Երկուշաբթի՝ դեկտեմբերի 25-ին, Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանի սրահում, կազմակերպութեամբ նոյն թանգարանի տնօրէնութեան, տեղի ունեցաւ «Խաչքար. Խաչքարի արւեստը. համատեքստ եւ կառուցւածքային քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ» գրքի ներկայացումը՝ գրքի համահեղինակ Յարութիւն Խաչատրեանի միջոցով:  Վերոնշեալ աշխատութեան միւս հեղինակն է Միշէլ Պասմաճեանը:

Սկզբում, ողջոյնի խօսքերով եւ Յարութիւն Խաչատրեանի կենսագրական գծերի մասին արտայայտութիւններով հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը: Նա հեղինակին ծանօթացրեց յատկապէս ընդգծելով. «Ծնւել է 1956 Ֆրանսիայի Մարսէլ քաղաքում։ Տեղեկատւական Տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագէտ է։ Որպէս անկախ գիտաշխատող՝ նա ուսումնասիրել է Արւեստի հայոց պատմութիւնը INALCO-ում (Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութեան ազգային ինստիտուտ, Ֆրանսիա): Ներկայումս նա աշխատում է Հայաստանում գտնւող խաչքարերի առցանց կառավարման համակարգի վրայ՝ Հայաստանի Հանրապետութեան պատմութեան յուշարձանների ինստիտուտի հետ։ Նա երկու գրքերի համահեղինակ է՝ «Խաչքար. Խաչքարի արւեստը. համատեքստ եւ կառուցւածքային քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ»  (Փարիզ, 2014 եւ Երեւան, 2019) եւ «Localitռs et biens cultuels armռniens, un patrimoine en destruction» (Հայկական բնակավայրեր եւ մշակութային յուշարձաններ Օսմանեան Թուրքիայում, ժառանգութիւն կործանման մէջ) (Փարիզ, 2016) գրքերը: 2021 թւականին Յարութիւն Խաչատուրեանը զեկոյց է գրել Արցախի հայկական ժառանգութեան մասին՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համար: Ներկայումս նա «Յուշարձաններ եւ ինքնութիւններ Կովկասում-Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտութիւնում» գրքի համախմբագիրն է, որը պատրաստւում է հրատարակել Նիդեռլանդներում:

Այնուհետեւ հերթն հասաւ պրն. Խաչատրեանին, ով հիմնականում ներկայացրեց գրքում տեղ գտած թեմաներից հատւածներ՝ ի մասնաւորի նորութիւնները: Սկզբում պատասխանեց «ի՞նչ է խաչքարը» հարցին, ասելով. «Խաչքարը յօրինւածք է, երբեմն օծւած, յաճախ օրհնւած, որը քանդակւած է քարի վրայ՝ հարթաքանդակի տեսքով. կազմւած է խաչից, զարդաքանդակներից եւ սովորաբար արձանագրութիւններից, որը պարունակում է «Սուրբ խաչ» կամ «Սուրբ նշան» բառերը»:

Շարունակութեան մէջ համապատասխան լուսանկարներով բացատրութեամբ հանդէս եկաւ խաչքարերի դիրքերի եւ բաղադրիչների մասին, համեմատութիւններ անցկացրեց Երուսաղէմի եւ Նոր Ջուղայի խաչքարերի միջեւ, ապա անդրադարձ կատարեց Նոր Ջուղայի խաչքարերի յատկութիւններին:

Նա ընդգծեց, որ Նոր Ջուղայի եկեղեցիներում տեղադրւած խաչքարերը հիմնականում գտնւում են խորանի, մուտքի կամ մկրտութեան աւազանի հատւածներում:  

Պրն. Խաչատուրեանը ժամանակագրական իմաստով եւս համեմատութիւն անցկացրեց Նոր Ջուղայի եւ Երուսաղէմի խաչքարերի միջեւ եւ շեշտեց, որ Նոր Ջուղայում դրանք քանդակւել են 1602 թւականից եւ շարունակւել են շուրջ 90 տարի, իսկ Երուսաղէմում քանդակութեան գործն սկիզբ է առել աւելի շուտ՝ 1000 թւականից եւ շարունակւել է մինչեւ 1824-ը:  

Նա ընդգծեց նաեւ, որ թէեւ Նոր Ջուղայում խաչքարի քանդակագործութիւնը Հին Ջուղայի քանդակագործութեան արւեստի շարունակութիւնն է, սակայն մի շարք տարբերութիւններ են նկատւում դրանց միջեւ, սկսած չափերից, որոնք Նոր Ջուղայի քանդակներում շատ աւելի փոքր են, մինչեւ զարդաքանդակներում նկատելի բազմազանութիւնները:  

Ներկայացման աւարտին համահեղինակը պատասխանեց ներկաների հարցումներին, իսկ գրքից մէկական օրինակ նւիրեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի», հայոց ազգ. կրթահամալիրի «Յովհաննէս Թումանեան» եւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան «Մ. Նալբանդեան» գրադարաններին:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Ուրբաթ՝ յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ «Ս. Մինաս» եկեղեցիներում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի` Ճրագալոյցի առթիւ, որտեղ ընթերցւեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը տօնի կապակցութեամբ: Երեկոյի պատարագիչ հայրերն էին հերթաբար՝ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Յաջորդ օրը՝ շաբաթ՝ յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ Ջրօրհնէքի կարգ կատարւեց «Ս. Բեթղեհէմ» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում՝ հերթաբար արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ. նշւած արարողութիւնների ընթացքում՝ քարոզախօսութեան պահին, պատարագիչ քահանայ հայրերի միջոցով ընթերցւեցին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի պատգամը՝ տօնի առթիւ: Պատգամի աւարտին քահանայ հայրերը ցաւակցական խօսք ուղղեցին Իրանի հոգեւոր առաջնորդին, նախագահին, միւս պատկան այրերին եւ իհարկէ ժողովրդին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգութեան, ինչպէս նաեւ Իսրայէլի կողմից Գազայում շարունակւող ռազմական գործողութիւնների առթիւ, որոնց հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են բազմաթիւ անմեղ ժողովուրդ։ 

Շաբաթ օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, իսկ աւելի շուտ նոյն կարգը մատուցւեց նաեւ «Ս. Մինաս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում: 

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երկուշաբթի՝ 2024 թւականի յունւարի 1-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Ամանորի առթիւ: Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ Գալստանեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի: 

Ընթացքում, քարոզի ժամանակ ընթերցւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի ամանորեայ պատգամը:

Ահա մի հատւածի մէջբերում այդ պատգամից.

«Նոր տարի է այսօր եւ մեզանից իւրաքանչիւրի համար ոսկի առիթ է վերանորոգւելու: Հետեւաբար, իսկական ինքնաքննութեամբ հասնենք անհրաժեշտ ախտաճանաչումների, որպէսզի իրապաշտ մօտեցումով եւ անդարձ վճռակամութեամբ փորձենք իրագործել անյետաձգելի ու հրամայական ինքնասրբագրութիւնը: Զղջա՛նք ու ապաշխարե՛նք: Միշտ ընտրե՛նք լաւն ու բարին: Վերադա՛րձ կատարենք աստւաճահաճոյ կեանքի ճանապարհ եւ անձանձիր կերպով մեր ժամանակը լցնենք բարեգործութեամբ: Անձանձրոյթ տքնաջանութեամբ նւիրւենք աղօթքի, մեր մէջ յարուցանելով հաւատը, յոյսը, սէրը, եղբայրութիւնը, հանդուրժողութիւնն ու միասնութիւնը, որպէսզի ոչ միայն արժանանանք Աստծու ներողամտութեանը, ողորմութեանն ու գթութեանը, այլեւ ստանանք մեր երկնաւոր Հօր օրհնութիւններն ու շնորհները՝ կերտելու համար լուսաւոր ապագայով երաշխաւորւած բարգաւաճ Հայրենիք»:

Աւարտին պատարագիչ Հայրը Ամանորի առթիւ շնորհաւորանքի խօսք փոխանցեց՝ ազգային մարմինների անդամներին եւ թեմի զաւակներին՝ մաղթելով սէր, առողջութիւն, երջանկութիւն եւ յաջողութիւն, իսկ հայրենիքին՝ յաղթանակներ եւ նորանոր նւաճումներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Քրիստոնէական դաստիարակութեան  յանձնախմբի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան յարկի ներքոյ, տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ Քրիստոնէական դաստիարակութեան թեմայով:

Ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ Հայկ Սարեանը, ով նախ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ հրաւէր-յայտարարութեանն ընդառաջելու համար, ապա  երիտասարդութեանը եւ ուսանողութեանը ազգի զարգացման ու  ապագան կերտող սերունդ համարելով, միջոցառման կազմակերպման նպատակներին անդրադարձաւ եւ ընդգծեց, թէ նման միջոցառումները օգնելու են հայ երիտասարդին՝ յատկապէս ուսանող խաւին, իրենց յուզող հարցերի համար հաւաստի պատասխանները գտնելու եւ այլ անհատների հարցումներին ստոյգ տեղեկութիւններ փոխանցելու ուղղութեամբ:

Հանդիպման ընթացքում աստւածաբանութեան մասնագէտներ՝ Թովմա Գալստանեանը եւ յանձնախմբի անդամ Մարինէ Առաքելեանը, պատասխանելով ներկաներերի կողմից հնչած հարցումներին՝ հանդէս եկան նաեւ հոգեւոր կեանքի մասին մի շարք հետաքրքիր տեղեկութիւնների փոխանցմամբ:

Յատկանշական է, որ ներկաները մեծ հետաքրքրութեամբ հետեւեցին աւելի քան երկու ժամ տեւողութեամբ լսարանին, այնպէս, որ համեստ ընդունելութեան ընթացքում  եւս մասնագէտները եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամները պատասխանեցին  հարցերով դիմած անձանց:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հովանաւորութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ նախաձեռնութեամբ Մարզական միաւորի, հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյեան,  նոյն միութեան յարկի ներքոյ տեղի ունեցաւ մեդալաբաշխման  հանդիսութիւն, որի նպատակն էր՝ արժեւորելու եւ գնահատելու Հայաստանի համահայկական խաղերի եւ իհարկէ Իրանի եւ Ասիայի մակարդակներում յաջողութիւն ձեռքբերած Նոր Ջուղայի մարզիկ-մարզուհիներին:  

Ներկաներին ողջունեց Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցիչ Անդրիա Խաչատրեանը, ով նախ ուրախութիւն յայտնեց նման նպատակասլաց սերունդ ունենալու համար, ապա երախտիքի խօսք ասաց ազգային իշխանութեանը եւ միութեան Կենտրոնական վարչութեանը՝ միաւորի աշխատանքները հովանաւորելու եւ հնարաւորութիւն ստեղծելու պատանի-երիտասարդների համար, որպէսզի առողջ մթնոլորտում մարզւեն, զարգանան եւ յաջողութիւններ արձանագրեն: Նա իր խօսքի մի այլ բաժնում շնորհակալական խօսք ուղղեց նաեւ ծնողներին՝ իրենց համագործակցութեան եւ միութեանը նեցուկ հանդիսանալու առթիւ:

Այնուհետեւ արտայայտւեց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը, որն ասաց. «Ն. Ջ Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան առաքելութիւնը՝ մարզական ասպարէզում աշխատելուց եւ յաջողութիւն ձեռք բերելուց  զատ, պատանի-երիտասարդների մօտ ազգային ոգու, հայրենասիրութեան, կարգապահութեան եւ ինքնավստահութեան մակարդակի բարձրացումն է»: Նա շնորհակալական խօսք ուղղեց՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանին, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, ազգային մարմիններին եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբին՝ միութեան աշխատանքներին նիւթաբարոյական աջակցութիւն ցուցաբերելու, ինչպէս նաեւ ծնողներին՝ իրենց զաւակներին քաջալերելու համար: 

Յաջորդիւ, անհատական եւ խմբային մարզաձեւերում յաջողութիւն արձանագրած մարզիկ-մարզուհիներին յանձնւեց գաւաթները, մեդալները եւ գնահատագրերը՝ ձեռամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանի, թեմի Պատգ. Ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի եւ Վարուժ Մինասեանի, Կրօնական խորհրդի անդամ Տէր Խաչատուր քհնյ. Զարգարեանի, միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցչի եւ բասկետբոլի վաստակաւոր մարզիչ Այլին Մելիքեանի:

Արձանագրած յաջողութիւնները հետեւեալն էին՝

- «Բանու Ղեդիսան» փառատօն՝ թեթեւ ատլետ (վազք)   

500-մետր՝ երկրորդ

80-մետր՝ երրորդ

- «Արարատ cup» մրցաշար, մանկա-պատանեկան  տղ. բասկետբոլ՝ երկրորդ

- Սպահան նահանգի «Վելայաթ մրցանակ» մրցաշար- պատանեկան օրդ. բասկետբոլ՝ փոխ չեմպիոն

- Երկրի մակարդակում՝ «Քիօ քուշին մատսու շիմա» մրցոյթներ- քոմիթէ կառատէ,

Մէկ առաջին եւ երկու երկրորդ

- Սպահան նահանգի՝ «Ուսանող նահատակներին» նւիրւած՝ «Քիօ քուշին մատսու շիմա» մրցոյթներ-քաթա կառատէ՝ առաջին, երկրորդ եւ երրորդ

- Հայաստանի Հանրապետութեան 8-րդ համահայկական խաղեր

Ատլետիկայի սկաւառականետում մրցոյթներ՝ առաջին

- Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Արարատ» կազմակերպութեան 54-րդ համահայկական խաղեր, Տղ. երիտասարդական բասկետբոլ

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թիւ 1 խումբ՝ առաջին, թիւ 2 խումբ՝ երրորդ

Տղ. Երէց բասկետբոլ՝ երրորդ

3x3 ձեւաչափի բասկետբոլի երկսեռ մրցոյթում՝ առաջին

3x3 ձեւաչափի տղ. բասկետբոլի թիւ 1 խումբ՝ երկորդ, թիւ 2 խումբ՝ երրորդ

-Սեղանի թենիս, օրդ. խմբային՝ երէց խումբ՝ երկրորդ

Սեղանի Թենիս, օրդ. անհատական երիտասարդական խաղերում, մէկ առաջին

Երեկոյին, որպէս քաջալերանք  ներկայ էին եւ անունները յայտարարւեց

- Սպահան նահանգի 3x3 ձեւաչափի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝ մինի-բասկետբոլի օրդ. խումբ

-Սպահան նահանգի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝ Տղ. Միկրօ բասկետբոլի  խումբ 

Սպահան նահանգի «Չեմպիոն» մրցաշարին մասնակցած՝

Տղ. մինի-բասկետբոլի  խումբը 

Մեդալաբաշխման ծրագրի շարունակութեան մէջ նւաճած մեդալները յանձնւեց՝   երկրի մակարդակում Սպահան նահանգի աշակերտական օրդ. բասկետբոլի ընտրանի խմբի կազմում, Լաւագոյն խաղացող անւանակարգի

- Սպահան նահանգի մանկա-պատանեկան օրդ. բասկետբոլի խմբի կազմում  «Լաւագոյն տաղանդների» 4-րդ Օլիմպիադիայի

-  Գիմնաստիկայի փառատօնի օրդ. Ա եւ Բ  մակարդակի մրցութիւնների

Մարզիչ՝ Վիլմա վարդանեան, մարզչի օգնական՝ Թենի Համազասպեան, պատասխանատու՝ Նինելիա Բաղդասարեան

- Սպահան նահանգի բասկետբոլի խորհրդի կազմակերպած երկրի 10-րդ տարածաշրջանի  օրդ.  մինի-բասկետբոլի փառատօնի,

- «Լուկա» օրդ. բասկետբոլի խմբի կազմում՝ նահանգի երիտասարդական լիգայի մրցոյթների, 

- Սպահանի քաղաքապետարանի մշակութային, սոցիալական եւ մարզական  կազմակերպութեան նախաձեռնութեամբ կայացած տղ. բասկետբոլի 2-րդ շրջանի 3x3 ձեւաչափի բասկետբոլի ախոյանական մրցաշարի,

- Սպահանի պետական համալսարանի օրդ. բասկետբոլի խմբի կազմում Ուսանողական օլեմպիադի

- «Ազադեհ» բասկետբոլի ակումբի կազմում, «Բանու Ղեդիսան», «Փանբէրիզ» ընկերութեան հովանաւորութեամբ կայացած 23-տարեկանից բարձր Սպահան նահանգի  մրցութիւնների,

- «HOOP» խմբի կազմում 18-տարեկանից բասկետբոլի, 18-տարեկանից վար օրդ. բասկետբոլի

- «Գոլնուռ» խմբի կազմում երկրի մակարդակում կայացած տղ. բասկետբոլի մարզիկ-մարզուհիներին:

Գնահատւեցին նաեւ՝

 - Գիմնաստիկայի խորհրդի կազմակերպած՝ վետերանների գնահատանքի հաւաքին գնահատագրով պարգեւատրւած միութեան  մարզիչ՝ Վիլմա վարդանեանը:

- Երկրի կանանց բասկետբոլի ազգային հաւաքականի կազմում, Հանգժօում կայացած «Վիլիամ Ջոնզ» խաղերին մասնակցած՝ Անայիս Խուդավերդեանը:

 - Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի անդամ ընտրւելու եւ այդ կազմում Ասիայի խաղերին մասնակցած՝ Արէն Դաւուդիին։

 - Իրանի լողի ազգային հաւաքականի մարզիչ՝ Գամեր Դիլանչեանը։

 - Սպահան նահանգի ընտրանի խմբի մարզիչ եւ «Արարատ» միութեան օրդ. պատանեկան խմբի  գլխաւոր մարզիչ Լուսինէ Սէթ-Աղայեանը։

- «Ազադեհ» ակումբի բասկետբոլի մարզիչ եւ Սպահան նահանգի մինի-բասկետբոլի ընտրանի խմբի գլխաւոր մարզիչ՝ Լուսինէ Ասատրեանը:

Մեդալաբաշխման աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ խրախճանք:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Ս․ Ամենափրկիչ վանքի Խաչատուր վրդ․ Կեսարացու անւան թանգարանի տնօրէն Զարեհ Ղարախանեանի, թանգարանի շէնքի հիմնադրման 52-ամեակի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ՝ նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 1-ի երեկոյեան, սկսեալ ժամը 6։30-ից, յոբելեար թանգարանի ներքեւի յարկում իրականացւեց բացառիկ շրջայց՝ «Մի գիշեր թանգարանում» խորագրով։

Երկօրեայ ժամանակաշրջանում նախատեսւած շրջայցը տեղի ունեցաւ 14 սեանսների ներքոյ, իւրաքանչիւրի տեւողութիւնը 30 րոպէ։

Սկզբում թանգարանի մուտքի մօտ այցելուներին դիմաւորում եւ ծրագրի մասին հարկ եղածը բացատրում էր Կարին Տէր-Մարտիրոսեանը, այնուհետեւ շրջայցի մեկնարկը տրւում էր առաջին կրպակից, որտեղ նորջուղայեցի խոջան ու իր աշակերտը ներկայացնում էին հայ վաճառականի առօրեայ աշխատանքից մի դրւագ։ Նշելի է, որ ծրագրի ամբողջ ընթացքում համապատասխան բացատրութիւններ էր սփռւում՝ պարսկերէն լեզւով։

Երկրորդ հանգրւանը թանգարանի Խաչատուր վրդ․ Կեսարացու կրպակն էր, ուր ցուցադրւած է Նոր Ջուղայում պատրաստւած Միջին Արեւելքի երրորդ տպագրութեան մեքենան, պատկան տառերն ու գործիքները եւ տպագրւած առաջին գիրքը․ այստեղ Խաչատուր վրդ․ Կեսարացին եւ իր աշակերտը գեղեցիկ պատկերացում տւեցին այն օրերին գրքի տպագրութեան համար տարւող տքնաջան աշխատանքից։ Լայն բացատրութեամբ ծանօթացւեց վրդ․ Կեսարացին՝ որպէս Միջին Արեւելքում առաջին տպարանի հիմնադրող։

Յաջորդ կանգառում նորջուղայեցի հայուհու եւ իր դստեր տնային աշխատանքից մի պատկեր ներկայացնելով՝ հանդիսատեսին ցուցադրւեց հայ տիկնոջ կարեւոր դերը ընտանիքի կառավարման գործում։

Այնուհետեւ ներկաները կանգ առան Սարգիս Խաչատրեանի երկու գեղանկարչութիւնների առջեւ, որտեղ տեսողական էֆեկտի միջոցով կենդանացել էին այդ նկարները, ասես դրանցից մէկում կենդանի ալեկոծւում էր Սեւանայ լիճը եւ ղօղանջում կղզու վանքի զանգը, իսկ միւսի մէջ կենսունակ էր գեղջկական կեանքը։ Այս բաժնին զուգահեռ կենդանի կատարմամբ հնչեց «Հորովել»-ը։

Շարունակութեան մէջ այցելութիւն կատարւեց հոգեւորականների հագուստների կրպակ, ապա ձեռագիր մատեանի վրայ տեսողական էֆեկտով ցուցադրւեց գրչագրութեան արւեստը։

Աբրահամ Գուրգէնեանի կրպակում ներկաները ոչ միայն դիտեցին նրա կերրտած շիրմաքարերի նկարչութիւնները, այլ նաեւ դրանց շարժունակ պատկերը պատի վրայ ցուցադրւած։

Աւարտին, Եփրեմ Խանի բաժնում, բոլորը ծանօթացան նրա սխրագործութիւններին եւ իհարկէ կերպարին՝ նրա դերը մարմնաւորողի շնորհիւ։

Այս միջոցառումը, որը հիանալիօրէն պատկերում էր Նոր Ջուղայի պատմական անցեալից ու կենցաղից մի փունջ, լայն ընդառաջում գտաւ ժողովրդի կողմից՝ հիացմունք պատճառելով պարսիկ հայրենակիցներին, իսկ առաւել հպարտութեան առիթ հանդիսանալով նորջուղայեցիներին, յատկապէս կիրառած նորագոյն տեխնիկայի առումով առաջինը լինելով Սպահանում։  

Ներկայ գտնւեցին նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ, որոնց դիմաւորում եւ ուղեկցում էին Թեմական խորհրդի անդամները։

Հիւրերի շարքում էին՝ Սպահանի Մշակութային ժառանգութեան պահպանման, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Համիդռեզա Մոհաղեղեանը եւ սոյն գերատեսչութեան այլ տնօրէնները,  Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի տնօրէն Հոսէյն Քարգառը՝ իր ընտանիքով, Սպահանի Ազգային արւեստի թանգարանի տնօրէնութիւնն ու աշխատակիցները, Սպահանի քաղաքապետարանի Մշակութային եւ սոցիալական հարցերի տեղակալն ու նրա ընտանիքը եւ մի քանի տնօրէններ եւ Սպահանի թանգարանների միութեան ներկայացուցիչները։

Ծրագրի բեմադրիչներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ սփռւող բացատրութիւնների ձայնագրման համար բնագիրն ընթերցել էր Արթին Քեշիշեանը։ Անիմաթորի աշխատանքն իրականացրել էր Էլահէ Ռաֆիին։ Ձայնի էֆեկտի պատասխանատուն եւ «Հորովել»-ի կատարողն էր Հարմա Կարապետեանը։

Դերերը մարմնաւորեցին՝

Հայդուկ Վարդեւանեան եւ Առնօ Սիմոնեան՝ խոջան եւ աշակերտը․

Վանանդ Իսաղուլեան եւ Արգին Ղարիբեան՝ Խաչատուր վրդ․ Կեսարացին եւ աշակերտը․

Նազէ Ասատրեան եւ Վանէ Խաչիկեան՝ Նոր Ջուղայեցի կին եւ իր դուստրը․

Դաւիթ Թորոսեան՝ Եփրեմ Խան․

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հայ աշակերտը ժառանգորդն է հայկական հարուստ մշակոյթի եւ այդ մշակոյթի պահպանման ծանր լուծը վերապահւած է գիտակից հայ սերնդին՝ աշակերտին: Մշակոյթի պահպանման կարեւոր եւ իհարկէ առաջին գործօնը, դա լաւ ճանաչելն է: Առ այդ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութիւնը անցնող երկու տարիների ընթացքում ձեռնամուղ եղաւ կազմակերպելու աշակերտական մշակութային միջոցառումներ եւ փառատօններ՝ աշակերտներին առիթ ընձեռելով հանդիսատեսին հրամցնելու իրենց իւրացրած գեղարւեստական կտորները, լինի հայկական կամ այլ մշակոյթների բեկորներից:

«Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտական 3-րդ մշակութային փառատօնը տեղի ունեցաւ ուրբաթ՝ թւականիս նոյեմբերի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, Վահան Տէրեանի «Ե'լ հաւատով տոկուն» ոգեշնչող խօսքը բնաբան ունենելով:

Փառատօնի առանցքն էին հանդիսանում ի մասնաւորի հայկական մշակոյթի ինչպէս անհատական, այնպէս էլ խմբական ներկայացումները: Անահատական եզակի կատարումների կողքին, փայլեցին դպրոցի պարախումբն ու երգչախումբը, որոնք անցնող մէկ տարւայ ընթացքում սովորել էին հայերէն ազգային երգեր եւ ազգագրական պարեր:

Փառատօնին մասնակից աշակերտութիւնը կրում էին հայկական դաջւածքներով հագուստներ եւ հանդէս եկան ասմունքի, երգ-երաժշտութեան եւ պարի կատարումներով, ինչպէս նաեւ գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքներով:

Որպէս հանդիսատես ներկայ էին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, եւ իհարկէ կազմակերպիչ դպրոցի անձնակազմը, ծնողական խորհրդի անդամներն ու ծնողները:

Բացումը կատարւեց արհեստական բանականութեան միջոցով պատրաստւած հաղորդավարի ողջոյնի խօսքերով, որից յետոյ ծրագրի հաղորդավար Արթուր Քամարզարեանը ողջունեց ներկաներին:

Փառատօնին ներկայացւած համարներն էին՝

-Դանիէլ Վարուժան, «Յաղթողը», ասմունք՝ Անիա Յովսէփեան:

-Carless whisper եւ «Սարի աղջիկ», երգեհոնի կատարում՝ Արամէ Յովսէփեան:

-Խաչատուր Աւետիսեան, «Ծաղկած բալենի», մեներգ՝ Տեսիլ Գալստանեան:

-Քլայդրման, Ballade pour Adeline, դաշնամուրի կատարում՝ Նելլի Ղազարեան:

-Մենք ենք մեր սարերը, մեներգ՝  Նազելի Փանոսեան, պարախմբի ընկերակցութեամբ:

-Արամ Խաչատրեան, Անդանթինօ եւ Բախ, Փոլոնեզ, դաշնամուրի կատարում՝ Նարեկ Ղարիբեան:

-Եղիշէ Չարենց, հատւածներ «Տաղարան»-ից, ասմունք Վանէ Խաչիկեան, Ստեփանիա եւ Սիսիանա Յակոբեաններ, Սերինէ Յակոբեան, Սէրլի Սարեան, Քաջազնունի Սարեան եւ Բիւրեղ Տէր Յովհաննիսեան:

-Էդգար Յովհաննիսեան, Երեւան-Էրեբունի, դաշնամուրի կատարում՝ Արամէ Ասատրեան:

-Քելէ-Քելէ, դուետ՝ ֆլէյտա՝ Տեսիլ Գալստանեան, դաշնակահար՝ Էմիլի Նաւասարդեան:

-Չայկովսկի, օքթոբր, դաշնամուրի կատարում՝ Էմիլի Նաւասարդեան:

-Pirates of Caribbean եւ Smells like teen spirit, «Միհր» նւագախումբ՝ Էրւին Յովսէփեան, Մելւին Թորոսեան, Լեմոէլ Թահմազեան:

-Բեթհովեն, Լուսնի սոնատի 3-րդ մասից հատւած, դաշնամուրի կատարում՝ Էմիլի Պօղոսեան:

-«Ապրենք խաղաղ», «Դարձիր իմ Անի» եւ «Միասնութեան շուրջպար», դպրոցի «Ղօղանջ» երգչախումբ:

-«Իմ Ծննդավայր», ասմունք՝ Վանէ Յովսէփեան, Էմիլի Նաւասարդեան, Նելլի Ղազարեան եւ Մենուա Մարկոսեան:

-Ազգագրական պար, Էջմիածին, դպրոցի պարախումբ:

-Արեւի մարդիկ, մեներգ՝ Նելլի Ղազարեանը պարախմբի ընկերակցութեամբ:

-Ազգագրական պար, Փապուռի, դպրոցի պարախումբ:

Որպէս անակնկալ, մայրերի միջոցով իրականացւեց ազգագրական պարի ներկայացում, որն արժանացաւ հանդիսատեսի գնահատանքին:

Գեղանկարչութեամբ հանդէս էին եկել Քաթրին Ակոնը, Սէրլի Շահմիրզայեանը, Լիլիթ Մարկոսեանը եւ Ստեփանիա Յակոբեանը, իսկ լուսանկարչութեամբ՝ Թանիա Յովսէփեանն ու Ադրիան Մկրտչեանը:

Աւարտին յանուն բոլոր մասնակիցների, որպէս շնորհակալութեան եւ գնահատանքի արտայայտութիւն, ծաղկեփունջ նւիրւեց փառատօնի գեղարւեստական ղեկավար, դպրոցի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին: Ծաղկեփնջեր նւիրւեցին նաեւ «Ղօղանջ» երգչախմբի ղեկավար Նայիրա Ալեքսանեանին, պարախմբի ղեկավար Քաթրին Մարկոսեանին եւ փառատօնի կազմակերպման գործում աջակից Կարին Տէր-Մարտիրոսեանին ու Սիւնէ Մինասեանին:

Կազմակերպիչներն եւս իրենց իւրայատուկ երախտիքի խօսքն ուղղեցին թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանին՝ ծրագիրը հովանաւորելու առթիւ։ Շնորհակալութիւն յայտնեցին նաեւ թեմի Կրթական խորհրդին, դպրոցի ծնողական խորհրդին եւ բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են ծրագրի իրականացման համար:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով միջոցառումը, աւելացրեց. «Իրականութեան մէջ գիտակցում ենք թէ ինչքան զոհողութիւններով իրականացւեց այս ծրագիրը եւ կարող են վկայել եւ իմանալ միայն աշակերտ-ուհիներն ու ծնողները: Մօտկից հետեւելով իմանում եմ թէ ինչքան զրկանքներից ու զոհողութիւններից յետոյ այս բոլորը կատարւեցին: Սակայն եթէ ուզենք աւելի խորաթափանց կերպով դիտել այս ներկայացումը, կամ այսօրւայ այս գեղեցիկ երեկոն, կարելի է ասել ամենագեղեցիկ ներկայացումն էր՝ աշակերտների մակարդակով ներկայացւած»:

Նա աշաւերտներին զինւորների, իսկ բեմը պատերազմի դաշտի նմանցեցնելով ասաց. «Մենք այս պատերազմում չհնչեցրեցինք պատերազմի ահազանգ, հնչեցրեցինք մի գեղեցիկ ձայն, որ կոչւում է «Ղօղանջ» եւ հաւատում ենք, որ այդ ղօղանջը ունենալու է իր արձագանքը, սկսելով առեղծւածային այս Նոր Ջուղայից, հասնելու համար Արցախ, հայրենիք, ապա սփիւռքեան չորս ծագեր: Հաւատում ենք, որ այս ղօղանջի արձագանքը ունենալու է իր ազդեցութիւնը եւ այդ ազդեցութիւնը այն է, թէ սփիւռքեան միւս գաղութներն ու թեմերը ընդօրինակեն Սպահանի Հայոց թեմը»:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ի կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում, բողոքի համահաւաք իրականացւեց՝ ի դատապարտում Պաղեստինի խաղաղ բնակչութեան վրայ Իսրայէլի զանգւածային եւ ամենօրեայ յարձակումների եւ ի պաշտպանութիւն Երուսաղէմի հայկական համայնքի նկատմամբ կիրառած սիոնիստական ոտնձգութիւնների:

Համահաւաքին մասնակցութիւն էին բերել թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու միութիւնների անդամները, հայոց ազգ. դպրոցների անձնակազմերը եւ ժողովուրդ:

Համահաւաքի ընթացքում թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ընթերցեց իր եւ ազգային մարմինների անունից պատգամը. ընթերցւեց նաեւ սոյն պատգամի պարսկերէն թարգամանութիւնը՝ առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի միջոցով:

Ստորեւ մէջբերում ենք գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի պատգամն այս առիթով.

«Այս օրերին ընթացող պաղեստինեան դիմադրութեան գործողութիւնը, որն արդիւնքն է Պաղեստինի դէմ սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ոճրագործութիւնների, հերթական անգամ յօդս ցնդեցրեց համաշխարհային տէրութիւնների մարդասիրական եւ մարդու իրաւունքների պաշտպանը լինելու յաւակնութիւնները: Արեւմտեան տէրութիւնները տարիներ շարունակ պատրւակ բերելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի շրջագծում՝ մարդկութեան արժանապատւութեան ու հաւասար իրաւունքների ճանաչման հարցը, փորձել են օրինական տեսք տալ իրենց միջամտողական քաղաքականութեանը, սակայն այսօր, ականատես ենք լինում հէնց այդ գերտէրութիւնների կողմից իրականացւող յանցագործութիւնների շարանին ու մարդկային իրաւունքների ոտնահարմանը։

Գազայի հատւածի շրջափակումը, սպանութիւնները եւ բռնի տեղահանութիւնը, իսրայէլական զինւած ուժերի կողմից միջազգային կոնւենցիաներով արգելւած ռազմամթերքի կիրառումը, խմելու ջրի, վառելիքի եւ բուժման պարագաների հասանելիութեան կանխարգելումը, հիւանդանոցների ռմբակոծումը, այս բոլորը իրագործւող յանցագործութիւնների մի փոքր մասն է միայն, որի ականատեսն ենք այսօր՝ Պաղեստինում: Իսկ սա այն դէպքում, երբ Արեւմտեան տէրութիւնները՝ Ամերիկայի գլխաւորութեամբ, տեսնելով այդ ամբողջը, դարձեալ իրենց բոլոր միջոցներով շարունակում են պաշտպանել Իսրայէլին։

Այս արհաւիրքը, հայ ժողովուրդը ապրել է անցնող ամիսների ընթացքում, երբ Սիոնիստական մանկասպան ռեժիմի հովանաւորութեամբ եւ իրենց մարդու իրաւունքի պաշտպանը համարող երկրների կատարեալ լռութեան պայմաններում, բիւրաւոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց պապենական հայրենիքը եւ տարածքը յանձնւեց օկուպանտներին։

Սիոնիստական ռեժիմի զինւած յարձակումը Երուսաղէմի հայկական թաղամասի վրայ և հայ եկեղեցուն պատկանող ունեցւածքի իւրացումը, բնիկ տեղացիների դէմ կիրառւող համակարգւած ոտնձգութիւնների միայն մի մասն է։

Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, հայ համայնքի եւ անձամբ իմ անունից, դատապարտում եմ Գազայի հատւածում իրականացւող ռազմական յանցագործութիւնները եւ տեղի բնակիչների զանգւածային սպանութիւններն ու ցեղասպանութիւնը։ Յոյսով եմ արդարամիտ ժողովրդի միասնական ջանքերով, Պաղեստինցի ժողովուրդը կը վերագտնի Աստծոյ կողմից տրւած ամենաթանկ պարգեւը՝ ազատութիւնը»։

  

Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ցուցադրւեց Պօղոս առաքեալի կեանքին եւ դարձին անդրադարձող ֆիլմը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Սկզբում հանդէս եկան կազմակերպիչ յանձնախմբի անդամուհիներ Այլին Քեշիշեանն ու Մարինէ Առաքելեանը՝ հերթաբար բացման խօսքի եւ Պօղոս առաքեալի ֆիլմի նախաբանի ընթերցումներով:

Յաջորդիւ բոլորը դիտեցին մէկ ժամ ու կէս տեւողութեամբ ֆիլմը, որը տեսագրւել է Դամասկոսում՝ ռեժիսոր Խալիդ Ալ Խալիդի միջոցով:

Ցուցադրումից յետոյ ներկաների հարցումներին պատասխանեցին եւ նրանց տեսակէտներն ունկնդրեցին Թովմա Գալստանեանն ու Մարինէ Առաքելեանը: 

Աւարտին Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ ատենապետ Հայկ Սարեանը, ով շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ ծրագրին ընդառաջելու համար, աւելացրեց, որ մօտ ապագայում նմանատիպ միջոցառումներ են կազմակերպելու յատկապէս երիտասարդների եւ ուսանողների համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ համագործակցութեամբ նոյն միութեան Ձեռնարկային յանձնախմբի, ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին, Հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում տեղի ունեցաւ աշնանային վաճառք, ուր վաճառւեցին միութեան անդամուհիների պատրաստած վարենիները, թթւեղէնը եւ թխւածքները, ինչպէս նաեւ համայնքի ձեռներեց կանանց պատրաստած ուտելիքները:

Զուգահեռ կազմակերպւել էր նաեւ բիւֆէ, որտեղ ցանկացողները առիթ ունեցան ճաշակելու հայկական տոլմայ, խաչապուրի, պատառներ եւ այլ ճաշատեսակներ ու ըմպելիքներ:

Միջոցառմանը մասնակցեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամներն ու պարսիկ հայրենակիցներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հնագիտութեան օրւայ առթիւ, ուրբաթ հոկտեմբերի 20-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը համագործակցաբար մշակութային ժառանգութեան ոլորտում գործունէութիւն ծաւալող «Ման» դպրոցի, 8-12 տարեկան մանուկների համար, «Ս. Ամենափրկիչ» վանքում կազմակերպեց գիտարշաւ-աշխատանոց:

Սկզբում մասնակիցներն այցելեցին վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, ապա իւրաքանչիւր մասնակցին տրւեց մի պատկեր՝ յանձնարարելով, որ դրան պատկանող իրը գտնի վանքի «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարանում ցուցադրւած նմուշների միջից:

Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ աշխատանոցի բաժինը, որտեղ փոքրիկները նախ պատրաստեցին մէկ փազել, ապա ծանօթացան արեւային ժամացոյցների հետ, եւ իւրաքանչիւրն իր համար պարտարստեց արեւային ժամացոյց: Այնուհետեւ նրանք իրենց ժամացոյցները փորձեցին վանքի բակում, իսկ միջոցառման վերջին հանգրւանում խումբն այցելեց «Ջուլֆա» հրապարակ, որտեղ մօտիկից ականատեսը եղաւ այնտեղում տեղադրած արեւային ժամացոյցի աշխատանքի:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի հոգեւորական դասի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ:

Պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը:

Քարոզախօսութեան ընթացքում արժանապատիւ քահանայ հայրը հիմնականում անդրադարձաւ Ս. Յովսէփ Արիմաթացիի կենսագրութեանը, ով Քրիստոսի խաչելութիւնից յետոյ քաջութիւն ունեցաւ Պիղատոսից խնդրելու Տիրոջ մարմինը, ապա յորդորեց խուռներամ շարքերով մասնակցել եկեղեցիներում մատուցւող Պատարագներին ու արարողութիւններին, առաւել չափով կապւածութիւն ցուցաբերել ազգային եւ հոգեւոր արժէքների նկատմամբ եւ աստւածահաճոյ կեանք ապրել:

Յաւարտ Ս. Պատարագի, եկեղեցում Ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգը, ապա զանգակատան առջեւ տեղի ունեցաւ հոգեհանգիստ՝ վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Արարողութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորանքի խօսք ասելով տօնի կապակցութեամբ՝ շնորհակալութիւն յայտնեց եկեղեցիները բարեկարգ պահելու եւ արարողութիւնները լաւագոյնս կազմակերպելու գործերում դերակատար բոլոր մարմիններին ու անհատներին:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Սիւնիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատւիրակութիւնը Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին հիւրընկալւեց ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում:

Թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ Ազգային Առաջնորդարանի «Ծաղկեայ Դահլիճ»-ում կազմակերպւած հանդիպմանը մասնակցում էին պատւիրակութեան անդամներ՝ ՀՀ Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը եւ նրա տեղակալ Մարատ Յարութիւնեանը, Կրթութեան, մշակոյթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագէտ Յասմիկ Աւետիսեանը, նոյն համայնքի մամուլի քարտուղար Յասմիկ Յարութիւնեանը, գործարար Գրիգորի Փարսեանը եւ նրանց ուղեկցող՝ Իրանում ՀՀ հիւպատոս՝ Արթուր Սարգսեանը։ Հիւրընկալող կողմից հանդիպմանը ներկայ էին Թեմի Պատգ ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամներն ու համայնքում գործող միութիւնների նախագահները։

Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկաւ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը։

«Մեզ համար մեծ ուրախութիւն է վայելել Ձեր ներկայութիւնը Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանում, լսել Ձեր սրտի խօսքը եւ նամանաւանդ Ձեր միջոցով հաղորդ դառնալ մերօրեայ կռւախնձոր՝ Սիւնիքին վերաբերող լուրերին», ասաց թեմակալ Առաջնորդը։

Նա յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սիւնիքի մարզի ղեկավարութեանն ու ժողովրդին Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին ընդունելու եւ ապաստան տալու համար։

Գէորգ Փարսեանը շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեան համար, փոխանցեց Սիւնեաց թեմի առաջնորդական տեղապահ Տէր Մակար վարդապետ Յակոբեանի ողջոյններն ու ներկայացրեց պատւիրակութեան անդամներին։

Նա փոխանցելով, որ պատւիրակութիւնը Սպահան է ժամանել Սպահանի քաղաքապետարանի հրաւէրով, տեղեկութիւններ փոխանցեց քաղաքապետարանի հետ ունեցած հանդիպման վերաբերեալ, ինչպէս նաեւ Սպահանի հայաբնակ՝ 5-րդ շրջանի քաղաքապետարանի հետ յարաբերութիւններ ձեւաւորելու իրենց պատրաստակամութեան մասին։

Կապանի համայնքապետն ընդգծելով հայ-իրանական կապերի ակտիւացումը, յատկապէս Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումից յետոյ, յաւելեց, որ այսօր բազմաթիւ աշխատանքներ են իրականացւում այդ յարաբերութիւնները խորացնելու եւ ամրապնդելու համար։

Խօսելով Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանութիւնների հերթական ագրեսիայի հետեւանքով արցախահայութեան բռնի տեղահանման մասին, նա տեղեկացրեց, թէ այսօրւայ դրութեամբ շուրջ 5000 արցախցիներ գտնւում են Սիւնիքի մարզում։

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն անդրադառնալով Սպահանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ եւ Սպահանի 5-րդ եւ մի քանի այլ շրջանների քաղաքապետերի ընկերակցութեամբ Կապան կատարած իր այցելութեանը, որն առաջինն էր Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումից յետոյ, տեղեկութիւններ փոխանցեց հանդիպումների արդիւնքում տարբեր ոլորտներում ձեւաւորւած երկկողմ յարաբերութիւնների մասին։

Նա վստահեցրեց, որ ինչպէս միշտ Հայաստանն ու Արցախը լինելու են սփիւռքահայութեան ուշադրութեան կիզակէտում եւ հայ ժողովուրդը միահամուռ կերպով դիմագրաւելու է հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրները։

Պատգ. Ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը նախ ողջունեց Կապանից ժամանած պատւիրակութեան եւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսի ներկայութիւնը։ Այնուհետեւ խօսելով համահայկական արժէք ներկայացնող Թեմի ազգային հարստութեան եւ գոյութիւն ունեցող  ներժուի մասին, նշեց, որ անցնող աւելի քան 400 տարիների ընթացքում Նոր Ջուղայի հոգեւոր ու ազգային ղեկավարութեան եւ ժողովրդի հայեացքը միշտ ուղղւած է եղել դէպի հայրենիք եւ հէնց այդ գաղափարն է կանգուն պահել համայնքը։ Իսկ այսօր, հայրենիքի համար այս օրհասական պահին, ազգային այս հարստութիւնը պէտք է ծառայի իր նպատակին եւ ժամանակն է այս ուղղութեամբ դիմել գործնական քայլերի։

Նա իր խօսքն աւարտեց շեշտելով իրանահայութեան միջնորդւած կարեւոր դերը Իրան-Հայաստան յարաբերութիւնները խթանելու առումով։

Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց Արբի Բաբայեանը, ով կարճ ակնարկ ունեցաւ Սփիւռքի տարբեր համայնքներում գործող Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեանը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ սփիւռքում հայապահպանման ուղղութեամբ, նշեց, թէ նոյն ոգով շարունակւելու է այդ աշխատանքը։

Հանդիպումն աւարտւեց երկկողմ յուշանւէրների փոխանակմամբ։

Նշելի է, որ պատւիրակութեան անդամներն նոյն օրը Նոր Ջուղայում կատարեցին մի շարք այցելութիւններ: Այդ ծիրում, առաւօտեան ժամը 9:30-ից սկսած, ընկերակցութեամբ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարի ու քաղաքապետարանի մի շարք պաշտօնատարների, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, քայլելով հայկական թաղամասի փողոցներով, նախ այցելեցին Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարան, ապա Հայոց ազգ. կրթահամալիր, որտեղ հանդիպում ունեցան Մանկապարտէզի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնների հետ: Առաւօտեան շրջայցի ծրագիրը եզրափակւեց «Ս. Բեթղեհէմ» եկեղեցի այցելութեամբ:

Պատւիրակութիւնն երեկոյեան այցելեց Ս. «Ամենափրկիչ» վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, Ազգագրական եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ, որտեղ յատուկ հիւրերի մատեանում գրառում կատարեց Գէորգ Փարսեանը, իսկ ազգայինների հետ հանդիպումից յետոյ՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի աշխատանքային օրւայ ընթացքում, նշւեց «Սրբոց Թարգմանչաց» տօնը, մասնակցութեամբ նոյն ուսումնարանի եւ «Նարեկ» մանկապարտէզի սաների ու պատասխանատուների:

Ընթացքում աշակերտութիւնը հանդէս եկաւ օրւան նւիրւած երգերի եւ ասմունքների կատարումներով, ուսուցիչների օգնութեամբ պատրաստեցին պատի թերթեր, իսկ վերջում դիտեցին հայկական մուլտֆիլմեր:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու սաների ծնողները:

Թղթակից (Նոր Ջուղա)

«Սրբոց  Թարգմանչաց» եւ «Հայ Մշակոյթ»-ի տօների նշման առթիւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների սրահում  տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական յայտագրով երեկոյ:

Ձեռնարկի նախաձեռնութիւնը  պատկանում էր «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեանը, որի անունից ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ հաղորդավարուհի Շաղիկ Մատթէոսեանը:

Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու  Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի արխիւատան պատասխանատու Թովմա Գալստանեանը, ով հիմնականում կենտրոնացաւ գրչութեան արւեստի վրայ, նշելով, թէ այն ընդգրկում էր արւեստի եւ արհեստի  մտածողութեան եւ  գործողութեան մի հսկայական համակարգ եւ անգամ մէկ օրինակ ձեռագիր պատրաստելու համար պահանջւում էր յաղթահարել բազմաթիւ հանգրւաններ՝ սկսած հումք ձեռք բերելուց, մշակելուց եւ գործիքների պատրաստումից մինչեւ գրելու, նկարազարդելու եւ արտագրելու  դժւարին  գործընթացները:

Նա իր բանախօսութեան առանցքը դարձնելով Նոր Ջուղայի գրչագրութեան արւեստը՝ ասաց, որ բռնի ուժով գաղթեցւած ժողովուրդը անմիջապէս սկսեց աշխատել այդ ուղղութեամբ եւ շարունակեց մինչեւ աւելի քան մէկ դար առաջ, որ նոր տեխնոլոգիան եւ տպագրութեան արագ գործընթացը  ընդհատեց գործունէութիւնը:

Այնուհետեւ պրն. Գալստանեանը օրինակ բերելով Նոր Ջուղայի գրչագրութեան  արւեստի նմուշներից՝ նշեց, թէ դրանք բացայայտում են գրչի բարձր արւեստը, տրամադրութիւնը, ինչպէս նաեւ արւեստի ու արհեստի բազմաթիւ վարպետների միատեղ ու երկարատեւ աշխատանքը, որոնք ունեցել են կամքի ուժ եւ գիտակցել այդ գործի կարեւորութիւնը:

Նա իր ելոյթի մի այլ բաժնում կարեւորութեամբ ընդգծեց՝ մեծահարուստների, վաճառականների ու խոջաների դերակատարութիւնը այդ գործի զարգացման մէջ եւ  ասաց, թէ ուսումնասիրելով Նոր Ջուղայի գրչագրութիւնը եւ առնչակից յիշատակարանները, գտնում ենք, որ այդ գրչագրերը պատրաստւել են ոչ թէ անձնական նախաձեռնութեամբ, այլ մեծահարուստ անձանց մտայղացումով, պատւէրով եւ նիւթական հովանաւորութեամբ, որի շնորհիւ այսօր գոյութիւն ունեցած աւելի քան 25000 մատեան-ձեռագրերից, հազար ու մի քանի հարիւրը պատրաստւել են Նոր Ջուղայում:

Գեղարւեստական բաժնում ներկաները վայելեցին բեմականացւած ելոյթները՝  ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի:

Սկզբում «Ս. Ամենափրկիչ» վանքի «Տաթեւ» երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ եւ դաշնամուրի կատարմամբ Վեդի Յարութիւնեանը հանդէս եկաւ Կոմիտասի «Ալագեազ, Խնկի ծառ»-ի մեներգութեամբ: Ծրագրի ընթացքում «Հայաստան երկիր» եւ «Հայ  մշակոյթ» երգերը հերթաբար մենակատարեցին Թանիա Մինասեանն ու Համիկ Ալէքսանդրեանը:

«Արարատ» միութեան Մշակութային խմբի «Կռունկ» համոյթի ասմունքի խումբը ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի ներկայացրեց «Իմ ծննդավայր» ստեղծագործութիւնը, որը զուգորդւած էր Արգին Աբնուսեանի հեղինակած՝ Նոր Ջուղան ներկայացնող հետաքրքիր տեսանիւթով, իսկ «Կռունկ» պարախումբը պատասխանատւութեամբ պարուսոյց Քաթրին Մարկոսեանի ելոյթ ունեցաւ «Հայաստան» եւ «Ծաղկաձոր»  պարային համարներով:

Յատկանշական է, որ ելոյթները ընմիջւում էին Արթուր Քամարզարեանի միջոցով՝ Նոր Ջուղայի գրչագրութեան արւեստի ներկայացմամբ, որի ընթացքում ցուցադրւում էր  Նարէ Մարկոսեանի հեղինակած` գրչագրութեան եւ նկարազարդերի պատկերներից պատրաստւած  գեղեցիկ տեսանիւթը:

Բեմային ծրագրի աւարտին, օրւայ առթիւ իր պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով երեկոյի կազմակերպումը, այն որակեց Մշակութային շաբաթւայ ձեռնարկների թագն ու պսակը: Նա Նոր Ջուղան համարելով որպէս գրչագրութեան կենտրոն՝ ասաց, որ այսօրւայ աշխարհի պարտադրած պայմանները մեզ հասցրել են այնտեղ, որ մենք այլեւս անկարող ենք գրչագիր հաստատելու եւ այդ արւեստին յարութիւն տալու,  սակայն որպէս՝ ժառանգորդներ եւ հարազատ շառաւիղ, ունենք այդ աստւածային շնորքը:  Նա բոլորի պարտականութիւնը համարեց, որպէսզի արթնացնել մեր մատղաշ սերունդին՝ նրանց առաջնորդելով դէպի թանգարան-մատենադարան, գրադարան եւ պահեստանոցներ։ Սրբազան Հայն իր խօսքը աւարտեց շնորհաւորանքի եւ շնորհակալութեան արտայայտութիւններով:  

Երեկոյի աւարտին միութեան շրջափակում, ի նշան՝ հայ ազգի միասնութեան եւ ազգային արժէքների պահպանման, կայացաւ՝ հայկական ազգային «Քոչարի» եւ «Գեովընդ» արի ուսուցումը եւ հոծ բազմութեան միասնական խանդավառութեամբ լեցուն կատարումը:

Ծրագրին ներկայ էին թեմի քահանայից դասը, ազգային մարմինների եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ուսուցիչներ, մշակութային այլ գործիչներ եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, այսուհետեւ ճշտւած պարբերականութեամբ (իւրաքանչիւր ամսւայ 3-րդ չորեքշաբթի օրը) իրականացւելու են «Սպասարկման սեղան» խորագրով ժողովրդական հանդիպումներ, որտեղ թեմի զաւակները առիթ են ունենալու իրենց խնդրանքները, տեսակէտներն ու առաջարկները դէմ առ դէմ, անհատապէս փոխանցելու ազգային մարմինների անդամներին՝ փոխադարձաբար նրանցից ստանալով դրանց լուծման կամ իրականացման համար խոստում եւ ուղղութիւն:

Վերոնշեալ հանդիպումների շարանի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի առաջնորդանիստ «Ս. Ամենափրկիչ» վանքում, որտեղ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մինասեանը, Նարբէ Ջարդն Դաւուդը եւ Տարօն Տէր Մարտիրոսեանը, Բարեսիրական մարմնի ատենապետ Կարօ Յովսէփեանը, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, Կալւածա-Տնտեսական մարմնի ատենապետ Րաֆֆի խուդավերդեանը, Գերեզմանատան բարեզարդման մարմնի ատենապետ Էդիկ Ղազարեանը եւ Ուսանողական կրթաթոշակների հոգաբարձութեան ատենապետ ու միեւնոյն ժամանակ Թեմական խորհրդի անդամ Ռայեա Խուդավերդեանը ունկնդրեցին դիմորդների խնդրանքները, դժւարութիւնները եւ իհարկէ տեսակէտներն ու առաջարկները:

Հանդիպումներին մասնակցած եօթ դիմորդները, ովքեր նախապէս հերթագրւել էին Թեմական խորհրդի յայտարարութեան համաձայն, իրենց առաջարկներն ու ակնկալիքները արծարծեցին բնակարանային խնդիրների լուծման, մշակութային կենտրոնի հիմնադրման, Բոլորան հայաբնակ գիւղի բնակիչների կալւածների եւ մի շարք այլ հարցերի շուրջ :

Ազգային մարմինների ներկայացուցիչները լսելով իւրաքանչիւր դիմորդին՝ քննարկեցին պարագան եւ խնդրանքների իրականացման ու խնդիրների լուծման համար իրենց տեսակէտներն ու որոշումները արձանագրեցին՝ համապատասխան ժամկէտներ նկատի առնելով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, շաբաթ՝ հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորական դասի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հոգեպարար արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, ժողովուրդ եւ հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտութիւնը: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր քարոզախօսութեան մէջ անդրադարձ ունեցաւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կենսագրականին՝ ապա մէջբերելով նրա  խօսքերից, որտեղ ասւած է, թէ իմ հայրենիքի ցաւը նաեւ իմ ցաւն է, շարունակեց. «Մեսրոպ Մաշտոցի մտահոգութիւնը ազգի ձուլման նկատմամբ խթան հանդիսացաւ, որպէսզի նա ինքն իրեն նւիրաբերի հայոց գրերի ստեղծման գործին: Այսօր եւս մեր պարտականութիւնն է որպէս մէկ ազգ միասնական լինել եւ պայքարել մեր ազգի եւ հայրենիքի գոյութիւնը վտանգող ցանկացած երեւոյթի դէմ»:

Յաւարտ Սուրբ Պատարագի ներկաները բոլորւեցին եկեղեցու բակում, ուր «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի սաները ներկայացրին գեղարւեստական յայտագրով մի ծրագիր, ընդ որում հնչեցին երկու աշակերտական խօսքեր, եւ ղեկավարութեամբ Նայիրա Ալեքսանեանի դպրոցի երգչախումբը ելոյթ ունեցաւ երկու երգերով:

Նշելի է, որ օրւայ առթիւ նոյն առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական դպրոցում, պատկան տնօրէնութեան եւ ուսուցչական կազմի  կազմակերպութեամբ իրականացւեց տօնական միջոցառում, որտեղ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանը, ապա 6-րդ դասարանի աշակերտները արտայայտւեցին տօնի մասին բացատրական խօսքերով եւ հանդէս եկան հայոց գրերին ձօնւած բանաստեղծութիւնների ասմունքներով, հնչեցին դպրոցի տարբեր դասարանների խմբական երգերն ու արտասանութիւնները, իսկ ծրագիրն աւարտւեց հայկական մուլտֆիլմերի դիտումով: Վերոնշեալ միջոցառմանը ներկայ էր նաեւ թեմի Կրթական խորհրդի անձնակազմը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Թանգարանների միջազգային օրւայ եւ մշակութային ժառանգութեան շաբաթւայ առթիւ, Իրանի Ազգային թանգարանում, 2023-ի մայիսի 18-ին, Մշակութային ժառանգութեան փոխնախարար Ալի Դարաբիի ներկայութեամբ տեղի ունեցաւ Իրանի լաւագոյն թանգարանների ներկայացման միջոցառումը։

Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ մասնաւոր թանգարանների լաւագոյններից է ճանաչւել նաեւ Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարանը, որի կապակցութեամբ թանգարանի տնօրէնութիւնը Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութեան կողմից արժանացել է գնահատագրի եւ դրամական պարգեւի։

Թղթակից (Նոր Ջուղա)

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Սպահանի եւ Շահինշահրի գաւառապետարաններում տեղի ունեցաւ Իրանի Իսլամական Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւնների Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքի գործադիր խորհուրդների ընտրութիւնը։

Ստորեւ ներկայացնում ենք գործադիր խորհուրդների կազմը։

Նոր Ջուղա

Նինելիա Բաղդասար, Հրաչ Տէր-Յովհաննիսեան, Էդիսոն Ղազարեան, Դիմիթրի Յովհաննիսեան, Ռաֆիկ Մկրտչեան, Արիս Դաւթեան, Կարէն Աւետեան, Վանիկ Աղանեան

Անձնափոխանորդներ՝ Անահիտ Սարհադեան, Վրոյր Պետրոսեան, Սաքօ Տէր-Յովհաննիսեան, Զարեհ Ղարախանեան, Ասպետ Մարգարեան

Շահինշահր

Վալենթինա Թորոսեան, Քարմէն Մինասեան, Եղիշ Աղախանեան, Ռաֆիկ Բաբումեան, Գառնիկ Միրզախանեան, Ռայմոնդ Բաղումեան, Վահէ Թահմազեան, Արայիկ Խուդավերդեան

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամները, երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի երեկոյեան, համախմբւելով «Ս. Ամենափրկիչ» վանքում, մէկ մարմին դարձած, մասնակցեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած ժողովրդական համահաւաքին՝ ի լուր աշխարհի լսելի դարձնելու իր ցասումի պատգամը եւ զօրակցութեան խօսք փոխանցելու արցախահայ հայրենակիցներին:

Համահաւաքին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, եկեղեցական դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտներն ու պատասխանատուները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդ։

Ծրագրի սկզբում էկրանի վրայ ցուցադրւեցին արցախահայութեան բռնագաղթի ճանապարհից ու նրանց իրավիճակից պատկերներ, ինչպէս նաեւ սեպտեմբերի 30-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած համահաւաքից որոշ բաժիններ, այնուհետեւ երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը ներկաներին հրաւիրեց յոտնկայս լռութեամբ յարգել զոհւածների յիշատակը։ Հանդիսավարի խօսքում, մէջբերւած էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հետեւեալ խօսքը. «Մեր ազգը պէտք է դառնայ միակամ՝ խմբւելով ազգի ու հայրենիքի գերագոյն արժէքների եւ շահերի պաշտպանման գործում»:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ հնչեցին «Տէրունական» եւ «Հոգւոցն հանգուցելոց» աղօթքները, իսկ դպրոցականների անունից աշակերտական խօսքով հանդէս եկաւ տարրական դպրոցի աշակերտ Մենուա Մարկոսեանը, նոյն դպրոցի աշակերտութիւնը կատարեց «Գետաշէն» երգը, որին ընկերակցեց ժողովուրդը, ապա միջնակարգ դպրոցի կողմից ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը:

Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով Իրանի պետական այրերի կողմնորոշմանը՝ Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութեան պահպանման եւ սահմանների անխափան մնալու ուղղութեամբ, ընդգծեց բոլոր լուրջ սպառնալիքները, որոնք վտանգի տակ են դնում Հայաստանի՝ յատկապէս Սիւնիքի մարզի անվտանգութիւնը, ապա յորդորեց զգօն կեցւած ցուցաբերել այդ կապակցութեամբ:  

Պատգամաւորը նշելով նաեւ արցախահայութեանն ուղղւած զօրակցութեան աշխատանքները, տեղեկացրեց, որ իր գործընկերոջ՝ Արա Շահվերդեանի հետ միասնաբար, ինչպէս նաեւ Իրանի արտգործնախարարութեան եւ Հայաստանում Իրանի դեսպանի համագործակցութեան եւ նրանց ջանքերի շնորհիւ, պարզել են արցախահայութեանն օժանդակելու հնարաւոր միջոցները եւ կազմել նրանց կարիքների ցանկը, որի արդիւնքում Իրանի «Կարմիր մահիկ» կազմակերպութեան միջոցով աւելի քան 50 տոննա առաջին մարդասիրական օժանդակութիւնը արդէն պատրաստ է Հայաստան ուղարկւելու:

Թեմի ազգային մարմինների կողմից արտայայտւեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա քննադատելով, որ դասեր չենք քաղում պատմութիւնից, ինչը պատճառ է հանդիսացել մի անգամ եւս կրկնւելու 1915 թւականը, աւելացրեց. «Եթէ մէկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան եւ հայրենազրկման ժամանակ, արհաւիրքը կանխելու համար բացակայում էին կարեւորները՝ հայոց պետականութիւնն ու նրա անվտանգութեան պահպանման կառոյցները, այսօր ինչպէ՞ս կարելի է բացատրել այն ինչը կատարւեց Արցախի եւ արցախահայութեան հետ: Բացատրութիւնն աւելի քան պարզ է բոլորին, պետական սխալ եւ յանցագործ քաղաքականութիւն, ձախողած դիւանագիտութիւն, անուշադրութեան մատնւած բանակ, կազմաքանդւած անվտանգային ու դաշնակցային համակարգ եւ ամենակարեւորը՝ հիւծւած ու միտումնաւոր կերպով ապազգային թոյնով պառակտւած հասարակութիւն»:

Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում դատապարտելով արցախահայութեան դէմ Ադրբեջանի Հանրապետութեան ու նրան դաշնակցող պետութիւնների եւ ուժերի իրագործած ցեղասպանութիւնն ու հայրենազրկումը, ի զօրակցութիւն նրանց շարունակեց. «Ինչպէս միշտ լինելու ենք մեր հայրենակիցների կողքին՝ թիկունք ունենալով մեր համայնքի սրտցաւ եւ հայրենասէր ժողովրդինԱրցախն անգամ հայաթափւած կարգավիճակով լինելու է մեր հայրենիքի անբաժան հատւածը: Այն չի կարող նենգութեան եւ դաւաճանութեան հետեւանքով օտարւել ու անցնել պատմութեան գիրկը: Մեր անելիքներն ու պարտականութիւնները շատ են, եւ պայքարն աննահանջ է ու յարատեւ»:

Ծրագրի վերջին բաժնում ուղիղ կապ հաստատւեց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Արթուր Խաչատրեանի հետ: Պրն. Խաչատրեանը անդրադառնալով Արցախում տիրող ներկայ վիճակին, համայն հայութեան յետագայ անելիքներն ամփոփեց հետեւեալ կէտերի ներքոյ. «Պէտք է բոլոր ատեաններում հնչեցնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հարցը, գործունէութիւն ծաւալել Ադրբեջանի բռնակալ իշխանութեան՝ ի մասնաւորի Ալիեւի դատապարտման ուղղութեամբ եւ պէտք է բոլոր հնարաւորութիւններն ստեղծել, որպէսզի արցախահայութիւնը չցրւի աշխարհում, նրանք պէտք է միասնական լինեն՝ ապագայում իրենց հայրենիք վերադառնալու համար»:

Վերջում ներկաները մոմեր վառեցին՝ զոհւածների յիշատակը վառ պահելու համար, որի ընթացքում ասմունքեց Ստեփանիա Յակոբեանը, ապա իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները կատարեցին՝ արցախահայութեանը զօրակցելու համար: Նշելի է, որ նւիրատւութիւնը կը շարունակւի նաեւ յաջորդ օրերի ընթացքում Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում: Հաւաքագրւած գումարներով գնւելու եւ Հայաստան են առաքւելու արցախահայ հայրենակիցներին անհրաժեշտ պարագներ:

Թղթակից (Նոր Ջուղա)