Աւագ հինգշաբթի՝ մարտի 28-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան Քհնյ. Աղաբաբայեանը։ Պատարագին մասնակցում էին նաեւ թեմի քահանայից եւ դպրաց դասերը:

Ընթացքում, ըստ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնի, քարոզախօսութեան փոխարէն Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ս. Բարսեղ հայրապետի աղօթքը:

Արարողութեանը ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիներն՝ իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 4:00-ին, Ոտնլւայի կարգ իրականացւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց եկեղեցիներում: «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութիւնն իրականացւեց Սրբազան Հօր ձեռամբ:

Աւարտին թեմակալ Առաջնորդն անդրադառնալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով արքութեան պարգեւին արժանանալուց յետոյ, Ոտնլւայի կարգն իր առաջին պաշտօնական արարողութիւնն է, հետաքրքիր զուգադիպութիւն համարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կուսակրօն քահանաների համար նախատեսւած ամենաբարձր պաշտօնի՝ արքութեան ստացումն ու որպէս առաջին արարողութիւն խոնարհութիւն խորհրդանշող այս կարգի իրականացումը եւ աւելացրեց, որ Աստւած մի կողմից բարձրագոյն պաշտօնի է արժանացնում մարդուն, միւս կողմից պահանջում է խոնարհութիւն, հեզութիւն եւ հնազանդութիւն:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով Վերջին ընթրիքի աւետարանական բաժինը՝ շեշտեց, թէ պէտք է երկրաւոր կեանքն ապրել քրիստոնեային վայել կերպ, լինելով հեզ ու խոնարհ եւ ընտրելով աստւածահաճոյ ընթացք:

Նշելի է, որ եկեղեցիներում Քրիստոսի առաքեալների դերը մարմնաւորեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները:

Այնուհետեւ, երեկոյեան ժամը 7:30-ից սկսեալ, նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Խաւարման կարգը: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում:

Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն օրւան պատշաճ իր խօսքն սկսեց անդրադառնալով Վերջին ընթրիքին՝ բնաբան ունենալով առաքեալներին ուղղւած «Ձեզանից մէկը մատնելու է ինձ» եւ «Դուք չէ որ ինձ ընտրեցիք, այլ ես էի, որ ձեզ ընտրեցի» Քրիստոսի խօսքերը, որոնց միջոցով ընդգծեց յատկապէս այն փաստը, թէ մարդիկ իրենց կեանքում ունեն կամքի եւ ընտրութեան ազատութիւն, սակայն կարեւոր է նրանց շրջապատը եւ ընկերական շրջանակը, որն ընտրում են շփւելու եւ իրենց սեղանակիցը դարձնելու համար: Նա յորդորելով, թէ հարկաւոր է մի պահ կտրւել երկրաւոր կեանքից եւ խորհել տիպար անձի մասին, շեշտեց՝ առիթը պատեհ համարել ընկերական շրջանակը գնահատելու եւ սխալ անձանց ընտրութեան դէպքում, այն սրբագրելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երեքշաբթի՝ մարտի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» ու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Աւագ երեքշաբթի օրւայ՝ Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ արարողութիւնը: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը նախագահեց «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցու կարգին:

Ընթացքում ընթերցւեց պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները, իսկ վերջին ընթերցման պահին պարմանուհիների կատարմամբ մարմնաւորւեց Տասը կոյսերի առակը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն ասաց, որ առակում յիշատակւած լապտերը ոչ միայն լուսաւորելու են կեանքի ճանապարհը, այլ նաեւ հոգեւոր ներաշխարհը, քանի որ եթէ մարեն քրիստոնեայ անհատի ներաշխարհի արթնութեան եւ լուսաւորութեան լապտերը, նա բանտարկւելու է մեղքի բանտում: Թեմակալ Առաջնորդը մեծահասակներին պատգամեց ճիշտ խորհուրդներով եւ ուղղութիւններով օգնեն կրտսերներին ընտրելու իրենց աստւածահաճոյ ճանապարհը, որպէսզի վայելեն երկնքի արքայութիւնը:  

Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնն ապահովելու հարցում թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնները:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի տօնի առթիւ, կիրակի՝ մարտի 24-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում: Նոյն առիթով Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն օրւայ առթիւ իր քարոզախօսութեան ընթացքում նախ անդրադարձ ունեցաւ Երիքովի բնակիչ երկու կոյր քոյրերի բժշկութեանը, ապա ընդգծեց, թէ բոլորը երկու ծնունդ ունեն, որոնցից մէկը մարմնական ծնունդն է, ինչից ելած ստանում են որեւէ երկրի քաղաքացիութիւն, իսկ միւսը՝ հոգեւոր ծնունդն է, որն ունի երկու փուլ, առաջինը մկրտութեան ժամանակ է տեղի ունենում, իսկ երկրորդը՝ այն պահն է, երբ ինքնագիտակցութեամբ թողնում են աշխարհիկ կեանքը եւ նւիրւում են հոգեւոր կեանքին:

Նա պատգամեց, թէ կառչած չմնալով անցողիկ աշխարհական կեանքին, մեր նպատակակէտը դարձնենք վերին երկնաւոր Երուսաղէմին՝ դրախտին արժանանալը:

Աւարտին օրհնւեցին եւ ժողովրդին բաժանւեցին ձիթենու ճիւղերը:

Նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի կարգը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Մինաս» ու «Ս. Յովհաննու Կարապետ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը:

Աւետարանական ընթերցումներին, շարականներին եւ փոխասացութիւններին յաջորդեց Սրբազան Հօր միջոցով իրականացւող փակ վարագոյրի առջեւ երկնային արքայութեան դռների փակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ Պահքի ժամանակաշրջանի համար փակւած վարագոյրը:

Աւարտին Սրբազան Հայրը շեշտելով, թէ մահը մեր կեանքի վերջին հանգրւանը չէ, այլ այն փուլն է, որ մեզ կապում է երկնաւոր կեանքին, պատգամեց՝ ընտրել աստւածահաճոյ ընթացք եւ ապրել հոգեւոր զարթօնք՝ ինքնասրբագրման ու հոգեւոր կեանքին վերադառնալու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Ձեռարւեստի յանձնախմբի, թւականիս մարտի 19-ից 27-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպւեց ամենամեայ կարգով տեղի ունեցող ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառքը, որի բացումը կատարւեց գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի ձեռամբ:

Ցուցահանդէսում ցուցադրւել եւ վաճառւել են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ ձեռներէց կանանց ձեռքի աշխատանքները, ինչպիսին են՝ սեղանի ծածկոցներ, գործւածք հագուստեղէն, պայուսակներ ու զարդեղէններ, աւանդական խմորեղէն եւ այլն, իսկ նշւած կրպակներին կից աշխատել է սրճարանի բաժինը, որն սպասարկել է վանքի թանգարանային բաժին այցելութիւն կատարած զբօսաշրջիկներին:

Նշւած միջոցառումն իրականացւել է Կանանց Գթութեան միութեան անդամուհիների սիրայօժար աշխատանքի արդիւնքում:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ մարտի 17-ի կէսօրին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով բոցավառւեց Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի ջահը, որն օրհնւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի ձեռամբ:

Ջահը յանձնւեց այս մրցաշարի գլխաւոր ջահակիր, սկաւառականետորդ Նարէ Ղարախանեանին: Ջահակիր խմբի միւս անդամներն են՝ լողորդ Անի Մկրտչեանն ու կարատէիստ Արամէ Սիմոնեանը:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների պատասխանատուները եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան պատւիրակութիւնը:

Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի բացումը տեղի կունենայ երեքշաբթի՝ մարտի 19-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, «Արարատից Արարատ» նշանաբանի ներքոյ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հինգշաբթի՝ փետրւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, խմբավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, հանդէս եկաւ  յոբելեանական համերգով՝ նւիրւած խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

Ծրագրին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու երգարւեստի հաւատարիմ հանդիսատեսը:

Ներկաներին ողջունեց եւ խմբի վարչութեան խօսքով հանդէս եկաւ երգչախմբի վարչութեան նախագահ Վեհանուշ Խուդաբախշեանը, որում մասնաւորապէս ասւած էր. «Նոր Ջուղայի ոսկեզօծ պատմութեան էջերում, բաղձալի հպարտութեամբ ենք հանդիպում երգչախմբային արւեստը ներկայացնող խմբերին եւ նրանց խմբավարներին, որոնք ազնւօրէն եւ անշահախնդիր սիրով, վառ են պահել հայ մշակոյթի ջահը, լուսաւորելով ուղին՝ յաջորդ սերունդների համար: Այսօր եւս մեծ բերկրանքով ենք թերթում պատմութեան այն էջը, որտեղ  1999 թւականի յունւարի 14-ին, Նոր Ջուղայում հիմք դրւեց «Տաթեւ» երգչախումբը, որի մտայղացումը  արծարծւեց  թեմիս ժամանակի հոգեւոր Առաջնորդ երջանկայիշատակ Տ. Կորիւն Արք. Պապեանի կողմից եւ հաստատւեց ժամանակի Թեմական ու Կրօնական խորհուրդների միջոցով: Խմբի ղեկավարութիւնը վստահւեց, այն օրերին Հայաստանում Կոմիտասի անւան կոնսերւատորիայում ուսանող, համայնքիս շնորհաշատ երիտասարդ երաժիշտ Համիկ Ալեքսանդրեանին»:

Վարչութեան խօսքի մի այլ  բաժնում  անդրադարձ էր կատարւել անցնող 25 տարիների ընթացքում թեմի Կրօնական խորհրդին ենթակայ այս երգչախմբի ծաւալուն եւ բազմաժանր աշխատանքներին, սկսած ազգային եւ կրօնական միջոցառումների երգացանկից մինչեւ տարեկան համերգների համար խմբավարի ստեղծագործութիւններին ու մշակումներին, որոնք գերազանցում են 300-ը եւ հնչել են տարբեր բեմերից:   

Յաջորդիւ իրականացւեց համերգային բաժինը, որի ընթացքում հնչեցին հայկական Էստրադային, աշուղական եւ ժողովրդական խմբերգեր՝ Թ. Ալթունեանի, Ալ. Աճեմեանի, Հ. Ալեքսանդրեանի, Գուսան Շահէնի, Ռ. Պետրոսեանի, Ա. Բաբաջանեանի, Յ. Բադալեանի, Ա. Մէջինեանի, Կ. Օրբէլեանի եւ Խ. Աւետիսեանի ստեղծագործութիւններից:

Յոբելեանական համերգն ընդգրկում էր նաեւ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտական հրաշալի ստեղծագործութիւններից եւ քառաձայն մշակումներից, որոնք միւս բոլոր  բարձրորակ կատարումների հետ միասին, մեծ հետաքրքրութեամբ եւ գնահատանքի երկարատեւ  ծափողջիւններով ընդունւեցին հանդիսատեսի  կողմից:

Խմբավարը կատարել էր նաեւ երգերի գործիքաւորումը:  

Յատկանշական է, որ կատարումները ընդմիջւում էին երգչախմբի 25-ամեակի առթիւ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Թեհրանի եւ արտերկրի ազգային տարբեր կառոյցներից, միութիւններից եւ անհատներից ստացւած շնորհաւորանքի ուղերձներից հատւածների ընթերցմամբ՝ երեկոյի հաղորդավար Ալինա Ալեքսանդրեանի միջոցով:

Համերգի եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, ով նախ խմբավարին  յանձնեց երգչախմբի  վարչութեան կողմից նախատեսւած յուշանւէրը, ապա գնահատանքով եւ երախտագիտութեամբ արտայայտւեց յաջող եւ գեղեցիկ երեկոյի կապացութեամբ:

Թեմակալ Առաջնորդը նկատի ունենալով համերգային բաժինը «Գարնանային» երգով եզրափակւելուն, յոբելեարին նմանեցրեց գարնանային հասակի եւ տարիքի մէջ գտնւող կանաչազարդ, մշտադալար եւ գեղեցկադէմ խմբի, իսկ խմբավարին գնահատեց որպէս ստեղծագործ անձնաւորութիւն: Նա շարունակութեան մէջ ասաց. «Խօսքերի մէջ հնչեցին Տ. Կորիւն Արք. Պապեանի, խմբավար Թակուշ Բաշիկեանի եւ Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանի անունները, այս եռանկիւնի դիմաց էր, որ գործեց սիրելի Համիկը: Թող իմ խօսքի արձագանքը հասնի՝ որպէս շնորհակալական եւ երախտիքի արտայայտութիւն՝ արեւելքից մինչեւ արեւմուտք իւրաքանչիւր անձի, ով դերակատարութիւն է ունեցել ի խնդիր խմբի բարգաւաճման»: 

Երեկոն հագեցած էր նաեւ երգչախմբի անցած ուղին ներկայացնող լուսանկարների, յայտարարութիւնների, յայտագրերի, եկեղեցական զգեստների եւ երգչախմբի տարբեր ժամանակաշրջանների զգեստների ցուցահանդէսով, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ «Գեւիկ» ստուդիա

  

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, չորեքշաբթի՝ փետրւարի 21-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի յարկի ներքոյ կազմակերպւեց Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնի դասախօս Հայկ Սարեանի հեղինակութեամբ լոյս տեսած՝ «Պահանջ» եւ «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» (نمایندگان ارمنی در مجلس ملی و مجلس شورای اسلامی) գրքերի շնորհանդէսը: Երկրորդ գրքի գրառման գործում համահեղինակ է հանդիսանում դոկտ. Ալիաքբար Ջաֆարին:

Սկզբում աւելիով ծանօթանանք հեղինակին: Հայկ Սարեանը ծնւել է 1975 թւին Նոր Ջուղայում։ Դպրոցը աւարտելուց յետոյ ընդունւել է Դեհաղանի ազատ համալսարան եւ սովորել է` հասարակագիտութիւն։ Յետագայում, նոյնպէս կրթութիւնը շարունակել է ՍՊՀ-ում՝ հայոց լեզւի եւ գրականութեան բաժնում։ Անդամ է Իրանահայ գրողների միութեան եւ համագործակցում է «Ալիք» օրաթերթի գրական բաժնի հետ, որտեղ լոյս են տեսնում նրա գրութիւնները։ Հայկ Սարեանը անդամ է Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի:

Շնորհանդէսի բացման խօսքով հանդէս եկաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը, ապա սփռւեց մի տեսանիւթ, որտեղ այս առիթով իր պատգամը փոխանցեց Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա բարձր գնահատելով հեղինակի աշխատասիրութիւնը յատկապէս խորհրդարանի հայ պատգամաւորներին անդրադարձող գրքի կապակցութեամբ, ընդգծեց նման թեմայով գրքի առկայութեան անհրաժեշտութիւնը, քանի որ մինչեւ այսօր այս մասին միայն անդրադարձ է եղել մի շարք յօդւածներում եւ հարցազրոյցներում: Պրն. Բեգլարեանը շեշտելով հայ պատգամաւորների գործունէութեան կարեւորութիւնը թէ՛ խորհրդարանում եւ թէ՛ համայնքներում՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց հեղինակին եւ մաղթեց նորանոր յաջողութիւններ:

Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից արտայայտւեց Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը: Ահա մի հատւածի մէջբերում նրա խօսքից. «Իրանի խորհրդարանում հայ պատգամաւորներին անդրադարձող գիրքը գերազանցապէս փոխանցում է այս երկրում ապրող հայ ժողովրդի կացութիւնը՝ յատկապէս քաղաքական դաշտում, թէ ինչպէս մի մուսուլման երկրում բնակւող քրիստոնեայ փոքրամասնութիւն, վայելում է իր քաղաքացիական իրաւունքները՝ յատկապէս երկրի խորհրդարանում ունենալով իր զոյգ պատգամաւորներին: Այն փաստում է այն իրողութիւնը թէ երկու տարբեր կրօնների դաւանող ժողովուրդներ ինչպէս են կարողացել միմեանց կողքի ապրել խաղաղ եւ աւելին՝ արտայայտել կարծիքներ ու տեսակէտներ երկրի օրէնսդրական համակարգում՝ առանց որեւէ խտրականութեան»:

Այժմ անդրադառնանք «Պահանջ» գրքին, որի մասին տեղեկութիւնները ընթերցւեցին Վերգինէ Միրզախանեանի միջոցով:

«2020 թւականի սեպտեմբերից ի վեր, երբ սկզիբ է առնում Ադրբեջանի պետութեան ագրեսիայի ոտնձգութիւնները Արցախի անմեղ ժողովրդի դէմ, եւ կրկին հայ ժողովուրդը դառնում է անօրինական բռնութեան զոհ, հեղինակը ձեռնամուխ է լինում իմի բերելով իր բանաստեղծութիւնները, այն հրատարակել մի գրքում: Գրքի բովանդակութիւնը բաժանւած է երեք մասերի.

Առաջին բաժինը պարունակում է բանաստեղծութիւններ, որոնց ժանրն է՝ ազգային, հայրենասիրական ու գաղափարական:

Երկրորդ բաժինը բաղկացած է երկու պատմւածքներից, որն եւ ունի հեքիաթի բնոյթ:

Եւ երրորդ բաժինը յօդւածներ են, որոնց թեմաներն են՝ ազգային, մշակութային, գաղափարական եւ պատմական»:

Յաջորդիւ խօսքը փոխանցւեց Հայկ Սարեանին: Հեղինակն անդրադառնալով «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» գրքին, բացատրեց դրա հինգ գլուխների բովանդակութեան մասին, շեշտելով, որ 2-րդ բաժնում ոչ միայն ընդգծւած են փոքրամասնութիւնների իրաւունքները՝ միջազգային եւ երկրի մասշտաբներով, այլ նաեւ վերլուծութիւններ են կատարւել երկրի սահմանադրութեամբ փոքրամասնութիւններին վերապահւած իրաւունքների շուրջ: Պրն. Սարեանն աւելացնելով, որ գրքի 3-րդ գլխի ներքոյ անդրադարձ է եղել հայ ժողովրդի՝ ի մասնաւորի Հ.Յ.Դաշնակցութեան դերակատարութեանը Իրանի սահմանադրական շարժման գործողութիւններում, ընդգծեց 4-րդ եւ 5-րդ գլուխները, ուր նշւած են հայ պատգամաւորների կատարած կարեւորագոյն աշխատանքները խորհրդարանում եւ նրանց դերակատարութիւնը որոշումների կայացման գործում:

Պրն. Սարեանը գնահատելով հայ պատգամաւորների գործունէութիւնը խորհրդարանում Իրանի Իսլ. յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ՝ նշեց նաեւ, որ նրանց գործունէութիւնը զգալի փոփոխութիւն է կրել յատկապէս յեղափոխութիւնից յետոյ, քանի որ աւելի աչքառու է դարձել հայ պատգամաւորի ազդեցութիւնը երկրի քաղաքական դաշտում:

Նա վերջում յատուկ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են իրեն այս աշխատանքի իրականացման գործում՝ ի մասնաւորի «Նայիրի» հրատարակութեանը՝ գրքերի տպագրման աշխատանքը հովանաւորելու համար:

Ծրագրի աւարտին հեղինակն իր գրքերը մակագրեց ցանկացողների համար, իսկ դրանցից մէկական օրինակ նւիրեց համայնքի երեք գրադարաններին:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երէկ՝ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները: Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

Թշնամական՝ հակաիրանական ուժերի գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, Իրանի ժողովուրդը դարձեալ ցուցաբերեց ազգային-քաղաքացիական բարձր գիտակցւածութիւն, եւ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:

Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ ընտրութիւններին մասնակցել է աւելի քան 25 միլիոն քաղաքացի:

Իրանահայութիւնը եւս իր մուսուլման հայրենակիցների կողքին, խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:

Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ 12-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի իրանահայութեան շահերը կը պաշտպանի գործող պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԸ, իսկ Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանի իրանահայութեանը՝ ԳԵՂԱՐԴ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԸ:

Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի ընտրութիւններին մասնակցած 6193 ընտրողներից 5097-ը (82.30%) իրենց ձայնը վստահել են Արա Շահվերդեանին: Ժոզէֆ Ամիրեանի օգտին քւէարկել են 596 ընտրող (9.62%), իսկ Սեւան Սոհրայիի օգտին՝ 424 ընտրող (6.85%): 76 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր:

Ինչ վերաբերում է Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանին, ապա ընտրութիւններին մասնակցած ընտրողների 78%-ը իրենց ձայնը վստահել են Գեղարդ Մանսուրեանին, իսկ 22%-ը՝ Էմին Յովսէփին:

Իրանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնների շրջագծում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքի պատգամաւորութեան համար իրենց թեկնածութիւնն էին առաջադրել Գեղարդ Մանսուրեանն ու Էմին Յովսէփը: Արդիւնքների ամփոփման աւարտին, քւէների նախնական հաշւարկման հիմամբ, Գեղարդ Մանսուրեանը ձեռք է բերել քւէների 78 տոկոսը:

Նշելի է, որ ընտրութիւնների ընթացքին ծանօթանալու համար Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու իրեն ընկերակցող ազգայինները այցելեցին Նոր Ջուղայի երկու, իսկ Շահինշահրի մէկ ընտրատեղամասեր:

Սպահանի գաւառապետ պրն. Ահմադին եւ Շահինշահրի գաւառապետ պրն Քազեմի Թաբան հերթաբար այցելութիւն կատարեցին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու ընտրատեղամասեր:  

Թղթակից (Նոր Ջուղա)

  

40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի բոցավառումը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 7:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում տեղի ունեցաւ ամենամեայ կարգով կազմակերպւող նորապսակների եւ նորածինների ու իրենց ծնողների հանդիպումը Սպահանի Հայոց Թեմի Առաջորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկայ էին ՍՊՀ Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, հոգեւորականաց դասը եւ Եկեղեցեաց վարչութեան անդամները:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով, որից յետոյ արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ՝ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ Առաջնորդ՝ գերշ. Տէր Սիփան եպս. Քէչէճեանը:

Զաւէն Սիմոնեանը շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ նորապսակ զոյգերին մաղթեց անսահման սէր ու երջանկութիւն:

Նոէլ Մինասեանը ուրախութեամբ անդրադարձ կատարեց այն հանգամանքին, որ նորապսակ զոյգերը ընտանիք կազմելով աւելացրել են մեր համայնքի ընտանիքների թիւը։

«Ազգային մարմիններն իրենց ունեցած հնարաւորութիւնների սահմաններում, կարող են օգտակար լինել Ձեզ: Նաեւ այստեղից յայտարարում եմ, որ եթէ ինչ որ ոլորտում կարող ենք Ձեզ օժանդակել, մենք դա կանենք սիրով: Մաղթում եմ փայլուն ապագայ եւ միասնական ընտանիք», յաւելեց նա։

Թեմակալ Առաջնորդն անդրադառնալով պսակի խորհրդին կարեւորութեամբ նշեց. «Երբ տեսնում ենք նորապսակներ, տեսնում ենք զոյգեր, որոնք իրենց մոռացած, ամբողջ ուշադրութիւնը եւ կենտրոնացումը ընծայում են իրենց կողակցին, իսկ երբ մանուկ է ծնւում, ոչ միայն մոռանում են իրենք իրենց, այլեւ մոռանում են իրենց կողակցին եւ ամբողջութեամբ ուշադրութիւնը սեւեռում երեխայի վրայ: Սակայն անհրաժեշտ է, առաջինը՝ չմոռանաք Ձեր կողակիցներին, ինչքան էլ Ձեր ուշադրութիւնը կենտրոնացնէք Ձեր երեխաների վրայ: Երկրորդ՝ չմոռանաք, որ Ձեր երեխաները, որոնք Աստծոյ տւած օրհնութիւններն են եւ մարմնաւորւած հրեշտակներ, մնայուն չեն եւ հիւր են Ձեր տանը: Ոչ մի ընտանիքի մէջ, ոչ մի զոյգի միջեւ երեխան չպիտի կռւի ու վիճաբանութեան առարկայ դառնայ, այլ ընդհակառակը՝ միութեան ու հասկացողութեան առիթ պիտի լինի»: Սրբազան հայրն իր խօսքն աւարտեց օրհնութիւններով ու շնորհաւորանքներով:

Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Շաբաթ՝ փետրւարի 10-ի առաւօտեան, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի առթիւ, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատան շրջափակում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի:

Ծրագրին ներկայ էին նաեւ՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Սէյէդիննիան, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Ահմադինիան եւ իրենց ընկերակցող պատւիրակութիւնները, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած թեմիս զաւակների ընտանիքները, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտութեան եւ պատասխանատուների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Արարողութեան աւարտին արտայայտւեցին թեմիս Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը եւ Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Ահմադինիան:

Գեղարդ Մանսուրեանը Իսլամական յեղափոխութեան պահպանման գործում առանցքային համարելով նահատակների անձնազոհութիւնները, յատկապէս շեշտեց իրանահայ համայնքի դերը Իրանի հողային ամբողջականութեան պաշտպանութեան գործում: Նա ընդգծելով նաեւ անցնող 45 տարիների ընթացքում Իրանում իրականացւած ձեռքբերումները՝ ի մասնաւորի ռազմական բնագաւառում, իր վստահութիւնը յայտնեց, որ ժողովուրդը մասնակցելով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, ինչպէս միշտ կասեցնելու է թշնամիների սադրիչ գործողութիւնները:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր խօսքում նախ Իսլամական յեղափոխութեան 45-ամեակի առթիւ շնորհաւորանքի խօսք ուղղեց երկրի հոգեւոր առաջնորդին, պետական այրերին եւ ժողովրդին, ապա նահատակներին ցորենի հատիկների նմանեցնելով, նշեց, թէ ինչպէս ցորենի հատիկները ցանւում են եւ նոր հասկեր են տալիս, նահատակների գաղափարը նորանոր ծիլեր է առաջացնելու եւ տարածւելու է նոր սերնդի սրտում եւ հոգում:

Պրն. Ահմադինիան հաստատելով Սրբազան Հօր արտայայտութիւնները՝ երիտասարդ սերնդի մօտ նահատակների անձնազոհութեան գաղափարի տարածման կապակցութեամբ՝ աւելացրեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը անցնող 45 տարիների ընթացքում իր նւաճումների շնորհիւ իր ժողովրդի հպարտութեան առիթն է հանդիսացել:  

Վերջում ներկաները հայ նահատակների յիշատակին խնկարկեցին եւ ծաղիկներ տեղադրեցին նրանց յուշաքարերի առջեւ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հինգշաբթի՝ փետրւարի 8-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց տօնի առիթով, Սուրբ եւ Անմահ Պատարագ տեղի ունեցաւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում: Նոյն օրը նշւեց նաեւ վերոյիշեալ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ համայնքի «Նարեկ» երգչախումբը:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզախօսութեան ընթացքում անդրադառնալով տօնի պատմական իրողութեանը՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ եկեղեցական օրացոյցում Վարդանանց տօնը բնութագրւել է որպէս ազգային եւ եկեղեցական տօն, ինչը նշանակում է, թէ այդ հերոսները ապստամբեցին, պատերազմեցին եւ նահատակւեցին թէ՛ հայրենիքի եւ թէ՛ հաւատի համար: Նա շարունակութեան մէջ նշելով, որ ցաւօք այսօր պատրւակելով, որ եկեղեցին չպէտք է զբաղւի քաղաքականութեամբ, փորձ է արւում նսեմացնելու եւ իր ազգային դիմագծից պարպելու Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին, յատկապէս շեշտեց Աւարայրի ճակատամարտում հոգեւորական դասի դերակատարութիւնն ու մասնակցութիւնը եւ նշեց, թէ հայոց եկեղեցին ազգային է եւ պահում է իր ազգասիրական ու հայրենասիրական դիմագծերը:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց վերոնշեալ տօնի առթիւ ամենամեայ կարգով պատրաստւող հարիսան, որը բաժանւեց ժողովրդի մէջ:

Այստեղ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ նշւած զոյգ տօների առթիւ, ապա արարողութեան կազմակերպման համար իր գնահատանքի արտայայտութիւններն ուղղեց Շահինշահրի Հայ համայնքի վարչութեանը, ծխատէր քահանայ հօրը, Եկեղեցասիրաց Կանանց միութեանը, մատաղի յանձնախմբին եւ միւս բոլոր դերակատար անհատներին:

Ժողովրդից բացի արարողութեանը ներկայ էին Թեմական խորհուրդների անդամ Տարօն Տէր-Մարտիրոսեանը, ինչպէս նաեւ թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներն ու քաղաքի Հայ համայնքի վարչութեան անդամները:

Սրբոց Վարդանանց տօնակատարութեան առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Շաբաթ՝ յունւարի 27-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Խաչատուր Կեսարացի անւան թանգարանում, տեղի ունեցաւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անւան Մատենադարանի հաւաքածուներից» գրքի Ա. հատորի շնորհանդէսը. գրքի հեղինակն է Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Վարուժ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ համայնքի անդամներ, իսկ Հայաստանից ժամանած պատւիրակութեանը մաս էին կազմում՝ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանից՝ տնօրէն Արա Խզմալեանը, զարգացման գծով տնօրէնի տեղակալ Տաթեւիկ Մուրադեանը, գրքի հեղինակը նոյն ինքը Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող Իւետ Թաջարեանը, հրատարակչութեան ղեկավար Հայկ Համբարձումեանը եւ զարգացման ծրագրերի մասնագէտ Սոնա Բալոյեանը:

Միջոցառման բացումը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը՝ բացատրելով, որ պատւիրակութիւնը պարսկական եւ հայկական կենտրոններ կատարած իր այցելութիւնների կողքին հանդիպում է ունեցել Առաջնորդարանի մի շարք պատասխանատուների հետ. նշւած հանդիպմանը, որպէս Առաջնորդարանի ներկայացուցիչներ ներկայ են եղել՝ դիւանապետ Արիս Դաւթեանը, մատենադարանի եւ արխիւների վերականգնման կենտրոնի պատասխանատու Թովմա Գալստանեանը, գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը եւ արխիւների վերականգնման կենտրոնի աշխատող Վանանդ Իսաղուլեանը: Ընթացքում երկկողմ համաձայնութիւններ են կայացել մասնագէտների վերապատրաստման, գիտական յօդւածների հրատարակման եւ այլ խնդիրների շուրջ:

Ընթացքում արտայայտւեց Մատենադարանի տնօրէն Արա Խզմալեանը, ով պատրաստակամութիւն յայտնեց երկկողմանի համագործակցութեան՝ գիտահետազօտական եւ գրական ժառանգութեան պահպանման ոլորտներում: Նա բարձր գնահատելով հեղինակի կատարած գիտաշխատութիւնը՝ գրքից մէկ օրինակ նւիրեց վանքի գրադարանին:

Այնուհետեւ հերթն հասաւ «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անւան Մատենադարանի հաւաքածուներից» պատկերագրքի հեղինակ Իւետ Թաջարեանին՝ իր աշխատութեան մասին բացատրութեամբ հանդէս գալու:

Հեղինակը, ով ծնունդով իրանահայ է, սովորել է Երեւանի պետական համալսարանի Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնում, ապա Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արւեստի ինստիտուտի ասպիրանտուրայում։

 2013 թ․-ից աշխատում է Մաշտոցեան Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնում՝ որպէս աւագ գիտաշխատող։

Ներկայացւած պատկերագիրքը երկլեզու է՝ հայերէն եւ անգլերէն: Հրատարակւել է Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի եւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ:

Գրքում տեղ են գտել Մատենադարանի ֆոնդերից ընտրւած եզակի լուսանկարներ, որոնց շնորհիւ ներկայացւում է համաշխարհային լուսանկարչութեան ասպարէզում հայ լուսանկարիչների ներդրումը, կարեւորւում նրանց դերը՝ նպատակ ունենալով արժեւորել հսկա­յա­կան ժա­ռան­գու­թիւնը եւ շեշ­տել Մատենադարանում պահւող իւ­րա­քանչիւր լուսանկարի կարեւո­րու­թիւնը։

Պատկերագրքում ընդգրկւած են լուսանկարչութեան ամենանշանաւոր ներկայացուցիչներ Աբդուլլահեան եղբայրների, Անթուան Սեւրուգինի, Դմիտրի Երմակովի, Արամ եւ Արա Վրոյրների, Մատթէոս Փափազեանցի, Յովհաննէս Քիւրքչեանի, Կարապետ Յովհանջանեանի, Մարտիրոս Դադեանցի եւ այլ լուսանկարիչների հարիւրից աւելի արժէքաւոր լուսանկարներ։

Սոյն աշխատութիւնը մասնագիտական օժանդակ նիւթ կարող է դառնալ ոչ միայն պատմաբանների, հնագէտների, աստւածաբանների, արւեստաբանների, ազգագրագէտների, հայագէտների, մարդաբանների, հայկական գաղթօջախները եւ հայկական ցեղասպանութիւնը ուսումնասիրողների համար, այլ նաեւ հայ լուսանկարիչների գործունէութիւնը հետազօտող մասնագէտների համար։

Սոյն գրքից նմուշներ տրամադրւելու են համայնքիս գրադարաններին, ինչպէս նաեւ Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնին:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները:

Ուրբաթ՝ յունւարի 26-ի առաւօտեան, ժամը 10-ին, տեղի ունեցաւ աղօրհնէքի արարողութիւնը, իսկ երեկոյեան ժամը 5-ին՝ հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ Կրօնական խորհրդի կողմից նւէրներ շնորհւեցին զինւորներին:

Այս ծրագրում Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը ողջունելով երեկոյին ներկայ զինւորներին՝ ուժ ու կորով եւ անփորձանք ծառայութիւն մաղթեց նրանց: Այնուհետեւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ զինւորների օրհնութեան կարգի ընթացքում խնդրանք է բարձրացւել առ Աստւած՝ զինծառայողներին իմաստութիւն եւ յաջողութիւն պարգեւելու եւ նրանց բոլոր տեսակի վտանգներից պահպանելու համար, մաղթեց, թէ բոլոր զինւորներն ու նրանց հարազատները ծառայութեան ժամանակաշրջանի աւարտին ուրախութեան արցունքները սրբեն իրենց աչքերից:

Յաջորդ օրը՝ շաբաթ, յունւարի 27-ի առաւօտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը: Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Քարոզախօսութեան ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձ ունեցաւ քրիստոնէութեան հաւատի համար զոհւած Ս. Սարգիս զօրավարի կեանքին, ինչպէս նաեւ իր, որդու եւ 14 զինակիցների նահատակութեանը:

Նա իր խօսքի աւարտին յիշեցնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կողմից 2024 թւականը հռչակւել է «Մարդուժի պատրաստութեան տարի», աւելացրեց, թէ բոլորը պէտք է մի անգամ եւս ընթերցեն Վեհափառ Հայրապետի հռչակագիրը, ունկնդրեն մեծերի եւ փորձառուների խրատները, որպէսզի առաւել չափով լծւեն եկեղեցու, ազգի եւ հայրենիքի ծառայութեան եւ սպասարկման աշխատանքներին: Սրբազան Հայրը մաղթեց ներկաներին՝ աստւածահաճոյ կեանք ապրեն, որպէսզի Ս. Սարգիս զօրավարի բարեխօսութեամբ արժանանան Աստծոյ ողորմութեանը, գթութեանն ու օրհնութեանը:  

Պատարագի աւարտին Ս. Սարգիս զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Չորեքշաբթի՝ յունւարի 17-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով քաղաքավարական այցով Շահինշահրի Հայ համայնքի կենտրոնատեղիում ներկայ գտնւեցին՝ Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջաթ. Բաղերեանը, քաղաքապետ Սաիդ Աբրիշամի Ռադը եւ նրանց ընկերակցող մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնատարներ. հիւրերին դիմաւորող հայկական պատւիրակութեանը, որին գլխաւորում էր  Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, մաս էին կազմել՝ տեղի համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, Պատգամաւորական ժողովում  Շահինշահրի պատգամաւորներն ու Հայ համայնքի վարչութեան անդամները:

Սկզբում հիւրերին բարիգալստեան խօսք ասաց հիւրընկալը՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Անահիտ Այւազեանը: Նա իր խօսքում յատկապէս շնորհակալութիւն յայտնեց Շահինշահրի պետական պաշտօնատարներին՝ հայ համայնքին զանազան բնագաւառներում հովանաւորելու եւ պատկան վարչութեան հետ համագործակցելու համար:

Բարի գալստեան մաղթանքներով արտայայտւեց նաեւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա յատկապէս նշեց, որ թէեւ թշնամիները սադրիչ գործողութիւններով փորձում են պառակտել Իրանի ժողովրդի միասնականութիւնը, սակայն այս երկրի  քաղաքացիները անկախ իրենց ազգութիւնից ու դաւանանքից, ոչ միայն հնազանդ ու հպատակ են երկրի ղեկավարութեանը, այլ նաեւ հարազատօրէն եւ եղբայրաբար ապրում են միմեանց կողքի, ինչն արդիւնքն է երկրի հոգեւոր առաջնորդի եւ պետական այրերի տարիների վարած գովելի քաղաքականութեան: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ողբերգութիւնը, իր, թեմի ազգային մարմինների եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց զոհւածների կապակցութեամբ եւ շուտափոյթ ապաքինում ցանկացաւ վիրաւորների համար։ Սրբազան Հայրը վերջում խնդրեց Աստծուն սէր, միութիւն, խաղաղութիւն եւ ապահովութիւն՝ իրանեան հայրենիքում եղբայրական մթնոլորտում կեանքը շարունակելու համար:

Հոջաթ. Բաղերեանը դրւատանքի խօսք ասելով հայ համայնքի կապակցութեամբ՝ հպրատութեան առիթ համարեց նման քաղաքացիներ ունենալը. նա իր խօսքում յատկապէս ընդգծեց այն փաստը, որ Իրանի ժողովուրդը միշտ միասնական է եղել՝ թէ երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման հարցում եւ թէ զարգացման ու բարգավաճման ժամանակաշրջաններում:

Շարունակութեան մէջ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքի խօսքերով ու մաղթանքներով հանդէս եկան քաղաքապետ պրն. Աբրիշամի Ռադն ու Քաղխորհրդի անդամ պրն. Շահզադէ Ֆարդը: Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրերին իրենց այցի առիթով՝ գնահատեց, որ բազմազբաղ լինելով հանդերձ միշտ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում հայ համայնքի նկատմամբ: Պրն. Մինասեանը ցաւալի համարելով այն, որ 2024-ի սկզբնական օրերին Իրանի ժողովուրդը ակնատեսը եղաւ Քերմանի ողբերգութեանը, խաղաղութիւն եւ առաւել առաջադիմութիւն ցանկացաւ Իրանի եւ ժողովրդի համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հինգշաբթի՝ յունւարի 11-ի առաւօտեան, ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի, Ջրօրհնէքի կարգ կատարւեց Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում, իսկ յաջորդ օրը, ուրբաթ՝ յունւարի 12-ի առաւօտեան, նոյն արարողութիւնն իրականացւեց Ղարղուն գիւղի «Ս. Նշան» եկեղեցում:

Յունւարի 12-ին, Շիրազի «Ս. Աստւածածին» եկեղեցում, արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը կատարեց Ջրօրհնէքի արարողութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ յունւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց, ուր նշւեցին Սուրբ Յովհաննէս Կարապետի եւ միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօները: Պատարագի քարոզախօսութեան պահին ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «Մարդուժի պատրաստութեան տարի» անւանելու կապակցութեամբ:

Հռչակագրի աւարտին Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ ընդգծել էր հետեւեալը.

1) Հակառակ Սփիւռքի դժւար պայմաններին ու սահմանափակ միջոցներին, մարդուժի պատրաստութեան գծով հսկայ աշխատանք է կատարւել։ Մեր բարձր գնահատանքն ենք յայտնում մարդակերտման ու հայակերտման սրբազան առաքելութեան լծւած բոլոր նւիրեալներին։

   2) Գաղութներում մարդուժի համախմբումը համարում ենք անյետաձգելի անհրաժեշտութիւն։

   3) Ամէն դէպքում համախմբումները անհրաժեշտ է, որ կազմակերպւեն պարզ օրակարգի հիման վրայ։

   4) Հարկ է մասնաւոր կարեւորութիւն ընծայել երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեանը՝ ներառելով յատկապէս համալսարանականներին ու համալսարանաւարտներին։

   5) Անհրաժեշտ է որոշ առիթներով եւ նոյնիսկ աստիճանական ձեւով գաղութի մարդուժը համախմբող հաւաքներ կազմակերպել։

   6) Գաղութի մարդուժի ամբողջական ցանկագրումը համարում ենք խիստ անհրաժեշտ։

   7) Թելադրելի է, որ յիշեալ յոյժ կարեւոր աշխատանքներում իրենց գործօն մասնակցութիւնը բերեն թեմական, կուսակցական, կրթական, երիտասարդական, մշակութային, բարեսիրական եւ այլ կառոյցների գործադիր մարմիններ։

   8) Ինչպէս յայտնեցինք, մարդուժի պատրաստութիւնը նաեւ պահանջում է նիւթական յանձնառութիւն։ Համայնական սոյն ճիգի մէջ մեր ունեւոր ազգայինները պարտաւոր են զգալու այս ուղղութեամբ կարեւոր ներդրում կատարել։

9) Մեր թեմերն ու կառոյցները իրենց գործունէութեան օրակարգում կարեւոր տեղ են յատկացնելու մարդուժի պատրաստութեան հետ աղերս ունեցող նախաձեռնութիւններին ու աշխատանքներին։

Նշելի է, որ հռչակագիրն ընթերցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում: Նոր Ջուղայում Պատարագ մատուցեց  արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ Շահինշահրում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Շաբաթ՝ յունւարի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատան տարածքում, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած հայորդիներ՝ Վարդան Աբրահամեանի, Ռայմոնդ Խաթուննեժադի, Վրէժ Բաղումեանի, Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի, Հրաչ Յակոբեանի եւ Մկրտիչ Թովմասեանի յիշատակին կառուցւած յուշահամալիրի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի քահանայից ու դպրաց դասերի, Ամանորի առթիւ հոգեհանգստեան կարգ կատարւեց՝ պարտադրեալ պատերազմի բոլոր նահատակների՝ ի մասնաւորի վերոնշեալ վեց հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւի Նեժադը՝ ընկերակցութեամբ նահանգապետարանի զանազան գծերով տեղակալների, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն Համիդռեզա Մոհաղեղիանը, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն Ալի Թամմանային, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի Մշակութային բաժնի փոխ-նախագահ պրն. Սաքեթը, թեմի Պատգամաւորական Ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հայ Դատի յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ներկայացուցիչները, նահատակների ընտանիքներն ու նշւած ընտանիքների հետ կապ Զարեհ Ղարախանեանը:

Կարգի աւարտին հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնը, ապա պրն. նահանգապետը բնաբան ունենալով Մուհամմեդ մարգարէյի խօսքը՝ նահատակութիւնը Աստծոյ ընտիր պարգեւ համարելով, ասաց, որ Իրանի ժողովուրդը երախտապարտ է իր նահատակներին: Այնուհետեւ նա ծաղկեպսակներ զետեղեց յուշաքարերի մօտ, իսկ նւէրներ յանձնեց նահատակների ընտանիքներին:

Թղթակից (Նոր Ջուղա)