Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, համաճարակի պատճառով շուրջ չորս տարի դադարից յետոյ, մարտի 20 առ 24-ը տեղի ունեցաւ Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը, նւիրւած լինելով Արացխին սատարելուն եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը:

Խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Սպահան նահանգի սպորտի եւ երիտասարդութեան կազմակերպութեան գլխաւոր տնօրէն պրն. Մոհամմադիի, Իրանում ՀՀ դեսպանատան մշակութային-հասարակական հարցերում խորհրդատու պրն. Գրիգորեանի, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, մի շարք հայ եւ պարսիկ հրաւիրեալների, հիւրընկալի՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ»  միութեան  Կենտ. վարչութեան, միարւորների վարչութիւնների եւ պատկան անդամների, Թեհրանից, Շիրազից, Ուրմիայից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից մարզական պատւիրակութիւնների մարզիկների, մազիչների ու պատասխանատուների եւ հոծ թւով ժողովրդի:

Սկզբում հանդիսատեսին ջերմ ողջունեց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ապա միութեան Սկաուտական միաւորի Արի-Արենուշ հատւածների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը:

Այնուհետեւ տեղի ունեցաւ բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ շախմատի ճիւղերում մարզական պատւիրակութիւնների տողանցք-շքերթը, մասնակցութեամբ՝ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ) եւ նոյն կազմակերպութեան Ուրմիայի եւ Շիրազի մասնաճիւղերի, Հայ Մշակութային «Նայիրի» միութեան (Թեհրան), Հայ Մշակութային «Սիփան» միութեան (Թեհրան), Հայ Մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի (Թեհրան) եւ Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի: Տողանցքից յետոյ ցուցադրւեց մարտի 17-ին Ս. Ամենափրկիչ վանքում, Սրբոց նահատակաց յուշարձանի առջեւ կայացած ջահավառութեան արարողակարգի տեսանիւթը, ապա ջահակիր խումբը մուտք գործեց դահլիճ եւ գլխաւոր ջահակիր Անայիս Խուդավերդեանի միջոցով վառւեց 32-րդ Գարնանային խեղերի կրակը: Անայիս Խուդավերդեանը տարիներ եղել է Նոր Ջուղայի «Արարատ» միութեան բասկետբոլի խմբի անդամ, իսկ վերջերս «Շիմիդոռ»-ի կազմում հանդիսացել է երկրի Ա կագի լիգայի ախոյեան, տարբեր ժամանակներում մաս է կազմել երկրի հաւաքականի ճամբարներին եւ նոյն հաւաքականի հետ մասնակցել է Օմանում կայացած Արեւմտեան Ասիայի մրցաշարին:  

Ջահակիր խմբի միւս անդամներն էին՝ երկրի եւ այլ մակարդակներում զանազան յաջողութիւններ արձանագրած մարզիկներ, բասկետբոլիստներ՝  Մինելիա Մարկոսեանը, Մելիսա Սիմոնեանը, Մարալ Մարկոսեանը, Արփի Ղազարեանը, Անայի Խաչեանը, Լիլիան Ծատուրեանը, Անիա Յովսէփեանը, Սինթիա Փանոսեանը, Գիլբերտ Թահմազեանն ու Մոնթէ Յովհաննէսը, սկաւառականետող Նարէ Ղարախանեանը եւ ըմբշամարտիկ Մենուա Մարկոսեանը:

Յաջորդիւ տեղի ունեցաւ խաղերի երդման կարգը. մարզիկների անունից երդւեց Սէրլի Նազարեանը, իսկ իրաւարարների անունից՝ Մարինէ Մկրտչեանը, ապա օրւայ ելոյթների բաժնում հանդէս եկան Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանը, պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ժորժ Ղազարեանն իր խօսքում ողջունեց չորս տարի դադարից յետոյ մարզական պատւիրակութիւնների ներկայութիւնը «Արարատ» միութեան յարկի ներքոյ, ապա անդրադառնալով հայկական միութիւնների առաքելութեանը, շեշտեց, որ միութիւնները պատանի-երիտասարդների մէջ սերմանում են ազգային պահանջատիրութեան ոգի եւ նրանց մղում են համազգային նշանակութեամբ հիմնահարցերում գործօն դերակատարութիւն ունենալ: Նա նշելով նաեւ, որ 32-րդ Գարնանային խաղերը նւիրւած են Արցախին սատարելուն եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը, յոյս յայտնեց, որ այն միջոց կը հանդիսանայ հայ ժողովրդի խօսքը լսելի դարձնելու եւ ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը զօրակցելու համար:

Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթում եկեղեցին, դպրոցը եւ ընտանիքը հայ ժողովրդի հասարակական կեանքի հիմքը համարելով, յատկապէս շեշտեց, թէ երիտասարդների մօտ հայրենասիրութիւնը, բարոյականութիւնը, կարգապահութիւնը եւ ինքնավստահութիւնը ձեւաւորւում են ընտանիքում, եկեղեցում, դպրոցում եւ մարզա-մշակութային ոլորտներում իրականացւող միջոցառումների արդիւնքում: Նա իր ելոյթի մէտ այլ բաժնում անդրադառնալով տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին՝ յատկապէս կարեւորեց Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան հիւպատոսարանի բացումը եւ ասաց, որ Իրանն այդ քայլով հաստատեց, թէ չի նահանջելու իր համար կարմիր գիծ համարւող սահմանային անվտանգութեան խնդրից: Պրն. Բեգլարեանը շեշտելով, որ իրանահայութիւնը որպէս Իրանի քաղաքացիներ պաշտպանում են երկրի հողային ամբողջականութիւնը, իսկ որպէս հայ գիտակցում են, որ իրենց մուսուլման հայրենակիցների կողքին կարող են կառուցողական առաջընթաց արձանագրել եւ մեծ դերակատարութիւն ունենալ տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական իմաստով, կոչ արեց, որ այսուհետ մշակութային եւ մարզական ոլորտներում մրցաշարերի եւ փառատօնների չսպասել, եւ ցանկացած առիթը պատեհ համարելով ընդարձակել Իրանի, իրանահայութեան եւ Հայաստանի մարզական խմբերի, մարզիկների եւ մշակութային խմբակների փոխ-յարաբերութիւնները:   

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքում յաղթանակ համարելով չորսամեայ դադարից յետոյ Գարնանային խաղերի կազմակերպումը, յոյս յայտնեց. «Այս խաղերը լինելու են դասատու օրինակներ մեր բոլոր քաղաքագէտներին ու դիւանագէտներին, որպէսզի մեր յաղթանակներով ներշնչւած կազմեն իրենց ազգանպաստ ու հայրենաշէն օրակարգերը, իսկ աշխարհաքաղաքական մոլորեցուցիչ, վտանգաւոր ու վնասաբեր խաղերում մնայուն կերպով ցուցաբերեն հաւատարմութիւն եւ յարատեւօրէն կարողանան խուսանաւել բոլոր սադրանքները, տագնապներն ու որոգայթները, մինչեւ արդիւնքում՝ փոթորկում յայտնւած մեր հայկական նաւը հասնի խաղաղ ու անդորր նաւահանգիստ»:

Հանդիսութեան շարունակութեան մէջ մարզական կատարումներով հերթաբար հանդէս եկան Նոր Ջուղայի «Արարատ» միութեան գիմնաստիկայի եւ կառաթէյի խմբերը, ապա սպորտային պար իրականացւեց Փերիոյ կրթասիրաց միութեան «Նայիրի» հիփ-հոփ պարախմբի միջոցով՝ ղեկավարութեամբ Ալինէ Յարութիւնեանի եւ Սիւնէ Ուղուրեանի:

Հարկ է նշել, որ գիմնաստիկայի խմբի մարզիչն է Վիլմա Վարդանեանը, իսկ նրա օգնականը՝ Թենի Համազասպեանը. միութեան կառաթէյի խմբի մարզիչներն են՝ պրնյք. Ջէյհանին, Նեժադ Սահեբնին, Սէյեդ Բաղերին եւ Սազմանդը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում, որն իրականացւել էր Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի ղեկավարութեամբ, պարային կատարումների շարանով հանդէս եկաւ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի պարախմբերից կազմւած խումբը. խմբի պարուսոյցն էր Քաթրին Մարկոսեանը: Պարային ելոյթներին զուգահեռ երգերի կատարումներով հանդէս եկան երիտասարդ երգիչներ՝ Թանիա Մինասեանը, Վանա Շիրւանեանը եւ Վեդի Յարութիւնեանը, իսկ դրամի նւագակցութեամբ պարախմբին ընկերակցեց Էրւին Յովսէփեանը: Գեղարւեստական բաժինը ընդհանրութեան մէջ պատգամեց Սփիւռքին՝ համախմբւած եւ միասնական ուժերով լծւի Արցախին սատարման գործին:

Հարկ է նշել, որ բացման հանդիսութիւնն ընդմիջւեց Արէն Սաֆարեանի հումորային ներկայացումներով:

***

Մարտի 24-ի երեկոյեան, դարձեալ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի փակման միջոցառումը՝ մեդալաբաշխման ծրագրով, հանդիսավարութեամբ Անդրիա Խաչատրեանի:

Մեդալները, գնահատագրերն ու գաւաթները առաջին, երկրորդ եւ երրորդ կարգերը նւաճած խմբերին ու մարզիկներին յանձնեցին՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, միութեան Մարզական միաւորի վարչութեան ու 32-րդ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի անդամները եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի ու Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) ներկայացուցիչները:

 

32-րդ Գարնանային խաղերի մրցոյթների արդիւնքներն են՝

Սեղանի թենիս-տղայոց երէց խմբային

Առաջին կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.)

Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Նայիրի» միութիւն

Երրորդ կարգ՝ միասնաբար Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն եւ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան Շիրազի մասնաճիւղ

 

Սեղանի թենիս-օրիորդաց երէց անհատական

Առաջին կարգ՝ Աննա Քեշիշեան (Հայ Մ. «Նայիրի» միութիւն)

Երկրորդ կարգ՝ Անդրիա Խաչատրեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երրորդ կարգ՝ միասնաբար Ալին Քեշիշեան եւ Փաթրիշիա Դանղեան (Հայ Մ.  «Նայիրի» միութիւն)

 

Սեղանի թենիս-օրիորդաց երիտասարդական անհատական

Առաջին կարգ՝ Էմմի Մկրտչեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երկրորդ կարգ՝ Էմիլի Նաւասարդեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երրորդ կարգ՝ միասնաբար Դանիթա Ղազարեան եւ Սէրլի Շահմիրզայեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

 

Սեղանի թենիս-տղայոց երիտասարդական անհատական

Առաջին կարգ՝ Միրօ Մանուկեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութեան Շիրազի մասնաճիւղ)

Երկրորդ կարգ՝ Անդրու Վարդումեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երրորդ կարգ՝ միասնաբար Յաւերժ Յակոբեան եւ Արէն Մարկոսեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

 

Սեղանի թենիս-տղայոց երէց անհատական

Առաջին կարգ՝ Արսէն Գէորգեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն)

Երկրորդ կարգ՝ Արին Ղարիբջանեան (Հայ Մ. «Նայիրի» միութիւն)

Երրորդ կարգ՝ միասնաբար Միշէլ Գէորգեան եւ Ռոնի Մեհդիխանեան (Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն)

 

Շախմատ

Առաջին կարգ՝ Կարէն Խանլարեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երկրորդ կարգ՝ Վահան Վարդեւանեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

Երրորդ կարգ՝ Արգիշտ Քեշիշեան (Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն)

 

Ֆուտբոլ

Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 1

Երկրորդ կարգ՝ Հայ Մ.Մ. «Րաֆֆի» համալիր

Երրորդ կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 2

 

Բասկետբոլ- տղայոց 3*3 ձեւաչափ

Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն խումբ 1

Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.) խումբ 2

Երրորդ կարգ՝ Հայ Մ.Մ. «Րաֆֆի» համալիր խումբ 1

 

Բասկետբոլ տղայոց երէց

Առաջին կարգ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն

Երկրորդ կարգ՝ Հայ Մ. «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ.) խումբ 1

Երրորդ կարգ՝ Հայ Մ. «Սիփան» միութեան

 

Նշելի է նաեւ, որ Գարնանային խաղերի ընթացքում տեղի են  ունեցել բասկետբոլի 3*3 ձեւաչափի երկսեռ խմբերի ընկերական մրցոյթներ, որոնց մասնակիցներին շնորհւել է գնահատագրեր:

Իրանահայ 32-րդ խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն են եղել՝ Ռոբերտ Սիմոնեանը, Դիմիթրի Յովհաննիսեանը, Նինելիա Բաղդասարեանը, Արթուր Խաչիկ Գրիգորին, Անդրիա Խաչատրեանը, Նարեգա Սիմոնեանը, Ռազմիկ Նազարեանը, Գալիա Դիլանչեանը եւ Գեւիկ Մկրտչեանը:

Թղթակից (Նոր Ջուղա) 

 

Իւրաքանչիւր տարի՝ իրանական Նովռուզի արձակուրդների ընթացքում, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը իրականացնում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք՝ Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, որը  հրաշալի առիթ է հայ ձեռներէց կանանց համար ներկայացնելու եւ վաճառքի հանելու իրենց արւեստի աշխատանքները, ինչպէս նաեւ Ս. Ա. Վանք այցելող զբօսաշրջիկներին ծանօթացնելու հայկական ձեռարւեստին:

Եւ այսպէս՝ չորս տարի դադարից յետոյ, թւականիս մարտի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, տեղի ունեցաւ ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ միասնական Տէրունական աղօթքով եւ խորհրդանշական ժապաւէնի հատումով՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, որից յետոյ թեմակալ Առաջնորդը շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքեր ուղղեց ծրագրի նախաձեռնող միութեան վարչութեանը, կազմակերպիչ յանձնախմբին ու անդամներին՝ գեղեցիկ մտայղացման համար, նաեւ գնահատեց Հայոց ազգային ծերանոցում եւ այլ ոլորտներում միութեան ծաւալած աշխատանքներն ու աշխոյժ գործունէութիւնը եւ մաղթեց յաջող ընթացք վաճառքին։ Նա յոյս յայտնեց, որ 1402 թւականը լինելու է բախտաւորութեան եւ բարգաւաճման տարի բոլորի համար:

Սրբազան Հայրը խօսքն աւարտելուց յետոյ, ուղեկցութեամբ միութեան նախագահուհի՝ Արմինէ Սիմոնեանի եւ անձնակազմի, շրջեց ցուցահանդէսով եւ ծանօթացաւ աշխատանքներին:

Ցուցահանդէս-վաճառքին ներկայացւել էին արւեստի զանազան ճիւղերից գործեր ու հայկական աւանդական թխւածքներ:

Յատկանշական է, որ վաճառքից գոյացած հասոյթը ամբողջութեամբ յատկացւելու է   բարեգործական ծրագրերին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Համաճարակի պատճառով շուրջ 4 տարի դադարից յետոյ, ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակից բոցավառւեց Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերի ջահը, որից յետոյ այն օրհնւեց Սրբազան Հօր միջոցով:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան՝ կանանց բաժնի պատասխանատու Այլին Մելիքեանը եւ Կենտ. վարչութեան, 32-րդ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի ու Մարզական միաւորի վարչութեան անդամները եւ իհարկէ ջահակիր խումբը:

Այս Գարնանային խաղերի գլխաւոր ջահակիրն է բասկետբոլիստ Անայիս Խուդավերդեանը, որին ընկերակցում են մարզիկներ՝ Մելիսա Սիմոնեանը, Արփի Ղազարեանը, Մարալ Մարկոսեանը, Նարէ Ղարախանեանը, Մինելիա Մարկոսեանը, Անայի Խաչեանը, Լիլիան Ծատուրեանը, Անիա Յովսէփեանը, Սինթիա Փանոսեանը, Գիլբերտ Թահմազեանը, Մոնթէ Յովհաննէսն ու Մենուա Մարկոսեանը:

Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը, որը նւիրւել է Արցախին սատարմանը եւ հզօր կամքի տէր արցախահայութեանը, մեկնարկելու են  հանդիսաւոր միջոցառմամբ, երկուշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ նոյն միութեան բոլոր միաւորների, մարտի 20 առ 24-ը, տեղի են ունենալու Իրանահայ 32-րդ Գարնանային խաղերը:

 Խաղերի մեկնարկը տրւելու է երկուշաբթի` մարտի 20-ի երեկոյեան ժամը 6:00-ին, «Արարատ» միութեան մարզասրահում՝ բացման հանդիսաւոր միջոցառմամբ:

Գարնանային խաղերը յագեցած են լինելու մարզական մրցոյթներով, մշակութային միջոցառումներով, խաղերով եւ ժամանցային այլ ծրագրերով:

Մարզական մրցոյթների շարանում տեղի են ունենալու բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ շախմատի մրցաշարեր, մասնակցութեամբ Նոր Ջուղայից, Թեհրանից, Շահինշահրից, Ուրմիաից եւ Շիրազից մարզական պատւիրակութիւնների:

Հարկ է նշել, որ խաղերի գլխաւոր ջահի բոցավառման արարողութիւնը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 17-ի կէսօրին ժամը 1:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Թղթակից (Նոր Ջուղա) 

 

«ՀՈՒՍԿ» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ իրականացւած «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովի զեկուցաբեր՝ Հայաստանից հրաւիրւած, տարածքային անվտանգութեան հարցերով փորձագէտ Հրանտ Մելիք Շահնազարեանը, մարտի 6-ին այցելեց Նոր Ջուղա, որի ընթացքում իրականացրեց մի շարք հանդիպումներ եւ այցելութիւններ:

Պրն. Շահնազարեանը թեմի կառոյցին եւ գործունէութեան հետ ծանօթացաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանի հետ ունեցած հանդիպման ընթացքում. նա հանդիպեց նաեւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հետ:

Այցելութիւնների շրջագծում ներկայ գտնւեց՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարան եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ, ուր հանդիպեց տնօրէններին եւ ծանօթացաւ ուսումնական աշխատանքներին. այցելութիւններ կատարեց նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի ու թանգարաններ եւ Սպահանի այլ տեսարժան վայրեր:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Երեքշաբթի՝ մարտի 7-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների, Արեւագալի ժամերգութիւն տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշիկ Յովհաննիսեանի:

Ժամերգութեանը ներկայ էին ծեարնոցի բնակիչները, աշխատակազմը եւ այս հանգստեան տան կառավարիչ՝ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան մի շարք անդամուհիներ:

Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր խօսքում անդրադառնալով Արեւագալի ժամերգութեան խորհրդին՝ յատկապէս ընդգծեց, որ որպէս քրիստոնեաներ ոչ միայն խօսքով, այլ նաեւ մտածողութեամբ ու գործով պէտք է փառաբանենք Աստծուն. նա իր խօսքի շարունակութեան մէջ նշւած երեք միջոցներից առաւել կարեւորելով գործը, յորդորեց՝ որպէս իսկական հաւատացեալներ ուխտել, որ կեանքի մնացեալ ընթացքում մտածումով, խօսքով եւ գործով օրհնել եւ փառաբանել Աստծու անունը՝ Բարձրեալի ողորմութեանն ու շնորհներին արժանանալու համար:

Արարողութեան աւարտին՝ հիւրասիրութեան ընթացքում՝ Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրը եւ ժամերգութեան կազմակերպիչներին իր շնորհակալական խօսքն ուղղեց Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահ Արմինէ Սիմոնեանը, ապա օրւան պատշաճ խօսքերով ու մաղթանքներով արտայայտւեցին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Անուշիկ Յովհաննիսեանը: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը գովեստի խօսքերով հանդէս եկաւ՝ ուղղւած Կանանց Գթութեան միութեանը եւ արարողութեան իրականացման գործում դերակատարներին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Շաբաթ՝ մարտի 4-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հանդիպում իրականացւեց Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի, նոյն խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանի եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպումն սկիզբ առաւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով: Ապա Սրբազան Հօր, Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Զաւէն Սիմոնեանի միջոցով բացատրութիւններ տրւեցին թեմի պատմական անցեալի, պատկան ազգային մարմնի գործունէութեան եւ պարտականութիւնների վերաբերեալ:

Շարունակութեան մէջ Նոէլ Մինասեանը ազգային մարմինների անունից աւելացրեց, որ անհրաժեշտ է համահայկական կարեւոր օրակարգերի ուղղութեամբ ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը եւ լիարժէք օգտագործել հայկական ներուժը՝ զերծ մնալով անհատական գործողութիւններից:

Պրն. Սաղաթէլեանը դրւատանքի խօսք ասելով համայնքի կազմակերպւածութեան, հայոց դպրոցներում մատուցւող ազգային դաստիարակութեան եւ ժողովրդի հայրենասիրութեան մասին՝ աւելացրեց, որ այն ինչ այստեղ տեսանք մեզ աւելի է պարտաւորեցնելու Հայաստանում մեր պայքարը շարունակելու համար: Նա նաեւ գովեստի խօսք ասաց առ այն, որ համայնքս բոլոր դժւարութիւններով հանդերձ, միշտ եղել է Հայաստանի եւ Արցախի կողքին:

Շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը նոյնպէս բարի գալստեան խօսք ասաց հիւրերին, ապա յայտնեց, որ հարաւային իրանահայութեան համայնքները ինչպէս այնցեալում, այուհետեւ եւս լինելու են Արցախի եւ Հայաստանի կողքին, յատկապէս ապազգային իշխանութեան գործողութիւնների դէմ մղւող գոյապայքարում։

Հանդիպման երկրորդ բաժնում Իշխան Սաղաթէլեանն ու Աննա Գրիգորեանը պատասխանեցին Արցախի եւ Հայաստանի իրավիճակին կապւող ներկաների հարցումներին:

Վերջում յուշանւէրներ նւիրւեցին հիւրերին:

Նշելի է, որ նոյն օրը առաւօտեան Իշխան Սաղաթէլեանը ընկերակցութեամբ Աննա Գրիգորեանի եւ ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ուրբաթ՝ մարտի 3-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 133-ամեակը: 

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Հ. Յ. Դ. Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ ու ժողովուրդ:  

Ծրագիրն սկիզբ առաւ յոբելեար կուսակցութեան քայլերգ «Մշակ Բանւոր»-ով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ով իր խօսքի եզրափակիչ հատւածում կարեւորութեամբ նշեց. «Դաշնակցութիւնը շարունակելու է Հայ Դատի լուծման ուղղութեամբ իր պայքարը եւ ինչպէս միշտ իր բոլոր հնարաւորութիւններով պայքարելու է Ցեղասպանութեան ճանաչման ու մեր իրաւունքների ձեռքբերման ուղղութեամբ: Դաշնակցութիւնը պայքարեց Արցախի ազատութիւնը նւաճելու համար: 2020 թւականին, երբ ապաշնորհ ղեկավարութեան եւ իշխանութիւնների վարած դաւադիր քաղաքականութեան պատճառով կորցրինք հայկական աշխարհի այդ գողտրիկ շրջանի մի մասը, մեր կուսակցութիւնը չկորցրեց իր պայքարելու կամքը եւ  շարունակում է իր երթը վերջնական յաղթանակը ապահովելու համար»:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ունեցաւ Իշխան Սաղաթէլեանը, ով իր խօսքն սկսեց հետեւեալ տողերով. «Դաշնակցութեան պատմութիւնը անհնար է տարնաջատել մեր ժողովրդի պատմութիւնից: Պայքարի ու անմնացորդ նւիրումի 133 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին ծառայելու իր առալքելութեանը»:

Շարունակութեան մէջ բանախօսն անդրադառնալով այսօրւայ պայմաններում Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, յատկապէս ընդգծեց, որ դրանք յաղթահարելու համար մեր ժողովրդին անհրաժշտ է կամք, հաւատք, ուժ եւ պայքար: Նա նշելով, որ Արցախեան 44-օրեայ պատերազմը փոխեց հայ ժողովրդի անցած 30 տարիների կեանքի ու արարումի տրամաբանութիւնը եւ Հայաստանում հակահայ ուժերի իշխանութեան գալով, ոչ միայն փոխւեց ժողովրդի ճակատագիրը, այլ նաեւ երկրի դարպասները բացւեցին թշնամու առջեւ, այսպէս աւելացրեց. «Մենք պէտք է ընտրութիւն կատարենք պետութիւնից հրաժարւելու կամ ամէն գնով մեր այդքան երազած պետականութիւնը պահպանելու, ծնկած ապրելու կամ ոտքի կանգնելու, յանձնւելու կամ պայքարելու միջեւ: Մէկտեղելով մեր ուժրը մենք ոչ միայն կարող ենք դիմագրաւել թշնամու հարւածներին, այլեւ կարող ենք դարձեալ վերածնւել, ինչպէս դա արել ենք բազմաթիւ անգամներ»:

Բանախօսն ընդգծելով, որ հայ ժողովրդին կենսական զիջումների գնալու համար՝ թշնամիները համոզում են, որ սպառւել են բոլոր ուժերը եւ այլեւս չկան՝ ուժ եւ հնարաւորութիւն պաշտպանւելու համար, աւելացրեց. «Մեր համազգային կարեւորագոյն ուժը մշտապէս եղել է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ապահովման մէջ: Երբ մենք կարողացել ենք ապահովել այս եռամիասնութիւնը, ստացել ենք բոլոր մարտահրաւէրներին դիմագրաւելու ուժը: Դա հայ ժողովրդի միասնականութիւնն է: Միասնականութիւն ոչ թէ անձերի, այլ հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ»: Նա նաեւ աւելացրեց, որ Հայաստանն այս պայքարում միայնակ չէ եւ ունի դաշնակիցներ, որոնց հետ համընկնում է իր ստրադեգական շահերը. այդ դաշնակիցների թւում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որն իր յայտարարութիւններով ու գործողութիւններով դրական եւ կաեւոր ազդեցութիւն է ունեցել տարածաշրջանը ապակայունացնող ուժերի զսպման գործում։

Նա որպէս ուժի հսկայական աղբիւր նշեց՝ Արցախում չյանձնւող 120 հազարանոց բնակչութիւնը, Հայաստանում միլիոնաւոր քաղաքացիներ, ովքեր դէմ են Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն եւ սփիւռքահայութեան մեծ հատւածը, որոնք ամէն կերպ իրենց զօրակցութիւնն են ցուցաբերում հայրենիքին, ապա անդրադառնալով Դաշնակցութեան վճռորոշ դերակատարութեանը այս գոյապայքարում, աւելացրեց. «Մենք պէտք է ապացուցենք, որ ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը: Մենք Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում աւելի լայն թափով, նոր մօտեցումներով պէտք է շարունակենք մեր աշխատանքները մեր հայրենակիցների հետ. բացատրենք մեզ սպասւող վտանգները եւ համախմբենք ողջ հայ ժողովրդի կարող ուժերըԴաշնակցութիւնը յարատեւ պայքարի կուսակցութիւն է. դաշնակցականները պայքարի համար զինւորագրւած եւ պայքարով ապրող տեսակ են: Մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը ի պաշտպանութիւն Հայաստանի եւ Արցախի եւ ի բարեկեցութիւն հայ ժողովրդի»:

Տօնակատարութեան գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ հանդէս եկաւ «Դումահ» խումբը՝ երգեցողութեամբ Վահան Վարդեւանեանի եւ նւագակցութեամբ՝ Շանթ Սարեանի (լիդ գիթար), Կարէն Դիլանչեանի (ռիթմ գիթար), Սերգէյ Փանոսեանի (բաս գիթար) եւ Էրւին Յովսէփեանի (հարւածային գործիքներ), իսկ ասմունքներով հանդէս եկան Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներ՝ Վանէ Յովսէփեանն ու Մենուա Մարկոսեանը:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Հ.Յ.Դ. անդամ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով որպէս բանախօս Ացախին զօրակցութեան հանրահաւաքին մասնակցելու համար եռօրեայ այցով ժամանել էր Նոր Ջուղա, նշւած ժամանակաշրջանում ունեցաւ մի շարք այցելութիւններ եւ հանդիպումներ, որոնց համառօտ անդրադառնում ենք:

Չորեքշաբթի՝ փետրւարի 22-ի առաւօտեան, այցելեց հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներ. նշւած բոլոր հանդիպումների ընթացքում նա ծանօթացաւ դպրոցների աշխատանքներին եւ հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ հանդիպում ունեցաւ տնօրէնութիւնների հետ:

Նոյն օրը, երեկոյեան այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, որտեղ կազմակերպւել էր հանդիպում մասնակցութեամբ՝ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների, Փերիոյ Կրթ. միութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների եւ իհարկէ վերջինիս միաւորների ու Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնների: 

Վերոնշեալ հանդիպման ընթացքում Քրիստինէ Վարդանեանն անդրադարձ ունեցաւ Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակներին, Սփիւռքի համայնքների տրամադրութեանն ու ապագայ անելիքներին, իսկ աւարտին պատասխանեց ներկաներին յուզող հարցերին: Այս հանդիպմանը հիւրին ընկերակցում էր Արցախին զօրակցութեան յանձնախմբի նախագահ Զօրիկ Յովսէփեանը։ 

Հինգշաբթի՝ փետրւարի 23-ի առաւօտեան, «Ս. «Ամենափրկիչ» վանքում հանդիպեց Արցախին զօրակցութեան յանձնախմբի անդամներին, որտեղ նախ տեղեկութիւններ փոխանցւեցին, ապա մտքեր փոխանակւեցին ուրբաթ առաւօտեան կայանալիք հանրահաւաքի ծրագրի շուրջ, այնուհետեւ Թեմական խորհրդի գրասենեակում հանդիպում իրականացւեց ազգային մարմինների ներկայացուցիչների հետ՝ նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ եւ փոխ-ատենապետ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վաչիկ Հայրապետեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի: 

Այս հանդիպման ընթացքում քննարկումներ ընթացան Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական իրավիճակի շուրջ եւ ազգայինները բացատրութեամբ հանդէս եկան համայնքի տրամադրութեան մասին՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ: Հանդիպման աւարտին Քրիստինէ Վարդանեանին նւիրւեց «Պատմութիւն Նոր Ջուղայի» գիրքը։

Հարկ է նշել, որ Քրիստինէ Վարդանեանը նշւած ժամանակաշրջանում այցելել է նաեւ հայոց ազգ. ծերանոց եւ Ազգային առաջնորդարանի թանգարաններ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի կոչի համաձայն, ուրբաթ՝ փետրւարի 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ Արցախին զօրակցութեան հանրահաւաք՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների, ովքեր հակառակ եղանակային անբարենպաստ պայմաններին, ներկայ գտնւեցին սոյն հանրահաւաքին՝ իրենց միասնութիւնը համայն հայութեան հետ յայտնելու եւ պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի լսելի դարձնելու համար:

Ընթացքում նախ ընթերցւեց Կազմակերպիչ յանձնախմբի խօսքը հանրահաւաքի հանդիսավար Մանիա Ղուկասեանի միջոցով, ապա օրւայ ելոյթների շարանում թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը հանդէս եկաւ ազգային մարմինների խօսքով, Հ.Յ.Դ. անդամ, Հ.Հ. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը բանախօսական ելոյթ ունեցաւ օրւայ առթիւ, միութիւնների միասնական պատգամն ընթերցեց Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախագահ Զարենուշ Աղուրեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքով հանդէս եկաւ համայնքի վարչութեան անդամուհի Վալենտին Թորոսեանը, Կազմակերպիչ յանձնախմբի կազմած բանաձեւը պարսկերէն լեզւով ընթերցեց Արիս Դաւթեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց նոյն յանձնախմբի անդամ Թաթուլ Օհանեանը, իսկ եզրափակիչ ելոյթում ներկաներին իր պատգամն ուղղեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ահա մի հատւածի մէջբերում Կազմակերպիչ յանձնախմբի խօսքից.

«Որպէս Սփիւռքի բազմադարեայ եւ Հայաստանի ու Արցախի հետ աշխարհագրականօրէն մօտ գտնւող համայնք, որն ականատես է եղել  Ադրբեջանի Հանրապետութեան հակահայ վանդալիզմին` իր պապերի հայրենիք Հին Ջուղայի հազարամեայ խաչքարերի աւերման ժամանակ, վկայում ենք, որ` Ադրբեջանի իշխանաւորները նպատակադրել են ցեղասպանութեան սպառնալիքով իսպառ վերացնել հայութեանն իրենց սեփական հայրենիքից, որ` նրանք ունակ չեն արդարութեան եւ ժողովուրդների իրաւահաւասարութեան հիմամբ որեւէ խաղաղութիւն հաստատել, որ` թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստ է յանուն իր անհեթեթ ու ծաւալապաշտական նկրտումների մեր տարածաշրջանը դարձնել օտար եւ մեծապետական տխրահռչակ ուժերի հակամարտութեան ու պատերազմների թատերաբեմ, որ` պէտք չէ խաբւել նրանց կեղծ խաղաղասիրութեան կոչերով»:

Նոէլ Մինասեանը ազգային մարմինների խօսքում ընդգծելով, որ Արցախը ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան եւ որպէս պետութիւն գոյատեւելու, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան անվտանգութեան իմաստներով, սուտ եւ կեղծիք համարեց այն բոլոր խօսքերը, որոնք ասւում են ժողովրդին հաւատացնելու, թէ Արցախից ազատւելով կարելի է Հայաստանում հանգիստ ապրել: Նա դատապարտելով Ադրբեջանի իշխանութեան ոճրագործ գործողութիւնները եւ շեշտելով, որ թեմի ազգային մարմինները ինչպէս անցեալում, այսօր նոյնպէս զօրակցելու են արցախահայութեանը, հայ ժողովրդի անելիքները բաժանեց հետեւեալի՝ ՀՀ իշխանութիւնը պէտք է յստակ քաղաքականութիւն մշակի, որպէսզի հայութեան համախմբւած ներուժը ծառայի արցախահայութեանը, սփիւռքահայութիւնը պէտք է իր նեդրումն ունենայ Արցախին զօրակցելու ուղղութեամբ՝ նիւթական, քարոզչական եւ այլ հնարաւորութիւնների սահմաններում:

Քրիստինէ Վարդանեանը շեշտելով, որ պարտութիւնը հայ ժողովրդի համար ոչ թէ դատավճիռ է, այլ դաս՝ վերականգնելու համար, անդրադարձաւ, որ երեք պատերազմ տեսած եւ հազարաւոր զոհեր ունեցող Արցախը շուրջ 70 օր է, ինչ դիմագրաւում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին, եւ դեռ 30 տարիներ թշնամական կիզակէտում գտնւելով արցախցին չի յանձնւում, քանի որ գիտի Արցախը պաշտպանելով պաշտպանում է նաեւ Հայաստանն ու Սփիւռքը, այդու մեզնից իւրաքանչիւրը իրաւունք չունի յանձնւելու, պէտք է կանգնի Արցախի կողքին եւ զօրակցի արցախահայութեանը:

Տկն. Վարդանեանն իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով այն հանգամանքին, որ թշնամին փորձում է մեզ համոզել, թէ հայ ժողովուրդը սպառել է դիմագրաւելու իր բոլոր ռեսուրսները, որ մենք չունենք ոչ ուժ եւ ոչ էլ կամք մարտահրաւէրներին դիմակայելու համար, այսպէս աւելացրեց. «Գուցէ չունենք նաւթ եւ նաւթից ձեռք բերւած դոլարներ, բայց հայ ժողովուրդն ունի մի այլ կարեւոր ռեսուրս եւ դա մեր ժողովուրդն է Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում, ովքեր միասնական են եւ հայկական պետականութեան համար պատրաստ են պայքարելու»:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ», Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Փերիոյ Կրթասիրաց միութիւնների, ինչպէս նաեւ Ն. Ջ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի միասնական խօսքում կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մեր ազգային պարտքն է, որ այս ծանրագոյն պայմաններում, ի գին բոլոր դժւարութիւնների, սատար հանդիսանանք ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը եւ նրա արդար պայքարին՝ կանխելու նրանց գլխին ճօճւող ցեղասպանութեան եւ հայրենազրկման սպառնալիքները. մէկ անգամ եւս հայ ժողովրդի դարաւոր թշնամուն ցոյց տալով հայի աննկուն եւ աննահանջ կամքը»:   

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Կանանց Եկեղեցասէր միութեան խօսքում նշւած էր. «Ադրբեջանի այս  պահւածքի հիմնական պատճառը միջազգային հանրութեան եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայութիւնն է: Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ եւ համապատասխան դիրքորոշում ընդունիինչպէս  նաև հասցէական եւ ազդու միջոցներ ձեռնարկի` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանի այս գործողութիւնները, որոնք տեւաբար կատարւում են անպատժելիութեան  պայմաններում»:

Հանրահաւաքի բանաձեւում դատապարտելով Ադրբեջանի եւ իր համախոհ երկրների յանցաւոր գործողութիւնները տարածաշրջանում, պահանջւել էր հետեւեալը՝ մարդու իրաւունքների պաշտպան երկրները հնարաւոր բոլոր միջոցներով  Ադրբեջանին ստիպեն վերջ տալու անմարդկային արգելափակմանը, Ռուսաստանը ըստ 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր ուժերով պահպանի արցախահայութեան ապրելու եւ Հայաստանի հետ յարաբերակցւելու իրաւունքը. Հայաստանի իշխանութիւնը առաջնահերթութիւն համարելով Հայաստանի ազգային շահերը եւ իր ժողովրդի իրաւունքների պաշտպանումը, յստակ դիրքորոշումներ ունենայ շրջանում տեղական եւ արտտեղական ուժերի նկատմամբ: Իսկ վերջում շնորհակալութիւն յայտնելով Իրանի Իսլ. Հանրապետութեանը՝ Կովկասի տարածաշրջանում նենգ գործողութիւնները կանխելու համար՝ պահանջւել էր ոչ միայն պաշտպան հանդիսանայ Արցախի անմեղ ժողովրդի արդար իրաւունքների, այլ նաեւ հայ եւ Իրանի ժողովուրդների ընդհանուր շահերի:

Թաթուլ Օհանեանը Հայ Դատի յանձնախմբի անունից հանրահաւաքի իրականացման համար գնահատանքի խօսք ուղղեց Կազմակերպիչ յանձնախմբին՝ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ: Այնուհետեւ անդրադառնալով Արցախի պատմական անցեալին՝ որպէս հայկական պապենական հողատարածք հազարամեակների ընթացքում եւ իհարկէ 2020 թւականից ցայսօր Արցախը հայաթափելու նպատակով Ադրբեջանի գործողութիւններին եւ դրանց դիմաց ՀՀ իշխանութեան կրաւորական կեցւածքին, կոչ ուղղեց պայքաել մինչեւ վերջ, եւ ինչպէս իւրաքանչիւր անձ պայքարում է իր անհատական յաջողութեան համար, միասնական պայքար մղենք յանուն ազգի եւ յանուն միասնական Հայաստանի:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամում Արցախը մի կենսունակ լճի նմանեցնելով, որին թշնամին ուզում է ճահճացնել ու միջից տանել, աւելացրեց, որ եթէ մենք որպէս Հայաստան, Արցախ եւ Սփիւռք կրաւորական եւ ձեռնածալ մնանք, ընթացք են տալու թշնամու սադայէլական ծրագրին: Նա իր խօսքի աւարտին անդրադառնալով Արցախի կարեւորութեանը եւ կենսական նշանակութեանը հայ ժողովրդի համար՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ Արցախը հայրենիք է եւ հայրենիքը միայն կարող ենք փրկել միասնութեամբ եւ հաւատարմութեամբ:

Նշելի է, որ ընթացքում էկրանի վրայ ցուցադրւեց հաղորդավար Էրիկ Անթառանեանի պատգամը, ով լինելով Արցախում, բացատրութեամբ հանդէս եկաւ Արցախի ներկայ վիճակի ու արցախահայութեան բազում խնդիրների եւ իհարկէ ծանր պայմանները ժողովրդի համար մեղմացնելու ուղղութեամբ կառավարութեան գործունէութեան մասին. հնչեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութեան խօսքերը: «Արմէն» տարրական դպրոցի խօսքն ընթերցեց Էդլին Յովսէփեանը, իսկ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցինը՝ Վանէ Յովսէփեանը. «Արմէն»-ի աշակերտութիւնը կատարեց «Գետաշէն» եւ «Զարթնի՛ր լաօ» երգերը. միջնակարգից ասմունքով հանդէս եկաւ Մենուա Մարկոսեանը:

Աւարտին Հ. Յ. Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամների միջոցով կազմւեց միասնութեան շղթայ, որտեղ պատանիները բացականչեցին պահանջատիրական վանկարկումներ:

Հանրահաւաքին մասնակցութիւն էին բերել՝ թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնը եւ պատասխանատուները ու զոյգ համայնքների ժողովուրդ:

Յատկանշական է, որ հանրահաւաքի լուրը մեծ տարածում է գտել Իրանի զանգւածային լրատւական միջոցներում։

Լուսանկարները` «Ալիք» օրաթերթի թղթակցի եւ Ստուդիօ «Գեւիկ»-ի

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Երէցների եւ Մշակութային միաւորների,  կիրակի՝ փետրւարի 19-ի երեկոյեան, միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը:

Ներկաներին ողջունեցին դիմակահանդէս-մրցոյթի կազմակերպիչ Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Շաղիկ Մատթէոսեանը եւ Նազէ Ասատրեանը, ապա անդրադարձան  Բարեկենդան տօնի ծագումնաբանութեանը, ծէսերին ու աւանդոյթներին: Այնուհետեւ նրանք հանդիսավարեցին մրցութային բաժինը, ուր աւելի քան 70 տարազաւորների ներկայացրած կերպարները գնահատեց իրաւարար կազմը՝ ըստ կերպարի, մտայղացման, գործադրած ճաշակի եւ  կատարած աշխատանքի: Միաւորների  ամփոփումից յետոյ յայտարարւեց առաջին, երկրորդ եւ երրորդ հադիսացած մասնակիցների անունները, ովքեր կազմակերպիչների կողմից պարգեւատրւեցին՝ առանձին հանդիպման ընթացքում:

Տօնախմբութեան ընթացքում բազմահարիւր հանդիսատեսը, ճաշակեց Երէցների միաւորի պատրաստած աւանդական ճաշերը, թխւածքն ու այլ ուտեստները:  

Երէցների միաւորը նաեւ վաճառքի էր հանել դիմակներ եւ նախատեսել էր դիմայարդարման կրպակ, որտեղ ցանկացողներին դիմայարդարեց Էդնա Մանուկեանը:

Տօնահանդէսի երաժշտութիւնը ապահովեց  DJ-Վահէն։

Յատկանշական է, որ ձեռնարկը իր խրախուսական ներկայութեամբ պատւել էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սիփան  Ս. Եպս.  Քէչէճեանը:

Երեկոյի աւարտին  Մշակութային միաւորի անունից շնորհակալական խօսք ուղղւեց  իրաւարար կազմի անդամներ՝ Լորեթա Դաւթեանին, Վիոլեթ Թորոսեանին, Վանէ Իսաղուլեանին եւ Հայդուկ Վարդեւանեանին, ինչպէս նաեւ «Կռունկ» ասմունքի խմբին եւ պատասխանատու Ռիմա Սիմոնեանին՝  իրենց  անվերապահ համագործակցութեան համար: 

Տարազահանդէսի յաղթողներն էին՝

Առաջին՝  Լարա Խաչիկեան, Էմիլի Փանոսեան

Երկրորդ՝ Նարէ Շահիջանեան, Մանէ Բարսեղեան

Երրորդ՝  Էլեն Մանսուրեան, Մանան Ղազարեան եւ Բարդի  Յովհաննէս

Նշելի է, որ որպէս խրախուսանք՝ լաւագոյնների շարքում յայտարարւեցին նաեւ  Սելիա Ծառուկեանը, Ադանա Փանոսեանը, Քարլա Դաւթեանը, Քարլին Դաւթեանը եւ Էլենա Ասատրեանը:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Հինգշաբթի՝ փետրւարի 16-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթներով, Սուրբ եւ Անմահ Պատարագ տեղի ունեցաւ նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագի քարոզախօսութիւնը կատարեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարելով Վարդանանց պատերազմի պատմական ընթացքին եւ խորհրդին, յատկապէս ընդգծեց նշւած ժամանակաշրջանում հայ նախարարների եւ իշխանների միջեւ առկայ տարաձայնութիւնները, որոնց արդիւնքում նրանցից մի մասը միացան Վասակ Սիւնիին, իսկ միւսները՝ Վարդան Մամիկոնեանին. այնուհետեւ անդրադարձ ունեցաւ նաեւ միասնականութեան գաղափարին եւ այսպէս աւելացրեց, թէ հայ ժողովուրդը երբ միացեալ է եղել կերտել է յաղթանակներ: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին նշելով, որ տարբեր ծրագրեր եւ տեսակէտներ ունենալը ընդունելի է, սակայն այդ երեւոյթը չպէտք է մեր ժողովրդի համար դառնայ բաժանարար միջոց, մաղթեց, որ այս տօնը իւրաքանչիւրի համար դառնայ խորհուրդ՝ միասնութեան, սիրոյ, յարգանքի, հասկացողութեան եւ հանդուրժողականութեան, որպէսզի միմեանց զօրավիգ կանգնելով ստանանք Աստծոյ օրհնութիւնն ու գթութիւնը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց վերոնշեալ տօնի առթիւ ամենամեայ կարգով պատրաստւող հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Այստեղ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ նշւած զոյգ տօների առթիւ, ապա արարողութեան կազմակերպման համար իր գնահատանքի արտայայտութիւններն ուղղեց բոլոր դերակատար մարմիններին եւ անհատներին:

Ժողովրդից բացի արարողութեանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական եւ Թեմական խորհուրդների անդամներ՝ Սաքօ Տէր Յովհաննիսեանն ու Սարմէն Մինասեանը, ինչպէս նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներն ու քաղաքի Հայ համայնքի վարչութեան անդամները:

Սրբոց Վարդանանց տօնակատարութեան առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, որտեղ պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Արարողութեանը ներկայ էին համայնքի անդամները եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտ-ուհիները եւ տնօրէնութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Երեքշաբթի` փետրւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցում, նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան, նշւեց Տեառնընդառաջ տօնը, որտեղ սկզբում նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան. Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների տեղի ունեցաւ պատկան  արարողութիւնը, որից յետոյ ծերանոցի բակում բոցավառւեց աւանդական խարոյկը:

Յաջորդիւ ներկաները հիւրասիրւեցին հրուշակով, իսկ ծերանոցի սրահում կազմակերպւած միջոցառմանը ելոյթ ունեցան Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը. երգերով հանդէս եկան տարեց բնակիչներից ու կազմակերպիչ միութեան անդամուհիներից:

Արմինէ Սիմոնեանը ողջունելով ներկաներին եւ յատկապէս շնորհաւորանքի խօսք ասելով տօնի առթիւ՝ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն, որ  համաճարակի պատճառով շուրջ երեքամեայ դադարից յետոյ, դարձեալ ծերանոցի յարկի տակ կազմակերպւել է Տեառնընդառաջի միջոցառումը:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր ուրախութիւնը յայտնելով՝ ծերանոց կատարած այս այցելութեան համար, որը ինչպէս նշեց Արմինէ Սիմոնեանը՝ իրականացւել էր համաճարակից ստեղծւած երկար դադարից յետոյ, առողջութիւն մաղթեց տարեց բնակիչներին: Նա համեմատութիւն անցկացնելով ձիւնի փաթիլների եւ ծերանոցում բնակւող տարեց մայրիկների միջեւ՝ ասաց, թէ ինչպէս ձիւնը տարւայ ընթացքում ապահովում է անհրաժեշտ ջուրը եւ ջրի պաշարի շտեմարանն է, նոյնպէս էլ տարեց մայրերը համարւում են կեանքի գաղտնիքների, իմաստութեան եւ լաւագոյն խրատների հարուստ շտեմարանը:

Աւարտին ներկաներին բաժանւեցին աղանձի կապոցներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատակազմը եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Երկուշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում,  նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան տեղի ունեցաւ Տեառնընդառաջի առիթով ամենամեայ հանդիպումը, ուր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները հիւրընկալում եւ հանդիպում են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների նորապսակ զոյգերին եւ նորածիններին ու նրանց ծնողներին:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի խօսքերով, ապա ընթացքում ելոյթներով հանդէս եկան՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի Դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Զաւէն Սիմոնեանը ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ յատկապէս իր խօսքն ուղղեց նորապսակ զոյգերին եւ նրանց մաղթեց՝ անսպառ սէր, փոխադարձ յարգանք միմեանց ու պատկան ծնողների նկատմամբ եւ անկեղծութիւն ամուսնական կեանքում:

Նոէլ Մինասեանը կարեւորելով ծնողների դերը զաւակի դաստիարակութեան հարցում, յատկապէս անդրադարձ ունեցաւ մօր առանցքային դերակատարութեանն ու ասաց, թէ երեխայի առաջին եւ ամենամեծ դաստիարակ-ուսուցիչը մայրն է եւ մօր դերը  երեխայի հայեցի դաստիարակութեան մէջ անփոխարինելի է: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով նաեւ ընտանիքում հօր դերակատարութիւնը, որի շարանում կարեւորեց ընտանիքին ֆինանսապէս ապահովումը, ընդգծեց յատկապէս «մենք»-ի գաղափարը՝ «ես»-ը զիջելու, միւսին ըմբռնելու եւ ճիշտ հասկանալու իմաստներով:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադարձ կատարելով «Մէկ բարձին ծերանալ» մաղթանքին՝ նշեց, որ դա պարզ մաղթանք չէ եւ դրա հիմքում թաքնւած են՝ հաշտ ու համերաշխ, երկարակեաց եւ իհարկէ սիրով ու փոխադարձ յարգանքով ողողւած համատեղ կեանք ապրելու մաղթանքները: Ապա նա սրահում ներկայ նորածինների ճիչերը օրհնաբեր համարելով՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ ապագայում աճ արձանագրի ամուսնացող զոյգերի եւ նորածինների թիւը եւ բոլորին ցանկացաւ երջանիկ կեանք ու կանաչազարդ ճանապարհ դէպի ապագայ:

Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:

Ծրագրին ներկայ էին նաեւ՝ Կրօնական խորհրդի անդամներ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Սեդա Այւազեանը, Թեմական խորհրդի անդամ Ռայեա Խուդավերդեանը եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները:

Թղթակից (Նոր Ջուղա) 

40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ընթացքում ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով մանուկների տաճար ընծայելու խորհրդին՝ ասաց, թէ այդ օրէնքը հաստատւել է որպէսզի նորածինն իր կեանքում առաջին այցելութիւնը կատարի Աստծուն եւ Քրիստոսին: Սրբազան Հայրը մատնանշելով ծնողների պարտականութիւնը զաւակների նկատմամբ՝ յորդորեց, որ զաւակներին տրւող հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան կողքին, պէտք է կարեւորութիւն տրւի  նաեւ եկեղեցի յաճախելու դաստիարակութեանը եւ ինչպէս ծնողները նրանց փոքր ժամանակ տաճար են ընծայում, նոյնպէս էլ պէտք է ապագայում նրանց մօտ յաճախակի դարձնեն եկեղեցի եւ Կիրակնօրեայ վարժարաններ կատարւող այցելութիւնները՝ մատաղ սերնդի քրիստոնէական դաստիարակութիւնը լիարժէք դարձնելու համար:

Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Շաբաթ՝ փետրւարի 11-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակ Վարդան Աբրահամեանի մօր՝ Արուսեակ Սահակեանի յուղարկաւորութիւնը:

Թաղման եկեղեցական արարողութիւնը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ու դպրաց դասի ներկայացուցիչների:

Հանգուցեալի հարազատներից ու ծանօթ-բարեկամներից բացի, արարողութեանը ներկայ էին թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի եւ Կրօնական խորհրդի ատենապետեր՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ ազգային մարմինների մի շարք ներկայացուցիչներ:

Արարողութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր, թեմի եկեղեցականաց դասի եւ ազգային մարմինների անունից ցաւակցական խօսք ուղղեց եւ մխիթարութիւն մաղթեց սգակիրներին, ապա աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ ննջեցեալի հոգին խաղաղութեան մէջ հանգչեցնի:

Այնուհետեւ նորոգ հանգուցեալի դին տեղափոխւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, ուր հանգիստ առաւ այնտեղ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ քահանայութեան տօների առթիւ:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով. նա անդրադառնալով Ղեւոնդ Երէցի կենսագրականին՝ որպէս տիպար հոգեւորական, աւելացրեց նաեւ, որ Ղեւոնդ Երէցը ճշմարտութեանը զօրավիգ հանդիսանալու համար չէր սպասում որեւէ մէկի օգնութեանը եւ երբեք չյուսալքւելով, ոչ միայն իր գործունէութիւնն էր ծաւալում յանուն արդարութեան եւ ճշմարտութեան, այլ նաեւ ոգեշնչում էր միւսներին: Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին, թէ բարի եւ սուրբ նպատակներին հասնելու համար պէտք չէ սպասել այլ անձանց օգնութեանը, քանի որ եթէ անգամ ոչ մի անհատ մեր կողքին չլինի, Աստւած միշտ մեր կողքին է եւ մեզ միայնակ չի թողնելու նման պահերին:

Պատարագի աւարտին հոգեհանգիստ տեղի ունեցաւ բոլոր ննջեցեալ եկեղեցականների՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմի ննջեցեալ եկեղեցականների հոգիների խաղաղութեան համար:

Այնուհետեւ քահանայութեան տօնի առիթով միջոցառում տեղի ունեցաւ եկեղեցու սրահում, ուր շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսքերով հանդէս եկան՝ երէցփոխուհի Մառիթա Կարապետեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Ընթացքում ներկաներից ելոյթ ունեցան երգերով ու ասմունքներով, իսկ Կրօնական խորհրդի կողմից պարգեւներ շնորհւեցին քահանայ հայրերին:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առթիւ, հինգշաբթի՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատնում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ նահատակ հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար:

Հոգեսհանգստեան արարողութեան աւարտին ներկաները նահատակների յիշատակին խնկարկեցին եւ ծաղիկներ խոնարհեցին յուշաքարի մօտ:

Արարողութեանը ներկայ էին՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան փոքրամասնութիւնների հետ կապ պրն. Թաբաթաբային, քալիմի եւ ասորի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, Սպահանի հայոց թեմի Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, հայ նահատակների հարազատներն ու ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Կիրակի՝ փետրւարի 5-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ վերջերս վախճանւած Կիլիկեան Ուխտի միաբանութեան երիցագոյն անդամներից գերշ. Տ. Եփրեմ արք. Թապագեանի հոգու խաղաղութեան համար:

Սրբազան Հայրը 1965-68 թ.թ. ծառայել է Սպահանի հայոց թեմում որպէս Առաջնորդական տեղապահ:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Նոր Ջուղայում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ համայնքի «Ս. Սարգիս» եկեղեցու անւանակոչութեան տօները: Ուրբաթ առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցան հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ թեմիս 14 հայ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած նւէրները. ծառայութեան պատճառով բացակաների նւէրները յանձնւեցին իրենց ծնողներին:

Այս ծրագրի ընթացքում արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանն ու թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Պրն. Սիմոնեանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հայ ժողովրդի համար վերջին երեք տարիները եղել են պարտւողական տրամադրութիւն եւ ծանր հոգեկան ապրումներ առաջացնող տարիներ՝ յատկապէս խորը վշտով յիշեց Հայաստանում զօրանոցի կացարանի հրդեհից զոհւած 15 զինծառայողներին: Նա նշեց նաեւ, որ հնարաւոր է զինւորական ծառայութեան պայմանները դժւար լինեն զինւորի համար, սակայն տարիներ յետոյ այդ ժամանակաշրջանը կը յիշւի որպէս ուրախ եւ յիշարժան մի յուշ: Զաւէն Սիմոնեանն իր խօսքի աւարտին ուժ եւ կորով մաղթեց բոլոր երիտասարդներին իրենց նպատակներին հասնելու համար եւ անփորձանք ծառայութիւն՝ բոլոր զինւորներին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նոյնպէս սրտի կսկիծով յիշեց Հայաստանում հրդեհից զոհւած 15 զինծառայողներին. նա մաղթեց, որ բոլոր հայորդի զինծառայողները՝ թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմում, Աստծոյ օրհնութեամբ, Սուրբ Հոգու ներգործութեամբ եւ յատկապէս ծնողների աղօթքով հեռու լինեն նմանօրինակ դժբախտութիւններից ու սադրանքներից եւ իրենց զինւորական ծառայութիւնն աւարտեն խաղաղութեամբ ու ապահովութեամբ:

Յաջորդ օրը՝ շաբաթ, փետրւարի 4-ի առաւօտեան, նոյն եկեղեցում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս Զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Պատարագը մատուցեց եւ օրւայ առթիւ քարոզեց թեմիս տարիների քահնայ հայր ,իսկ այժմ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների Արեւմտեան հայոց թեմի ծխատէր արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումը: Պատարագիչ հայրն իր քարոզում անդրադառնալով Ս. Սարգիս Զօրավարի կենսագրութեանն ու տօնի խորհրդին՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ սրբերի կեանքը օրինակ հանդիսանայ բոլորին եւ առաջնորդի նրանց սրբակեաց կեանքով ապրելու հարցում:

Պատարագի աւարտին Ս. Սարգիս Զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ժողովրդին:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ  եկեղեցու անւանակոչութեան տօների կապակցութեամբ՝ իր շնորհակալական խօսքն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում բոլոր դերակատարներին՝ եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, երգեցիկ խմբին, եկեղեցու նախկին եւ ներկայ երէցփոխներին, Կանանց եւ Հարիսայի պատրաստման յանձնախմբերին, ինչպէս նաեւ տօնի առթիւ նւիրատուներին:

Թղթակից (Նոր Ջուղա)