Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 29-ի առաւօտեան իրականացւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան՝ Հսկման արարողութիւնները:

Այնուհետեւ շաբաթ՝ սեպտեմբերի 30-ի առաւօտեան, եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր: Պատարագին մասնակցում էր թեմի եկեղեցական դասը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Տօնի առթիւ քարոզեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա անդրադառնալով Սուրբ Գէորգ զօրավարի կենսագրութեանը՝ ի մասնաւորի նշելով նրա տարած չարչարանքները հաւատի ճանապարհին, աւելացրեց, թէ Սուրբը  պատգամում է բոլորին, որ հաւատարմութեամբ ծառայել Աստծուն, ազգին եւ հայրենիքին: Քարոզիչ Հայրը յորդորեց. «Տօնը պատեհ առիթ դարձնելով՝ ազգովի դառնանք առ Աստւած, զղջանք մեր մեղքերի համար եւ վերականգնենք մեր քրիստոնէական բարոյականութիւնը, որպէսզի նախ փրկենք մեր անձերը, ապա ազգն ու հայրենիքը՝ ստանալով Աստծոյ օրհնութիւնն ու բարիքները»:

Յաւարտ Սուրբ Պատարագի իրականացւեցին Ջրօրհնէքի եւ մատաղօրհնէքի արարողութիւնները. նախորդ օրւանից Հարիսայի յանձնախմբի ջանքերի շնորհիւ պատրաստւած հարիսան օրհնւելուց յետոյ բաժանւեց ներկայ ժողովրդին:

Վերջում Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքերն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում դերակատար բոլոր ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Կրօնական խորհրդին եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանը,  եկեղեցական դասին, երգեցիկ խմբին, Հարիսայի պատրաստման յանձնախմբին եւ անհատ հաւատացեալներին, ապա շնորհաւորեց բոլորին զոյգ տօների առիթով:  

Թղթակից (Նոր Ջուղա)

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 28-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանում մեկնարկեց 2023-2024 ուսումնական տարեշրջանը: Վերամուտի հանդիսութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, ազգային մարմինների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, վարժարանի՝ անձնակազմը, սաներն ու նրանց ծնողները:

Այս տարի վարժարանն ունի երրորդ եւ հինգերորդ դասարանների սաներ, իսկ   Թեմական խորհուրդը ընթացք տալով մանկապարտէզի տարիքի զաւակ ունեցող երեք շահինշահրաբնակ ընտանիքների դիմումին եւ խորհրդակցաբար Կրթականի խորհրդի հետ, ընթացիկ տարեշրջանի համար «Սրբոց Վարդանանց» վարժարանի կողքին կազմակերպել է մանկապարտէզի դասարան, որը ենթակայ է լինելու Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզին:

Ծրագրի սկզբում սոյն ուսումնարանի տնօրէն Սաթենիկ Աւետումեանը ներկաներին հրաւիրեց յոտնկայս լռութեամբ յարգել հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին՝ ի մասնաւորի վերջին օրերին Արցախում զոհւած հայորդիների յիշատակը, ապա նա իր խօսքում ընդգծեց. «Այսօր ազգիս վաղեմի թշնամու սուրը դարձեալ ճօճւում է մեր գլխին եւ ամէն վայրկեան կարելի է, որ նրա սանձարձակ գործողութիւններն իրենց անդառնալի հետեւանքներն ունենան մեր ժողովրդի եւ հայրենիքի համար: Կացութիւնը անորոշ է եւ չափազանց ծանր, սակայն ոչ յուսահատեցնող ու թեւաթափ անող: Մենք պատմութեան ընթացքում բազմաթիւ անգամներ փաստել ենք, որ ունակ ենք մոխրից վեր յառնելու. ունակ ենք միասնական ջանքերով մեր ապագան կերտելու, իսկ մեզ՝ որպէս կրթական մշակներ, մնում է առաւել գօտեպնդւած լծւել աշխատանքի՝ յանուն ազգի ու հայրենիքի ապագայի, հայրենասէր ու գիտակից սերունդներ կրթելով ու դաստիարակելով»:

Շարունակութեան մէջ արտայայտւեց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա իր խօսքում շնորհակալական խօսք ուղղեց վարժարանի անձնակազմին, սաներին ու նրանց ծնողներին, ապա անդրադառնալով վարժարանի կողքին մանկապարտէզի դասարան կազմակերպելու աշխատանքին, բարձր գնահատեց այս ուղղութեամբ ազգային մարմինների կատարած գործունէութիւնը:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան խօսքն ասաց ատենապետ Րաֆֆի Բաբումեանը, ով իր ուրախութիւնը յայտնելով դպրոցական վերամուտի կապակցութեամբ, շնորհակալութեան խօսք ասաց թեմի Թեմական ու Կրթական խորհուրդներին՝ ի մասնաւորի Սաթենիկ Աւետումեանին, մանկապարտէզի դասարան կազմակերպելու ուղղութեամբ ջանք չխնայելու համար:

Ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր ուրախութիւնը յայտնեց, որ Շահինշահրի հայ համայնքը կենսունակ է, ապա ցաւով յիշեց Արցախի դպրոցների փակման փաստը եւ աւելացրեց, թէ ինչպէս իւրաքանչիւր վառարան կարիք ունի վառելանիւթի, այս դպրոցն էլ կարիք ունի մարդկային եւ նիւթական աղբիւրների, որոնցով կարելի է կրթել ու դաստիարակել այնպիսի մատաղ սերունդ, որն ի վիճակի կը լինի կերտել հայրենիքի ապագան եւ յատկապէս փրկել հայրենի Արցախը:  

 Վերջում բոլորը աղօթեցին, ապա աշակերտները Սրբազան Հօր ձեռամբ հնչած զանգի ղօղանջով, մուտք գործեցին դասարաններ: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնն այցելեցին իւրաքանչիւր դասարան եւ մօտիկից ծանօթացան սաների հետ: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը հնարաւոր միջոցներով օժանդակելու հրատապ օրակարգով, երեքշաբթի, սեպտեմբերի 26-ին, Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդակցական հանդիպում կայացաւ ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը եւ Պատգամաւորական ժողովի անդամ Ալֆրէդ Քեշիշեանը:

Հանդիպման ընթացքում բացատրութիւններ ներկայացւեց պետական հնարաւորութիւններով օժանդակութիւններ ապահովելու հնարաւոր քայլերի մասին, որին խորհրդարանի զոյգ պատգամաւորները հետամուտ լինելով, նախնական խորհրդակցութիւնները արդէն իրականացրել են պետական պատկան պատասխանատուների հետ, իսկ համայնքային օժանդակութիւնների կազմակերպչական աշխատանքների ձեւաչափը ճշտելու համար կեանքի է կոչւել յանձնախումբ, որը հրատապ կարգով զբաղւելու եւ լծւելու է աշխատանքի:

Այս մասին մարամասնութիւնները կը տեղեկացւի յաջորդ հաղորդագրութեամբ:

Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր, որտեղ շրջափակում համախմբւած «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների աշակերտութիւնը, անձնակազմերն ու ծնողներն անհամբերութեամբ սպասում էին դպրոցական վերամուտին:

Ծրագրի սկզբում ողջոյնի, բարի գալստեան եւ շնորհաւորանքի մաղթանքներով հանդէս եկան «Արմէն» դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանն ու «Քանանեան-Կատարինեան»-ի տնօրէն Կարինէ Մինասեանը:

Գեղարդ Մանսուրեանն իր խօսքում յատկապէս շեշտեց, որ սփիւռքեան պայմաններում ի գին զոհողութիւնների, ազգային մարմինների, դպրոցների, ծնողների եւ միութիւնների կողմից ամէն ջիք գործադրւում է՝ մատաղ սերնդի կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան համար, քանի որ բարձր գիտութեամբ եւ ազգային արժէքներով օժտւած սերունդը ի վիճակի է լինելու տէրն ու պաշտպանը կանգնել ազգին ու հայրենիքին: Կարինէ Մինասեանն ընդգծելով, թէ կրթութեան նպատակը յաջողութեան բարձր մակարդակին հասնելն է, յոյս յայտնեց, որ ինչպէս միշտ հայոց դպրոցների աշակերտութեան ջանասիրութեան շնորհիւ դպրոցը զանազան բնագաւառներում կարձանագրի յաջողութիւններ:

Այնուհետեւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա շեշտեց, որ հայրենիքի համար ստեղծւած այս ծանր եւ դժւարին ժամանակներում առաւել բարդ, սակայն կարեւոր է պատմութեան եւ ներկայ աշխարահագրութեան ուսուցման գործը, որպէսզի կարողանանք այնպիսի մատաղ սերունդ դաստիարակել, ով կը կարողանայ համալրել հայրենիքի պաշտպան կանգնած հայորդիների շարքը: Նա նաեւ յաջողութիւն մաղթեց բոլոր պատասխանատուներին եւ աշակերտներին՝ արդիւնաբեր աշխատանք կատարելու համար:

Վերջում ներկաներն աղօթեցին, իսկ աշակերտները Սրբազան Հօր ձեռամբ հնչած զանգի ղօղանջով շտապեցին դասարաններ՝ ծանօթանալու իրենց պատկան ուսուցիչներին:

Սրբազան Հայրն ու ազգայիններից կազմւած պատւիրակութիւնն այցելեցին մի շարք դասարաններ ու մօտիկից շփւեցին աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Այնուհետեւ դպրոցական վերամուտի հանդիսութիւն իրականացւեց նաեւ Հայոց ազգ. Մանկապարտէզի շրջափակում: Այստեղ նորանշանակ տնօրէն Արփինէ Յովսէփեանը լաւագոյն մաղթանքներով բարի գալուստ ասաց փոքրիկ սաներին, ապա աւելացրեց, որ դպրոցի անձնակազմի հետ միասնաբար անխոնջ աշխատանք է իրագործելու, որպէսզի փոքրիկները անհոգ մանկութեանը զուգահեռ, զարգանան եւ սերտեն կեանքի համար անհրաժեշտ հմտութիւնները:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը սաներին բարի գալուստ մաղթեց եւ յորդորեց՝ դպրոցական ժամանակաշրջանում սովորել նոր գիտելիքներ եւ լսել ու կատարել դաստիարակների խրատները:

Այստեղ նոյնպէս միասնական աղօթքից յետոյ, Սրբազան Հօր միջոցով հնչեց դպրոցական զանգը:

Նշելի է, որ սեպտեմբերի 20 եւ 21-ին, հերթաբար «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի 7-րդ եւ «Արմէն» տարրական դպրոցի առաջին դասարանների աշակերտները ներկայ գտնւելով նշւած կրթօջախների յարկի տակ, ոչ միայն ծանօթացան պատկան պատասխանատուների եւ դպրոցի զանազան բաժինների հետ, այլ նաեւ հաճելի պահեր անցկացրին իրենց նոր ուսումնարաններում:: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննէս Կարապետ» եկեղեցու սրբազան կամարների ներքոյ, իրականացւեց հոգեւոր ձեռնարկ, ապա եկեղեցու շրջափակում կայացաւ հանդիսութիւն, որոնցով եզրափակւեց Հայ եկեղեցասէր կանանց  հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի հիմնադրման եւ գործունէութեան 20-ամեակին նւիրւած յոբելենական ձեռնարկների շարանը:

Ձեռնարկին հրաւիրւած եւ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, եկեղեցական դասը, ազգային մարմինների, դպրոցների ու միութիւնների եւ Շահինշահրի հոգեւոր լսարանի ներկայացուցիչներն ու պատասխանատուն, ինչպէս նաեւ  յոբելեար լսարանի եւ երգչախմբի  պատասխանատուներն ու անձնակազմը:

Ներկաներին ողջունեց օրւայ հաղորդավարուհի Մառիթա Կարապետեանը, ով համառօտ տեղեկագրով ներկաացրեց լսարանի եւ երգչախմբի զարգացման փուլերն ու ծաւալած աշխատանքները՝ անցնող 20 տարիների ընթացքում:

Բացման խօսքի աւարտին, լսարանի անդամուհի՝ Օլգա Պօղոսեանը, սարկաւագ Ալբերթ Ղազարեանը եւ հաղորդավարուհին, հերթաբար ընթերցեցին «Շնորհակալական աղօթք», «Սաղմոս» եւ Գրիգոր  Նարեկացու «Մատեան ողբերգութիւն» գրքերից հատւածներ:

Յաջորդ բաժնում «Շուշանիկ» երգչախումբը, ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի, հանդէս եկաւ խմբի կատարած երգեցողութիւններից ընտրանիով, կատարելով «Յարեւելից»-ը՝ Անթիլիասում երգւող տարբերակը, «Յարեւելից»-ը (Յորդորակ)՝ աւանդական տարբերակը Անահիտ Յովսէփեանի մենակատարմամբ, «Լոյս արարիչ լուսոյ»-ը Ռիմա Մարկոսեանի եւ Ժենիկ Քէշիշեանի զուգերգ կատարումով, «Նայեաց սիրով»-ը (Անթիլիասի տարբերակ) եւ «Այսօր ձայնն Հայրական» երգը: Այս բաժնում դաշնամուրի նւագակութեամբ խմբին ընկերակցեցին Անուշ Յովհաննիսեանն ու Վեհանուշ Խուդաբախշեանը:

Նշելի է, որ մինչ երգեցողութեան կատարումը խմբի ղեկավարը ներկայացրեց նշեալ երգերի բացատրականը եւ որոշ երգերի հեղինակ՝ Ներսէս Շնորհալու համառօտ կենսագրականը, իսկ երգերը ընդմիջւում էին խմբի անդամուհի՝ Վեհանուշ Խուդաբախշեանի, ղեկավարի եւ Անահիտ Յովսէփեանի ընթերցած աշխարհաբար տարբերակների միջոցով:

Անուշ Յովհաննիսեանը հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց 400-ամեակը լրացած՝ «Ս. Յովհաննէս Կարապետ» եւ նրա հարեւանութեամբ գտնւող՝ «Ս. Կատարինեան մենաստան» եկեղեցիների մասին:  Նա  իր խօսքն եզրափակեց  Նոր Ջուղայեցի վաստակաւոր ուսուցիչ՝ Յովհաննէս Տէր-Գրիգորեանի «Աստւածաշունչն հայոց» բանաստեղծութեան մի հատւածի ընթերցմամբ:

Ձեռնարկի երկրորդ բաժնում, մինչ եկեղեցու շրջափակում կայանալիք տարեդարձի հանդիսութիւնը, ներկաներն առիթ ունեցան դիտելու զոյգ խմբերի աշխատանքներին առնչւող հրատարակութիւնները, նիւթերը եւ միջոցառումների աւանդական Ակլատիզ եւ Ուտիսմամի սիմվոլ տիկնիկները:

Օրւայ առթիւ ելոյթ ունեցաւ Կանանց հոգեւոր  լսարանի պատասխանատու Տ. Վարդան Քհնյ. Աղաբաբայեանը, նշելով, որ այս երկու խմբերը միջոց են եկեղեցական աշխատանքներին մասնակից լինելու, ընդգծեց՝ եկեղեցուն առնչւող աշխատանքների գծով միաւորւելու կարեւորութիւնը, որպէսզի միասնական ճիգ ու ջանքով յաղթահարել դժւարութիւնները եւ վայելել քաղցր արդիւնքը:

Յաջորդիւ յոբելեարների 20-րդ  տարեդարձի  տորթը կտրելու համար հրաւիրւեցին  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» երգչախմբի  ղեկավար կազմն ու պատասխանատուները եւ երիցագոյն անդամ Բալաս Ղարիբեանը:

Գեղարւեստական բաժնում բանաստեղծական կտորների կատարումներով հանդէս եկան՝ Մարինէ Մխիթարեանը, Վեհանուշ Խուդաբախշեանը, Ռիթա Մինասեանը, Բալաս  Ղարիբեանը, իսկ սարկաւագ Ալբերթ Ղազարեանը ելոյթ ունեցաւ երգի եւ երգեհոնի կատարումներով:

Ելոյթների շարանում եկեղեցու ժամանակի տիրացու Ջանի Ղազարեանը, գնահատելով կատարած  լայնածաւալ աշխատանքը, շնորհաւորանքի, շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքեր ուղղեց լսարանի եւ երգչախմբի հիմնադիրներին, պատասխանատուներին եւ անդամուհիներին:

Կրօնական խորհրդի ատենապետ՝ Զաւէն Սիմոնեանը, խորհրդի անունից շնորհակալական եւ շնորհաւորանքի խօսքերից յետոյ, ողջունեց լսարանի եւ երգչախմբի անձնակազմի 20 տարիների կատարած դժւարին եւ անշահախնդիր աշխատանքը: Նա մանաւանդ գնահատեց երգչախմբին, առ այն, որ կարիքի դէպքում, իրեն վստահւած պարտականութիւններից բացի, իր համագործակցութիւնն է ցուցաբերել արարողութիւների իրականացման գործում:

«Շուշանիկ» երգչախմբի ղեկավարը իր երախտագիտութեան եւ շնորհակալութեան խօսքն ուղղեց անցնող 20-տարիների ընթացքում Սպահանի հայոց թեմի ժամանակի եւ ներկայի թեմակալ Առաջնորդներին, Կրօնական խորհրդի ատենապետներին եւ անձնակազմին ու եկեղեցեաց դասին՝ խմբին հովանաւորելու իմաստով: Նա համոզում յայտնեց, որ այսուհետ եւս աշխատելու ենք իրենց ուժերի ներածին չափով ծառայել Հայոց առաքելական եկեղեցուն:

Երեկոյի յաջորդ բաժնում, Կրօնական խորհուրդը գնահատագրերով եւ Ս. Աստւածաշունչ նւիրելով, պարգեւատրեց՝ Բալաս Ղարիբեանին, Իշխան Թորոսեանին, Անահիտ Յովսէփեանին, Իսկուհի Բունիադեանին, Հռիփսիմէ Բունիադեանին, Ժենիկ Քէշիշեանին, Ռիմա Մարկոսեանին, Ռոզա Շահիջանեանին, Զւարթ Թահմազեանին, Վալենթին Դաւթեանին, Քլար Յարութիւնեանին, Մառիթա Կարապետեանին, Վեհանուշ Խուդաբախշեանին, Արեգա Յարութիւնեանին, Անասիկ Յովսէփեանին, Ալբերթ Սարկ. Ղազարեանին, տիրացու Ջանի Ղազարեանին, Մարինէ Առաքելեանին, Մարինէ Մխիթարեանին, Օդեթ Պարսամեանին, Զարսանէթ Պարսամեանին, Մարիամ Թահմազեանին եւ Աննիկ Սարհադեանին, ովքեր տարիներ շարունակ թէ՛ որպէս անդամ եւ թէ՛ որպէս պատասխանատու՝ մասնակցութիւն են բերել Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի երգեցողութեան եւ եկեղեցանւէր աշխատանքներին:

Գնահատագրերը եւ պարգեւները յանձնեցին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն եւ Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը:

Երեկոն շարունակւեց էկրանի վրայ լսարանի եւ երգշախմբի անցեալն ու ներկան պատկերող լուսանկարների ցուցադրութեամբ:

Ձեռնարկի աւարտին, որպէս եզրափակիչ խօսք, իր հայրական պատգամը փոխանցեց  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի 20-ամեայ գործունէութիւնը, ինչպէս նաեւ գեղեցիկ յուշեր արթնացնող երեկոյի կազմակերպումը, կարեւորեց նոր անդամներով զոյգ խմբերի շարքերը համալրելը:  

Նա անդրադառնալով Կանանց հոգեւոր լսարանի անւանը, ասաց. «Լիայոյս եմ Կանանց հոգեւոր լսարանը անւանափոխւելու է Հոգեւոր լսարան անւամբ, քանի որ լսարանի առաքելութիւնը եւ նպատակը ոչ միայն կանանց համար է, այլ բոլոր ժողովրդի համար, որի ուղղութեամբ պէտք է յատուկ ծրագիր եւ աշխատանք մշակել»:

Յատկանշելի է, որ յոբելենական միջոցառումների շարքում, կիրակի՝ օգոստոսի  27-ին, «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագից  յետոյ, տեղի է ունեցել  հոգեհանգստեան արարողութիւն եւ թէյասեղան՝ նշւած խմբերի ննջեցեալ անդամուհիների  հոգու խաղաղութեան համար:

Նշելի է, որ այս ամեակի առիթով յոբելեարները ստացել էին շնորհաւորանքի ուղերձներ՝ լսարանի նախկին պատասխանատու Տ. Վազգէն Քէօշկէրեանից, «Շուշանիկ» երգչախմբի նախկին ղեկավար Թագուշ Բաշիկեանից եւ մի շարքժամանակի անդամուհիներից: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան, շաբաթ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյեան ժամը 8-ին, Նոր Ջուղայի հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական համահաւաք իրականացւեց՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 32-րդ ամեակի առթիւ:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնոդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանյից դասը, Հայ Դատի յանձնախմբի եւ թեմի ազգային մարմինների անդամներն ու ժողովուրդ:

Համահաւաքը բացւած յայտարարւեց Արցախի Հանրապետութեան հիմնի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին հայրենիքի պաշտպանման ճանապարհին զոհւած հայորդիների յիշատակը:

Երեկոյի բացման խօսքով ելոյթ ունեցաւ հաղորդավար Վանէ Յովսէփեանը. ահա մի հատւածի մէջբերում նշւած խօսքից. «Մեր կեանքով ու կենսակերպով պէտք է ամրագրենք ու սրբագրենք անկախութեան հռչակագիրը եւ հրաժարւենք այն աւարտւած համարելու մոլորութիւնից: Արցախի Հանրապետութիւնը, նրա ժողովուրդն ու համայն հայութիւնն ամէն օր պէտք է բացեն անկախութեան հռչակագրի կենսահաստատման նոր էջ:  32-ամեայ անկախ պետականութեան դասերի եզրայանգումը մէկն է՝ յարատեւ պիտի լինի Արցախ-Հայաստան-Սփիւռք միասնականութեան շղթան եւ ունեցած մարդկային ու նիւթական ռեսուրսները պէտք է մէկտեղւեն. ՀՀ իշխանութիւնը պէտք է հրաժարւի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հակահայկական եւ պարտւողական քաղաքականութիւնից եւ հաշւի նստի համայն հայութեան արդար պահանջի հետ»:

Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան խօսքն ընթերցեց Վանէ Յարութիւնեանը, որտեղ կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մեր սերունդը, Արցախեան 44-օրեայ պատերազմին, իր ամենա, ամենաթանկը նւիրեց մեր հողի, մեր հայրենիքի համար, նրա հողային ամբողջականութեան համար, նրա ազատ կամքի համար, մեր ինքնորոշումը պահպանելու համար, մեր հայկական 2-րդ չքնաղ հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը պահպանելու համար... Հազարաւոր մեզ պէս երիտասարդներ Արցախեան առաջին պատերազմում են իրենց կեանքը նւիրել հայրենի հողին, իսկ երբ ազատագրել են սրբազան երկիրը, այն շէնացրել են, կեանք ստեղծել, իրենց քրտինքը խառնել մայր հողին»:

Միութեան խօսքում ներկայացւած էին հետեւեալ պահանջները.

ա. Ճանաչել Արցախի Հանրապետութեան ինքնորոշման անվիճելի իրաւունքը.

բ. Դատապարտել հայութեան, յատկապէս արցախահայութեան դէմ Ադրբեջանի կողմից իրականացւող ցեղասպանական գործողութիւնները.

գ. Ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրաւացի է՝ «Անջատում եւ ճանաչում յանուն փրկութեան» իր ընտրած ճանապարհում:

Ընթացքում ցուցադրւեցին Արցախի վերջին իրավիճակը արտացոլող եւ մի շարք պահանջատիրական տեսանիւթեր, իսկ «Դումահ» խմբի միջոցով կատարւեցին ազգային-յեղափոխական երգեր:

Նշելի է, որ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամները շրջելով շրջափակում՝ ներկաներին ուղղութիւն էին տալիս, թէ ինչպէս Արցախին իրենց զօրակցութիւը ստորագրութեամբ գրանցեն համապատասխան ստորագրահաւաքի էջում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցուն կից սրահում իրականացւեց քաղաքի Հայ համայնքի վարչութեան ընտրութիւնը:

Ընտրութիւնների արդիւնքում համայնքի անդամներն իրենց վստահութեան քւէն տւեցին առաջադրւած հինգ թեկնածուներ՝ Անահիտ Այւազեանին, Վալենտինա Թորոսեանին, Գառնիկ Միրզախանեանին, Թէոդիկ Աւանէսեանին եւ Արայիկ Խուդավերդեանին, ովքեր առաջիկայ երկամեայ ժամանակաշրջանի համար կը զբաղւեն համայնքային կեանքին առնչւող գործունէութեամբ:

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանի եւ Շահինշահրի ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, նոյն օրը երեկոյեան այցելեց Շահինշահր եւ մօտիկից ականատեսը եղաւ ընթացող ընտրութիւնների: Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց Ընտրական յանձնախմբին՝ ընտրութիւնները պատշաճ ձեւով կազմակերպելու համար, իսկ շնորհակալական խօսք ուղղելով ընտրատարածքում ներկայ պետական պաշտօնատարներին, շեշտեց, որ իրանահայ համայնքը ոչ միայն կատարում է իր քաղաքացիական պարտականութիւնները երկրի նկատմամբ, այլ նաեւ ստանում է իր իրաւունքները շնորհիւ այն ազատութեան, որն ունի Իրանում: Նա նաեւ շնորհակալական խօսք ասաց՝ երկրի առաջնորդին, նախագահին եւ միւս պետական այրերին՝ իրանահայ համայնքի իրաւունքների պահպանման համար:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 12-րդ շրջանի ընտրութիւնների Ընտրական յանձնախմբի անդամներն էին՝ Վահէ Թահմազեանը (նախագահ), Հելգա Քեշիշեանը, Մելինա Պետրոսեանը, Ռայմոնդ Բաղումեանը եւ Արմիկ Թորոսեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 12-րդ շրջանի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին: Այս ընտրութիւններին իրենց թեկնածութիւնն են առաջադրել 5 շահինշահրահայեր՝ Վալենտինա Թորոսեանը, Գառնիկ Միրզախանեանը, Անահիտ Այւազեանը, Թէոդիկ Աւանէսեանն ու Արայիկ Խուդավերդեանը:

Վերոնշեալ թեկնածուները համայնքի անդամների հետ իրենց հանդիպումն իրականացրեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» սրահում:

Համայնքի անդամներից բացի հանդիպմանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

Երեկոն հիմնականում ընթացաւ հարց ու պատասխաններով եւ տեսակէտների փոխանակմամբ, որտեղ թեկնածուները, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ատենապետը պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին եւ ունկնդրեցին նրանց տեսակէտներն ու առաջարկները՝ համայնքային կեանքի բարելաւման ուղղութեամբ:

Ընթացքում արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը: Նա շեշտելով, որ առաջընթաց արձանագրելու համար հարկաւոր է միասնական ջանք գործադրել, ընդգծեց, թէ Թեմական խորհուրդն իր ամբողջ ներուժով ու հնարաւորութիւններով, լծւել է թեմի համայնքների աշխուժացման եւ կեանքի որակի բարձրացման գործին, իսկ դրա կողքին ջանք չի խնայելու հայրենիքին օգտակար հանդիսանալու ուղղութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, կազմակերպութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, «Կասկածն ու անինքնավստահութիւնը համաձայն Աստւածաշնչի» թեմայի շուրջ տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երիտասարդ անդամ հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանի բանախօսութեամբ:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնոդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Կրօնական խորհրդի անդամները, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Ծրագրում բացման խօսքով հանդէս եկաւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ատենապետ Վեդի Յարութիւնեանը, ապա օրւայ բանախօսը՝ հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանն իր ելոյթը ծաւալեց:

Հայր Սուրբն իր խօսքի առաջին բաժնում անդրադարձ կատարեց՝ թէ ինչ է կասկածը, կասկածամտութիւնը եւ անինքնավստահութիւնը՝ յատկապէս տարանջատելով կասկածի տեսակները, շեշտեց, որ կասկածի փարատումը տեղի է ունենալու հետեւեալ երեք գործընթացներով՝ անձնական փորձառութեամբ, գիտելիքների հարստութեամբ եւ տրամաբանութեան անաչառութեամբ:

Բանախօսութեան շարունակութեան մէջ հոգշ. Տ. Եզրաս աբղ. Թէնէքէճեանը կանգ առաւ կասկածի եւ անինքնավստահութեան շուրջ Աստւածաշնչական մեկնաբանութեան վրայ, հիմնականում օրինակներ բերելով պատկան դրւագներից հաւատքի եւ թերահաւատութեան մասին: Նա կասկածամտութիւնը յաղթահարելու առաջին գործընթացը համարեց հաւատքը, յատկապէս ընդգծելով, թէ ինչպէս Պօղոս առաքեալն իր Եբրայեցիներին ուղղած նամակում է բացատրում՝ հաւատք նշանակում է վստահ լինել այն բաների նկատմամբ, որոնց կը յուսանք եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում: Հայր Սուրբն որպէս կասկածն յաղթահարելու երկրորդ եւ երրորդ ազդակներ՝ մատնանշեց  աղօթքի միջոցով Աստծոյ հետ մշտական հաղորդակցութեան եւ յարաբերութեան գործընթացը եւ Աստծոյ խօսքի հանդէպ ցուցաբերած վստահութիւնը: 

Հայր Սուրբն իր խօսքի աւարտին գիտականօրէն անդրադարձ կատարելով թեմային՝ շեշտեց, որ անինքնավստահ դարձնող ազդակներն են՝ դաստիարակութիւնը, սեփական կեանքի դրսեւորման պակասը եւ ուրիշներից կախւածութիւնը, մնայուն բաղդատութեան մէջ լինելը եւ անտեղեակ լինելը, որոնց յաղթահերելու համար գիտութիւնը անհրաժեշտ է համարում յատկապէս պայքարելու գործընթացը՝ ինքնաճանաչումով:

Երեկոն եզրափակւեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի հայրական խօսքով: Նա բարձր գնահատելով Հայր Սուրբի ծաւալած բանախօսական ելոյթը՝ հոգեբանական, գիտական եւ աստւածաշնչական իմաստներով, յորդորեց, որ իւրաքանչիւր անձ զգուշանայ իր ապրելակերպի նկատմամբ եւ եթէ նկատում է, որ սեփական կենցաղը իր եւ այլ մարդկանց կեանքում կասկածի ու անվստահութեան պատճառ է հանդիսանում, անմիջապէս սրբագրի եւ շտկի այն, որպէսզի որեւէ անձի հաւատի խախտման պատճառ չդառնայ:   

Թղթակից (Նոր Ջուղա)

Շաբաթ՝ օգոստոսի 19-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցան Լիզբոնի հինգ  անձնազոհ  մարտիկների ողջակիզման 40-ամեակին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը։

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդներից կազմւած «Արարատ», «Շուշի», «Ուրարտու», Սարտարապատ» եւ «Արցախ» սիրողական խմբերը՝ հնգօրեայ մրցաշարի ընթացքում մրցեցին միմեանց հետ, իսկ եզրափակիչ խաղերի շրջագծում տեղի ունեցան «Արարատ-Շուշի» եւ «Ուրարտու-Սարդարապատ» խմբերի մրցութիւնները, որոնց արդիւնքում մրցադաշտից յաղթող դուրս եկան՝ «Սարդարապատ» եւ «Արցախ» խմբերը՝ զբաղեցնելով հերթաբար՝ առաջին եւ երկրորդ տեղերը, որոնց շնորհւեց գնահատագրեր, իսկ «Սարդարապատ» խմբի անդամներին՝ նաեւ պարգեւներ:

Խաղերի մրցավարութեան դժւարին պարտականութիւնը անշահախնդրօրէն ստանձնել էին՝ Ռուբիկ Պարսամեանը, Արթին Մելիքեանը եւ Արին Խաչիկեանը, ովքեր նոյնպէս գնահատւեցին կազմակերպիչների կողմից:

Գնահատագրերը եւ պարգեւները յանձնեցին՝ «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան  նախագահ Ժորժ Ղազարեանը, նոյն Կենտ. վարչութեան փոխնախագահ եւ  Սկաուտական միաւորի հետ կապ  Զարեհ Ղարախանեանը եւ  Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անդամ եւ մրցաշարի Կազմակերպիչ յանձնախմբի հետ կապ Նարեգա Սիմոնեանը:

Խաղերի փակման ծրագիրը վարեց Սկաուտական միաւորի անդամ, դեր առաջնորդ՝ Վանէ Յովսեփեանը, ով հանդէս եկաւ միաւորի անունից շնորհակալական խօսքով ուղղւած մասնակից հինգ խմբերի անդամներին եւ հանդիսատեսին՝ իրենց ներկայութեամբ Լիզբոնի հինգի յիշատակը վառ պահելու համար:

Այս ողջունելի Միջոցառումն  աւարտւեց  խմբական լուսանկարւելով:

 Ստորեւ ներկայացնում ենք յաղթող խմբերի անւանացանկը.

Առաջին կարգ՝ «Սարդարապատ» խումբ, Հերմոնդ Մարկոսեան, Համլետ Պօղոսեան, Դաւիթ Յովսէփեան, Սիփան Մկրտչեան, Երւանդ Աբրահամեան,  Արմէն Ազարանգ եւ Մայիս Թորոսեան:

Երկրորդ կարգ՝ «Արցախ» Խումբ, Ռոմիկ Թահմազեան, Գեւիկ Մկրտչեան, Ռուբէն Իսաղուլեան, Ալբրիկ Ղազարեան, Արամէ Իւնիքեան, Արւին Յովհաննիսեան եւ Էմին Բաղրամեան:

Յիշեցնենք, որ խաղերն իրականացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, նոյն միաւրի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ եւ ի հարկէ «Արարատ» միութեան Ֆուտբոլի յանձնախմբի համագործակցութեամբ:  

Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն էին՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, Ռոբերտ Սիմոնեանը, Էմմանուէլ Սիրջանեանը, Սասուն Սիմոնեանը, Վանէ Յովսէփեանը, Ստեփանիա Յակոբեանը, Էրիքա Զարգարեանը եւ Քաջազնունի Սարեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Ուրբաթ՝ օգոստոսի 18-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց տաղաւար տօներից չորրորդի՝  Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ, Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի համանուն եկեղեցում: Նոյն օրը նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագի ընթացքում քարոզախօսեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարեց Ս. Կոյս Մարիամի Վերափոխման տօնի հետ կապւած աւետարանական դրւագին, եւ ասաց. «Քրիստոսի խաչելութիւնից 12 տարիներ յետոյ, երբ Սուրբ Կոյսն աւանդում է իր հոգին եւ նրա ցուցմունքի համաձայն առաքեալները դին ամփոփում են Ձիթենեաց լեռան ստորոտում գտնւող Գեթսեմանի պարտէզում, երեք օր Աստւածածնի գերեզմանից լոյս է ճառագայթում եւ լսւում են հրեշտակների քաղցրաձայն փառաբանութեան երգերը եւ երրորդ օրը Քրիստոսը հրեշտակների հետ իջնում է ցած, վերցնում է իր մօր մարմինը եւ փոխադրում է երկինք՝ նրան նստեցնելով իր աջ կողմը»:

Սրբազան Հայրը կարեւորութեամբ ընդգծելով տօնի պատգամը՝ աւելացրեց, որ բոլոր հաւատացեալները պէտք է օրինակ քաղելով Սուրբ Կոյսից, որն ապրեց աստւածապաշտութեամբ, աղօթքով ու բարեգործութեամբ եւ ամենօրեայ կարգով այցելեց Քրիստոսի գերեզմանատուն եւ այլ սրբավայրեր, փորձեն յաճախակիօրէն այցելել եկեղեցի, մասնակցեն Պատարագներին, ստանան հաղորդութիւն եւ վերածւեն Կոյսի փոքր օրինակների:

Յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը. օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Խոյգան գիւղի Եկեղեցեաց վարչութեան անդամները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Նոր Ջուղայի  Հայ  մարզամշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, նոյն միաւորի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի համագործակցութեամբ, օգոստոսի 15-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ամենամեայ ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին, Լիզբոնում զոհւած հինգ քաջարի մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի,  Արա Քրջլեանի,  Սիմոն Եահնեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին:

Բացման ծրագրի սկզբում ներկաներին ողջունեց օրւայ հաղորդավարուհի՝ Սկաուտական միաւորի դեր-առաջնորդ Վանէ Յովսէփեանը, ապա բոլորը յոտնկայս հետեւեցին խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով նոյն միաւորի Արի-Արենուշ հատւածների ներկայացուցիչների միջոցով եռագոյն դրօշի եւ նկարագարդի մուտքը դահլիճ: Լիզբոնի մարտիկների նկարները տեղադրւելուց եւ «Պատւի առ» հրահանգից յետոյ՝ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց անմահ հերոսների անմոռաց յիշատակը:

Յաջորդիւ հաղորդավարուհին անդրադառնալով Լիզբոնի հինգ տղաների գործողութեան իւրայատուկ տեղին ու դերակատարութեանը՝ միջազգային մակարդակի վրայ հայութեան Դատը լայնօրէն ներկայացնելու եւ ծանօթացնելու ուղղութեամբ, նշեց. «Այս  յիշատակի երեկոները, կը գան լռութեան պատերը քանդելու, կը գան ասելու, թէ հայ երիտասարդութիւնը պատրաստ է իւրաքանչիւր օր շարունակել պայքարը, որպէսզի համայն աշխարհին լսելի դարձնի անարդարութեան մասին, որը մինչեւ այսօր էլ շարունակւում է Արցախի շրջապատումով: Հայ ժողովուրդը վերստին պահանջում եւ սպասում է արդարութեան վերականգնմանը»:

Սկաուտական միաւորի  Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց Գերագոյն մարմնի եւ   Կազմակերպիչ յանձնախմբի կապ, դեր-խմբապետ Նարեգա Սիմոնեանը, որում պատմական ակնարկ էր նետւած Լիզբոնի հինգ մարտիկների սխրանքին եւ մասնաւորապէս նշւած էր՝ «Լիզբոնի տղաների մարտիրոսացումը դարձաւ նորօրեայ վկայութիւնը՝ իմացեալ մահով անմահութիւն նւաճելու համար: Նրանց հետ մեր էութեան կենսուրախ բջիջը ողջակիզւեց, պատգամելով՝ չմոռանալ հայ ժողովրդի դէմ գործադրւած ցեղասպանութիւնը եւ ըստ արժանւոյն տէր կանգնել մեր արդար դատին»:

Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու Սոնիկ Բաղումեանը, ով նախ իր յարգանքի խօսքն ուղղելով ողջակիզւած հինգ երիտասարդների անմոռաց յիշատակին, ողջունեց «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամներին՝ մրցաշարի կազմակերպման եւ Լիզբոնի Հինգի գաղափարն ու ճանապարհը շարունակելու համար: 

Նա այնուհետեւ անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց. «Նրանք անցան զոհաբերութեան ռուբիկոնը, կարողացան յաղթահարել եւ ինքնազոհողութեան գնալով՝  դրսեւորեցին իրենց բարձր կամքը, որպէսզի արծարծեն հայ ժողովրդի իրաւունքների արդարացիութիւնը, ինչը վերջին շրջանում նրանց այս գաղափարին տւել է յաւերժական Հայաստան գաղափարի գեղեցիկ բանաձեւումը»:

Շարունակութեան մէջ տկն. Բաղումեանն ասաց. «Լիզբոնի տղաները եթէ այսօր ողջ լինէին, եթէ ոչ Լիզբոնում, ապա հայ ժողովրդի պաշտպանութեան այլ ճակատներում հաստատ կը լինէին առաջին շարքերում, ինչպէս հետագային եղան՝ նրանց միւս ընկերները: Նրանց չապրած 40 տարիները, գուցէ մեզանից շատերի ապրած 40 տարիներից աւելի մեծ ազդեցութիւն եւ արժէք ունեցան մեր ժողովրդի համար, այդ իսկ պատճառով, գրւել են երգեր  եւ մինչ այսօր խօսւում է նրանց սխրագործութեան  մասին եւ դա շատ կարեւոր հանգամանք է. առաջարկում եմ խորհեն բոլորը, որ մեր ապրած կեանքը եւ հետագային, երբ պիտի չապրենք, որքանով է օգուտ հասցնելու եւ ինչքանով է ազդելու մեր հայրենիքի ու մեր ժողովրդի գեղեցիկ ապագան կերտելու հարցում»:

Բանախօսը մատնանշելով նաեւ Արցախում հայորդիների ծանր պայմանները, ասաց. «Եթէ այսօր Արցախում հայը սովամահ է դառնում թրքական եւ ադրբեջանական նենգ քաղաքականութեան ու համաշխարհային լռութեան պայմաններում, ուրեմն Լիզբոնի տղաները իրենց  պայքարի մէջ սխալ չեն եղել»:

Ծրագիրը շարունակւեց դեր-առաջնորդ Ստեփանիա Յակոբեանի կատարմամբ՝ Յովհաննէս Շիրազի «Յիշէ՛ք հայեր» ստեղծագործութեան ասմունքով: 

Յաջորդիւ հրաւիրւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ.  Սիփան Ս. Եպս Քէչէճեանը իր պատգամը փոխանցելու:

Սրբազան Հայրն ասաց. «Այս հինգ տղաների ինքնակամ եւ գիտակցութեամբ անձնազոհութիւնը եկաւ արթնացնելու աշխարհին եւ միջազգային պետութիւններին, որպէսզի վերջ տան իրենց կոյր քաղաքականութեանը, ի դէմս՝ Հայ Դատի եւ Հայոց ցեղասպանութեան: Այս բոլորից յետոյ մենք 40-տարիներ շարունակ կարողացանք կողմնորոշւել, ճշտորոշւել եւ բռնել ուղիղ ճանապարհը, որը մեզ առաջնորդեց դէպի յաղթանակ, սակայն այսօր  յայտնւել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ 44-օրեայ պատերազմի հինգ հազար զոհերը չեն կարողանում արթնացնել միջազգային պետութիւնների խիղճը, ինչպէս նաեւ մի շարք հայորդիների գիտակցութիւնըԹող այսօր հինգ երիտասարդների պայթումի ձայնին միանան մեր բոլոր նահատակները, արթնացնելու արդարադատութեան դատարանի խիղճը, միջազգային պետութիւնների գիտակցութիւնը, բայց մանաւանդ մեզ, որպէս ժողովուրդ հետեւելու  եւ  ճշգրիտ ճանապարհին հասնելու համար:

Թեմակալ Առաջնորդն իր խօսքի աւարտին ուժ ու կորով եւ համբերութիւն մաղթեց, բայց մանաւանդ մաղթեց՝ յոյս, սէր, հաւատք  եւ միութիւն՝ մեր ազգի բոլոր զաւակներին:

Բացման հանդիսութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց եւ խաղադաշտ նետւեց գնդակը, ապա  տեղի ունեցաւ ընկերական խաղ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան ֆուտբոլի կրտսեր խմբի անդամների մասնակցութեամբ: 

Վերջում,  որպէս  մրցութային բաժնի մեկնարկ՝ խաղադաշտ իջան  «Արցախ» եւ «Շուշի» խմբերը:

Նշելի է, որ այս տարի մրցաշարին իրենց մասնակցութիւնն են բերել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Արցախ», «Շուշի», «Ուրարտու»  եւ «Սարդարապատ» խմբերը:

Հնգօրեայ խաղերի փակումը կայանալու է շաբաթ՝ օգոստոսի 19-ին:

Խաղերի բացման արարողութեանը  ներկայ էին նաեւ՝ Սպահանի Հայոց թեմի  ազգային մարմիների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ օգոստոսի 13-ին, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝  Ս. Աստւածածնի  Վերափոխման եւ նոյն եկեղեցու անւանակոչութեան  տօների առթիւ:

Ս. Պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզախօսեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան երիտասարդ անդամ հոգեշ. Տ. Եզրաս Աբղ. Թէնէքէճեանը, որին սպասարկում էին՝  քահանայից եւ դպրաց դասերը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:  

Պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում անդրադառնալով օրւայ խորհուրդին, յատկապէս նշեց Ս. Աստւածամօր  առանձնայատուկ  արժանիքները, որպէս՝ Աստծոյ ընտրեալ ամենաօրհնեալ եւ բարեխօս կին եւ ասաց. «Նա Աստծոյ հրամանով հանդիսացաւ մարդկութեանը փրկիչ շնորհող մայր, ով Աստծոյ հոգու  պատկերով   վերածնեց լոյսը, որով  առանցքային տեղ գրաւեց մեր կեանքում եւ դարձաւ սիրելի, յարգւած ու պաշտւած մայր՝ ոչ միայն քրիստոնէութեանայլ նաեւ օտար կրօնների մօտ»: Քարոզիչն իր խօսքի մի այլ բաժնում մատնանշելով Խաղողօրհնէքի կարգը, ասաց.  «Խաղողն իր բազմազան իմաստների կողքին նշանակում է մեր Տիրոջ քաղցրութեան ներկայութիւնը, որը լուսաւորում է մեր միտքն ու հոգին եւ առաջնորդում է մեզ դէպի հաւատքով կեանք ու փրկութեան ճանապարհ»: Նա յորդորեց, որ նեղութեան, տառապանքի եւ դժւարութեան ժամանակ, հայցել Աստւածամօր բարեխօսութիւնը եւ մաղթեց, որ մեր Տիրոջ ողորմութիւնը եւ Աստւածամօր մայրական օրհնութիւնը բոլորի վրայ լինի:

Յաւարտ Ս. Պատարագի, գլխաւորութեամբ առաջնորդ Սրբազան Հօր տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի   ծիսակատարութիւնը, որի աւարտին, թեմակալ Առաջնորդը շնորհաւորանքի, շնորհակալական, գնահատանքի եւ քաջալերանքի խօսքեր ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել տօնը նշելու համար եւ մաղթեց՝ Աստւած կատարի իրենց խորհուրդները: Վերջում որպէս օրհնութիւն՝ ներկաներին բաժանւեց փաթեթաւորւած եւ օրհնւած  խաղողի ողկոյզներ:

Յատկանշական է, որ Ս. Պատարագից յետոյ ժամը 12:30-ին, կատարւեց խաղողօրհնէքի կարգ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Մինաս» եկեղեցիներում՝ հերթաբար արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ:                     

Այս առիթով նոյն օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց վարդանանց» եկեղեցում, ձեռամբ՝ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ կատարւեց Խաղողօրհնէքի կարգը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Անյիշելի ժամանակներից սկիզբ առած Նոր Ջուղայի հնաւանդ մի սովորութեան համաձայն, որն ամենամեայ կարգով իրականացւում է Սուրբ Աստւածածնի Վերափոխման (Խաղողօրհնէք) տօնին նախորդող չորեքշաբթի օրւայ ընթացքում, այս հինաւուրց համայնքի ժողովուրդը օգոստոսի 9-ին, սկսեալ առաւօտեան ժամը 8:30-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, այցելեց Նոր Ջուղայի 13 եկեղեցիներ եւ մատուռներ, որոնցում աղօթեց եւ մոմ վառեց իր խորհուրդների իրականացման համար:

Նշելի է, որ ամէն տարի այս հնամեայ սովորութիւնը մեծ ընդառաջում է գտնում համայնքի ժողովրդի կողմից եւ անգամ բազմազբաղ անհատներն էլ ծրագրում են, որպէսզի կարողանան օրւայ ընթացքում, որպէս հաւատի արտայայտութիւն, այցելել բոլոր եկեղեցիներ եւ վառել իրենց մոմերը:

Լուսանկարները տրամադրեցին՝ Թղթակիցը (Նոր Ջուղա)

եւ Նոր Ջուղայի եկեղեցիների սարկաւագները

  

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, 9, 11, 23 եւ 25 յուլիսին կայացան «Փոքրիկ հնագէտը» խորագրով մանկական ուսուցողական աշխատանոցները, նպատակ ունենալով ոչ միայն ուսուցանելու նշւած ոլորտին առնչւող տերմիններն ու գիտելիքները, այլ նաեւ փոքրիկների մէջ առաւել չափով ձեւաւորելու արժէքների եւ հնութիւնների պահպանման նկատմամբ սէրն ու բծախնդիր կեցւածքը: Աշխատանոցին իրենց մասնակցութիւնն էին ցուցաբերել 8-10 տարեկան 11 մանուկներ:

Այս շրջագծում ուսուցման գործը վստահւել էր Սպահանի Մշակութային ժառանգութեան պահպանման ոլորտում գործունէութիւն ծաւալող «Ման» դպրոցի հիմնադիր եւ մասնագէտ-հնէաբան Մոնա Ջամադիանին, իսկ կազմակերպման գործում «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանի հետ սերտ համագործակցութիւն էին ցուցաբերել Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանի յանձնախմբի անդամներ՝ Ռիմա Սիմոնեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանն ու Արգին Աբնուսեանը, ինչպէս նաեւ Առաջնորդարանի պաշտօնեաներ՝ Նարէ Մարկոսեանը եւ Վանանդ Իսաղուլեանը: Բոլոր միջոցառումներին ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի անդամուհի Ռայեա Խուդավերդեանը:

Առաջին աշխատանոցի ընթացքում փոքրիկները ծանօթացան նախամարդի եւ նրա կենցաղային սովորութիւնների հետ, ապա նախնադարեան քարանձաւ խորհրդանշող ձեռակերտ քարայրում սեփական ձեռքերով ներկի հետքեր թողեցին քարանձաւի ներսի եւ դրսի պատերի վրայ՝ ինչպէս հազարամեակներ առաջ նախամարդը դաջում էր իր մտքերն ու մտածումները: Վերջում առկայ նիւթերով պատրաստեցին առաջին մարդկանց կենցաղային իրերը՝ մուրճ, կացին եւ այլն:

Երկրորդ աշխատանոցի ծրագիրը, ինչպէս առաջինը, յագեցած էր բուռն անակնկալներով: Սկզբում փոքրիկները ծանօթացան նախնադարեան մարդկանց բնակարանների կառուցւածքին, ապա փորձեցին պատրաստել աղիւսներ եւ տարածքում եղած հնարաւորութիւններից օգտւելով կերտել երկու բնակարան:

3-րդ միջոցառման ընթացքում մանուկների հետաքրքրութեան մակարդակը հասաւ իր գագաթնակէտին, քանի որ նրանք՝ ինչպէս փորձառու հնէաբաններ, համապատասխան գործիքներով պեղումներ կատարեցին նախատեսւած տարածքում եւ գտան խորհրդանշական հնութիւնները. վերջում փորձեցին գտած իրերը չափագրել, լուսանկարել եւ գրանցել պատկան տւեալները, իսկ միացնելով կոտրւած բաժինները վերականգնել յայտնաբերւած իրերի ամբողջական տեսքը:

Վերջին աշխատանոցը բաղկացած էր զանազան բաժիններից: Երեխաները, ովքեր կազմակերպիչների յանձնարարութեամբ, որպէս տնային աշխատանք սերտել էին «12-ամեայ Յիսուսը զարմացնում է ուսուցիչներին» աւետարանական դրւագը, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, որտեղ աղօթեցին, ապա եկեղեցու որմնանկարների միջից գտան նշւած դրւագին պատկանող պատկերը: Յաջորդիւ այցելեցին վանքի Ազգագրական թանգարան եւ լսելով զբօսավարի բացատրութիւնները ցուցադրւած իրերի մասին, առաւել չափով ծանօթացան իրենց նախնիների՝ Նոր Ջուղայում հաստատման պատմութեանը եւ կենցաղային ոճին: Ծրագրի մնացեալ բաժնում ներկեցին սալիկի վրայ դաջւած հրեշտակի պատկերը, իսկ այցելելով վանքի տպարան՝ արճիճէ տառերով կազմեցին եւ թղթի վրայ տպագրեցին իրենց անունները: Վերջում ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ կազմակերպիչների բոլոր մասնակիցները ստացան վկայագիր:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչները

  

Չորեքշաբթի՝ յուլիսի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղաի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ նոյն միութեան Ուսանողական միաւորի, կազմակերպւեց ուսուցողական լսարան՝ «Արհեստական ինտելեկետ (AI)» խորագրով, որին մասնակցութիւն էին ցուցաբերել՝ ուսանողներ, աշակերտներ եւ այս ոլորտով հետաքրքւող անձինք:

Լսարանի զեկուցաբերներն էին՝ Արսինէ Մարգարեանն ու Անդրիա Խաչատրեանը:

Նախ ներկայացւեցին արհեստական ինտելեկտի ստեղծման եւ անցեալի մասին տեղեկութիւններ, ապա անդրադարձ եղաւ այս շրջագծում մի քանի ծրագրերի եւ դրանց գրանցման ու օգտագործման եղանակներին, իսկ վերջում զրոյց ծաւալւեց այս նորագոյն եւ առաջատար տեխնոլոգիայի ապագայի շուրջ:

Վերջում զեկուցաբերները պատասխանեցին ներկաների հարցումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց կազմակերպիչ միաւորը

  

Օգոստոսի 5-ից 19-ը անցկացւող Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակից Սպահանի մարզական պատւիրակութիւնը հինգշաբթի՝ օգոստոսի 3-ի առաւօտեան ուղեւորւեց դէպի Հայաստան։

Այս մարզական իրադարձութեանը Սպահանի մարզիկների մասնակցութիւնն ապահովւել է Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի միջոցով։

Սպահանից հայրենիք են ժամանելու 21 մարզիկ եւ 3 մարզիչ՝ 2 պատասխանատուի գլխաւորութեամբ։ Պատւիրակութեան գլխաւոր պատասխանատուն է յանձնախմբի նախագահ Ժորժիկ Մատթէոսեանը։

Այս խաղերում մեր ներկայացուցիչները մրցելու են չորս մարզաձեւում՝ տղայոց բասկետբոլ, սեղանի թենիս, թեթեւ ատլետ եւ թենիս։

Բարի երթ եւ յաղթանակ ենք մաղթում մեր պատւիրակութեանը։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Սպահանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի 6-րդ հաշւետու նիստը տեղի ունեցաւ 2023 թւականի յուլիսի 6, 7 եւ 21-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Շիրազի եւ Փերիոյ շրջանի պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Յուլիսի 6 եւ 7-ի նիստերին ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

6-րդ հաշւետու նիստի ընթացքում օրակարգի համապատասխան գլուխների ներքոյ՝ Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների տեղեկագրերի, ինչպէս նաեւ Հաշւեքննիչ մարմնի զեկոյցի շուրջ տեղի ունեցան հարց ու պատասխաններ, ըստ էութեան արտայայտութիւններ կատարւեցին՝ գործադիր մարմինների գործունէութեան շուրջ, Դիւանի կողմից ներկայացւեց թեմի կացութեան գնահատումը՝ ըստ թեմի վերջին վիճակագրական տւեալների՝ առանձնացնելով մի շարք կարեւոր ոլորտների մասին յստակ տւեալներ եւ թւեր, Թեմական ու Կրօնական խորհուրդները եւ պատգամաւորները հնչեցրին իրենց առաջարկներն ու նախագծերը, որոնք առ ի ուսումնասիրութիւն յանձնւեցին համապատասխան յանձնաժողովներին, հաստատւեցին գործադիր մարմինների ընթացիկ նախահաշիւները, հաստատւեց ժողովի բանաձեւը եւ երկամեայ ժամանակաշրջանի համար ընտրւեցին Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի կազմերը:

Ժողովն իր աւարտին ի զօրակցութիւն Արցախի հանդէս եկաւ յայտարարութեամբ, որը հետեւեալ կէտերի ներքոյ ներառւեց ընդհանուր բանաձեւում.  

ա. Դատապարտում ենք Ադրբեջանի իշխանութեան թշնամական քաղաքականութիւնն ու ոտնձգութիւնները Արցախի Հանրապետութեան ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, արցախահայութեան տարրական իրաւունքների ոտնահարումն ու շրջափակումը, ինչպէս նաեւ տարածաշրջանում կիրառւող էթնիկ զտման քաղաքականութիւնը.

բ. Անվերապահօրէն զօրակցում եւ պաշտպանում ենք արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը.

գ. ՀՀ իշխանութիւնից պահանջում ենք հրաժարւել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հակահայկական եւ պարտւողական քաղաքականութիւնից.

դ. Դիմում ենք միջազգային կառոյցներին եւ կազմակերպութիւններին, որ ջանքեր գործադրեն Արցախի ապա-շրջափակման ու անվտանգութեան պահպանման ուղղութեամբ՝ պարտադրելով Ադրբեջանի իշխանութիւններին օր առաջ վերացնել Արցախի շրջափակումը՝ շրջանի ժողովրդին սպառնացող հումանիտար աղէտից փրկելու համար.

ե. Ողջունում ենք Իրանի Իսլ. Հանրապետութեան հոգեւոր, քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան աչալուրջ մօտեցումներն ու գործողութիւնները Հարաւային Կովկասում մեծապետական ուժերի կողմից մշակւած եւ Ադրբէյջանի, Թուրքիայի ու Իսրայէլի համատեղ ջանքերով գործադրւող պանթուրքիստական դաւադիր ծրագրերը խափանելու, տարածաշրջանում  կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու ու ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցութիւնն ամրապնդելու ուղղութեամբ:

Յուլիսի 23-ին, Սբ. Ամենափրկիչ վանքում, Պատգամաւորական ժողովի դիւանի հրաւէրով եւ Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ, առանձնաբար կայացան Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի առաջին նիստերը, որտեղ կատարւեցին նշւած կազմերի պարտականութիւնների բաժանումները:

Ստորեւ ներկայացնում ենք նորընտիր մարմինների անդամներին՝ ըստ որոշւած պարտականութիւնների.

 

Պատգամաւորական ժողովի դիւան

Պրն. Նոէլ Մինասեան՝                                                 Ատենապետ

Պրն. Գեղարդ Մանսուրեան՝                                    Փոխ-ատենապետ

Տկն. Արմինէ Սիմոնեան՝                                             Ա. ատենադպիր

Պրն. Նորւիկ Պօղոսեան՝                                            Բ. ատենադպիր

 

Թեմական խորհուրդ

Պրն. Վարուժ Մինասեան՝                                         Ատենապետ

Դոկտ. Վաչիկ Հայրապետեան՝                                Փոխ-ատենապետ

Տկն. Ռայեա Խուդավերդեան՝                                 Ա. ատենադպիր

Դոկտ. Մեղեդի Խուդաբախշեան՝                          Բ. ատենադպիր

Պրն. Նարբէ Ջարդն Դաւուդ՝                                    Գանձապահ

Պրն. Տարօն Տէր-Մարտիրոսեան՝                         Վերահսկիչ հաշւապահ

Պրն. Սարմէն Մինասեան՝                                         Գոյքապահ

 

Կրօնական խորհուրդ

Պրն. Զաւէն Սիմոնեան՝                                              Ատենապետ

Արժ. Տ. Մեսրոպ Աւ. Քհնյ. Գալստանեան՝           Փոխ-ատենապետ

Տկն. Սեդա Այւազեան՝                                                 Ատենադպիր

Պրն. Գուրգէն Թահմազեան՝                                    Գանձապահ

Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեան՝             Խորհրդատու

 

Հաշւեքննիչ մարմին

Պրն. Վրդանէս Մկրտչեան՝                                       Ատենապետ

Պրն. Նապիկ Մելիքեան

Օր. Սիլւանա Ղարախանեան

Նշելի է, որ միամեայ ժամանակաշրջանի համար ընտրւեցին նաեւ Պատգամաւորական ժողովին մասնակցող խորհրդակցական ձայնով հրաւիրեալները՝ պրնյք. Արբի Բաբայեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Վարուժ Մովսիսեանը եւ Վազգէն Թահմազեանը:

 

25 յուլիս 2023                                                      Ս.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի Դիւան

Կազմակերպութեամբ Սպահանի հայոց թեմի Ազգային մարմինների, երեքշաբթի՝ յուլիսի 25-ի կէսօրւայ 12:00-ին, հոգեւորականաց եւ դպրաց դասերի միջոցով ղօղանջեցին թեմի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի զօրակցութիւն Արցախի եւ արցախահայութեան:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

Կիրակի՝ յուլիսի 23-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում մատուցւած Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի սրբատառ հռչակագիր-կոնդակը՝ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակի առթիւ:

Այս հռչակագրում յատկապէս ընդգծւած էր. «Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակը մեզ յիշեցնում է  մեծ Հայրապետի հիասքանչ վաստակը արժանի վեհութեամբ ու շքեղութեամբ արժեւորելու մեր հաւաքական կեանքում, նրա անձից ու գործից ճառագայթող հաւատքով ու շնորհներով շաղախելով մեր համայնական եւ անհատական կեանքը: Այս սպասումից մեկնած թելադրում ենք՝

ա. Մեր թեմերին՝ յատուկ նախաձեռնութիւնների ճանապարհով արժանավայել կերպով նշելու կարեւոր յոբելեանը:

բ. Մեր հոգեւոր հայրերին՝ մօտիկից հաղորդ դառնալու Շնորհալիի դաւանաբանական ու միջ-եկեղեցական տեսակէտներին, եւ շեշտելու նրանց կարեւորութիւնը յատկապէս միջ-եկեղեցական շրջանակներում:

գ. Մեր մտաւորականներին՝ լուսարձակի տակ բերելու բանասիրական ու գրական յատուկ կարեւորութիւն ներկայացնող Շնորհալիի հարուստ գրիչի արգասիքը»:

Հարկ է նշել, որ սրբատառ կոնդակը ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում՝ հոգշ. Տ. Եզրաս Աբղ. Թէնէքէճեանի միջոցով:

«Ս. Սարգիս» եկեղեցում պատարագեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ «Սրբոց Վարանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Շահինշահրի լուսանկարները տրամադրեց Համայնքային վարչութեան գրասենեակը։