Հ.Յ.Դ. անդամ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով որպէս բանախօս Ացախին զօրակցութեան հանրահաւաքին մասնակցելու համար եռօրեայ այցով ժամանել էր Նոր Ջուղա, նշւած ժամանակաշրջանում ունեցաւ մի շարք այցելութիւններ եւ հանդիպումներ, որոնց համառօտ անդրադառնում ենք:

Չորեքշաբթի՝ փետրւարի 22-ի առաւօտեան, այցելեց հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներ. նշւած բոլոր հանդիպումների ընթացքում նա ծանօթացաւ դպրոցների աշխատանքներին եւ հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ հանդիպում ունեցաւ տնօրէնութիւնների հետ:

Նոյն օրը, երեկոյեան այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, որտեղ կազմակերպւել էր հանդիպում մասնակցութեամբ՝ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների, Փերիոյ Կրթ. միութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների եւ իհարկէ վերջինիս միաւորների ու Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնների: 

Վերոնշեալ հանդիպման ընթացքում Քրիստինէ Վարդանեանն անդրադարձ ունեցաւ Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակներին, Սփիւռքի համայնքների տրամադրութեանն ու ապագայ անելիքներին, իսկ աւարտին պատասխանեց ներկաներին յուզող հարցերին: Այս հանդիպմանը հիւրին ընկերակցում էր Արցախին զօրակցութեան յանձնախմբի նախագահ Զօրիկ Յովսէփեանը։ 

Հինգշաբթի՝ փետրւարի 23-ի առաւօտեան, «Ս. «Ամենափրկիչ» վանքում հանդիպեց Արցախին զօրակցութեան յանձնախմբի անդամներին, որտեղ նախ տեղեկութիւններ փոխանցւեցին, ապա մտքեր փոխանակւեցին ուրբաթ առաւօտեան կայանալիք հանրահաւաքի ծրագրի շուրջ, այնուհետեւ Թեմական խորհրդի գրասենեակում հանդիպում իրականացւեց ազգային մարմինների ներկայացուցիչների հետ՝ նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ եւ փոխ-ատենապետ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վաչիկ Հայրապետեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի: 

Այս հանդիպման ընթացքում քննարկումներ ընթացան Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական իրավիճակի շուրջ եւ ազգայինները բացատրութեամբ հանդէս եկան համայնքի տրամադրութեան մասին՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ: Հանդիպման աւարտին Քրիստինէ Վարդանեանին նւիրւեց «Պատմութիւն Նոր Ջուղայի» գիրքը։

Հարկ է նշել, որ Քրիստինէ Վարդանեանը նշւած ժամանակաշրջանում այցելել է նաեւ հայոց ազգ. ծերանոց եւ Ազգային առաջնորդարանի թանգարաններ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի կոչի համաձայն, ուրբաթ՝ փետրւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ Արցախին զօրակցութեան հանրահաւաք՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների, ովքեր հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին, ներկայ գտնւեցին սոյն հանրահաւաքին՝ իրենց միասնութիւնը համայն հայութեան հետ յայտնելու եւ պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի լսելի դարձնելու համար:

Ընթացքում նախ ընթերցւեց Կազմակերպիչ յանձնախմբի խօսքը հանրահաւաքի հանդիսավար Մանիա Ղուկասեանի միջոցով, ապա օրւայ ելոյթների շարանում թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը հանդէս եկաւ ազգային մարմինների խօսքով, Հ.Յ.Դ. անդամ, Հ.Հ. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը բանախօսական ելոյթ ունեցաւ օրւայ առթիւ, միութիւնների միասնական պատգամն ընթերցեց Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքով հանդէս եկաւ համայնքի վարչութեան անդամուհի Վալենտին Թորոսեանը, Կազմակերպիչ յանձնախմբի կազմած բանաձեւը պարսկերէն լեզւով ընթերցեց Արիս Դաւթեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց նոյն յանձնախմբի անդամ Թաթուլ Օհանեանը, իսկ եզրափակիչ ելոյթում ներկաներին իր պատգամն ուղղեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ահա մի հատւածի մէջբերում Կազմակերպիչ յանձնախմբի խօսքից.

«Որպէս Սփիւռքի բազմադարեայ եւ Հայաստանի ու Արցախի հետ աշխարհագրականօրէն մօտ գտնւող համայնք, որն ականատես է եղել  Ադրբեջանի Հանրապետութեան հակահայ վանդալիզմին` իր պապերի հայրենիք Հին Ջուղայի հազարամեայ խաչքարերի աւերման ժամանակ, վկայում ենք, որ` Ադրբեջանի իշխանաւորները նպատակադրել են ցեղասպանութեան սպառնալիքով իսպառ վերացնել հայութեանն իրենց սեփական հայրենիքից, որ` նրանք ունակ չեն արդարութեան եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան հիմամբ որեւէ խաղաղութիւն հաստատել, որ` թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է յանուն իր անհեթեթ ու ծաւալապաշտական նկրտումների մեր տարածաշրջանը դարձնել օտար եւ մեծապետական տխրահռչակ ուժերի հակամարտութեան ու պատերազմների թատերաբեմ, որ` պէտք չէ խաբւել նրանց կեղծ խաղաղասիրութեան կոչերով»:

Նոէլ Մինասեանը ազգային մարմինների խօսքում ընդգծելով, որ Արցախը ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան եւ որպէս պետութիւն գոյատեւելու, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան անվտանգութեան իմաստներով, սուտ եւ կեղծիք համարեց այն բոլոր խօսքերը, որոնք ասւում են ժողովրդին հաւատացնելու, թէ Արցախից ազատւելով կարելի է Հայաստանում հանգիստ ապրել: Նա դատապարտելով Ադրբեջանի իշխանութեան ոճրագործ գործողութիւնները եւ շեշտելով, որ թեմի ազգային մարմինները ինչպէս անցեալում, այսօր նոյնպէս զօրակցելու են արցախահայութեանը, հայ ժողովրդի անելիքները բաժանեց հետեւեալի՝ ՀՀ իշխանութիւնը պէտք է յստակ քաղաքականութիւն մշակի, որպէսզի հայութեան համախմբւած ներուժը ծառայի արցախահայութեանը, սփիւռքահայութիւնը պէտք է իր նեդրումն ունենայ Արցախին զօրակցելու ուղղութեամբ՝ նիւթական, քարոզչական եւ այլ հնարաւորութիւնների սահմաններում:

Քրիստինէ Վարդանեանը շեշտելով, որ պարտութիւնը հայ ժողովրդի համար ոչ թէ դատավճիռ է, այլ դաս՝ վերականգնելու համար, անդրադարձաւ, որ երեք պատերազմ տեսած եւ հազարաւոր զոհեր ունեցող Արցախը շուրջ 70 օր է, ինչ դիմագրաւում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին, եւ դեռ 30 տարիներ թշնամական կիզակէտում գտնւելով արցախցին չի յանձնւում, քանի որ գիտի Արցախը պաշտպանելով պաշտպանում է նաեւ Հայաստանն ու Սփիւռքը, այդու մեզնից իւրաքանչիւրը իրաւունք չունի յանձնւելու, պէտք է կանգնի Արցախի կողքին եւ զօրակցի արցախահայութեանը:

Տկն. Վարդանեանն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին փորձում է մեզ համոզել, թէ հայ ժողովուրդը սպառել է դիմագրաւելու իր բոլոր ռեսուրսները, որ մենք չունենք ոչ ուժ եւ ոչ էլ կամք մարտահրաւէրներին դիմակայելու համար, այսպէս աւելացրեց. «Գուցէ չունենք նաւթ եւ նաւթից ձեռք բերւած դոլարներ, բայց հայ ժողովուրդն ունի մի այլ կարեւոր ռեսուրս եւ դա մեր ժողովուրդն է Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում, ովքեր միասնական են եւ հայկական պետականութեան համար պատրաստ են պայքարելու»:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ», Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Փերիոյ Կրթասիրաց միութիւնների, ինչպէս նաեւ Ն. Ջ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի միասնական խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մեր ազգային պարտքն է, որ այս ծանրագոյն պայմաններում, ի գին բոլոր դժւարութիւնների, սատար հանդիսանանք ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը եւ նրա արդար պայքարին՝ կանխելու նրանց գլխին ճօճւող ցեղասպանութեան եւ հայրենազրկման սպառնալիքները. մէկ անգամ եւս հայ ժողովրդի դարաւոր թշնամուն ցոյց տալով հայի աննկուն եւ աննահանջ կամքը»:   

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքում նշւած էր. «Ադրբեջանի այս  պահւածքի հիմնական պատճառը միջազգային հանրութեան եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայութիւնն է: Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ եւ համապատասխան դիրքորոշում ընդունիինչպէս  նաև հասցէական եւ ազդու միջոցներ ձեռնարկի` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանի այս գործողութիւնները, որոնք տեւաբար կատարւում են անպատժելիութեան  պայմաններում»:

Հանրահաւաքի բանաձեւում դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների յանցաւոր գործողութիւնները տարածաշրջանում, պահանջւել էր հետեւեալը՝ մարդու իրաւունքների պաշտպան երկրները հնարաւոր բոլոր միջոցներով  Ադրբեջանին ստիպեն վերջ տալու անմարդկային արգելափակմանը, Ռուսաստանը ըստ 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր ուժերով պահպանի արցախահայութեան ապրելու եւ Հայաստանի հետ յարաբերակցւելու իրաւունքը. Հայաստանի իշխանութիւնը առաջնահերթութիւն համարելով Հայաստանի ազգային շահերը եւ իր ժողովրդի իրաւունքների պաշտպանումը, յստակ դիրքորոշումներ ունենայ շրջանում տեղական եւ արտտեղական ուժերի նկատմամբ: Իսկ վերջում շնորհակալութիւն յայտնելով Իրանի Իսլ. Հանրապետութեանը՝ Կովկասի տարածաշրջանում նենգ գործողութիւնները կանխելու համար՝ պահանջւել էր ոչ միայն պաշտպան հանդիսանայ Արցախի անմեղ ժողովրդի արդար իրաւունքների, այլ նաեւ հայ եւ Իրանի ժողովուրդների ընդհանուր շահերի:

Թաթուլ Օհանեանը Հայ Դատի յանձնախմբի անունից հանրահաւաքի իրականացման համար գնահատանքի խօսք ուղղեց Կազմակերպիչ յանձնախմբին՝ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ: Այնուհետեւ անդրադառնալով Արցախի պատմական անցեալին՝ որպէս հայկական պապենական հողատարածք հազարամեակների ընթացքում եւ իհարկէ 2020 թւականից ցայսօր Արցախը հայաթափելու նպատակով Ադրբեջանի գործողութիւններին եւ դրանց դիմաց ՀՀ իշխանութեան կրաւորական կեցւածքին, կոչ ուղղեց պայքաել մինչեւ վերջ, եւ ինչպէս իւրաքանչիւր անձ պայքարում է իր անհատական յաջողութեան համար, միասնական պայքար մղենք յանուն ազգի եւ յանուն միասնական Հայաստանի:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամում Արցախը մի կենսունակ լճի նմանեցնելով, որին թշնամին ուզում է ճահճացնել ու միջից տանել, աւելացրեց, որ եթէ մենք որպէս Հայաստան, Արցախ եւ Սփիւռք կրաւորական եւ ձեռնածալ մնանք, ընթացք են տալու թշնամու սադայէլական ծրագրին: Նա իր խօսքի աւարտին անդրադառնալով Արցախի կարեւորութեանը եւ կենսական նշանակութեանը հայ ժողովրդի համար՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ Արցախը հայրենիք է եւ հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնութեամբ եւ հաւատարմութեամբ:

Նշելի է, որ ընթացքում էկրանի վրայ ցուցադրւեց հաղորդավար Էրիկ Անթառանեանի պատգամը, ով լինելով Արցախում, բացատրութեամբ հանդէս եկաւ Արցախի ներկայ վիճակի ու արցախահայութեան բազում խնդիրների եւ իհարկէ ծանր պայմանները ժողովրդի համար մեղմացնելու ուղղութեամբ կառավարութեան գործունէութեան մասին. հնչեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան խօսքերը: «Արմէն» տարրական դպրոցի խօսքն ընթերցեց Էդլին Յովսէփեանը, իսկ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցինը՝ Վանէ Յովսէփեանը. «Արմէն»-ի աշակերտութիւնը կատարեց «Գետաշէն» եւ «Զարթնի՛ր լաօ» երգերը. միջնակարգից ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը:

Աւարտին Հ. Յ. Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամների միջոցով կազմւեց միասնութեան շղթայ, որտեղ պատանիները բացականչեցին պահանջատիրական վանկարկումներ:

Հանրահաւաքին մասնակցութիւն էին բերել՝ թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնը եւ պատասխանատուները ու զոյգ համայնքների ժողովուրդ:

Յատկանշական է, որ հանրահաւաքի լուրը մեծ տարածում է գտել Իրանի զանգւածային լրատւական միջոցներում։

Լուսանկարները` «Ալիք» օրաթերթի թղթակցի եւ Ստուդիօ «Գեւիկ»-ի

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Երէցների եւ Մշակութային միաւորների,  կիրակի՝ փետրւարի 19-ի երեկոյեան, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը:

Ներկաներին ողջունեցին դիմակահանդէս-մրցոյթի կազմակերպիչ Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Շաղիկ Մատթէոսեանը եւ Նազէ Ասատրեանը, ապա անդրադարձան  Բարեկենդան տօնի ծագումնաբանութեանը, ծէսերին ու աւանդոյթներին: Այնուհետեւ նրանք հանդիսավարեցին մրցութային բաժինը, ուր աւելի քան 70 տարազաւորների ներկայացրած կերպարները գնահատեց իրաւարար կազմը՝ ըստ կերպարի, մտայղացման, գործադրած ճաշակի եւ  կատարած աշխատանքի: Միաւորների  ամփոփումից յետոյ յայտարարւեց առաջին, երկրորդ եւ երրորդ հադիսացած մասնակիցների անունները, ովքեր կազմակերպիչների կողմից պարգեւատրւեցին՝ առանձին հանդիպման ընթացքում:

Տօնախմբութեան ընթացքում բազմահարիւր հանդիսատեսը, ճաշակեց Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշերը, թխւածքն ու այլ ուտեստները:  

Երէցների միաւորը նաեւ վաճառքի էր հանել դիմակներ եւ նախատեսել էր դիմայարդարման կրպակ, որտեղ ցանկացողներին դիմայարդարեց Էդնա Մանուկեանը:

Տօնահանդէսի երաժշտութիւնը ապահովեց  DJ-Վահէն։

Յատկանշական է, որ ձեռնարկը իր խրախուսական ներկայութեամբ պատւել էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սիփան  Ս. Եպս.  Քէչէճեանը:

Երեկոյի աւարտին  Մշակութային միաւորի անունից շնորհակալական խօսք ուղղւեց  իրաւարար կազմի անդամներ՝ Լորեթա Դաւթեանին, Վիոլեթ Թորոսեանին, Վանէ Իսաղուլեանին եւ Հայդուկ Վարդեւանեանին, ինչպէս նաեւ «Կռունկ» ասմունքի խմբին եւ պատասխանատու Ռիմա Սիմոնեանին՝  իրենց  անվերապահ համագործակցութեան համար: 

Տարազահանդէսի յաղթողներն էին՝

Առաջին՝  Լարա Խաչիկեան, Էմիլի Փանոսեան

Երկրորդ՝ Նարէ Շահիջանեան, Մանէ Բարսեղեան

Երրորդ՝  Էլեն Մանսուրեան, Մանան Ղազարեան եւ Բարդի  Յովհաննէս

Նշելի է, որ որպէս խրախուսանք՝ լաւագոյնների շարքում յայտարարւեցին նաեւ  Սելիա Ծառուկեանը, Ադանա Փանոսեանը, Քարլա Դաւթեանը, Քարլին Դաւթեանը եւ Էլենա Ասատրեանը:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Հինգշաբթի՝ փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, Սուրբ եւ Անմահ Պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագի քարոզախօսութիւնը կատարեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարելով Վարդանանց պատերազմի պատմական ընթացքին եւ խորհրդին, յատկապէս ընդգծեց նշւած ժամանակաշրջանում հայ նախարարների եւ իշխանների միջեւ առկայ տարաձայնութիւնները, որոնց արդիւնքում նրանցից մի մասը միացան Վասակ Սիւնիին, իսկ միւսները՝ Վարդան Մամիկոնեանին. այնուհետեւ անդրադարձ ունեցաւ նաեւ միասնականութեան գաղափարին եւ այսպէս աւելացրեց, թէ հայ ժողովուրդը երբ միացեալ է եղել կերտել է յաղթանակներ: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին նշելով, որ տարբեր ծրագրեր եւ տեսակէտներ ունենալը ընդունելի է, սակայն այդ երեւոյթը չպէտք է մեր ժողովրդի համար դառնայ բաժանարար միջոց, մաղթեց, որ այս տօնը իւրաքանչիւրի համար դառնայ խորհուրդ՝ միասնութեան, սիրոյ, յարգանքի, հասկացողութեան եւ հանդուրժողականութեան, որպէսզի միմեանց զօրավիգ կանգնելով ստանանք Աստծոյ օրհնութիւնն ու գթութիւնը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց վերոնշեալ տօնի առթիւ ամենամեայ կարգով պատրաստւող հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Այստեղ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ նշւած զոյգ տօների առթիւ, ապա արարողութեան կազմակերպման համար իր գնահատանքի արտայայտութիւններն ուղղեց բոլոր դերակատար մարմիններին եւ անհատներին:

Ժողովրդից բացի արարողութեանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական եւ Թեմական խորհուրդների անդամներ՝ Սաքօ Տէր Յովհաննիսեանն ու Սարմէն Մինասեանը, ինչպէս նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներն ու քաղաքի Հայ համայնքի վարչութեան անդամները:

Սրբոց Վարդանանց տօնակատարութեան առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, որտեղ պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Արարողութեանը ներկայ էին համայնքի անդամները եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտ-ուհիները եւ տնօրէնութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Երեքշաբթի` փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան. Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան  արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը:

Յաջորդիւ ներկաները հիւրասիրւեցին հրուշակով, իսկ ծերանոցի սրահում կազմակերպւած միջոցառմանը ելոյթ ունեցան Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը. երգերով հանդէս եկան տարեց բնակիչներից ու կազմակերպիչ միութեան անդամուհիներից:

Արմինէ Սիմոնեանը ողջունելով ներկաներին եւ յատկապէս շնորհաւորանքի խօսք ասելով տօնի առթիւ՝ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ  համաճարակի պատճառով շուրջ երեքամեայ դադարից յետոյ, դարձեալ ծերանոցի յարկի տակ կազմակերպւել է Տեառնընդառաջի միջոցառումը:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր ուրախութիւնը յայտնելով՝ ծերանոց կատարած այս այցելութեան համար, որը ինչպէս նշեց Արմինէ Սիմոնեանը՝ իրականացւել էր համաճարակից ստեղծւած երկար դադարից յետոյ, առողջութիւն մաղթեց տարեց բնակիչներին: Նա համեմատութիւն անցկացնելով ձիւնի փաթիլների եւ ծերանոցում բնակւող տարեց մայրիկների միջեւ՝ ասաց, թէ ինչպէս ձիւնը տարւայ ընթացքում ապահովում է անհրաժեշտ ջուրը եւ ջրի պաշարի շտեմարանն է, նոյնպէս էլ տարեց մայրերը համարւում են կեանքի գաղտնիքների, իմաստութեան եւ լաւագոյն խրատների հարուստ շտեմարանը:

Աւարտին ներկաներին բաժանւեցին աղանձի կապոցներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատակազմը եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Երկուշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում,  նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի խօսքերով, ապա ընթացքում ելոյթներով հանդէս եկան՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Զաւէն Սիմոնեանը ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ յատկապէս իր խօսքն ուղղեց նորապսակ զոյգերին եւ նրանց մաղթեց՝ անսպառ սէր, փոխադարձ յարգանք միմեանց ու պատկան ծնողների նկատմամբ եւ անկեղծութիւն ամուսնական կեանքում:

Նոէլ Մինասեանը կարեւորելով ծնողների դերը զաւակի դաստիարակութեան հարցում, յատկապէս անդրադարձ ունեցաւ մօր առանցքային դերակատարութեանն ու ասաց, թէ երեխայի առաջին եւ ամենամեծ դաստիարակ-ուսուցիչը մայրն է եւ մօր դերը  երեխայի հայեցի դաստիարակութեան մէջ անփոխարինելի է: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով նաեւ ընտանիքում հօր դերակատարութիւնը, որի շարանում կարեւորեց ընտանիքին ֆինանսապէս ապահովումը, ընդգծեց յատկապէս «մենք»-ի գաղափարը՝ «ես»-ը զիջելու, միւսին ըմբռնելու եւ ճիշտ հասկանալու իմաստներով:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադարձ կատարելով «Մէկ բարձին ծերանալ» մաղթանքին՝ նշեց, որ դա պարզ մաղթանք չէ եւ դրա հիմքում թաքնւած են՝ հաշտ ու համերաշխ, երկարակեաց եւ իհարկէ սիրով ու փոխադարձ յարգանքով ողողւած համատեղ կեանք ապրելու մաղթանքները: Ապա նա սրահում ներկայ նորածինների ճիչերը օրհնաբեր համարելով՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ ապագայում աճ արձանագրի ամուսնացող զոյգերի եւ նորածինների թիւը եւ բոլորին ցանկացաւ երջանիկ կեանք ու կանաչազարդ ճանապարհ դէպի ապագայ:

Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:

Ծրագրին ներկայ էին նաեւ՝ Կրօնական խորհրդի անդամներ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Սեդա Այւազեանը, Թեմական խորհրդի անդամ Ռայեա Խուդավերդեանը եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ընթացքում ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով մանուկների տաճար ընծայելու խորհրդին՝ ասաց, թէ այդ օրէնքը հաստատւել է որպէսզի նորածինն իր կեանքում առաջին այցելութիւնը կատարի Աստծուն եւ Քրիստոսին: Սրբազան Հայրը մատնանշելով ծնողների պարտականութիւնը զաւակների նկատմամբ՝ յորդորեց, որ զաւակներին տրւող հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան կողքին, պէտք է կարեւորութիւն տրւի  նաեւ եկեղեցի յաճախելու դաստիարակութեանը եւ ինչպէս ծնողները նրանց փոքր ժամանակ տաճար են ընծայում, նոյնպէս էլ պէտք է ապագայում նրանց մօտ յաճախակի դարձնեն եկեղեցի եւ Կիրակնօրեայ վարժարաններ կատարւող այցելութիւնները՝ մատաղ սերնդի քրիստոնէական դաստիարակութիւնը լիարժէք դարձնելու համար:

Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Շաբաթ՝ փետրւարի 11-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Վարդան Աբրահամեանի մօր՝ Արուսեակ Սահակեանի յուղարկաւորութիւնը:

Թաղման եկեղեցական արարողութիւնը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների:

Հանգուցեալի հարազատներից ու ծանօթ-բարեկամներից բացի, արարողութեանը ներկայ էին թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Կրօնական խորհրդի ատենապետեր՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ ազգային մարմինների մի շարք ներկայացուցիչներ:

Արարողութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր, թեմի եկեղեցականաց դասի եւ ազգային մարմինների անունից ցաւակցական խօսք ուղղեց եւ մխիթարութիւն մաղթեց սգակիրներին, ապա աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ ննջեցեալի հոգին խաղաղութեան մէջ հանգչեցնի:

Այնուհետեւ նորոգ հանգուցեալի դին տեղափոխւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, ուր հանգիստ առաւ այնտեղ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ քահանայութեան տօների առթիւ:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով. նա անդրադառնալով Ղեւոնդ Երէցի կենսագրականին՝ որպէս տիպար հոգեւորական, աւելացրեց նաեւ, որ Ղեւոնդ Երէցը ճշմարտութեանը զօրավիգ հանդիսանալու համար չէր սպասում որեւէ մէկի օգնութեանը եւ երբեք չյուսալքւելով, ոչ միայն իր գործունէութիւնն էր ծաւալում յանուն արդարութեան եւ ճշմարտութեան, այլ նաեւ ոգեշնչում էր միւսներին: Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին, թէ բարի եւ սուրբ նպատակներին հասնելու համար պէտք չէ սպասել այլ անձանց օգնութեանը, քանի որ եթէ անգամ ոչ մի անհատ մեր կողքին չլինի, Աստւած միշտ մեր կողքին է եւ մեզ միայնակ չի թողնելու նման պահերին:

Պատարագի աւարտին հոգեհանգիստ տեղի ունեցաւ բոլոր ննջեցեալ եկեղեցականների՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմի ննջեցեալ եկեղեցականների հոգիների խաղաղութեան համար:

Այնուհետեւ քահանայութեան տօնի առիթով միջոցառում տեղի ունեցաւ եկեղեցու սրահում, ուր շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսքերով հանդէս եկան՝ երէցփոխուհի Մառիթա Կարապետեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Ընթացքում ներկաներից ելոյթ ունեցան երգերով ու ասմունքներով, իսկ Կրօնական խորհրդի կողմից պարգեւներ շնորհւեցին քահանայ հայրերին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակ հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար:

Հոգեսհանգստեան արարողութեան աւարտին ներկաները նահատակների յիշատակին խնկարկեցին եւ ծաղիկներ խոնարհեցին յուշաքարի մօտ:

Արարողութեանը ներկայ էին՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան փոքրամասնութիւնների հետ կապ պրն. Թաբաթաբային, քալիմի եւ ասորի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, Սպահանի հայոց թեմի Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, հայ նահատակների հարազատներն ու ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ փետրւարի 5-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ վերջերս վախճանւած Կիլիկեան Ուխտի միաբանութեան երիցագոյն անդամներից գերշ. Տ. Եփրեմ արք. Թապագեանի հոգու խաղաղութեան համար:

Սրբազան Հայրը 1965-68 թ.թ. ծառայել է Սպահանի հայոց թեմում որպէս Առաջնորդական տեղապահ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի «Ս. Սարգիս» եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցան հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ թեմիս 14 հայ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած նւէրները. ծառայութեան պատճառով բացակաների նւէրները յանձնւեցին իրենց ծնողներին:

Այս ծրագրի ընթացքում արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Պրն. Սիմոնեանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հայ ժողովրդի համար վերջին երեք տարիները եղել են պարտւողական տրամադրութիւն եւ ծանր հոգեկան ապրումներ առաջացնող տարիներ՝ յատկապէս խորը վշտով յիշեց Հայաստանում զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողներին: Նա նշեց նաեւ, որ հնարաւոր է զինւորական ծառայութեան պայմանները դժւար լինեն զինւորի համար, սակայն տարիներ յետոյ այդ ժամանակաշրջանը կը յիշւի որպէս ուրախ եւ յիշարժան մի յուշ: Զաւէն Սիմոնեանն իր խօսքի աւարտին ուժ եւ կորով մաղթեց բոլոր երիտասարդներին իրենց նպատակներին հասնելու համար եւ անփորձանք ծառայութիւն՝ բոլոր զինւորներին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նոյնպէս սրտի կսկիծով յիշեց Հայաստանում հրդեհից զոհւած 15 զինծառայողներին. նա մաղթեց, որ բոլոր հայորդի զինծառայողները՝ թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմում, Աստծոյ օրհնութեամբ, Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ յատկապէս ծնողների աղօթքով հեռու լինեն նմանօրինակ դժբախտութիւններից ու սադրանքներից եւ իրենց զինւորական ծառայութիւնն աւարտեն խաղաղութեամբ ու ապահովութեամբ:

Յաջորդ օրը՝ շաբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան, նոյն եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց թեմիս տարիների քահնայ հայր ,իսկ այժմ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների Արեւմտեան հայոց թեմի ծխատէր արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումը: Պատարագիչ հայրն իր քարոզում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի կենսագրութեանն ու տօնի խորհրդին՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ սրբերի կեանքը օրինակ հանդիսանայ բոլորին եւ առաջնորդի նրանց սրբակեաց կեանքով ապրելու հարցում:

Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ  եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, եկեղեցու նախկին եւ ներկայ երէցփոխներին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Այսօր՝ յունւարի 27-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախի եւ արցախահայութեան՝ հազարաւոր իրանահայերի մասնակցութեամբ: Տեղեկացնում է alikonline.ir-ը։

Հանրահաւաքի ընթացքում ելոյթ ունեցան հիւրաբար Թեհրանում գտնւող ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը եւ ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը, ինչպէս նաեւ հեռարձակւեց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը:  

Բողոքի վերջում ընթերցւեց մասնակիցների յայտարարութիւն, որոնք պահանջեցին միջազգային ատեանների, մասնաւորապէս՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան անմիջական միջամտութիւնը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպէս նաեւ ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ: 

Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով կոչեր վանկարկեցին ի պաշտպանութիւն Արցախի:

 

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ինչպէս նաեւ Քրիստոնեայ հայ համայնքին մեծարելու նպատակով, առաջին անգամը լինելով, Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ։

Երկժամեայ այս ժողովրդական հանդիպումն իրականացւեց կիրակի՝ յունւարի 22-ին, կէսօրից յետոյ ժամը 2:00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

Այս շրջագծում հնարաւորութիւն էր ընձեռնւել համայնքի անդամներին՝ վարչական, շինարարական, քաղաքային ծառայութեան եւ այլ ոլորտներում իրենց յուզող հարցերը, առաջարկները եւ դիտարկումներն ուղղել այդ բնագաւառին առնչւող պատասխանատու անհատներին:

Դէմ առ դէմ իրականացւած այս հանդիպմանը ներկայ էին՝ նահանգապետի Քաղաքացիական հարցերի համակարգման տեղակալը, Սպահանի գաւառապետը, Քաղաքին վերաբերող եւ Քաղաքային խորհրդի գործերին վերահսկող գրասենեակի գլխաւոր տնօրէնը, նահանգի Սպորտի եւ երիտասարդութեան գլխաւոր տնօրէնը, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէնը, Մշակութային ժառանգութեան Սպահան քաղաքի տնօրէնը, նահանգապետի խորհրդականն ու Նահանգապետարանի կատարողականի կառավարման եւ իրաւական հարցերի գրասենեակի գլխաւոր տնօրէնը եւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետը։ Սոյն միջոցառմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները:

Կարճ այցով, հանդիպմանը ներկայացաւ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով նախ ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց բոլորին, ապա գնահատելով նահանգի բոլոր պետական հիմնարկներին, ի մասնաւորի Նահանգապետարանին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած սիրոյ ու յարգանքի համար, մատնանշեց. «Այս հանդիպումը լաւագոյն ապացոյցն է պետութեան ունեցած եղբայրական սիրոյ,  բծախնդրութեան եւ մանաւանդ հոգատարութեան հայ համայնքի հանդէպ, որպէս Իրանի լիարժէք քաղաքացիներ»։

Նա յոյս յայտնեց, որ փոխադարձ յարգանքի այս մթնոլորտում, երկկողմանի համագործակցութեամբ, լուծում կը գտնեն հնչած բոլոր խնդիրները։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ յունւարի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողների յիշատակին:

Պաշտօնի աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը աղօթելով առ Բարձրեալն Աստւած՝ խնդրեց զոհւածների հոգիները խաղաղութեան մէջ հանգչեցնի, իսկ վիրաւորներին շուտափոյթ ապաքինում եւ զոհւածների հարազատներին մխիթարութիւն պարգեւի:

Արարողութեանը ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Հոգեհանգստեան կարգ իրականացւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Թեմիս Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ, հինգշաբթի՝ յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանի, Ս. Ա. Վանքում տեղի ունեցաւ հանդիպում, որի ընթացքում խրախուսւեցին Ջրօրհնէքի առթիւ թեմիս եկեղեցիներում տեղի ունեցած արարողութիւնների օրւայ խաչի կնքահայրերն ու նրանց ծնողները։

Ներկաներին ողջունելով թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, տեղեկացրեց, որ ըստ օրէնքի տարիքային որեւէ սահմանափակում չկայ խաչքաւորութեան համար, իր երախտագիտութիւնը յայտնեց ծնողներին՝ իրենց զաւակներին խաչքաւոր դարձնելու հարաշալի կամեցողութեան համար, նշելով, որ այն ապացուցում է նրանց սէրն ու յարգանքը եւ կապւածութիւնը եկեղեցու հանդէպ եւ հաւատը՝ դէպի Խաչ ու Աւետարան։

Հանդիպման աւարտին ձեռամբ Սրբազան Հօր խաչքաւորներին յանձւեցին նւէրներ։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ յունւարի 16-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ մատուցւած կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու կապակցութեամբ: 

Հռչակագրում անդրադարձ էր կատարւել Սփիւռքի տարւայ (2022 թ.) ընթացքում Սփիւռքի հարցերին ծանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական մարզի մասնագէտների եւ երիտասարդների հետ իրականացւած առցանց հանդիպումներին, ընդհանուր գծերով ներկայացնելով դրանց ընթացքում քննարկւած այժմէական խնդիրներն ու առաջարկները: Այնուհետեւ «Ինչպէ՞ս կարելի է ինքնաքննութիւնից ուղղւել դէպի վերակազմակերպում» գլխի ներքոյ նշւել էին մի շարք սկզբունքներ եւ նպատակներ, որոնք ուղեգիծ են հանդիսանալու Սփիւռքի վերակազմակերպման գործում:

Հարկ է նշել, որ այդ օրը նշւեցին Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ եկեղեցու անւանակոչութեան տօները: Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Պատարագին մասնակցում էին նաեւ եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Պատարագին յաջորդեց Ս. Յովհաննէս Կարապետի աջ-մասունքով ջրի օրհնումը, ապա ներկաները համախմբւեցին եկեղեցու սրահում, ուր եկեղեցու անւանակոչութեան տօնի առթիւ միջոցառում իրականացւեց՝ բաղկացած խօսքերով ու գեղարւեստական կատարումներով եւ իհարկէ Սրբազան Հօր սրտի խօսքի փոխանցմամբ:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրն ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Յունւարի 5-ի երեկոյեան, Ճրագալոյցի առիթով, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում: Այս առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի:

Վերոնշեալ եկեղեցիներում ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ Ս. Ծննդեան տօնի առթիւ: «Ս. Ստեփանոս» եկեղեցում նշւած պատգամն ընթերցւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով:

Ահա մի հատւածի մէջբերում սոյն պատգամից.

«Բեթղեհէմը սոսկ մի դէպք չէ, այլ նաեւ երկնային հրաւէր, ինչպէս երէկ՝ նաեւ այսօ՛ր ու մի՛շտ, դառնալու մարդուն դէպի Աստւած առաջնորդող Քրիս­տոսին։ Պատրա՞ստ ենք ընդունելու Բեթղեհէմից աշխարհին եղած երկնային հրաւէրը։ Քրիստոսի ճամբով քայլելու առաջին քայլը առած Հայ ժողովրդի սիրելի՛ զաւակներ, եկէ՛ք վերանորոգ հաւատքով՝

Դառնանք աշխարհի խաւարից մեզ դէպի լոյս տանող լոյս-Քրիստոսին։ Դառնանք մեղքի տիրապետութիւնից մեզ ազատագրող ազատարար-Քրիս­տոսին…»:

Յունւարի 6-ի առաւօտեան, ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Ս. Ծննդեան տօնի առիթով Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում, որին յաջորդեց Ջրօրհնէքի կարգը:

Որպէս օրւայ քարոզ պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց տօնի առթիւ իր պատգամը:

Սրբազան Հօր պատգամում կարեւորութեամբ ասւած էր.

«Ոեւէ անձի ներաշխարհի վերանորոգման եւ իր կեանքի իսկական վերակազմակերպման առաջին քայլն իր մարդկային երեսի յստակեցումն է: Աշխարհի մէջ առանձին չենք, այլ ապրում ենք շրջապատւած հարեւան երկրներով, պետութիւններով, ազգերով ու ժողովուրդներով, որոնց դիմաց մեր առաքելութեան ընթացքին մարդկային մեր մաքուր կերպարը ցոյց տալով ոչ միայն կարժանանանք նրանց յարգանքին, այլեւ կը պարտադրենք որ մեր հաշիւն եւս նկատի ունենան: Երկրորդ քայլը մեր քրիստոնէական դիմագծի վերականգնումն է Մեր երրորդ գլխաւոր պարտականութիւնն է հրահրել ու բորբոքել մեր մէջ շիջող հարազատ հայորդու պատկերը, որպէսզի նախ վերականգնենք մեր մէջ խամրող սէրը, յարգանքն ու եղբայրութիւնը եւ ապա վաստկենք բոլոր ազգերի համերաշխութիւնը, կարեկցութիւնն ու դաշնակցային համագործակցութիւնը»:

Ծննդեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց եւ Ջրօրհնէքի կարգ կատարւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ ձեռամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, ուր ընթերցւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր պատգամը:

Նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում, հերթաբար՝ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ. Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում Ջրօրհնէքի կարգը կատարւեց երեկոյեան ժամը 5:00-ին, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, որից յետոյ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց ազգայինների եւ ժողովրդի շնորհաւորանքները՝ տօնի առիթով:

Վերոնշեալ արարողութիւններին ներկայ էին ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ: «Ս. Ստեփանոս» եկեղեցում մատուցւած Ճրագալոյցի Պատարագին, իսկ «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում իրականացւած Ս. Ծննդեան տօնի Պատարագին եւ Ջրօրհնէքի կարգին ներկայ էր նաեւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը՝ ընտանեօք:

Սրբազան Հօր նախագահութեամբ իրականացւած բոլոր արարողութիւնների երգեցողութիւնը կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով։

Թղթակից (Նոր Ջուղա) 

Չորեքշաբթի՝ յունւարի 4-ի առաւօտեան, Ամանորի առիթով, նախաձեռնութեամբ  Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ համախմբւեցին միաստւածութեան կրօնների ներկայացուցիչները, ովքեր իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն գերեզմանատանը հանգիստ առած հայ նահատակների յիշատակին:

Ընթացքում արտայայտւեց Սպահանի զրադաշտների մոգպետ Բեհզադ Նիքդինը, ով շնորհաւորանքի խօսք ասելով Ամանորի առթիւ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչների համախմբումը, Իրանում կրօնների միասնականութեան եւ համերաշխութեան արդիւնք համարեց եւ կարեւորեց այն հանգամանքը, որ նահատակներն իրենց թանկագին կեանքը զոհաբերել են՝ յանուն այսօրւայ ապահովութեան եւ խաղաղութեան: Արտայայտւեց նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, որը բացատրութեամբ հանդէս եկաւ նշւած գերեզմանատնում հանգիստ առած հայ նահատկների եւ նրանց յիշատակին կանգնեցւած յուշաքարի կապակցութեամբ:

Ելոյթներից յետոյ հնչեց «Տէրունական աղօթք»-ը եւ ծաղիկներ զետեղւեցին եւ խունկ ծխւեց իւրաքանչիւր նահատակի յուշաքարի առջեւ:

Արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի Ուրբաթօրեայ աղօթապետի, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան, Նահանգի նահատակների եւ սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման ու տարածման հիմնարկի, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, քահանայից դասի ներկայացուցիչներն ու հայ նահատակների հարազատները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ 2023 թւականի յունւարի 1-ին, Ամանորի առթիւ Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի:

Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի:

Ընթացքում պատարագիչ քահանայ հօր միջոցով ընթերցւեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի Ամանորեայ պատգամը:

Ահա մի հատւածի մէջբերում վերոնշեալ պատգամից. «Նոր Տարին լաւագոյն առիթներից մէկն է, որպէսզի չյանձնւենք անտարբերութեան, ծուլութեան, յուսալքման կամ թերահաւատութեան, որոնց հետեւանքով զարթնումի փոխարէն թմբիրը կը շարունակւի, մինչ նինջը կարող է մեզ առաջնորդել հոգեւոր ներաշխարհի մահաքնի: Ուստի դարձեալ մեզ վրայ վերցնենք հոգեւոր զէնքերը, գօտեպնդւենք վերանորոգ հաւատքով ու յոյսով, ծանրախոհ կերպով ծրագրենք մեր յառաջիկայ տարիների իդէալ գաղափարներն ու երազանքները, ծնունդ տանք լուսաւոր ու բարգաւաճ տեսլականների, որպէսզի աստւածահաճոյ կեանքով ձգտենք բարեգործութեան եւ քրիստոնէավայել մտքով, սրտով ու հոգով շնորհաւորենք իրար»։

Ս. Պատարագին ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)