աշխարհին լսելի դարձնի անարդարութեան մասին, որը մինչեւ այսօր էլ շարունակւում է Արցախի շրջապատումով: Հայ ժողովուրդը վերստին պահանջում եւ սպասում է արդարութեան վերականգնմանը»:

Սկաուտական միաւորի  Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց Գերագոյն մարմնի եւ   Կազմակերպիչ յանձնախմբի կապ, դեր-խմբապետ Նարեգա Սիմոնեանը, որում պատմական ակնարկ էր նետւած Լիզբոնի հինգ մարտիկների սխրանքին եւ մասնաւորապէս նշւած էր՝ «Լիզբոնի տղաների մարտիրոսացումը դարձաւ նորօրեայ վկայութիւնը՝ իմացեալ մահով անմահութիւն նւաճելու համար: Նրանց հետ մեր էութեան կենսուրախ բջիջը ողջակիզւեց, պատգամելով՝ չմոռանալ հայ ժողովրդի դէմ գործադրւած ցեղասպանութիւնը եւ ըստ արժանւոյն տէր կանգնել մեր արդար դատին»:

Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու Սոնիկ Բաղումեանը, ով նախ իր յարգանքի խօսքն ուղղելով ողջակիզւած հինգ երիտասարդների անմոռաց յիշատակին, ողջունեց «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամներին՝ մրցաշարի կազմակերպման եւ Լիզբոնի Հինգի գաղափարն ու ճանապարհը շարունակելու համար: 

Նա այնուհետեւ անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց. «Նրանք անցան զոհաբերութեան ռուբիկոնը, կարողացան յաղթահարել եւ ինքնազոհողութեան գնալով՝  դրսեւորեցին իրենց բարձր կամքը, որպէսզի արծարծեն հայ ժողովրդի իրաւունքների արդարացիութիւնը, ինչը վերջին շրջանում նրանց այս գաղափարին տւել է յաւերժական Հայաստան գաղափարի գեղեցիկ բանաձեւումը»:

Շարունակութեան մէջ տկն. Բաղումեանն ասաց. «Լիզբոնի տղաները եթէ այսօր ողջ լինէին, եթէ ոչ Լիզբոնում, ապա հայ ժողովրդի պաշտպանութեան այլ ճակատներում հաստատ կը լինէին առաջին շարքերում, ինչպէս հետագային եղան՝ նրանց միւս ընկերները: Նրանց չապրած 40 տարիները, գուցէ մեզանից շատերի ապրած 40 տարիներից աւելի մեծ ազդեցութիւն եւ արժէք ունեցան մեր ժողովրդի համար, այդ իսկ պատճառով, գրւել են երգեր  եւ մինչ այսօր խօսւում է նրանց սխրագործութեան  մասին եւ դա շատ կարեւոր հանգամանք է. առաջարկում եմ խորհեն բոլորը, որ մեր ապրած կեանքը եւ հետագային, երբ պիտի չապրենք, որքանով է օգուտ հասցնելու եւ ինչքանով է ազդելու մեր հայրենիքի ու մեր ժողովրդի գեղեցիկ ապագան կերտելու հարցում»:

Բանախօսը մատնանշելով նաեւ Արցախում հայորդիների ծանր պայմանները, ասաց. «Եթէ այսօր Արցախում հայը սովամահ է դառնում թրքական եւ ադրբեջանական նենգ քաղաքականութեան ու համաշխարհային լռութեան պայմաններում, ուրեմն Լիզբոնի տղաները իրենց  պայքարի մէջ սխալ չեն եղել»:

Ծրագիրը շարունակւեց դեր-առաջնորդ Ստեփանիա Յակոբեանի կատարմամբ՝ Յովհաննէս Շիրազի «Յիշէ՛ք հայեր» ստեղծագործութեան ասմունքով: 

Յաջորդիւ հրաւիրւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ.  Սիփան Ս. Եպս Քէչէճեանը իր պատգամը փոխանցելու:

Սրբազան Հայրն ասաց. «Այս հինգ տղաների ինքնակամ եւ գիտակցութեամբ անձնազոհութիւնը եկաւ արթնացնելու աշխարհին եւ միջազգային պետութիւններին, որպէսզի վերջ տան իրենց կոյր քաղաքականութեանը, ի դէմս՝ Հայ Դատի եւ Հայոց ցեղասպանութեան: Այս բոլորից յետոյ մենք 40-տարիներ շարունակ կարողացանք կողմնորոշւել, ճշտորոշւել եւ բռնել ուղիղ ճանապարհը, որը մեզ առաջնորդեց դէպի յաղթանակ, սակայն այսօր  յայտնւել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ 44-օրեայ պատերազմի հինգ հազար զոհերը չեն կարողանում արթնացնել միջազգային պետութիւնների խիղճը, ինչպէս նաեւ մի շարք հայորդիների գիտակցութիւնըԹող այսօր հինգ երիտասարդների պայթումի ձայնին միանան մեր բոլոր նահատակները, արթնացնելու արդարադատութեան դատարանի խիղճը, միջազգային պետութիւնների գիտակցութիւնը, բայց մանաւանդ մեզ, որպէս ժողովուրդ հետեւելու  եւ  ճշգրիտ ճանապարհին հասնելու համար:

Թեմակալ Առաջնորդն իր խօսքի աւարտին ուժ ու կորով եւ համբերութիւն մաղթեց, բայց մանաւանդ մաղթեց՝ յոյս, սէր, հաւատք  եւ միութիւն՝ մեր ազգի բոլոր զաւակներին:

Բացման հանդիսութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց եւ խաղադաշտ նետւեց գնդակը, ապա  տեղի ունեցաւ ընկերական խաղ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան ֆուտբոլի կրտսեր խմբի անդամների մասնակցութեամբ: 

Վերջում,  որպէս  մրցութային բաժնի մեկնարկ՝ խաղադաշտ իջան  «Արցախ» եւ «Շուշի» խմբերը:

Նշելի է, որ այս տարի մրցաշարին իրենց մասնակցութիւնն են բերել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Արցախ», «Շուշի», «Ուրարտու»  եւ «Սարդարապատ» խմբերը:

Հնգօրեայ խաղերի փակումը կայանալու է շաբաթ՝ օգոստոսի 19-ին:

Խաղերի բացման արարողութեանը  ներկայ էին նաեւ՝ Սպահանի Հայոց թեմի  ազգային մարմիների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ օգոստոսի 13-ին, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝  Ս. Աստւածածնի  Վերափոխման եւ նոյն եկեղեցու անւանակոչութեան  տօների առթիւ:

Ս. Պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզախօսեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երիտասարդ անդամ հոգեշ. Տ. Եզրաս Աբղ. Թէնէքէճեանը, որին սպասարկում էին՝  քահանայից եւ դպրաց դասերը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:  

Պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում անդրադառնալով օրւայ խորհուրդին, յատկապէս նշեց Ս. Աստւածամօր  առանձնայատուկ  արժանիքները, որպէս՝ Աստծոյ ընտրեալ ամենաօրհնեալ եւ բարեխօս կին եւ ասաց. «Նա Աստծոյ հրամանով հանդիսացաւ մարդկութեանը փրկիչ շնորհող մայր, ով Աստծոյ հոգու  պատկերով   վերածնեց լոյսը, որով  առանցքային տեղ գրաւեց մեր կեանքում եւ դարձաւ սիրելի, յարգւած ու պաշտւած մայր՝ ոչ միայն քրիստոնէութեանայլ նաեւ օտար կրօնների մօտ»: Քարոզիչն իր խօսքի մի այլ բաժնում մատնանշելով Խաղողօրհնէքի կարգը, ասաց.  «Խաղողն իր բազմազան իմաստների կողքին նշանակում է մեր Տիրոջ քաղցրութեան ներկայութիւնը, որը լուսաւորում է մեր միտքն ու հոգին եւ առաջնորդում է մեզ դէպի հաւատքով կեանք ու փրկութեան ճանապարհ»: Նա յորդորեց, որ նեղութեան, տառապանքի եւ դժւարութեան ժամանակ, հայցել Աստւածամօր բարեխօսութիւնը եւ մաղթեց, որ մեր Տիրոջ ողորմութիւնը եւ Աստւածամօր մայրական օրհնութիւնը բոլորի վրայ լինի:

Յաւարտ Ս. Պատարագի, գլխաւորութեամբ առաջնորդ Սրբազան Հօր տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի   ծիսակատարութիւնը, որի աւարտին, թեմակալ Առաջնորդը շնորհաւորանքի, շնորհակալական, գնահատանքի եւ քաջալերանքի խօսքեր ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել տօնը նշելու համար եւ մաղթեց՝ Աստւած կատարի իրենց խորհուրդները: Վերջում որպէս օրհնութիւն՝ ներկաներին բաժանւեց փաթեթաւորւած եւ օրհնւած  խաղողի ողկոյզներ:

Յատկանշական է, որ Ս. Պատարագից յետոյ ժամը 12:30-ին, կատարւեց խաղողօրհնէքի կարգ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Մինաս» եկեղեցիներում՝ հերթաբար արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ:                     

Այս առիթով նոյն օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց վարդանանց» եկեղեցում, ձեռամբ՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ կատարւեց Խաղողօրհնէքի կարգը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Անյիշելի ժամանակներից սկիզբ առած Նոր Ջուղայի հնաւանդ մի սովորութեան համաձայն, որն ամենամեայ կարգով իրականացւում է Սուրբ Աստւածածնի Վերափոխման (Խաղողօրհնէք) տօնին նախորդող չորեքշաբթի օրւայ ընթացքում, այս հինաւուրց համայնքի ժողովուրդը օգոստոսի 9-ին, սկսեալ առաւօտեան ժամը 8:30-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, այցելեց Նոր Ջուղայի 13 եկեղեցիներ եւ մատուռներ, որոնցում աղօթեց եւ մոմ վառեց իր խորհուրդների իրականացման համար:

Նշելի է, որ ամէն տարի այս հնամեայ սովորութիւնը մեծ ընդառաջում է գտնում համայնքի ժողովրդի կողմից եւ անգամ բազմազբաղ անհատներն էլ ծրագրում են, որպէսզի կարողանան օրւայ ընթացքում, որպէս հաւատի արտայայտութիւն, այցելել բոլոր եկեղեցիներ եւ վառել իրենց մոմերը:

Լուսանկարները տրամադրեցին՝ Թղթակիցը (Նոր Ջուղա)

եւ Նոր Ջուղայի եկեղեցիների սարկաւագները

  

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, 9, 11, 23 եւ 25 յուլիսին կայացան «Փոքրիկ հնագէտը» խորագրով մանկական ուսուցողական աշխատանոցները, նպատակ ունենալով ոչ միայն ուսուցանելու նշւած ոլորտին առնչւող տերմիններն ու գիտելիքները, այլ նաեւ փոքրիկների մէջ առաւել չափով ձեւաւորելու արժէքների եւ հնութիւնների պահպանման նկատմամբ սէրն ու բծախնդիր կեցւածքը: Աշխատանոցին իրենց մասնակցութիւնն էին ցուցաբերել 8-10 տարեկան 11 մանուկներ:

Այս շրջագծում ուսուցման գործը վստահւել էր Սպահանի Մշակութային ժառանգութեան պահպանման ոլորտում գործունէութիւն ծաւալող «Ման» դպրոցի հիմնադիր եւ մասնագէտ-հնէաբան Մոնա Ջամադիանին, իսկ կազմակերպման գործում «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանի հետ սերտ համագործակցութիւն էին ցուցաբերել Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանի յանձնախմբի անդամներ՝ Ռիմա Սիմոնեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանն ու Արգին Աբնուսեանը, ինչպէս նաեւ Առաջնորդարանի պաշտօնեաներ՝ Նարէ Մարկոսեանը եւ Վանանդ Իսաղուլեանը: Բոլոր միջոցառումներին ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի անդամուհի Ռայեա Խուդավերդեանը:

Առաջին աշխատանոցի ընթացքում փոքրիկները ծանօթացան նախամարդի եւ նրա կենցաղային սովորութիւնների հետ, ապա նախնադարեան քարանձաւ խորհրդանշող ձեռակերտ քարայրում սեփական ձեռքերով ներկի հետքեր թողեցին քարանձաւի ներսի եւ դրսի պատերի վրայ՝ ինչպէս հազարամեակներ առաջ նախամարդը դաջում էր իր մտքերն ու մտածումները: Վերջում առկայ նիւթերով պատրաստեցին առաջին մարդկանց կենցաղային իրերը՝ մուրճ, կացին եւ այլն:

Երկրորդ աշխատանոցի ծրագիրը, ինչպէս առաջինը, յագեցած էր բուռն անակնկալներով: Սկզբում փոքրիկները ծանօթացան նախնադարեան մարդկանց բնակարանների կառուցւածքին, ապա փորձեցին պատրաստել աղիւսներ եւ տարածքում եղած հնարաւորութիւններից օգտւելով կերտել երկու բնակարան:

3-րդ միջոցառման ընթացքում մանուկների հետաքրքրութեան մակարդակը հասաւ իր գագաթնակէտին, քանի որ նրանք՝ ինչպէս փորձառու հնէաբաններ, համապատասխան գործիքներով պեղումներ կատարեցին նախատեսւած տարածքում եւ գտան խորհրդանշական հնութիւնները. վերջում փորձեցին գտած իրերը չափագրել, լուսանկարել եւ գրանցել պատկան տւեալները, իսկ միացնելով կոտրւած բաժինները վերականգնել յայտնաբերւած իրերի ամբողջական տեսքը:

Վերջին աշխատանոցը բաղկացած էր զանազան բաժիններից: Երեխաները, ովքեր կազմակերպիչների յանձնարարութեամբ, որպէս տնային աշխատանք սերտել էին «12-ամեայ Յիսուսը զարմացնում է ուսուցիչներին» աւետարանական դրւագը, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, որտեղ աղօթեցին, ապա եկեղեցու որմնանկարների միջից գտան նշւած դրւագին պատկանող պատկերը: Յաջորդիւ այցելեցին վանքի Ազգագրական թանգարան եւ լսելով զբօսավարի բացատրութիւնները ցուցադրւած իրերի մասին, առաւել չափով ծանօթացան իրենց նախնիների՝ Նոր Ջուղայում հաստատման պատմութեանը եւ կենցաղային ոճին: Ծրագրի մնացեալ բաժնում ներկեցին սալիկի վրայ դաջւած հրեշտակի պատկերը, իսկ այցելելով վանքի տպարան՝ արճիճէ տառերով կազմեցին եւ թղթի վրայ տպագրեցին իրենց անունները: Վերջում ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ կազմակերպիչների բոլոր մասնակիցները ստացան վկայագիր:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչները

  

Չորեքշաբթի՝ յուլիսի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղաի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ նոյն միութեան Ուսանողական միաւորի, կազմակերպւեց ուսուցողական լսարան՝ «Արհեստական ինտելեկետ (AI)» խորագրով, որին մասնակցութիւն էին ցուցաբերել՝ ուսանողներ, աշակերտներ եւ այս ոլորտով հետաքրքւող անձինք:

Լսարանի զեկուցաբերներն էին՝ Արսինէ Մարգարեանն ու Անդրիա Խաչատրեանը:

Նախ ներկայացւեցին արհեստական ինտելեկտի ստեղծման եւ անցեալի մասին տեղեկութիւններ, ապա անդրադարձ եղաւ այս շրջագծում մի քանի ծրագրերի եւ դրանց գրանցման ու օգտագործման եղանակներին, իսկ վերջում զրոյց ծաւալւեց այս նորագոյն եւ առաջատար տեխնոլոգիայի ապագայի շուրջ:

Վերջում զեկուցաբերները պատասխանեցին ներկաների հարցումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչ միաւորը

  

Օգոստոսի 5-ից 19-ը անցկացւող Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակից Սպահանի մարզական պատւիրակութիւնը հինգշաբթի՝ օգոստոսի 3-ի առաւօտեան ուղեւորւեց դէպի Հայաստան։

Այս մարզական իրադարձութեանը Սպահանի մարզիկների մասնակցութիւնն ապահովւել է Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի միջոցով։

Սպահանից հայրենիք են ժամանելու 21 մարզիկ եւ 3 մարզիչ՝ 2 պատասխանատուի գլխաւորութեամբ։ Պատւիրակութեան գլխաւոր պատասխանատուն է յանձնախմբի նախագահ Ժորժիկ Մատթէոսեանը։

Այս խաղերում մեր ներկայացուցիչները մրցելու են չորս մարզաձեւում՝ տղայոց բասկետբոլ, սեղանի թենիս, թեթեւ ատլետ եւ թենիս։

Բարի երթ եւ յաղթանակ ենք մաղթում մեր պատւիրակութեանը։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի 6-րդ հաշւետու նիստը տեղի ունեցաւ 2023 թւականի յուլիսի 6, 7 եւ 21-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանի պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Յուլիսի 6 եւ 7-ի նիստերին ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

6-րդ հաշւետու նիստի ընթացքում օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ՝ Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների տեղեկագրերի, ինչպէս նաեւ Հաշւեքննիչ մարմնի զեկոյցի շուրջ տեղի ունեցան հարց ու պատասխաններ, ըստ էութեան արտայայտութիւններ կատարւեցին՝ գործադիր մարմինների գործունէութեան շուրջ, Դիւանի կողմից ներկայացւեց թեմի կացութեան գնահատումը՝ ըստ թեմի վերջին վիճակագրական տւեալների՝ առանձնացնելով մի շարք կարեւոր ոլորտների մասին յստակ տւեալներ եւ թւեր, Թեմական ու Կրօնական խորհուրդները եւ պատգամաւորները հնչեցրին իրենց առաջարկներն ու նախագծերը, որոնք առ ի ուսումնասիրութիւն յանձնւեցին համապատասխան յանձնաժողովներին, հաստատւեցին գործադիր մարմինների ընթացիկ նախահաշիւները, հաստատւեց ժողովի բանաձեւը եւ երկամեայ ժամանակաշրջանի համար ընտրւեցին Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի կազմերը:

Ժողովն իր աւարտին ի զօրակցութիւն Արցախի հանդէս եկաւ յայտարարութեամբ, որը հետեւեալ կէտերի ներքոյ ներառւեց ընդհանուր բանաձեւում.  

ա. Դատապարտում ենք Ադրբեջանի իշխանութեան թշնամական քաղաքականութիւնն ու ոտնձգութիւնները Արցախի Հանրապետութեան ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, արցախահայութեան տարրական իրաւունքների ոտնահարումն ու շրջափակումը, ինչպէս նաեւ տարածաշրջանում կիրառւող էթնիկ զտման քաղաքականութիւնը.

բ. Անվերապահօրէն զօրակցում եւ պաշտպանում ենք արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը.

գ. ՀՀ իշխանութիւնից պահանջում ենք հրաժարւել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հակահայկական եւ պարտւողական քաղաքականութիւնից.

դ. Դիմում ենք միջազգային կառոյցներին եւ կազմակերպութիւններին, որ ջանքեր գործադրեն Արցախի ապա-շրջափակման ու անվտանգութեան պահպանման ուղղութեամբ՝ պարտադրելով Ադրբեջանի իշխանութիւններին օր առաջ վերացնել Արցախի շրջափակումը՝ շրջանի ժողովրդին սպառնացող հումանիտար աղէտից փրկելու համար.

ե. Ողջունում ենք Իրանի Իսլ. Հանրապետութեան հոգեւոր, քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան աչալուրջ մօտեցումներն ու գործողութիւնները Հարաւային Կովկասում մեծապետական ուժերի կողմից մշակւած եւ Ադրբէյջանի, Թուրքիայի ու Իսրայէլի համատեղ ջանքերով գործադրւող պանթուրքիստական դաւադիր ծրագրերը խափանելու, տարածաշրջանում  կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու ու ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցութիւնն ամրապնդելու ուղղութեամբ:

Յուլիսի 23-ին, Սբ. Ամենափրկիչ վանքում, Պատգամաւորական ժողովի դիւանի հրաւէրով եւ Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ, առանձնաբար կայացան Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի առաջին նիստերը, որտեղ կատարւեցին նշւած կազմերի պարտականութիւնների բաժանումները:

Ստորեւ ներկայացնում ենք նորընտիր մարմինների անդամներին՝ ըստ որոշւած պարտականութիւնների.

 

Պատգամաւորական ժողովի դիւան

Պրն. Նոէլ Մինասեան՝                                                 Ատենապետ

Պրն. Գեղարդ Մանսուրեան՝                                    Փոխ-ատենապետ

Տկն. Արմինէ Սիմոնեան՝                                             Ա. ատենադպիր

Պրն. Նորւիկ Պօղոսեան՝                                            Բ. ատենադպիր

 

Թեմական խորհուրդ

Պրն. Վարուժ Մինասեան՝                                         Ատենապետ

Դոկտ. Վաչիկ Հայրապետեան՝                                Փոխ-ատենապետ

Տկն. Ռայեա Խուդավերդեան՝                                 Ա. ատենադպիր

Դոկտ. Մեղեդի Խուդաբախշեան՝                          Բ. ատենադպիր

Պրն. Նարբէ Ջարդն Դաւուդ՝                                    Գանձապահ

Պրն. Տարօն Տէր-Մարտիրոսեան՝                         Վերահսկիչ հաշւապահ

Պրն. Սարմէն Մինասեան՝                                         Գոյքապահ

 

Կրօնական խորհուրդ

Պրն. Զաւէն Սիմոնեան՝                                              Ատենապետ

Արժ. Տ. Մեսրոպ Աւ. Քհնյ. Գալստանեան՝           Փոխ-ատենապետ

Տկն. Սեդա Այւազեան՝                                                 Ատենադպիր

Պրն. Գուրգէն Թահմազեան՝                                    Գանձապահ

Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեան՝             Խորհրդատու

 

Հաշւեքննիչ մարմին

Պրն. Վրդանէս Մկրտչեան՝                                       Ատենապետ

Պրն. Նապիկ Մելիքեան

Օր. Սիլւանա Ղարախանեան

Նշելի է, որ միամեայ ժամանակաշրջանի համար ընտրւեցին նաեւ Պատգամաւորական ժողովին մասնակցող խորհրդակցական ձայնով հրաւիրեալները՝ պրնյք. Արբի Բաբայեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Վարուժ Մովսիսեանը եւ Վազգէն Թահմազեանը:

 

25 յուլիս 2023                                                      Ս.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի Դիւան

Կազմակերպութեամբ Սպահանի հայոց թեմի Ազգային մարմինների, երեքշաբթի՝ յուլիսի 25-ի կէսօրւայ 12:00-ին, հոգեւորականաց եւ դպրաց դասերի միջոցով ղօղանջեցին թեմի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի զօրակցութիւն Արցախի եւ արցախահայութեան:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Կիրակի՝ յուլիսի 23-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում մատուցւած Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի սրբատառ հռչակագիր-կոնդակը՝ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակի առթիւ:

Այս հռչակագրում յատկապէս ընդգծւած էր. «Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակը մեզ յիշեցնում է  մեծ Հայրապետի հիասքանչ վաստակը արժանի վեհութեամբ ու շքեղութեամբ արժեւորելու մեր հաւաքական կեանքում, նրա անձից ու գործից ճառագայթող հաւատքով ու շնորհներով շաղախելով մեր համայնական եւ անհատական կեանքը: Այս սպասումից մեկնած թելադրում ենք՝

ա. Մեր թեմերին՝ յատուկ նախաձեռնութիւնների ճանապարհով արժանավայել կերպով նշելու կարեւոր յոբելեանը:

բ. Մեր հոգեւոր հայրերին՝ մօտիկից հաղորդ դառնալու Շնորհալիի դաւանաբանական ու միջ-եկեղեցական տեսակէտներին, եւ շեշտելու նրանց կարեւորութիւնը յատկապէս միջ-եկեղեցական շրջանակներում:

գ. Մեր մտաւորականներին՝ լուսարձակի տակ բերելու բանասիրական ու գրական յատուկ կարեւորութիւն ներկայացնող Շնորհալիի հարուստ գրիչի արգասիքը»:

Հարկ է նշել, որ սրբատառ կոնդակը ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում՝ հոգշ. Տ. Եզրաս Աբղ. Թէնէքէճեանի միջոցով:

«Ս. Սարգիս» եկեղեցում պատարագեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ «Սրբոց Վարանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Շահինշահրի լուսանկարները տրամադրեց Համայնքային վարչութեան գրասենեակը։

  

 

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ, կիրակի՝ յուլիսի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Կուսանաց Մենաստան»-ի եւ Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցու Պատարագը մատուցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անդամ հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանը, իսկ Նոր Ջուղայի «Ս. Կուսանաց Մենաստան»-ում պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը նախագահեց Բոլորանի «Ս. Ղուկաս» եկեղեցու Պատարագին:

Հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանն իր քարոզախօսութեան ընթացքում նախ  խօսեց Քրիստոսի Պայծառակերպութեանն անդրադարձող աւետարանական դրւագից, ապա որպէս օրւայ խորհուրդ եւ պատգամ յորդորեց՝ դէպի լոյսի աղբիւր գնալ՝ կեանքի տափակութիւնից բարձրանալու եւ ընթացիկից ու սովորականից վեր ելնելու համար: Նա նաեւ յիշատակելով, որ Քրիստոսը լեռ բարձրացաւ իր պատգամը՝ «Երանիներ»-ը փոխանցելու համար, լեռ բարձրացաւ աղօթելու համար,  խաչւեց բլուրի վրայ եւ երկինք համբարձւեց լեռան վրայից, աւելացրեց, թէ այսօրւայ Այլակերպութեան խորհուրդը հրաւիրում է հոգու եւ մտքի լեռը բարձրանալ ու հաղորդակցութեան մէջ մտնել Աստծոյ եւ Քրիստոսի հետ, ոչ թէ առիթից առիթ, այլ մնայուն կերպով՝ Քրիստոսի լոյսով լուսաւորւելու համար:

Պատարագի աւարտին նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց խնձորի օրհնութիւն. այս կարգը հայկական հինաւուրց կարգերից է, որը ժամանակին կատարւել է գիւղերում՝ Վարդավառի տօնի առթիւ եւ Սրբազան Հայրն այն իրականացրեց՝ նշւած սովորութեան վերականգնման համար:

Նշելի է, որ «Ս. Ղուկաս» եւ «Ս. Կուսանաց Մենաստան» եկեղեցիներում երգեցողութիւնը հերթաբար կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Շուշանիկ» երգչախմբերը. Բոլորան գիւղի եկեղեցու Պատարագին ներկայ էր նաեւ Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին սարկաւագները

 

 

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի, երկուշաբթի՝ յուլիսի 10-ի առաւօտեան, նոյն դպրոցի շրջափակում, Վարդավառի առիթով կազմակերպւեց «Ջուր-փրփուր»-ի փառատօնը, որտեղ 1.5-ից 6 տարեկան մանուկները վայելեցին նախատեսւած ջրային եւ փրփուրներով խաղերը:

Անակնկալ խաղերով առ լեցուն այս միջոցառումով ամառային շոգ օրը փոքրիկների համար յիշարժան դարձաւ եւ նրանց խանդավառ ճիչերը ողողեցին դպրոցի շրջափակը: Ծրագրի ընթացքում երեխաներին ընկերակցում էին ծնողներն ու Մանկապարտէզ-նախակրթարանի աշխատակազմը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տնօրէնութիւնը

 

 

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, ուրբաթ՝ յուլիսի 7-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանի շրջափակում կազմակերպւեց մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի հեղինակած գրքերի եւ դաշնամուրային ալբոմների շնորհանդէսը: Ծրագրին ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, երաժիշտներ եւ հեղինակի հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ ու մի շարք այլ հայ եւ պարսիկ հայրենակիցներ:

Այս շնորհանդէսով պաշտօնապէս երաժշտութեան աշխարհ մուտք գործեցին «Թռիչք նւագարաններով» (پرواز با سازها), «Կապուտիկ» (گل گندم) եւ «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները (آسمان آبی 2 و 3) ուսուցողական գրքերն, ինչպէս նաեւ «Արարչութիւն» (آفرینش) եւ «Փրկութիւն» (رهایی) դաշնամուրային ալբոմները:

«Թռիչք նւագարաններով» գիրքը հիանալի առիթ է հանդիսանում այն անձանց համար, ովքեր ցանկանում են նոր փորձառութիւններ ունենալ զանազան նւագարանների եւ դաշնամուրի զուգորդւած կատարումներով, «Կապոյտ երկինք»-ի 2-րդ եւ 3-րդ հատորները, ինչպէս առաջին հատորը, եզակի հաւաքածուներ են բաղկացած փոփ երգերի երաժշտութիւնների դաշնամուրային վերամշակւած մեղեդիներից, իսկ «Կապուտիկ» գրքում տեղ են գտել հայկական եւ պարսկական ժողովրդական երաժշտութիւններ.   «Արարչութիւն» ալբոմը բաղկացած է թւով 12, իսկ «Փրկութիւն»-ը 11 դաշնամուրային կատարումներից՝ Համիկ Ալեքսանդրեանի նւագակցութեամբ: Նա այս երկու սկաւառակները հերթաբար նւիրել է իր ուսուցիչներին եւ զաւակներին:

Հարկ է նշել, որ դաշնակահարը մինչեւ այս հրապարակել է «Կապոյտ երկինք» գրքի առաջին հատորը (آسمان آبی 1), «Թռիչք դաշնամուրով» (پرواز با پیانو) գիրքը եւ «Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) ու «Ծաղիկների շշունջը» (زمزمه ی گل ها) դաշնամուրային կատարումներից բաղկացած սկաւառակները:

Շնորհանդէսն սկիզբ առաւ հանդիսավար Վանանդ Իսաղուլեանի ողջոյնի խօսքով, այնուհետեւ նա ընթերցեց Համիկ Ալեքսանդրեանի կենսագրականը եւ ի մասնաւորի ներկայացրեց երաժշտութեան ասպարէզում նրա կրթութիւնն ու ձեռքբերումները, ընդգծելով հետեւեալը. «Համիկ Ալեքսանդրեանը ծնւել է 1971 թւականին, Նոր Ջուղայում: Վեց տարեկանից յաճախել է դաշնամուրի մասնաւոր դասընթացների: 2001 թւականին աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիան մագիստրատուրայի (գերլիսանս) մակարդակով՝ մասնագիտանալով խմբավարական եւ սիմֆոնիկ-օպերայի դիրիժորութեան ճիւղերում: Նա 1999 թւականին թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ հիմնադրել է Ս Ամենափկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը եւ ստանձնել խմբի ղեկավարութիւնը՝ հիմնադրման օրից մինչեւ այսօր: Ուսումը կատարելագործելու նպատակով 2006 թւականին Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի «Էքոլ նորմալ սուպերիեր» երաժշտական դպրոցի Սիմֆոնիկ դիրիժորութեան ֆակուլտետի դասընթացներին՝ պրոֆ. Դոմինիք Ռուիթզի դասախօսութեամբ: Հեղինակն է բազմաթիւ ուսուցողական գրքերի եւ երաժշտական ալբոմների, որոնք բոլորը պաշտօնական գրանցում են գտել համաշխարհային պլատֆորմեր՝ «Ամազոն»-ում, «Այ թիունզ»-ում, «Սփաթիֆայ»-ում եւ «Ափլ միուզիք»-ում. երաժշտին նաեւ յաջողւել է իր ստեղծագործութիւնները գրանցել տալ Եւրոպայի եւ Ամերիկայի անւանի հրատարակչութիւններից՝ «Իւնիվերսալ Էդիշն»-ում, որին պատկանող կայքում Համիկն ունի իր անձնական էջը»:

Յաջորդիւ արտայայտւեց Համիկ Ալեքսանդրեանը: Նա նշելով, որ արւեստագէտի գոյութիւնն իմաստաւորւում է արւեստասէր անձանց կողքին լինելով, աւելացրեց, որ իր աշխատանքային գործունէութեան ընթացքում իր առաքելութիւնն է համարել անարատ եւ աստւածային արւեստի արարումը եւ բարձրագոյն արժէք է նկատել այնպիսի սերնդի կրթելն ու դաստիարակելը, որը կը կարողանայ շարունակել այս ընթացքը եւ զարգացնել երաժշտութեան աշխարհը: Նա աւելացրեց, որ իր նպատակին հասնելու համար որդեգրել է երկու ուղի՝ առաջինը՝ ստեղծել եւ կատարել բարձրորակ երաժշտութիւն, որն արդիւնքն է լինելու տարիներ ջանադիր եւ համբերատար աշխատնքի, իսկ երկրորդը՝ հրապարակել համաշխարհային դասական երաժշտութեան ստանդարտներին համապատասխան ուսուցողական որակեալ գրքեր՝ իր ուսանողների համար՝ սկսած սկսնակներից մինչեւ բարձր մակարդակներում կրթւողները: Պրն. Ալեքսանդրեանն իր խօսքի աւարտին յոյս յայտնեց, որ այս տարիների ընթացքում կարողացել է ինչ որ մի արժէք աւելացնել այս ոլորտին եւ ընթացքը աւելի հեշտացնել նոր սերնդի համար:

Ելոյթների շարանում իր սրտի խօսքն ասաց հեղինակի կինը՝ Արսինէ Մարգարեանը, ով աւելի քան 25 տարիներ աշակերտել է մայեստրոյին՝ լինելով «Տաթեւ» երգչախմբի անդամ եւ մենակատար երգիչ: Նա անդրադառնալով իր ամուսնու բնաւորութեան գծերին, որոնց ականատեսն է եղել 20 տարիներ համատեղ կեանքում՝ հանգիստ բնաւորութիւնը, ուսուցման գործում ազնւութիւնը, անաչառութիւնը, անկեղծութիւնը, երախտագիտութեան զգացումն իր ուսուցիչների նկատմամբ եւ միայն իր անցեալի հետ մրցակցութիւնը, նրա ներաշխարհի ամենափայլուն յատկութիւնները համարեց եւ ասաց, որ իրենց կեանքում յաջողութիւնը միշտ դիտւել է որպէս նոր փորձառութիւն ապագայ ձեռքբերումների համար եւ երբեք չեն յուսահատւել դրանցից: Տկն. Արսինէն յատկապէս ընդգծեց, որ Համիկի մօտ ընդունւած չեն գործակիցների նկատմամբ անյարգալից պահւածքը կամ նրանց դատելը, որովհետեւ համոզւած է իւրաքանչիւր անհատ արժեւորւում է իր կատարածի հիմամբ:

Արտայայտւեց նաեւ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նշելով, որ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտութիւնում ոչ միայն արտացոլւած են հայկական եւ իրանական մեղեդիները, այլ նաեւ Սպահանի առոգանութիւնը յիշեցնող մի երեւոյթ, ինչը իւրայատուկ բոյր է հաղորդում նրա ստեղծագործութիւններին: Պրն. Բեգլարեանն ընդգծելով, որ հայկական եւ իրանական մշակոյթում իր ուրոյն դերն է զբաղեցրել երաժշտութիւնը, բարձր գնահատեց հեղինակի ծաւալած գործունէութիւնը՝ նրան մշակութային ոլորտի սահմանային ակտիւիստ (کنشگرمرزی) անւանելով, ովքեր ոչ միայն նոր հասկացութիւններ են ներմուծում մշակոյթի մէջ, այլ նաեւ շարունակ աւանդոյթի եւ արդիականութեան սահմաններում են իրականացնում իրենց աշխատանքները: Պատգամաւորն իր խօսքն աւարտեց Համիկին նորանոր յաջողութիւններ եւ ձեռքբերումներ մաղթելով:

Այնուհետեւ երեք դաշնամուրային կատարումներով երեկոյին իւրայատուկ բոյր հաղորդեց Համիկ Ալեքսանդրեանը: Սկզբում Հայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ նւագախմբի առաջին ֆլէյտահար եւ Շիրազի «Արւեստի համալսարան»-ի դասախօս արցախահայ Արտաշէս Գրիգորեանի ֆլէյտայի նւագակցութեամբ, նա նւագեց «Կապուտիկ» գրքից հայկական եւ պարսկական երաժշտութիւններից շարան, ապա մենակատարեց դարձեալ իր ստեղծագործութիւններից՝ «Արարչութիւն»-ը եւ «Փրկութիւն»-ը, որոնք տեղ են գտել նոյնանուն երկու սկաւառակներում:

Վերջում պրն. Ալեքսանդրեանը ցանկացողների համար ստորագրեց իր գրքերն ու սկաւառակները:

Նշելի է նաեւ, որ երեկոյի ընթացքում հեղինակի ստեղծագործութիւններից նւագեցին մի շարք պատանի կատարողներ. նւագողներից մեծամասնութիւնը Համիկի աշակերտներից էին: Կատարումներից մէկում հանդէս եկան երաժշտի երկու զաւակները՝ Արամէն ու Տաթեւիկը՝ հերթաբար դաշնամուրի եւ ֆլէյտայի նւագակցութեամբ: Ի դէպ Արամէն աշակերտում է հէնց իր հայրիկին:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հովւական այցելութիւնների շրջագծում, այս անգամ այց կատարեց Շիրազ, ուրբաթ՝ յունիսի 30-ին: Սրբազան Հօրն նշւած ճամբորդութեան ընթացքում ընկերակցում էր Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանը:

Եռօրեայ այս այցելութեան ժամանակաշրջանում, ուրբաթ երեկոյեան, Սրբազան Հայրն «Հայ տուն»-ում հանդիպեց շիրազահայ համայանքի անդամներին, որտեղ հիմնականում քննարկւեցին համայնքի առջեւ ծառացած դժւարութիւնները, ապա դրանց փարատման ուղղութեամբ փոխանակւեցին առաջարկներ ու տեսակէտներ: Հանդիպումն աւարտւեց ընթրիք-երեկոյով, որի ընթացքում համայնքի փոքրիկները հանդէս եկան աղօթքների արտասանութեամբ, եւ երգերի ու ասմունքների կատարումներով:

Յաջորդ օրը՝ շաբաթ՝ յուլիսի 1-ի առաւօտեան, Սրբազան Հօր միջոցով հերթաբար նախկին եւ ներկայ գերեզմանատներում կատարւեց Հոգեհանգստեան պաշտօն. նշելի է, որ շուրջ 50 տարի է, ինչ Շիրազի հայ համայնքի ննջեցեալների դիերը ամփոփւում են այժմեան գերեզմանատանը: Նոյն օրը երեկոյեան գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն այցելեց «Ս. Աստւածածին» եկեղեցի, ուր իրականացրեց «Կիրակնամուտի Ժամերգութիւն»՝ համայնքի անդամների ներկայութեամբ, իսկ աւելի ուշ հանդիպում ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի Շիրազի պատգամաւոր Հերմոնդ Յարութիւնեանի եւ Շիրազի Հայ եկեղեցական վարչութեան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկւեցին ապագայ աշխատանքային ծրագրերը՝ համայնքի առնչութեամբ:

Սրբազան Հօր այցն աւարտւեց կիրակի՝ յուլիսի 2-ի ուշ երեկոյեան՝ Նոր Ջուղա վերադարձով:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հինգշաբթի՝ յուլիսի 6-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում մեկնարկեց Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի 6-րդ հաշւետու նիստը, նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների: Նշելի է, որ թեմի կանոնագրութեան տրամադրութեան համաձայն՝ Ազգային Կենտրոնական վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանը հրաւիրւել էր նշւած նիստին, ով հանդիպումների հետ խաչաձեւումներ առաջանալու պատճառով ներկայ չգտնւեց, սակայն իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց ժողովին:

Նիստը բացւած յայտարարւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր «Տէրունական», «Իմաստութիւն Հօր՝ Յիսուս» եւ «Զգործս ձեռաց Մերոց ...» աղօթքներով: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ժողովին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյններն ու օրհնութիւնները, իսկ Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը բացման խօսքում հանդէս եկաւ ողջոյնի արտայայտութեամբ. նա յոյս յայտնեց, որ ժողովն իր կառուցողական որոշումներով կը նպաստի թեմի վերելքին եւ ժողովրդի բարօրութեանը:

Հաշւետու նիստն ընթացաւ յուլիսի 6 եւ 7-ին, որտեղ օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ՝ նախ 2022 թւականի դեկտեմբերին, Անթիլիասում, Ազգային Ընդհանուր ժողովին մասնակցութիւն ցուցաբերած թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ու թեմիս երեք պատգամաւորները՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Արբի Բաբայեանը, զեկոյցով հանդէս եկան սոյն ժողովի ընթացքի եւ ի հարկէ այդ ժամանակաշրջանում իրականացրած հանդիպումների մասին. յաջորդիւ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի տեղեկագրերի շուրջ հնչեցին հարցումներ, որոնց պատասխանեցին պատկան մարմինները, ապա տեղի ունեցան ըստ էութեան արտայայտութիւններ գործադիր մարմինների նիւթա-բարոյական գործունէութեան վերաբերեալ: Հնչեցին նաեւ գործադիր մարմինների ու յանձնաժողովների կողմից ներկայացւած առաջարկները, որոնք առ ի ուսումնասիրութիւն փոխանցւեցին Պատգամաւորական ժողովի պատկան յանձնաժողովներին:

Աւելացնենք նաեւ, որ նիստը շարունակւելու է յաջորդ շաբաթների ընթացքում, որտեղ քննարկւելու եւ հաստատւելու են գործադիր մարմինների կողմից ներկայացւած ընթացիկ ու արտակարգ նախահաշիւները եւ ընտրւելու են՝ Պատգ. ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի նոր կազմերը, ինչպէս նաեւ ապագայ միամեայ ժամանակաշրջանի համար խորհրդակցական ձայնի իրաւունքով հրաւիրեալները:

 Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային  միաւորի վարչութեան, հինգշաբթի՝ յունիսի 29-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում կայացաւ երգչախմբային փառատօն, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչների, Թեհրանից ու Նոր Ջուղայից մի շարք այլ հրաւիրեալների եւ ներկաների:  

Փառատօնի գեղարւեստական ղեկավարներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը. վերջինս ստանձնել էր նաեւ երեկոյի հաղորդավարութիւնը:

Ծրագրում գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան կազմակերպիչ միաւորի «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբի անդամները, Հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի «Ղօղանջ», Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» եւ «Կոմիտաս» երգչախմբերը եւ պարի ու երգի մի շարք անհատ կատարողներ, որոնք ներկայացրին Սայեաթ Նովայի, Աշուղ Ալլահվերդիի, Աշուղ Աշոտի, Գուսան Շերամի, Գուսան Շահէնի, Աշոտ Գրաշու, Մակար Եկմալեանի, Առնօ Բաբաջանեանի եւ այլ հանճարների ստեղծագործութիւններից բարձրորակ երգեր ու ասմունքներ. ասմունքներին զուգահեռ կատարւեցին պարային ելոյթներ: 

Նշելի է, որ ծրագրի ամբողջ ընթացքում գեղարւեստական կատարումները ընդմիջւում էին հաղորդավարուհու միջոցով ընթերցւած «Աշուղական երանգներ» խորագրով խօսքերով, որտեղ ոչ միայն անդրադարձ կար Նոր Ջուղային՝ որպէս աշուղական դպրոցի բնօրրան, այլ նաեւ բացատրութիւններ եւ հետաքրքիր տեղեկութիւններ էր փոխանցւել աշուղական երգերի զարգացման եւ տարածման փուլերի ու վարպետութեան կոչում ստանալու դժւարին ուղու մասին. խօսքի եզրափակիչ մասում բացատրւեց, թէ ինչպէս Նոր Ջուղայի աշուղական դպրոցը պահպանւեց մինչեւ 18-րդ դարը, իսկ դրանից յետոյ տարածում գտաւ հայկական այլ գաղթօջախներում:

Ելոյթների աւարտին միութեան Կենտրոնական վարչութեան անունից, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօր եւ նոյն վարչութեան նախագահ՝ Ժորժիկ Ղազարեանի, գեղարւեստական ղեկավարներին, մասնակից խմբերի ղեկավար կազմին, ինչպէս նաեւ Թեհրանից հրաւիրեալ պարուհի Քառոլին Խուդադադեանին շնորհւեցին յուշանւէրներ ու ծաղկեփնջեր:

Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր թեմակալ Առաջնորդին, ով իր ուրախութիւնը յայտնելով նման երեկոյին մասնակցելու համար, լրացուցիչ տեղեկութիւններ փոխանցեց գուսանի եւ աշուղի տարբերութեան մասին: Նա աւելացրեց նաեւ, որ աշուղի սազը իր զէնքն էր, իր հոգին եւ երբ երկու վարպետ առճակատւում եւ մրցակցում էին, պարտւողը սազը յանձնում էր յաղթողին: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը փառատօնը բացառիկ եւ բարձր մակարդակով կազմակերպւած ձեռնարկ  որակելով, ասաց, որ ելոյթները հոգեզմայլ էին եւ ձեռնարկի շնորհիւ ազգայինը յաղթեց օտարամոլութեանը:   

Սրբազան Հայրն իր խօսքն աւարտեց՝ շնորհակալական, շնորհաւորանքի եւ գնահատանքի արտայայտութիւններով, ուղղւած՝ կազմակերպիչներին, մասնակից խմբերի անձնակազմին, նաեւ միութեան Կենտրոնական վարչութեանը, ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի Թեմական խորհրդին՝ նիւթաբարոյական օժանդակութիւն ցուցաբերելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք մասնակիցներին.

  - Աշուղ Ալլահվերդի- «Հեռեւանց ճանաչում աս»,  ասմունքեցին Շաղիկ Մատթէոսեանը եւ Վանանդ Իսաղուլեանը:

-Աշուղ Աշոտ- «Երկար անցար», մեներգեց՝ Այլին Քեշիշեանը:

- Սայեաթ Նովա- «Թամամ աշխարհ պտուտ էկայ», ասմունքեց Մանիա Ղուկասեանը՝  Սիւնէ Շահիջանեանի եւ Նազէ Ասատրեանի պարային կատարումներով զուգորդւած:

- Գուսան Շերամ- «Շորորա», մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, իսկ զուգահեռ մենապարեց Քաթրին Մարկոսեանը:

-Սայեաթ Նովա- «Դուն էն գլխէն իմաստուն իս», ասմունքեց Լեռնիկ Ծատուրեանը:

-Սայեաթ Նովա- «Նազանի», մենապարեց  Քառոլին Խուդադադեանը:

-Գուսան Շերամ- «Պարտէզում վարդ է բացւել» եւ «Մարալ ջան», կատարեցին՝ Նարբէ Գրիգորեանը, Արայիկ Սիմոնեանը, Թադէ Մկրտչեանը եւ Արւին Մինասքանեանը. երգը ներկայացւեց Հարմա Կարապետեանի մշակմամբ եւ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ:

-Ս.Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբ, խմբավար՝ Արբի Բաբումեան.

Խումբը կատարեց՝ «Ճախարակ» (խօսք՝ Ղազարոս Աղայեանի, մշակում՝ Մակար Եկմալեանի), «Ծամերդ» եւ «Կոլոտ էր» (մշակում՝ Մակար Եկմալեանի) երգերը:

-Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» դպրոցի «Ղօղանջ» երգչախումբ, ղեկավար՝  Նայիրա Ալեքսանեան.

 Կատարեց՝ «Ազգային-հայրենասիրական երգերի շարան»-ը եւ «Ազգ իմ փառապանծ»-ը (խօսք՝ Աշոտ Գրաշիի, երաժշտ.՝ Առնօ Բաբաջանեանի):

-Ս.Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբ, խմբավար՝ Համիկ Ալեքսանդրեան.

Խումբը կատարեց՝ Գուսան Շահէնից երկու երգ՝ «Նայիրեան դալար բարդի» (մշակում՝ Հենրիկ Անասեանի) եւ «Խռոված էր» (մշակում՝ Համիկ Ալեքսանդրեանի):

Աւելացնենք նաեւ, թէ «Կռունկ» համոյթի ասմունքի խմբի ղեկավարն է Ռիմա Սիմոնեանը:

 Հարկ է նշել, որ ընթացքում, վարագոյրի վրայ ցուցադրւեցին թեմատիկ լուսանկարներ եւ ֆիլմեր. այս ծիրում պարային շարժումներից բաղկացած տեսանիւթի պատրաստման համար համագործակցել էին պարուսոյց Քաթրին Թորոսեանը եւ պարուհիներ՝ Քաթրին Ակոնը, Էմիլի Ծատուրեանն ու Տեսիլ Գալստանեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ «Գեւիկ» Ստուդիօ

 

 

Հինգշաբթի՝ յունիսի՝ 15–ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի 6-րդ դասարանցիների աւարտական հանդէսը, ուր հրաւիրւել եւ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Արմէն» տարրական դպրոցի անձնակազմը, շրջանաւարտների հարազատները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:    

Բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի աշխատակազմի անդամ եւ երեկոյի հանդիսավար Արփինէ Յովսէփեանը, ով կարեւորութեամբ ասաց. «Դժւար է երկրորդ տուն դարձած հարազատ դպրոցին եւ ուսուցիչներին հրաժեշտ տալը, սակայն բոլորս էլ գիտենք աճելու եւ հասակ նետելու համար անխուսափելի է բաժանումը: Այսօր հրաժեշտի երեկոն է մեր սիրելի 6-րդ դասարանցիների, ովքեր իրենց կեանքի այս հանգրւանը բարեյաջող աւարտելով, մուտք են գործում մի այլ ասպարէզ՝ առաւել պատասխանատու պարտականութիւններով»:

Այնուհետեւ դպրոցի տնօրէնութեան խօսքն ասաց տնօրէն Գեղարդ Մանսուրեանը: Նա  կարեւորութեամբ ասաց. «Ընտանիքից յետոյ դպրոցը այն վայրն է որտեղ ուսուցիչների ջանքերով մատաղ սերունդը կրթւում ու դաստիարակւում է։ Հայ դպրոցի կարեւորագոյն առաքելութիւններից է՝ աշակերտների մէջ առաւել զարգացնել սէրն ու յանձնառութիւնը մայրենի լեզւի, պատմութեան, կրօնի եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ: Բարձր գիտութեամբ իր ազգային արժէքներով զինւած ու պատրաստւած աշակերտը կարող է տէր եւ պաշտպան կանգնել ազգին ու հայրենիքին»:

Շարունակութեան մէջ իրականացւեց շրջանաւարտների կատարմամբ գեղարւեստական յայտագրով ծրագիր: Ծրագիրը հիմնականում քաղւած էր վեցերորդի Մայրենի գրքից եւ նւիրւած էր՝ հայրենիքին: Այս բաժինը ողողւած էր խօսքերով, ասմունքներով եւ երգերի ու երաժշտութիւնների կատարումներով: Շրջանաւարտներ՝ Լիա Մկրտչեանը, Ջիւանի Թահմազեանը, Նայիրա Անդրէասեանը, Էջմին Թահմազեանը, Ռոմիկ Դաւթեանը, Արիէլ Բաբումեանը, Վեդի Օրոջեանը, Նարեկ Մկրտչեանը եւ Մելիսա Սիմոնեանը հանդէս եկան խօսքերով եւ երկխօսութիւններով. դաշնամուրով նւագեց Էմիլի Մկրտչեանը, իսկ ջութակով՝ Նելլի Շահմիրզայեանը. հայրենասիրական բանաստեղծութեան ասմունքով հանդէս եկաւ Անդրի Պօղոսեանը. հնչեցին Արցախին նւիրւած երկու երգեր, որոնցից մէկը զուգերգեցին Էդլին Յովսէփեանն ու Ադելայդ Մինաս-Խաչիկեանը, իսկ միւսը մենակատարեց Արիէլ Սուքիասեանը: Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր՝ բոլոր շրջանաւարտների կատարմամբ:

Գեղարւեստական ելոյթներից յետոյ, հանդիսավարի միջոցով հատւածներ ընթերցւեց աշակերտների «Իմ հայրենիքը» խորագրով շարադրութեան աւարտական քննութիւնից, ապա էկրանի վրայ սփռւեց տեսանիւթ, որտեղ լուսանկարներով ու ֆիլմերով արտացոլւած էին շրջանաւարտների վեցամեայ ուսումնական տարեշրջանները:

Յաջորդիւ, դարձեալ բեմը տրամադրւեց 6-րդ դասարանցիներին, ովքեր հագնւած աւարտական զգեստներով կատարեցին «Հրաժեշտ «Արմէն» դպրոցին» երգը եւ աւանդական Երդման կարգը, որի բառերն արտասանելով խոստացան անաղարտ պահել Մայրենի լեզուն եւ փոխանցել իրենց զաւակներին:

Արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա շնորհաւորանքի խօսք ասաց շրջանաւարտ աշակերտներին, ապա բարձր գնահատելով երեկոյի գեղարւեստական ելոյթները, իր խօսքում անդրադարձ ունեցաւ հայոց ազգային դպրոցների գերազանցող հնարաւորութիւններին՝ շրջանի միւս դպրոցների համեմատութեամբ եւ ասաց, որ հարկաւոր է արժեւորել այս ունեցւածքը եւ քննադատութիւնները կատարել կառուցողական նպատակներից ելնելով: Պրն. Մովսիսեանն իր խօսքի մի այլ բաժնում փայլուն ապագայ ցանկացաւ վեցերորդ դասարանցիներին եւ նրանց բարի երթ մաղթեց կեանքի յետագայ բոլոր ասպարէզներում:

Այնուհետեւ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, «Արմէն» դպրոցի տնօրէններ՝ Արսինէ Դաւթեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, ինչպէս նաեւ պատկան ուսուցիչների, վեցերորդ դասարանի աշակերտութեանը յանձնւեց իրենց վկայագրերն ու գնահատագրերը. գնահատւեցին նաեւ գիտական, մարզական եւ մշակութային բնագաւառներում յաջողութիւններ արձանագրած դպրոցի աշակերտները:

Որպէս եզրափակիչ ելոյթ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա պատգամեց աշակերտներին ուսումն ու դաստիարակութիւնը դարձնել նպատակակէտ եւ որեւէ ջանք չխնայեն այդ ճանապարհում, իսկ ուղեղը լցնել բարի, առաքինի եւ ազգային ու կրօնական մտածումներով՝ տիպար աշակերտ, հայորդի եւ ծնողներ դառնալու համար:  Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին շնորհակալական խօսքեր ուղղեց՝ ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին ու ծնողական խորհրդին եւ ի հարկէ ծնողներին:   

Հանդիսութիւնն աւարտւեց շրջանաւարտների միջոցով աւարտական գլխարկների վեր նետումով եւ հիւրասիրութեամբ:

Աւելացնենք նաեւ, որ շրջանաւարտները հանդիսութեան յաջորդ օրը՝ յունիսի 16–ին,  աւանդոյթ դարձած սովորութեան համաձայն, պատասխանատուների ուղեկցութեամբ  մեկնեցին աւարտական ճամբարի՝ եռօրեայ այցելութիւն կատարելով Թեհրան, որտեղ զանազան այցելութիւններ իրականացրին քաղաքի թանգարաններ, «Ալիք» հաստատութիւն եւ Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարան, ուր սաներին ընդունեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սպահանի Կրթա-Դաստիարակութեան 3–րդ շրջանի հիմնարկի կողմից զանազան փառատօններում եւ մրցոյթներում յաջողութիւն արձանագրած «Արմէն» տարրական դպրոցի աշակերտներին.

- Բասկետբոլի մրցոյթ

Դպրոցի աղջկանց բասկետբոլի խումբը, անցնող տարեշրջանում մրցել է զանազան խմբերի հետ եւ գրւել է երկրորդ կարգը.

Խմբի անդամներն են՝

Մելիսա Սիմոնեան

Ադելայդ Մինաս-Խաչիկեան

Ադրիանա Տէր-Յարութիւնեան

Էլլադա Մելիքեան

Թենի Շահիջանեան

Էլեն Շահբազեան

Անժելինա Թորոսեան

Մանէ Վարդանեան

Նարէ Շահիջանեան

Փարելի Աղաբաբայեան

Յատկանշելի է, որ Մելիսա Սիմոնեանը, Ադրիանա Տէր-Յարութիւնեանը, Էլլադա Մելիքեանն ու Թենի Շահիջանեանը, իսկ տղաների խմբից Նարեկ Մկրտչեանը ընտրւել են՝ նահանգի մրցութիւնների համար:

 

- «Ջաբեր Էբնէ Հայեան»  գիտական փառատօն

Էմիլի Մկրտչեան

Նելլի Շահմիրզայեան

Մանէ Բարսեղեան

Անի Թորոսեան

Աննա Մարիա Նահապետեան

Թէօ Մանսուրեան

Դանիէլ Փանոսեան

Մենուա Մարկոսեան

Քեւին Թորոսեան

Հայկ Ղարախանեան

 

- Ջրաներկի մրցոյթ՝

Թենի Շահիջանեան՝ առաջին կարգ

Ադելայդ Մինաս-Խաչիկեան՝ առաջին կարգ

 

- Լուսանկարչական մրցոյթ

Դանիէլ Փանոսեան՝ առաջին կարգ

 

- Փաստելի մրցոյթ

Նարեկ Մկրտչեան՝ երրորդ կարգ

 

- Թանաքով գեղանկարչութիւն

Արիէլ Սուքիասեան՝ երկրորդ կարգ

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ուրբաթ՝ յունիսի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ:

Նախ պրն. Բեգլարեանը հանդէս եկաւ իր գործունէութեան շուրջ բացատրութեամբ: Սկզբում նշեց, որ խորհրդարանի 11-րդ նստաշրջանի իր գործունէութեան ընթացքում ձեռք է բերել աշխատանքային տարբեր փորձառութիւն՝ յատկապէս համաճարակի տարածման եւ Արցախեան 44-օրեայ պատերազմի պատճառներով:

Նա անդրադարձ ունեցաւ խորհրդարանական օրէնսդրական եւ վերահսկման աշխատանքներին զուգահեռ կատարած իր իրագործումներին՝ ի մասնաւորի նշելով, սոցցանցերի միջոցով ժողովրդի հետ կապը, պատկան գրասենեակին ներկայացւած բազմահարիւր դիմումները եւ դրանց բնոյթը, երկրի տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ծանր վիճակում յայտնւածներին պարենային եւ դրամական օժանդակութիւնները, դէպի հայոց ազգ. դպրոցներ ուղղորդւած օժանդակութիւնները, որոնցից է պատգամաւորի անմիջական միջամտութեամբ դպրոցները  օպտիկաթելքային (ֆիբր նուռի) համակարգով օժտելը եւ այլ աշխատանքներ:

Ռոբերտ Բեգլարեանը նաեւ աւելացրեց, որ բանակցութիւններ է վարում պատգամաւորին յատկացւող յաջորդ տարւայ բիւդջէն, իր ընտրատարածքում բնակարանաշինութեան կամ որեւէ այլ նախագծի ծառայեցնելու ուղղութեամբ:

Պատգամաւորը յատկապէս անդրադարձ ունեցաւ Արցախեան 44-օրեայ պատերազմի սկզբնական օրերից սկսած պաշտօնական հանդիպումներին, որոնք իրականացրել է իրանահայութեան միւս պատգամաւոր Արա Շահվերդեանի ընկերակցութեամբ:

Ծրագրի երկրորդ բաժնում պրն. Բեգլարեանը պատասխանեց ներկաների հարցումներին եւ ունկնդրեց նրանց տեսակէտները:

Հանդիպումը վարեց Մանիա Ղուկասեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մէկօրեայ վարժարանի 4-րդ ուսումնական տարեշրջանն իր աւարտին հասաւ հինգշաբթի՝ յունիսի 8-ի առաւօտեան՝ ամավերջի հանդէսով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանի, Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամների, մի շարք այլ հրաւիրեալների, վարժարանի անձնակազմի, սաների եւ ծնողների:

Սկզբում ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով արտայայտւեց վարժարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը: Նա անդրադարձ կատարելով այս ուսումնական կենտրոնի  աշխատանքներին՝ յատկապէս որպէս հպարտութեան առիթ նշեց.

«- Վարժարանի ուսումնական ծրագիրը եւ սաների գիտական մակարդակը չեն զիջել թեմի ամենօրեայ դպրոցներին.

- Հակառակ դասապահերի քանակի սահմանափակ լինելուն՝ սաները կրթութեանը զուգահեռ ստացել են ազգային եւ հոգեւոր դաստիարակութիւն.

- Վարժարանը եղել է թեմի ազգային մարմինների ուշադրութեան կենտրոնում ու հովանաւորւել է բարձր մակարդակով»:

Այնուհետեւ իրականացւեց աշակերտական ելոյթների շարան, որտեղ երկրորդ դասարանցի Աննա Շահբազեանը ասմունքեց Պատւական Խաչատրեանի «Հայոց լեզու» բանաստեղծութիւնը, 4-րդ դասարանի սաներ՝ Անի Խոսրովեանն ու Ամարաս Թէյմուրեանը միասնաբար ասմունքեցին Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ից հատւածներ, իսկ 6-րդ դասարանից՝ Աննա Թորոսեանն ու Նարեկ Թորոսեանը ընթերցեցին օրւայ աշակերտական խօսքը: Այս բաժնի աւարտին հնչեցին երեք խմբական երգեր վարժարանի աշակերտութեան կատարմամբ:

Յաջորդիւ  հնչեցին խօսքեր: Նախ վարժարանի ծնողական յանձնախմբի անդամ Ժաննա Շահբազեանը բարձր գնահատեց դպրոցի անձնակազմի եւ սաների աշխատանքները եւ լաւագոյն մաղթանքներն ուղղեց նրանց,  որից յետոյ նոյն յանձնախմբի կողմից ծաղկեփնջերով մեծարւեցին  ուսուցիչներն ու տնօրէնուհին:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Րաֆֆի Բաբումեանը շնորհաւորելով ուսման տարեշրջանի բարեյաջող աւարտի կապակցութեամբ՝ կանաչ ճանապարհ մաղթեց սաներին: Նա իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց դպրոցի անձնակազմին՝ իրենց կատարած ջանադիր աշխատանքի, թեմի Կրթական խորհրդին ու ազգային մարմիններին՝ դպրոցի աշխատանքը հովանաւորելու եւ համայնքային վարչութեան պաշտօնեաներին վարժարանի անձնակազմի հետ համագործակցելու համար:

Թեմական խորհրդի անդամ Սարմէն Մինասեանն իր հպարտութեան առիթը համարեց մէկօրեայ վարժարանի ձեռքբերումները՝ ապա ընդգծելով, որ հայ ազգի գոյատեւման հիմնական պատճառներից մայրենի լեզւի եւ մշակոյթի արժեւորումն է, բարձր գնահատեց անձնակազմի աշխատանքը եւ սաների արձանագրած արդիւնքը:

Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նախ գովեստի խօսք ասաց սաներին՝ իրենց հանգստեան օրը՝  հինգշաբթին, մայրենի լեզու եւ հայերէն այլ առարկաներ սովորելուն յատկացնելու համար: Նա բարձր գնահատեց նաեւ ծնողների բծախնդիր կեցւածքը՝ իրենց զաւակների հայեցի կրթութեան նկատմամբ եւ շնորհակալական խօսք ուղղեց անձնակազմին, ազգային մարմիններին եւ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօրը՝ դպրոցի աշխատանքի իրականացման ուղղութեամբ իրենց դերակատարութեան առթիւ:

Արտայայտութիւնների աւարտին վեցերորդ դասարանի երեք սաները՝ Աննա Թորոսեանը, Մելւին Մարկոսեանն ու Նարեկ Թորոսեանը արտասանեցին երդման կարգը, որտեղ խոստացան մաքուր եւ անաղարտ պահել մայրենի լեզուն, ապա թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների եւ համայնքի վարչութեան ներկայացուցիչների ու դպրոցի անձնակազմի միջոցով սաներին շնորհւեցին իրենց վկայականները եւ նւէրներ:

Պաշտօնական բաժնի աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին: Նա իր խօսքն ուղղելով սաներին՝ նշեց. «Որեւէ գործ կամ ուսում սկսելը առաջին քայլն է յաջողութեան. բնականաբար ընթացքում սխալներ կը լինեն, սակայն դրանք ոչ միայն չպէտք է ձեզ յետ պահեն ձեր ճանապարհից, այլ նաեւ պէտք է նորանոր յաջողութիւնների եւ ձեռքբերումների պատճառ հանդիսանան: Պէտք է սխալը սրբագրելով՝ հասնել նպատակին»: Սրբազան Հայրը վերջում երախտիքի խօսք ասաց սկսած ազգային մարմիններից՝ ի մասնաւորի Կրթական խորհրդից, մինչեւ վարժարանի անձնակազմը, Շահինշահրի ծխատէր քահանայ հայրը, համայնքային վարչութիւնն ու ծնողները եւ բոլոր այն անհատները, ովքեր դերակատար են եղել «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշխատանքների իրականացման գործում:

Աւարտին տեղի ունեցաւ խմբական լուսանկարում եւ հիւրասիրութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)