Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի «Ս. Սարգիս» եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցան հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ թեմիս 14 հայ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած նւէրները. ծառայութեան պատճառով բացակաների նւէրները յանձնւեցին իրենց ծնողներին:

Այս ծրագրի ընթացքում արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Պրն. Սիմոնեանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հայ ժողովրդի համար վերջին երեք տարիները եղել են պարտւողական տրամադրութիւն եւ ծանր հոգեկան ապրումներ առաջացնող տարիներ՝ յատկապէս խորը վշտով յիշեց Հայաստանում զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողներին: Նա նշեց նաեւ, որ հնարաւոր է զինւորական ծառայութեան պայմանները դժւար լինեն զինւորի համար, սակայն տարիներ յետոյ այդ ժամանակաշրջանը կը յիշւի որպէս ուրախ եւ յիշարժան մի յուշ: Զաւէն Սիմոնեանն իր խօսքի աւարտին ուժ եւ կորով մաղթեց բոլոր երիտասարդներին իրենց նպատակներին հասնելու համար եւ անփորձանք ծառայութիւն՝ բոլոր զինւորներին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նոյնպէս սրտի կսկիծով յիշեց Հայաստանում հրդեհից զոհւած 15 զինծառայողներին. նա մաղթեց, որ բոլոր հայորդի զինծառայողները՝ թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմում, Աստծոյ օրհնութեամբ, Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ յատկապէս ծնողների աղօթքով հեռու լինեն նմանօրինակ դժբախտութիւններից ու սադրանքներից եւ իրենց զինւորական ծառայութիւնն աւարտեն խաղաղութեամբ ու ապահովութեամբ:

Յաջորդ օրը՝ շաբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան, նոյն եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց թեմիս տարիների քահնայ հայր ,իսկ այժմ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների Արեւմտեան հայոց թեմի ծխատէր արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումը: Պատարագիչ հայրն իր քարոզում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի կենսագրութեանն ու տօնի խորհրդին՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ սրբերի կեանքը օրինակ հանդիսանայ բոլորին եւ առաջնորդի նրանց սրբակեաց կեանքով ապրելու հարցում:

Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ  եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, եկեղեցու նախկին եւ ներկայ երէցփոխներին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Այսօր՝ յունւարի 27-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախի եւ արցախահայութեան՝ հազարաւոր իրանահայերի մասնակցութեամբ: Տեղեկացնում է alikonline.ir-ը։

Հանրահաւաքի ընթացքում ելոյթ ունեցան հիւրաբար Թեհրանում գտնւող ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը եւ ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը, ինչպէս նաեւ հեռարձակւեց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը:  

Բողոքի վերջում ընթերցւեց մասնակիցների յայտարարութիւն, որոնք պահանջեցին միջազգային ատեանների, մասնաւորապէս՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան անմիջական միջամտութիւնը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպէս նաեւ ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ: 

Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով կոչեր վանկարկեցին ի պաշտպանութիւն Արցախի:

 

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ինչպէս նաեւ Քրիստոնեայ հայ համայնքին մեծարելու նպատակով, առաջին անգամը լինելով, Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ։

Երկժամեայ այս ժողովրդական հանդիպումն իրականացւեց կիրակի՝ յունւարի 22-ին, կէսօրից յետոյ ժամը 2:00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

Այս շրջագծում հնարաւորութիւն էր ընձեռնւել համայնքի անդամներին՝ վարչական, շինարարական, քաղաքային ծառայութեան եւ այլ ոլորտներում իրենց յուզող հարցերը, առաջարկները եւ դիտարկումներն ուղղել այդ բնագաւառին առնչւող պատասխանատու անհատներին:

Դէմ առ դէմ իրականացւած այս հանդիպմանը ներկայ էին՝ նահանգապետի Քաղաքացիական հարցերի համակարգման տեղակալը, Սպահանի գաւառապետը, Քաղաքին վերաբերող եւ Քաղաքային խորհրդի գործերին վերահսկող գրասենեակի գլխաւոր տնօրէնը, նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գլխաւոր տնօրէնը, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէնը, Մշակութային ժառանգութեան Սպահան քաղաքի տնօրէնը, նահանգապետի խորհրդականն ու Նահանգապետարանի կատարողականի կառավարման եւ իրաւական հարցերի գրասենեակի գլխաւոր տնօրէնը եւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետը։ Սոյն միջոցառմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները:

Կարճ այցով, հանդիպմանը ներկայացաւ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով նախ ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց բոլորին, ապա գնահատելով նահանգի բոլոր պետական հիմնարկներին, ի մասնաւորի Նահանգապետարանին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած սիրոյ ու յարգանքի համար, մատնանշեց. «Այս հանդիպումը լաւագոյն ապացոյցն է պետութեան ունեցած եղբայրական սիրոյ,  բծախնդրութեան եւ մանաւանդ հոգատարութեան հայ համայնքի հանդէպ, որպէս Իրանի լիարժէք քաղաքացիներ»։

Նա յոյս յայտնեց, որ փոխադարձ յարգանքի այս մթնոլորտում, երկկողմանի համագործակցութեամբ, լուծում կը գտնեն հնչած բոլոր խնդիրները։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ յունւարի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողների յիշատակին:

Պաշտօնի աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը աղօթելով առ Բարձրեալն Աստւած՝ խնդրեց զոհւածների հոգիները խաղաղութեան մէջ հանգչեցնի, իսկ վիրաւորներին շուտափոյթ ապաքինում եւ զոհւածների հարազատներին մխիթարութիւն պարգեւի:

Արարողութեանը ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Հոգեհանգստեան կարգ իրականացւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, հինգշաբթի՝ յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանի, Ս. Ա. Վանքում տեղի ունեցաւ հանդիպում, որի ընթացքում խրախուսւեցին Ջրօրհնէքի առթիւ թեմիս եկեղեցիներում տեղի ունեցած արարողութիւնների օրւայ խաչի կնքահայրերն ու նրանց ծնողները։

Ներկաներին ողջունելով թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, տեղեկացրեց, որ ըստ օրէնքի տարիքային որեւէ սահմանափակում չկայ խաչքաւորութեան համար, իր երախտագիտութիւնը յայտնեց ծնողներին՝ իրենց զաւակներին խաչքաւոր դարձնելու հարաշալի կամեցողութեան համար, նշելով, որ այն ապացուցում է նրանց սէրն ու յարգանքը եւ կապւածութիւնը եկեղեցու հանդէպ եւ հաւատը՝ դէպի Խաչ ու Աւետարան։

Հանդիպման աւարտին ձեռամբ Սրբազան Հօր խաչքաւորներին յանձւեցին նւէրներ։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ յունւարի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ մատուցւած կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու կապակցութեամբ: 

Հռչակագրում անդրադարձ էր կատարւել Սփիւռքի տարւայ (2022 թ.) ընթացքում Սփիւռքի հարցերին ծանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական մարզի մասնագէտների եւ երիտասարդների հետ իրականացւած առցանց հանդիպումներին, ընդհանուր գծերով ներկայացնելով դրանց ընթացքում քննարկւած այժմէական խնդիրներն ու առաջարկները: Այնուհետեւ «Ինչպէ՞ս կարելի է ինքնաքննութիւնից ուղղւել դէպի վերակազմակերպում» գլխի ներքոյ նշւել էին մի շարք սկզբունքներ եւ նպատակներ, որոնք ուղեգիծ են հանդիսանալու Սփիւռքի վերակազմակերպման գործում:

Հարկ է նշել, որ այդ օրը նշւեցին Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ եկեղեցու անւանակոչութեան տօները: Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Պատարագին մասնակցում էին նաեւ եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Պատարագին յաջորդեց Ս. Յովհաննէս Կարապետի աջ-մասունքով ջրի օրհնումը, ապա ներկաները համախմբւեցին եկեղեցու սրահում, ուր եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ միջոցառում իրականացւեց՝ բաղկացած խօսքերով ու գեղարւեստական կատարումներով եւ իհարկէ Սրբազան Հօր սրտի խօսքի փոխանցմամբ:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրն ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Յունւարի 5-ի երեկոյեան, Ճրագալոյցի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում: Այս առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի:

Վերոնշեալ եկեղեցիներում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ Ս. Ծննդեան տօնի առթիւ: «Ս. Ստեփանոս» եկեղեցում նշւած պատգամն ընթերցւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով:

Ահա մի հատւածի մէջբերում սոյն պատգամից.

«Բեթղեհէմը սոսկ մի դէպք չէ, այլ նաեւ երկնային հրաւէր, ինչպէս երէկ՝ նաեւ այսօ՛ր ու մի՛շտ, դառնալու մարդուն դէպի Աստւած առաջնորդող Քրիս­տոսին։ Պատրա՞ստ ենք ընդունելու Բեթղեհէմից աշխարհին եղած երկնային հրաւէրը։ Քրիստոսի ճամբով քայլելու առաջին քայլը առած Հայ ժողովրդի սիրելի՛ զաւակներ, եկէ՛ք վերանորոգ հաւատքով՝

Դառնանք աշխարհի խաւարից մեզ դէպի լոյս տանող լոյս-Քրիստոսին։ Դառնանք մեղքի տիրապետութիւնից մեզ ազատագրող ազատարար-Քրիս­տոսին…»:

Յունւարի 6-ի առաւօտեան, ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Ս. Ծննդեան տօնի առիթով Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում, որին յաջորդեց Ջրօրհնէքի կարգը:

Որպէս օրւայ քարոզ պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց տօնի առթիւ իր պատգամը:

Սրբազան Հօր պատգամում կարեւորութեամբ ասւած էր.

«Ոեւէ անձի ներաշխարհի վերանորոգման եւ իր կեանքի իսկական վերակազմակերպման առաջին քայլն իր մարդկային երեսի յստակեցումն է: Աշխարհի մէջ առանձին չենք, այլ ապրում ենք շրջապատւած հարեւան երկրներով, պետութիւններով, ազգերով ու ժողովուրդներով, որոնց դիմաց մեր առաքելութեան ընթացքին մարդկային մեր մաքուր կերպարը ցոյց տալով ոչ միայն կարժանանանք նրանց յարգանքին, այլեւ կը պարտադրենք որ մեր հաշիւն եւս նկատի ունենան: Երկրորդ քայլը մեր քրիստոնէական դիմագծի վերականգնումն է Մեր երրորդ գլխաւոր պարտականութիւնն է հրահրել ու բորբոքել մեր մէջ շիջող հարազատ հայորդու պատկերը, որպէսզի նախ վերականգնենք մեր մէջ խամրող սէրը, յարգանքն ու եղբայրութիւնը եւ ապա վաստկենք բոլոր ազգերի համերաշխութիւնը, կարեկցութիւնն ու դաշնակցային համագործակցութիւնը»:

Ծննդեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ Ջրօրհնէքի կարգ կատարւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ ձեռամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, ուր ընթերցւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր պատգամը:

Նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում, հերթաբար՝ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ. Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում Ջրօրհնէքի կարգը կատարւեց երեկոյեան ժամը 5:00-ին, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, որից յետոյ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց ազգայինների եւ ժողովրդի շնորհաւորանքները՝ տօնի առիթով:

Վերոնշեալ արարողութիւններին ներկայ էին ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ: «Ս. Ստեփանոս» եկեղեցում մատուցւած Ճրագալոյցի Պատարագին, իսկ «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում իրականացւած Ս. Ծննդեան տօնի Պատարագին եւ Ջրօրհնէքի կարգին ներկայ էր նաեւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը՝ ընտանեօք:

Սրբազան Հօր նախագահութեամբ իրականացւած բոլոր արարողութիւնների երգեցողութիւնը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Չորեքշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան, Ամանորի առիթով, նախաձեռնութեամբ  Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ համախմբւեցին միաստւածութեան կրօնների ներկայացուցիչները, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն գերեզմանատանը հանգիստ առած հայ նահատակների յիշատակին:

Ընթացքում արտայայտւեց Սպահանի զրադաշտների մոգպետ Բեհզադ Նիքդինը, ով շնորհաւորանքի խօսք ասելով Ամանորի առթիւ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչների համախմբումը, Իրանում կրօնների միասնականութեան եւ համերաշխութեան արդիւնք համարեց եւ կարեւորեց այն հանգամանքը, որ նահատակներն իրենց թանկագին կեանքը զոհաբերել են՝ յանուն այսօրւայ ապահովութեան եւ խաղաղութեան: Արտայայտւեց նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, որը բացատրութեամբ հանդէս եկաւ նշւած գերեզմանատնում հանգիստ առած հայ նահատկների եւ նրանց յիշատակին կանգնեցւած յուշաքարի կապակցութեամբ:

Ելոյթներից յետոյ հնչեց «Տէրունական աղօթք»-ը եւ ծաղիկներ զետեղւեցին եւ խունկ ծխւեց իւրաքանչիւր նահատակի յուշաքարի առջեւ:

Արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի Ուրբաթօրեայ աղօթապետի, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նահանգի նահատակների եւ սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման ու տարածման հիմնարկի, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, քահանայից դասի ներկայացուցիչներն ու հայ նահատակների հարազատները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ 2023 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի:

Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի:

Ընթացքում պատարագիչ քահանայ հօր միջոցով ընթերցւեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի Ամանորեայ պատգամը:

Ահա մի հատւածի մէջբերում վերոնշեալ պատգամից. «Նոր Տարին լաւագոյն առիթներից մէկն է, որպէսզի չյանձնւենք անտարբերութեան, ծուլութեան, յուսալքման կամ թերահաւատութեան, որոնց հետեւանքով զարթնումի փոխարէն թմբիրը կը շարունակւի, մինչ նինջը կարող է մեզ առաջնորդել հոգեւոր ներաշխարհի մահաքնի: Ուստի դարձեալ մեզ վրայ վերցնենք հոգեւոր զէնքերը, գօտեպնդւենք վերանորոգ հաւատքով ու յոյսով, ծանրախոհ կերպով ծրագրենք մեր յառաջիկայ տարիների իդէալ գաղափարներն ու երազանքները, ծնունդ տանք լուսաւոր ու բարգաւաճ տեսլականների, որպէսզի աստւածահաճոյ կեանքով ձգտենք բարեգործութեան եւ քրիստոնէավայել մտքով, սրտով ու հոգով շնորհաւորենք իրար»։

Ս. Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

 

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ դեկտեմբերի 18-ի առաւօտեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընկերակցութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:

Նա հերթաբար ներկայ գտնւեով Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում եւ «Արմէն» տարրական ու «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներում, մօտիկից ծանօթացաւ նշւած ուսումնարաններում կատարւող աշխատանքին՝ ի մասնաւորի մատուցւող հայեցի դաստիարակութեանը:

Պրն. Տէր-Խաչատուրեանն իր ուրախութիւնը յայտնելով նորջուղայեցի մատաղ սերնդին հանդիպելու համար՝ սաներին խորհուրդ տւեց լինել աշխատասէր եւ լաւապէս սովորել հայ ժողովրդի լինելիութեան կարեւորագոյն երաշխիքը՝ մայրենի լեզուն։ Նա դիմելով աշակերտութեանը, որպէս հայ ժողովրդի ապագայ սերունդ, նրանց յորդորեց պահպանել հայկական ինքնութիւնը, հասնել բարձրագոյն կրթութեան եւ ընտրած մասնագիտութեամբ սատարել Իրանի եւ Մայր Հայրենիքի տարբեր ոլորտների վերելքին ու զարգացմանը։

Այցելելով Ս. Ամենափրկիչ վանք, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչն առանձին հանդիպումներ ունեցաւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետների ու զոյգ կազմերի անդամների հետ, որոնց ընթացքում հիւրին տեղեկութիւններ փոխանցւեց թեմում իրագործւող եւ ապագայի աշխատանքների մասին, իսկ վերջինս առաջարկներ ներկայացրեց Հայաստանի հետ կապերն առաւել ամրապնդելու վերաբերեալ։

Յակոբ Տէր-Խաչատուրեանը շրջայց կատարեց Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, որտեղ ձեռամբ գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանի նւէր գրքեր յանձնւեց հիւրին։ Նա այցելեց նաեւ Ազգագրական թանգարան, արխիւատուն եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, ուր հիւրերի մատեանում գրառում կատարեց, իսկ վերջում՝ Ս. Բեթղեհէմ եկեղեցի։

 

Թղթակից (Նոր Ջուղա) 

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների թեմայով Ժողովրդական հանդիպում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ:

Հանդիպմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների կրթական մշակներ, միութենականներ եւ ժողովուրդ:

«Մեզ ներշնչեցին թէ խաղաղութիւն են բերում, բայց այս խաղաղութեան բովանդակութիւնը ինքնասպանութիւնն ու ցեղասպանութիւնն է: Այսօր պետականութիւն ունենալու եւ չունենալու, հայրենիք կորցնելու կամ պահելու, արժանապատւութիւն ունենալու կամ նւաստացած ապրելու գոյաբանական հարցերի առջեւ ենք կանգնած: Այլընտրանքը գոյութիւն չունենալն է, պետականութեան կորուստն է, ցեղասպանւելն է: Հաշտւե՞նք դրա հետ. թափառաշրջիկ դառնա՞նք եւ այլուր ապաստաններ գտնե՞նք: Բնականաբար ոչ»:

Հաղորդավարուհի Մանիա Ղուկասեանի միջոցով ընթերցւած վերոնշեալ տողերով երեկոն յայտարարւեց բացւած.

Ծրագրի բանախօսական բաժնում Յակոբ Տէր-Խաչատուրեանը նախ ասաց. «Այսօր մեր հիմնական մարտահրաւէրը այս իշխանութիւնների բաժանարար գծերի դէմ պայքարն է, որովհետեւ յոյժ անհրաժեշտ է մեր համազգային միասնութեան վերականգնումը: Մեր առաջին անելիքը աշխարհով մէկ ազգային գաղափարախօսութեան վրայ հիմնւած ուժերի համախմբելն է, որպէսզի կարողանանք ամրօրէն կառչած մնալ մեր իդէալներին, ամրօրէն շարունակենք մեր պայքարը մինչեւ յաղթանակի կերտումը»:

Նա կարեւորութեամբ ընդգծելով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար հայրենիքն ու պետականութիւնը բարձրագոյն արժէք են, աւելացրեց, թէ ամէն գնով վերակազմակերպելու ենք հայոց բանակը, որպէսզի այն կարողանայ ապահովել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը եւ վերստին ստանձնել Արցախի Հանրապետութեան ապահովութեան երաշխիքը լինելու հանգամանքը:

Պրն. Տէր-Խաչատուրեանը բանախօսական իր ելոյթի շարունակութեան մէջ անդրադարձ կատարելով Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայ յարաբերութիւններին՝ ասաց, որ կասկած չկայ, թէ նշւած այդ երկու պետութիւնները բնական մրցակիցներ են եւ նոյնիսկ երկարատեւի վրայ ունենալու են թշնամական յարաբերութիւններ, սակայն ներկայ դրութեամբ, մարտավարական իմաստով նրանց շահերը համընկնում են, ինչի արդիւնքում հայ ժողովուրդը կը լինի մեծ տուժողը, եթէ ազգային ղեկավարութեան բացակայութեան պատճառով չկարողանայ դիմակայել այդ ուժերին:

Բանախօսը շեշտելով, թէ Հայաստանի իշխանութիւնները չեն անդրադառնում, որ Արցախը Հայաստանի դարպասն է եւ պաշտպանում է նրա սահմանները, յիշեցրեց, թէ ինչպէս արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում Դաշնակցութիւնը բոլոր ներքին տարաձայնութիւնները մէկ կողմ դրեց եւ լծւեց պատերազմի յաղթանակն ապահովելու աշխատանքին՝ կազմակերպեց եւ պատերազմի ճակատ ուղարկեց կամաւորական գնդեր, հսկայական քաղաքական աշխատանքներ իրականացրեց, որպէսզի զանազան պետութիւններում օրէնսդիր եւ գործադիր մակարդակի բոլոր բարեկամները արտայայտւեն եւ քողազերծեն պատերազմի իրողութիւնը, երիտասարդների միջոցով ցուցական եւ քարոզչական աշխատանքներ իրագործեց՝ թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից խեղաթիւրւած իրողութեան բացայայտման ուղղութեամբ, մասնակցութիւն ունեցաւ նիւթական աննախընթաց հանգանակութեան գործին, որի արդիւնքում հանգանակւած աւելի քան 170 միլիոն դոլարը յատկացւեց պատերազմին եւ սոցիալ-տնտեսական կարիքներին՝ ի մասնաւորի զոհւածների ընտանիքներին ու վիրաւորներին օժանդակելու գործին:

Այնուհետեւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչն երախտիքի խօսք ասաց Հայաստանի բարեկամ երկրներ՝ Իրանին եւ Ֆրանսիային. Իրանին՝ տարածաշրջանում սահմանային որեւէ փոփոխութիւնն չհանդուրժելով եւ այն իր կարմիր գիծը համարելով եւ Իրան-Հայաստան սահմանին զօրքեր տեղադրելով, իսկ Ֆրանսիային՝ ժամանակին՝ արցախեան պատերազմից անմիջապէս յետոյ, Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում արծարծելու, իսկ վերջերս Լաչինի միջանցքի փակման հարցը միջազգայնացնելու նպատակով, այն դարձեալ նշւած խորհրդի նիստին տանելու համար:

Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր ելոյթի եզրափակիչ փուլում անդրադառնալով հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնական երեք մարտահրաւէրներին՝ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւններին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին ու բնակացութիւններին եւ ազգային միասնականութեան վերականգնմանը, կարեւորեց հետեւեալը՝

Պէտք է ամէն տեղ շեշտաւորենք Արցախի ժողովրդի իրաւունքը եւ այն հանգամանքը, որ Արցախը երբէք անկախ Ադրբեջանի Հանրապետութեան մաս չի կազմել, որպէսզի թոյլ չտանք Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնների ներքոյ իրականացւող սահմանագծման գործընթան ազդի Արցախի կարգավիճակին եւ աշխատանք տանենք, որպէսզի վերականգնւեն Մինսկի համանախագահող խմբի աշխատանքները:

Հայաստանի պարագային պէտք է օգտագործել ամէն միջոց, լինի Ազգային ժողովի հարթակ, ժողովրդական հաւաքներ, բողոքի ցոյցեր եւ արտայայտութիւններ, որպէսզի կարողանանք համոզել ժողովրդին, որ այս ազգակործան քաղաքականութիւնը ոչ թէ իրեն խաղաղութիւն է բերելու, այլ բերելու է յաւելեալ կորուստներ, իսկ Արցախի պարագային՝ բոլոր աշխատանքները ծրագրւած են, որպէսզի նոր ձեւաւորւող իշխանութեանը աջակցենք քաղաքական դաշտում, նիւթապէս եւ այլ ոլորտներում:

Հարկ է նշել, որ երեկոյի ընթացքում էկրանի վրայ ցուցադրւեցին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի միջոցով պատրաստւած երկու տեսանիւթեր. առաջինով լուսարձակի տակ առնւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութիւնը անցնող 132 տարիների ընթացքում, իսկ երկրորդը՝ «Արցախը բե՞ռ էր ՀՀ համար» խորագրով ֆիլմը, ընդգծեց Արցախի եւ Հայաստանի վերջին իրադարձութիւնները։

 

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ դեկտեմբերի 9-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ժողովրդական հանդիպում իրականացւեց դասախօսութեամբ՝ Հայաստանից հրաւիրւած մեդիա փորձագէտ, հեռուստատեսային վաւերագրական հաղորդումների հեղինակ, վերլուծաբան Նայիրի Յոխիկեանի, «Տարածաշրջանային պայքար Սիւնիքի եւ Արցախի համար» խորագրով:

Սկզբում բացման խօսքով եւ օրւայ բանախօսի կենսագրականի ընթերցմամբ հանդէս եկաւ հաղորդավար Մանիա Ղուկասեանը, որից յետոյ բեմը տրամադրւեց Նայիրի Յոխիկեանին:

Բանախօսն իր ելոյթը սկսեց անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի Իսլ. հանրապետութիւնների համար Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների կարեւորութեանը:

Նա քարտէզներով եւ փաստացի տւեալներով պատմական դրւագներ ներկայացրեց Անդրկովկասի տարածաշրջանի վերաբերեալ, նշելով, թէ 1918 թւականից մինչեւ 1928 թւականները, Հայաստանից անօրինի անջատւած եւ Թուրքիային ու Ադրբեջանին յանձնւած տարածքներով հանդերձ, հայկական տարածքի կազմում են եղել Արցախի Կովսականը (Զանգելան), Սանասարը (Ղուբաթլուն), Բերձորն (Լաչին) ու Քաշաթաղի շրջանը եւ բազմաթիւ այլ հայկական բնակավայրեր: Բանախօսը խօսեց նաեւ 1930-60 թւականներին, Հայաստանի Սովետական Հանրապետութիւնից դարձեալ անօրինական կերպով անջատւած եւ Ադրբեջանի Սովետական Հանրապետութեանը նւիրւած տարածքների վերաբերեալ:

Գալով ժամանակակից իրականութեանը, պրն. Յոխիկեանն անդրադարձաւ 2020 թւականից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայ իշխանութիւնների համաձայնութիւններին եւ որպէս հետեւանք՝ Հայաստանին սպառնացող վտանգներին, այդ թւում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու պլանաւորմանը եւ արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ, 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ, թշնամուն շրջաններ յանձնելու իրողութեանը, ընդգծելով, որ այդ բոլորի հիմքում է ընկած ԱՄՆ-ի ժամանակի նախագահի գլխաւոր խորհրդական Փօլ Գոբլի պլանը, որի նպատակը ոչ միայն պանթուրքիզմի գաղափարի իրականացումն է, այլ նաեւ Հայաստանի ջրային եւ հանքահումքային խոշոր ռեսուրսներին՝ որակի եւ ծաւալի իմաստով աշխարհում առաջնակարգ տեղ զբաղեցրած քաղցրահամ ջրին, մոլիբդենի, ոսկու եւ ուրանի հարուստ պաշարներին տիրանալը:

Շարունակութեան մէջ խօսեց տարածաշրջանում ուժերի վերադասաւորման մասին, յիշեցնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հովանաւորներ՝ Անգլիայի եւ Իսրայէլի ներկայութիւնը տարածաշրջանում, յատկապէս նրանց տեղակայումը Իրան-Հայաստան սահմանին եւ Հայաստանի հանքահումքային պաշարներով հարուստ տարածքներին կից շրջաններում, զգուշացնելով Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների համար դրանց հետ կապւած վտանգների մասին:

Բանախօսը Ադրբեջանի կողմից առկայ սպառնալիներից համարեց՝ Սեւանայ լճի արեւելեան ափերի ու Տաւուշի մարզի հատւածի գրաւումը եւ շեշտեց. «Այդ շրջանների գրաւումով Ադրբեջանը ոչ միայն  Սեւանից իր համար ապահովելու է ջրային ռեսուրսներ, այլ նաեւ Տաւուշի միջոցով վերահսկողութիւն է սահմանելու Հայաստանի հիւսիսային եւ միեւնոյն ժամանակ Վրաստանի հարաւային շրջանների վրայ, իսկ եթէ նկատի առնել, որ  Վրաստանի հարաւային շրջանում բնակւում են ազգութեամբ թուրք ժողովուրդ, այդ գործողութեան իմաստը ամբողջովին պարզ է դառնալու»:

 Ելոյթի եզրափկիչ փուլում պրն. Յոխիկեանը բոլորի ուշադրութիւնը կենտրոնացրեց այն հանգամանքի վրայ, որ եթէ 2025 թւականին Ադրբեջանի պահանջով Արցախից դուրս բերւեն ռուսական զօրքերը, Արցախում նոր պատերազմ սկսելու հաւանութիւնը շատ բարձր է լինելու: Նա աւելացնելով, որ այսօր մեր պետականութիւնն իր վատագոյն ժամանակներում է գտնւում, նշեց, որ դեռեւս ոչինչ կորած չէ եւ անհրաժեշտ նկատեց մինչեւ այդ թւականը ոչ միայն զինել Արցախն ու Հայաստանի հանրապետութեան արտաքին առաջնագիծը, այլ նաեւ Սփիւռքը տէր կանգնի հայրենիքին: Բանախօսը տեղեկացրեց, որ աւելի քան 120 անձանց մասնակցութեամբ, 8-ամեայ աշխատանքի արդիւքում մշակւել է ազգային ծրագիր, որի՝ Սփիւռքին վերաբերող հատւածում նշւած է ՀՀ կառավարման գործում Սփիւռքի պարտադիր մասնակցութեան մասին:

Ծրագրին ներկայ էին Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի անդամները, ազգային մարմինների ներկայացուցիչներ, կրթական մշակներ, միութենականներ եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամներ:

 

Թղթակից (Նոր Ջուղա) 

Աշխատանքային այցով Սպահան ժամանած Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան առաջին գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը եւ նրան ընկերակցող՝ Իրանի արտաքին գործերի նախարարութեան Սպահանի ներկայացուցչութեան պատասխանատու Ալի Քեռդաբադին, երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին ժամանեցին Նոր Ջուղայի Ազգային առաջնորդարան։

Այցի նպատակն էր՝ հայ-իրանական յարաբերութիւններին խթանելու ծրագրի շրջագծում, ծանօթանալ Թեմիս ազգային իշխանութեան ու հայ գործարարների ներդրումային հնարաւորութիւններին, լսել նրանց առաջարկներն ու տեսակէտները գործընկերային յարաբերութիւններ իրականացնելու ուղղութեամբ։

Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկաւ Պատգ. ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը։

Նա Կապանում հիւպատոսութիւն բացելու Իրանի արտաքին գործերի նախարարութեան որոշումը յոյժ կարեւոր համարելով, նշեց, թէ այն խթանելու է հայ-իրանական յարաբերութիւնների մակարդակի բարձրացմանը, ընդգծելու է Իրան-Հայաստան սահմանի անփոփոխ մնալու անհրաժեշտութիւնը եւ նպաստելու է Սիւնիքի մարզի հետ կապերի հաստատմանը։

«Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական սպառնալիքների եւ տարածաշրջանային անկանխատեսելի զարգացումների ֆոնին, Իրանի կառավարութեան այս նախաձեռնութիւնը թէ՛ Հայաստանի Հանրապետութեան եւ թէ՛ Իրանի Իսլ. Հանրապետութեան անվտանգութիւնը երաշխաւորող կարեւոր գործօններից է», իր արտայայտութիւններում ընդգծեց Գեղարդ Մանսուրեանը։

Այնուհետեւ արտայայտւեց Պատգ. ժողովի ցկեանս պատւոյ անդամ Թաթուլ Օհանեանը։ Նա եւս ողջունելով հիւրերի ներկայութիւնը Ս. Ամենափրկիչ վանքի յարկի ներքոյ, անդրադարձաւ Իրանում հայերի վաղեմի ներկայութեանն ու նրանց ջերմ յարաբերութեանը՝ իրենց իրանցի հայրենակիցների հետ եւ վստահեցրեց, որ հիւպատոսութիւնը զարկ է տալու այս կապերի առաւել զարգացմանն ու ամրապնդմանը։

«Հայաստանի Սիւնիքի մարզում հիւպատոսութիւն բացելու այս որոշումը անվտանգային մեծ նշանակութիւն ունի Հայաստանի համար, որի համար մեր գոհունակութիւնն ենք յայտնում Իրանի կառավարութեանը։ Նաեւ շնորհակալ ենք Իրանի Իսլ. Հանրապետութեանը, որ միշտ հանդէս է եկել Իրան-Հայաստան պատմական սահմանի անփոփոխ մնալու օգտին եւ այս հարցում դրսեւորել է անզիջում դիրքորոշում»,  աւելացրեց նա։

Թաթուլ Օհանեանն իր խօսքն աւարտեց թեմի ազգային կառոյցը ծանօթացնելով հիւրերին։

Հանդիպման ընթացքին արտայայտւեց նաեւ Ալի Քեռդաբադին։ Նա փոխանցելով Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուռիի բարեւները, նշեց, թէ տարածաշրջանային անվտանգութեանը սպառնացող ներկայ պայմաններում եւ այդ ծիրում՝ Հայաստանի համար ստեղծւած այս բարդ ժամանակաշրջանում, իւրաքանչիւրիս պարտականութիւնն է դերակատար լինել պատմութեան այս տագնապալից իրավիճակից պատւով դուրս գալու համար եւ նա վստահեցրեց, որ Կապանում գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի ներկայութիւնը խթան է հանդիսանալու այդ գործին։

Նա ընդգծելով Սպահան քաղաքի եւ նահանգի ներուժն ու հնարաւորութիւնները՝ Սիւնիքի հետ յարաբերութիւններն ընդլայնելու ուղղութեամբ, համայնքիս գործարարներից եւ ձեռնարկատէրերից խնդրեց սոյն մարզի հետ գործարար կապերի ստեղծման համար իրենց տեսակէտներն ու ծրագրերը ներկայացնել արտգործնախարարութեան Սպահանի ներկայացուցչութիւն, խոստանալով, որ գլխաւոր հիւպատոսի համագործակցութեամբ հետամուտ են լինելու այդ ծրագրերի իրագործմանը։ Վերջում յոյս յայտնեց, որ երկկողմ ջանքերով եւ Մորթեզա Աբեդին Վարամինի հետեւողականութեամբ, Կապանը Իրանի համար հանդիսանալու է Եւրոպական երկրներին ու ԵԱՏՄ-ին կապող երթուղի։

Մորթեզա Աբեդին Վարամինը իր ուրախութիւնը յայտնելով Կապանում գլխաւոր հիւպատոսի պաշտօնին նշանակւելու առթիւ, անդրադարձաւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների հազարաւոր տարիների պատմութեանը։

Գլխաւոր հիւպատոսը իր խօսքերում ասաց. «Հայաստանի նկատմամբ մեծ դաւադրութիւն էր կազմակերպւել, որը ժամանակին նախազգուշացումներով ու գործողութիւններով հնարաւոր դարձաւ կանխել, սակայն դա չի նշանակում, որ թշնամին հրաժարւել է իր ծրագրերից, եւ այդու պէտք է մենք եւս շարունակենք մեր գործողութիւնները։ Այս առումով, թէպէտ ուշացումով, սակայն դրական էր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը, որի ուղղութեամբ տարածաշրջանային բազմաթիւ արձագանքների ականատեսը եղանք»։

«Այսօր, առաւել քան երբեւէ անհրաժեշտ է օգտւելով Իրան-Հայաստան քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւններից, երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համագործակցութիւն ծաւալել», յաւելեց նա։

Գլխաւոր հիւպատոսը եւս դիմելով հանդիպմանը ներկայ գործարարներին, նրանց յորդորեց հայ-իրանական կապերի ամրապնդման վերաբերեալ իրենց առաջարկները ներկայացնել հիւպատոսութեան։

Հանդիպմանը ներկայ գործարարները եւս իրենց հերթին տեսակէտներ ու առաջարկներ ներկայացրին Իրան-Հայաստան սահմանի անվտանգութեան տնտեսական կապերը առաւել խորացնելու համար։

Աւարտին ձեռամբ Թաթուլ Օհանեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի յուշանւէր յանձնւեց գլխաւոր հիւպատոսին։

Հիւրերն այցելեցին «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան, ուր հիւրերի մատեանում գրառում կատարեց Մորթեզա Աբեդին Վարամինին։

Հանդիպմանը ներկայ էին Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։

Հիւրերն ընկերակցութեամբ Ազգային առաջնորդարանի զբօսաշրջիկական գրասենեակի պատասխանատու Արգին Աբնուսեանի, հայկական թաղամասի հետ ծանօթանալու նպատակով այցելեցին նաեւ Ն. Ջ. Հայոց երաժշտական թանգարան, «Ս. Բեթղեհէմ» եկեղեցի եւ «Արմենիա» հիւրանոց։

 

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, ուրբաթ՝ նոյեմբերի 11-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում նշւեց Հայ ուսուցչի տօնը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների, Հայ Դատի յանձնախմբի, Կրթական խորհրդի անդամների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց դպրոցներում աշխատող եւ հանգստի կոչւած բոլոր տնօրէնների, ուսուցիչների եւ անձնակազմի այլ անդամների:

Բացման խօսքով հանդէս եկաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ով շնորհաւորելով ուսուցչի տօնը, նշեց. «Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելութիւն է, որ պահանջում է անսահման զոհողութիւն եւ նւիրում, եւ այդ նւիրումի մէջ իսկ գոհունակութիւն գտնելու ենթադրութիւն: Եւ ահա թէ ինչո՛ւ դպրոցը եւ մանաւանդ հայ դպրոցը նկատում ենք հայի կենարար աւիշը, որով կերտւում ու կազմաւորւում է հայ պատանու ու հայ երիտասարդի հոգին»:

Յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի արտայայտւեց ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, որը հանդէս գալով շնորհաւորական եւ գնահատանքի խօսքերով, աւելացրեց. «Ուսուցչութիւնը ոչ թէ գործ, այլ առաքելութիւն է: Մեծերն ասում են թէ ուսուցչութիւնը մարգարէների գործ է եւ մենք որպէս քրիստոնեայ հաւատում եւ ընդունում ենք դա, քանի որ եթէ Աւետարանին ենք նայում, այնտեղ Քրիստոսի աշակերտները նրան կոչում են ուսուցիչ: Բոլոր ազգերի մօտ ուսուցիչը յարգւած եւ գնահատւած անձ է եւ ինչքան բարձր է այդ գնահատանքը, այդ ազգը եւ այդ երկիրը աւելի զարգացած է»:

Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա նշելով, որ համաճարակի պատճառով շուրջ երեք տարի է, ինչ նման հաւաք տեղի չի ունեցել, աւելացրեց.  «Կորոնաժահրի ժամանակաշրջանում շատ բաներ հունից դուրս եկան, փոխւեցին ու հարցականի տակ գնացին, որոնց վերականգնելն պահանջում է հսկայական աշխատանք եւ այդ բեռը մենք ենք տանելու անկասկած, բայց միասին: Ոչ ոք մեր դերը չի կատարելու, պէտք է գործել թէ՛ անհատապէս, թէ՛ համայնքային չափանիշներով: Այս գործում թեւ-թիկունքն է հանդիսանալու ազգային իշխանութիւնը, որն իր ողջ կարողութեամբ չի վարանելու ամէն տեսակ օժանդակութիւնից»:

«Արմէն» տարրական երկսեռ դպրոցի հանգստի կոչւած տնօրէն Վրէժ Շիրւանեանը օրւայ առթիւ ներկայացրեց հակիրճ բանախօսութիւն: Նա երախտագիտութեամբ յիշեց ուսուցչական աշխատանքի ասպարէզում իր առաջին ուսուցիչ լուսահոգի Յարութ Տէր-Մարտիրոսեանին, ապա աւելացրեց. «Տարիներ շարունակ ես եւս ձեր շարքերում մասնակցել եմ Հայ ուսուցչի մեծարման բազմաթիւ միջոցառումների. բնականաբար հրճւել, շոյւել եւ ոգեւորւել եմ ուսուցչի մասին բանախօսների, պատասխանատուների եւ այլոց արտայայտած ցանկալի խօսքերից. վստահեցնում եմ, որ մեր ուսուցիչները այնպէս են, ինչպէս կարգն ու պարտականութիւնն է թելադրում: Ես նոյնիսկ չնչին չափով չեմ կասկածում, որ մեր դպրոցների աշխատակազմերը անում են ամէն ինչ, նոյնիսկ առաւելը, մեր մատաղ սերնդին կրթելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու խնդրում: Միւս կողմից բարձր եմ գնահատում Ազգային մարմինների կողմից կատարւած ներդրումները կրթա-մշակութային ոլորտում՝ ժամանակակից հնարաւորութիւններ, հաճելի միջավայր, դաստիարակչական ազատ մթնոլորտ ստեղծելու համար»: Պրն. Շիրւանեանն իր խօսքերի յաջորդ բաժնում նշեց զանազան երկրներից ուսուցչի արժէքը ներկայացնող դրւագներ:

Ծրագրի յաջորդ բաժնում պատւոգրեր եւ յուշանւէրներ յանձնւեցին անցնող երկու տարիների ընթացքում հանգստի կոչւած կրթական մշակներին:

Պատւոգրերը յանձնւեցին օղակ առ օղակ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ դոկտ. Վաչիկ Հայրապետեանի, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի եւ անդամներ Սաթենիկ Աւետումեանի եւ դոկտ. Նորայր Թումանեանի, Շահինշահրի հայ Համայնքի վարչութեան ներկայացուցիչ Գառնիկ Միրզախանեանի եւ պատկան տնօրէնների:

Հանգստի կոչւածներն էին՝

-Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն եւ վարժուհի Կարինէ Մինասքանեանը եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի ուսուցչուհիներ՝ Անահիտ Այւազեանը, Վարդուհի Պօղոսեանն ու Քարմէն Մատթէոսեանը:

-Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի վարժուհի Մարգարիտ Մինասքանեանը։

-«Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանը եւ ուսուցչուհիներ՝ Արմինէ Սիմոնեանը, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ու Ժանետ Բաղումեանը:

-«Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրէն Կարինէ Մինասեանը, դպրոցի վերակացու Վահիկ Թորոսեանը, ուսուցչուհի Անահիտ Թահմազեանը եւ գրասենեակի աշխատող Անահիտ Շամիրեանը:

Հանգստի կոչւած ուսուցիչ-ուհիներից Անահիտ Այազեանը, Վարդուհի Պօղոսեանը, Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, Ժանետ Բաղումեանն ու Վրէժ Շիրւանեանը արտայայտւեցին շնորհաւորանքների եւ շնորհակալութիւնների խօսքերով, ինչպէս նաեւ աշխատանքային տարիներից յուզիչ ու զւարճալի յուշերով:

Փակման խօսքով ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա նշեց. «Այսօր հաւաքւել ենք այստեղ, որպէսզի մէկ միջոցառման ընթացքում կարողանանք երկու նպատակակէտ իրագործենք. առաջինը՝ տօնախմբել հայ մշակոյթի առիթով Հայ ուսուցչի տօնը« երկրորդ՝ գնահատել եւ վերարժեւորել հայ ուսուցիչներին, ի մասնաւորի հանգստի կոչւածներին»: Ապա Սրբազան Հայրը  հանդէս եկաւ շնորհաւորանքների խօսքերով եւ ասաց. «Հայեցի դաստիարակութիւնը քիչ եւ դիւրին բան չէ, որի իրագործման համար մենք պէտք ունենք քաջամարտիկների՝ ուսուցիչների»:

Հարկ է նշել, որ հանդիսութեան ընթացքում իրականացւեցին գեղարւեստական համարներ. Դաշնամուրի անզուգական կատարումներով հանդէս եկաւ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը: Նա կատարեց «Էլեգիա» երաժշտութիւնը՝ հեղինակութեամբ Առնօ Բաբաջանեանի եւ իր ստեղծագործութիւններից՝ «Հայրենիք» ու «Մադամ Դիանա Աբգար» երաժշտութիւնները, որոնցից վերջինը առաջին անգամն էր հնչում Նոր Ջուղայի բեմերից: «Խանդոդ սէր» եւ «Կանչում եմ արի, արի» երգերի կատարմամբ հանդէս եկաւ Զարենուշ Աղուրեանը՝ Հարմա Կարապետեանի երաժշտութեան ձեւաւորմամբ եւ Նարբէ Գրիգորեանի ոկալ ղեկավարութեամբ:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի նախապատրաստական աշխատանքները կատարել էին հայոց ազգային դպրոցների ծնողական խորհուրդները:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Իրանում ֆիզիկայի առաջին կին պրոֆեսոր եւ երկրի աստղագիտութեան պատմութեան մէջ արեւային առաջին աստղադիտարանի հիմնադիրներից պրոֆ. Ալենուշ Տէրեանի ծննդեան 102-ամեակը պատեհ առիթ համարելով, գիտնականի ծննդեան օրը՝ նոյեմբերի 9-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի շրջափակում, նշւած ուսումնարանի պատասխանատուների նախաձեռնութեամբ կազմակերպւեց արեւի դիտարկման միջոցառում՝ աշակերտութեան եւ դպրոցի անձնակազմի մասնակցութեամբ. դիտարկումը ղեկավարեց Սպահանի «Ադիբ» աստղագիտութեան կենտրոնի աստղագէտ-գիտաշխատող, Գրինւիչի թագաւորական աստղադիտարանի լուսանկարչական մրցոյթ-փառատօնի յաղթող եւ 2021 թւականի աստղագիտութեան տարւայ լուսանկարիչ Հասան Հաթամին:

Միջոցառման սկզբում ներկաները պրն. Հաթամիի կենսագրականին եւ գիտական գործունէութեանը ծանօթացան ուսուցչուհի Սիւնէ Մինասեանի միջոցով, ապա աստղագէտն անդրադառնալով Իրանի ժամանակակից աստղագիտութեան ձեւաւորման եւ զարգացման գործում Ալենուշ Տէրեանի ներդրած լայն աւանդին, ինչպէս նաեւ մասնագէտ սերունդ կրթելու գործում նրա մատուցած անզուգական ծառայութիւններին, ընդգծեց, թէ պրոֆ. Տէրեանի գիտական գործունէութիւնը հիմնականում կենտրոնացւած է եղել արեգակի շուրջ ուսումնասիրութեան վրայ: Պրն. Հաթամին իր բանախօսական ելոյթի շարունակութեան մէջ ներկայացնելով արեւից իր հեղինակած լուսանկարը, որը յաղթող է ճանաչւել Գրինւիչի թագաւորական աստղադիտարանի լուսանկարչական մրցոյթ-փառատօնում, ոչ միայն գիտականօրէն վերլուծեց նշւած կենսատու աստղի մասին ուսումնասիրութեան կարեւորութիւնը՝ յատկապէս գեր-պետութիւնների համար, այլ նաեւ բացատրեց նրա յատկանիշների մասին:

Մասնագէտի ելոյթի ընթացքում ներկաներն առիթ ունեցան էկրանի վրայ դիտելու դպրոցի բակում տեղադրւած աստղադիտակի արձանագրած տեսարանները՝ արեգակից. աստղագէտը յատկապէս նշեց, որ գետին մոլորակի բնակիչները արեւը ոչ թէ տեսնում են դրսից այլ հէնց արեւի ներսից, քանի որ գետինն ու իր մթնոլորտը գտնւելով արեգակնային համակարգում, գտնւում են նաեւ արեւի մթնոլորտի ներսը:

Գիտական նորութիւններով առ լեցուն այս ծրագրի երկրորդ բաժնում աշակերտները տեղափոխւեցին դպրոցի բակ, ուր անձամբ աստղադիտակով դիտարկեցին արեւը, ապա սովորեցին մի տեսակ արեգակնային ժամացոյց պատրաստելու եղանակը:

Հարկ է նշել, որ պրն. Հաթամին իր եւ «Ադիբ» կենտրոնի կողմից Գրինւիչում յաղթող ճանաչւած իր լուսանկարից մի պատճէն նւիրեց դպրոցին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէնութեան նախաձեռնութեամբ, իրանական Աշակերտի օրւայ առթիւ մէկօրեայ ճամբար կազմակերպւեց Ղարագել փողոցում գտնւող մարզադաշտում, շաբաթ՝ նոյեմբերի 5-ին, մասնակցութեամբ դպրոցի աշակերտութեան, անձնակազմի եւ ծնողական խորհրդի:

Միջոցառումն սկիզբ առաւ դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանի ողջոյնի խօսքով եւ միասնական «Տէրունական աղօթք»-ով: Այնուհետեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհու օգնական Բարելի Այւազբալեանը նւէրներով եւ գնահատագրերով գնահատեց անցնող երկու տարւայ ընթացքում ամենաընթերցասէրին, աշակերտներից՝ Անի Թորոսեանին, Քաջայր Գալստանեանին եւ Էլեդա Յովսէփեանին, իսկ  անձնակազմից՝ տնօրէն Գեղարդ Մասնուրեանին:

Ճամբարի ծրագիրը յագեցած էր ուսուցիչների ընկերակցութեամբ մարզանքով, խմբական խաղերով, մրցոյթներով եւ գիտական զննումներով:

Ծրագրի ընթացքում Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի այցելեց մարզադաշտ եւ իր ողջոյնի խօսքը փոխանցելով աշակերտներին ու պատասխանատուներին, մօտիկից ծանօթացաւ խանդավառ մթնոլորտում իրականացւող դպրոցականների աշխատանքներին եւ զւարճալի խաղերին: Աշակերտները Սրբազան Հօր ներկայութեամբ կատարեցին «Գետաշէն» ոգեշնչող երգը:

Հարկ է նշել, որ Կրթական խորհրդի անդամներ՝ դոկտ. Նորայր Թումանեանն ու Ժանետ Բաղումեանը նոյնպէս այցելեցին դպրոցականներին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ մշակութային 2-րդ աշակերտական փառատօնը, մասնակցութեամբ Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների: Որպէս հանդիսատես սրահում ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ կազմակերպիչ դպրոցի անձնակազմը, ծնողական խորհրդի անդամներն ու ծնողները:

Դպրոցի տնօրէնութեան եւ անձնակազմի համատեղ նախաձեռնութեամբ իրականացւած այս միջոցառման բացումը կատարւեց Արամ Խաչատրեանի «Սուսերապար» երաժշտութեանը զուգակցւած դպրոցական դրւագների հետաքրքիր տեսանիւթով, որի հեղինակն էր աշակերտ Արամէ Ալեքսանդրեանը:

Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավար Արթուր Քամարզարեանը, ով  նման բովանդակութեամբ փառատօները որակեց՝ ոչ միայն տաղանդների եւ ընդունակութիւնների բացայայտման, այլ նաեւ  հայրենասիրական ոգու դրսեւորման միջոց:   

Փառատօնի ընթացքում մասնակից աշակերտութիւնը, ովքեր կրում էին յաւերժութեան խորհրդանշով եւ «Մենք  յաւերժ ենք մեր լեռների պէս» խորագրով դաճւած հագուստներ, հանդէս եկան ասմունքի, երգ-երաժշտութեան եւ պարի անհատական ու խմբական սքանչելի կատարումներով: Հարկ է նշել, որ աշակերտները փառատօնին մասնակցութիւն էին բերել նաեւ  գեղանկարչութեան ցուցահանդէսով:

Ուշագրաւ էր մասնակիցների կողմից դրսեւորւած բազմակողմանի տաղանդն ու արւեստի տարբեր ճիւղերի համատեղ իմացութիւնը, ինչը վկայում էր դպրոցների պատասխանատուների, ծնողների եւ յատկապէս մասնակիցների կատարած հետեւողական մեծ աշխատանքի մասին:

Ելոյթների աւարտին մասնակիցների անունից՝ որպէս շնորհակալութեան, գնահատանքի  եւ երախտիքի արտայայտութիւն, ծաղկեփունջ նւիրւեց փառատօնի գլխաւոր հեղինակ եւ գեղարւեստական ղեկավար, փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին: Ծաղկեփնջով գնահատւեցին նաեւ դպրոցի երգչախմբի ղեկավար Նայիրա Ալեքսանեանը եւ պարուսոյց Քաթրին Մարկոսեանը:

Փառատօնի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան  Հայրը, ով բարձր գնահատելով իրականացւած ձեռնարկը եւ գովեստի խօսք ուղղելով փառատօնի կազմակերպիչներին՝ ի մսանաւորի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանին, ապա անդրադառնալով  շուրջ երեք տարիների ընթացքում ընտանիքների եւ յատկապէս դպրոցականների վրայ թողած  համաճարակի հետեւանքներին, ասաց. «Աստւածային միջամտութեամբ ունեցանք օրհնաբեր այս առիթը, որտեղ կարծես արեւելեան քամին իր յուսաբեր լուսաշողերով շաղախւած, մեր երկնակամարի վերեւը բերեց հայ մշակոյթի տօնի ամպերը, նրանք անձրեւեցին եւ անձրեւի կաթիլները վերակենդանացրեցին մեր հայ աշակերտ-ուհիների ներաշխարհը. նրանք ծաղկեցին եւ բերք տւեցին: Այս միջոցառումն առատացրեց մեր պապակած սրտերն ու հոգիները»:

Կրթահամալիրի 2-րդ մշակութային փառատօնին մասնակցութիւն էր բերել հետեւեալ կազմը՝

Էմիլի Նաւասարդեան՝  ներկայացնելով պարի, ասմունքի եւ դաշնամուրի կատարում եւ գեղանկարչութիւն.

Արամէ Յովսէփեան՝ երգեհոնի կատարում.

Վանէ Խաչիկեան՝ ասմունք.

Արամէ Ասատրեան՝ դաշնամուր.

Սերինէ Յակոբեան՝ ասմունք.

Նազելի Փանոսեան՝ մեներգ.

Սէրլի Շահմիրզայեան՝ գիմնաստիկայի շարժումներ, Էմիլի Նաւասարդեանի՝ դաշնամուրի  նւագակցութեամբ եւ գեղանկարչութիւն.

Սէրլի Սարեան՝ ասմունք.

Բիւրեղ Տէր-Յովհաննիսեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.

Էմիլի Պօղոսեան՝ երգի եւ դաշնամուրի նւագակցութեամբ զուգակցւած կատարում եւ ասմունք.

Ստեփանիա Յակոբեան՝ ասմունք.

Սիսիանա Յակոբեան՝ ասմունք եւ գեղանկարչութիւն.

Վանէ Յովսէփեան՝ ասմունք, Նարեկ Ղարիբեանի՝ դաշնամուրի ընկերակցութեամբ.

Լիլիթ Մարկոսեան՝ գեղանկարչութիւն.

Թանիա Յովսէփեան՝ գեղանկարչութիւն.

Քաթրին Ակոն՝ գեղանկարչութիւն.

Մենուա Մարկոսեան՝ ասմունք.

Խմբական բաժնում հանդէս եկաւ դպրոցի «Միհր»  նւագախումբը՝  մասնակցութեամբ՝ Մելւին Թորոսեանի (գիթառ), Լեմուէլ Թահմազեանի (գիթառ) եւ Էրւին Յովսէփեանի (հարւածային գործիք:

Դպրոցի  երգչախումբը  ընկերակցութեամբ  «Միհր» նւագախմբի կատարեց «Հայաստան իմ չքնաղ» եւ «Ազգ փառապանծ» հայրենասիրական երգերը, իսկ պարախումբը հանդէս եկաւ «Քոչարի» եւ «Եարխուշտա» պարերով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Շանթ Մելքոնեան

 

Երէկ՝ նոյեմբերի 4-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» սրահում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակին նւիրւած ձեռնարկ. հաղորդում է «alikonline.ir»-ը։

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով: Բացման խօսքը ներկայացրեց Կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Սերոժ Օհանեանը:

Օրւայ բանախօսն էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Միջոցառումը վարեց Արտոյտ Զոհրաբեանը:

Միջոցառման ընթացքում Կրօնական խորհրդի խօսքը ներկայացրեց Խորհրդի ատենապետ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատարեանը, այնուհետեւ ընթերցւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ուղերձները:

Սրբազան Հօրը նւիրւած ծրագրին, հնչեցին յոբելեանական երգչախմբի կատարումներ, ղեկավարութեամբ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի: Դաշնմուրային կատարումները՝ Ալւին Աւանէսեանի:

Երգչախմբային կատարումներին յաջորդեց Կարինէ Մուրադեանի Երեւան երգի մենակատարումը:

Օրւայ ընթացքում հնչեց նաեւ Միսաք Մեծարենցի ստեղծագործութիւնը՝ ասմունքող՝ Արփի Ալլահվերդեանի միջոցով, ինչպէս նաեւ՝ Օֆիկ Մատթէոսեանի մենակատարումը՝ Կոմիտասի «Շողեր ջան»:

Միջոցառման աւարտին ելոյթ ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

 

 2022-2023 ուսումնական տարեշրջանի մեկնարկից շուրջ մէկ ամիս անց, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի ձեռամբ կրկին անգամ հնչեց խորհրդանշական զանգը, սակայն այս անգամ ոչ թէ դպրոցական տարեմուտի, այլ դպրոցի վերանորոգման աշխատանքների աւարտի առիթով։
Շաբաթ՝ հոկտեմբերի 29-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում, ներկայութեամբ՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Սպահանի հայոց թեմի Պատգ. ժողովի դիւանի, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների, Կալւածա-տնտեսական մարմնի եւ հայոց ազգային դպրոցների տնօրէնութեան ներկայացուցիչների, ինչպէս նաեւ մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմի, սաների ու ծնողների եւ մի շարք այլ հրաւիրեալների տեղի ունեցաւ նշւած դպրոցի բակի եւ խաղահրապարակի վերաբացումը՝ աւելի քան մէկ ամիս շինարարական աշխատանքներից յետոյ։
Նշւած վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների ներքոյ հիմնովին նորոգւել եւ սալիկապատւել է դպրոցի շրջափակը, իսկ հեռացնելով խաղահրապարակի նախկին արհեստական մարգերը, ոչ միայն վերանորոգւել է յատակը, այլեւ ծածկւել է նոր մարգերով. խաղահրապարակը համալրւել է նոր խաղերով։ Աշխատանքը ֆինանսաւորւել է ազգային մարմինների կողմից եւ մի շարք ծնողների ու բարերարների նւիրատւութիւններով։
Հանդիսութեան սկզբում մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն Քառոլին Դիլանչեանը նշելով կատարւած լայնածաւալ աշխատանքները՝ իր, անձնակազմի, ծնողների եւ սաների անունից շնորհակալական խօսք ուղղեց ազգային մարմիններին, նւիրատուներին եւ շինարարական խմբին։
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը բարի վայելում մաղթելով փոքրիկներին՝ անդրադարձաւ կատարւած աշխատանքներին, ապա նախագծի յաջող աւարտի համար իր շնորհակալութիւնները յայտնեց՝ նւիրատուներին, թեմի Կալւածա-տնտեսական մարմնին ու պատկան շինարարական խմբին։ Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեանը՝ դպրոցի խաղահրապարակի համալրման համար մէկ խաղ նւիրելու առթիւ։ Պրն. Տէր-Մարտիրոսեանը ընդգծեց նաեւ, որ Թեմական խորհրդի ջանքերի արդիւնքում յաջողւեց պահանջւող որակեալ շինանիւթերը խոշոր զեղչերով ստանալ քաղաքապետարանից։
Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը նոյնպէս միանալով շնորհակալական խօսքերի շարանին՝ այս ծիրում յիշեց մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէնութեանը, անձնակազմին, նւիրատուներին, ազգային մարմիններին ու պատկան գործավարներին եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանը՝ դպրոցին բատուտ խաղահրապարակ (փառքէ բադի) տրամադրելու կապակցութեամբ։
Նա առիթը պատեհ համարելով իր երախտագիտութիւնը յայտնեց նաեւ Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին՝ դպրոցները օպտիկական թելքի (ֆիբրէ նուռի) հնարաւորութեամբ օժտելու գործում իր լայն դերակատարութեան համար։
Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը բարձր գնահատելով ամենասեղմ ժամկէտում իրականացւած աշխատանքը՝ աւելացրեց, որ արդիւնքն ապացուցում է կատարւած ջանադիր աշխատանքը։ Նա նաեւ իր շնորհակալութիւնները յայտնելով բոլոր դերակատարներին՝ խնդրեց Բարձրեալին միշտ այսպէս ուժ-կարողութիւն շնորհի բոլորին, ի մասնաւորի պատասխանատուներին՝ համայնքի ժողովրդին եւ յատկապէս մատաղ սերնդին առաւել չափով ծառայելու համար։
Ելոյթների աւարտին մանկապարտէզի կրտսեր եւ աւագ խմբակների սաները, ինչպէս նաեւ նախակրթարանի աշակերտները հանդէս եկան երգերով։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Արարատ» միութեան սրահում բեմականացւեց դերասան Վարդան Պետրոսեանի «Խոստում» ներկայացումը: Միջոցառման կազմակերպական աշխատանքներն իրականացւել էին Ն. Ջ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան միջոցով:

Սկզբում կազմակերպիչ միաւորի անդամ Վանանդ Իսաղուլեանն ընթերցեց Վարդան Պետրոսեանի կենսագրական գծերը՝ յատկապէս ընդգծելով նրա դերասանական գործունէութիւնը, որից յետոյ բեմը տրամադրւեց վարպետին:

Ահա հակիրճ անդրադարձ կատարենք ներկայացման բովանդակութեանը, որի  հիմքում ընկած է հէնց խոստումը: Վարդան Պետրոսեանը խոստացել էր գրել այս ներկայացումը եւ կատարեց իր խոստումը:

Ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը խօսում է ամէն ինչից` կորոնավիրուսից սկսած մինչեւ պատերազմը, նախկինները, ներկաները, լեզուն, մշակոյթը, կրօնն ու պատմութիւնը:

Շուրջ երկու ժամ տեւած այս ներկայացման ընթացքում, հեղինակը իր հումորային ոճով վեր հանեց նախկին եւ ներկայ քաղաքական ղեկավարութեան բացթողումները: Նա յատկապէս լուսարձակի տակ առաւ այսօրւայ իշխանութիւնների որդեգրած՝ «սխալ» քաղաքականութեամբ առաջնորդւելու եւ «ճիշտ» լինելու ձգտման կապանքներից իրենց ազատագրելու հայրենակործան ընթացքը, ժողովրդին սեւերի ու սպիտակների բաժանելու իրողութիւնը, տապալւած արտաքին քաղաքականութիւնը, յատկապէս հարեւան եւ դաշնակից երկրների նկատմամբ սխալ դիւանագիտութիւնը, թշնամի երկրների շահերին ու նպատակներին ծառայելը, «մտաւորական» բառի վարկաբեկումը, մշակոյթի նկատմամբ կամայական մօտեցումը եւ շատ ու շատ այլ թերութիւններ:

Այնուհետեւ Վարդան Պետրոսեանը անցում կատարեց դէպի քաղաքական կուսակցութիւններ, որոնք այսօր, ըստ նրա, ձեւաւորւում են ոչ թէ ըստ համոզմունքների, այլ ըստ դիմացինի հանդէպ ատելութեան ուժի:

Նա հումորի միջոցով ներկայացրեց նաեւ հասարակութեան մէջ եղած արատները՝ այդ թւում ժողովրդի՝ միմեանց դատապարտելը, անտարբերութիւնը եւ բազմաթիւ այլ խնդիրներ:

«Սգում ենք պատերազմում զոհւած մեր տղաների կորուստը, բայց մոռացութեան մատնում եւ դրանով էլի կորցնում այն տղաներին, որոնք պատերազմից ողջ են վերադարձել: Ինչո՞ւ մեզ այդպէս շուտ համոզեցին, որ պարտւել ենք․․․է»,- հարցնում է դերասանը հանդիսատեսին: Ի վերջոյ, ո՞րն է ելքը, եւ արդեօք կա՞յ ապագայ:

Թանձր լռութեան ու ծանր լոյսի ներքոյ հնչեց Վարդան Պետրոսեանի «խոստումը»: «Բոլորիս անունից 1 րոպէ լռութիւն քեզ` գերագոյն գլխաւոր հրամանատար, մէկ րոպէ լռութիւն, որում ամփոփւած են այն նախատինք, ամօթ, ցասում, անզօրութիւն, ճիչ, բողոք, վիշտ, որին ամէն օր բախւում ենք պատերազմից յետոյ, կը կարողանա՞նք վերջ տալ մեր կեանքը քայքայող ատելութեանը, մեզ ներսից բզկտող անմիաբանութեանը, դառնալ դէպի լոյսը, ապրել սիրով` ցոյց կը տան ժամանակը ու մեր տուած խոստումը»:

Ներկայացման աւարտին դերասանը բեմից ահազանգ հնչեցրեց, արթնութեան կոչ․ նա դիմելով հանդիսատեսին նրան հրաւիրեց ոտքի կանգնել, չյուսալքւել, պարտութեանն ու յարմարւողականութեանը անձնատուր չլինել եւ ոտքի կանգնել:

Դահլիճում ներկաները յոտնկայս, բուռն ծափողջոյններով եւ յուզումնախառն զգացումներով գնահատեցին մերօրեայ իրականութեանն անդրադարձող ներկայացումը եւ դերասանի վարպետութիւնը:

Աւարտին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը բեմ բարձրացաւ եւ միութեան անունից յուշանւէր յանձնեց վարպետ դերասանին:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)