Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան, ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ  Մ. Մ. «Արարատ» միութեան  հանդիսութիւնների դահլիճում նշւեց Ս. Մարիամ Աստւածամօր անարատ յղիութեան աւետման եւ Հայ մայրերի օրը:

Տօնական հանդիսութեան մեկնարկը տրւեց Թեհրանից հրաւիրւած «Զարթօնք» պարախմբի կատարմամբ՝ Արա Գէորգեանի «Մուսա լեռ» երաժշտութեան ներքոյ խանդավառ պարով, ապա յանուն կազմակերպիչ ընկերութեան, ներկաներին ռղջունեցին եւ բացման խօսքով հանդէս եկան բեմավարներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Կարէն Խանլարեանը, որում նախ առիթը պատեհ համարելով շնորհաւորանքի խօսք էր ուղղւած Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանին արքութեան տիտղոսին արժանանալու առիթով, ապա ներկաներին՝ տօնի կապակցութեամբ: Բացման խօսքում նաեւ անդրադարձ էր կատարւած օրւայ խորհրդին, որում  ի մասնաւորի ասւած էր. «Կրօնական դիտանկիւնից, ամէն ինչի սկիզբը Արարիչն է: Աստւած կնոջ միջոցով փոխանցեց արարման շնորհը, որով սկիզբ է առնում  կեանքը: Մայր ասելով ընկալւում է սկիզբ ու ընթացք, քանզի միայն կեանք տալով չէ, որ սահմանափակւում է մայրութեան առաքելութիւնը. այս տօնի խորհուրդը Աստւածայինի եւ մարդկայինի միաձուլումն է»:

    Աստւածամօր պատկերի ներքոյ իրականացած տօնական հանդիսութեան ընթացքում «Զարթօնք» պարախումբը գեղարւեստական  ղեկավարութեամբ Լորեթա Աւետիսեանի հանդէս եկաւ ոչ միայն պարային համարներով, այլ նաեւ երեկոն ողջունեց օրւան համահունչ գեղեցիկ մեներգերով, զուգերգով եւ բանաստեղծական կտորների կատարումներով՝ երգչուհի Մինէ Թահմազեանի, երգիչ Մխիթար Վարդինիի եւ ասմունքող Սիփան Մկրտումեանի կատարմամբ: Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամներ՝ Վանէ Շահնազարեանը, Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանը, Սիսիանա Յակոբեանը եւ Քաջազնունի Սարեանը ելոյթ ունեցան հայ անւանի բանաստեղծների գոհարներից կտորների կատարումներով: Նաեւ մեներգերով հանդէս եկաւ համայնքիս սիրւած երգչուհի Թանիա Մինասեանը: Ելոյթներն ընդմիջւում էին մայրութիւնը գովերգող խօսքերով ու քառեակներով:

Աւարտին յուշանւէրներ յանձնւեցին գեղարւեստական բաժնի մասնակիցներին, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Բարեգործական ընկերութեան նախագահուհի Սանդրա Խաչատրեանի եւ Կազմակերպչական յանձնախմբի նախագահուհի Քառոլին Առաքելեանի:

Այնուհետեւ գերշ. Տ. Սիփան Ս. Արք Քէչէճեանը տօնի առթիւ իր հայրական պատգամում շնորհաւորանքի խօսք ասելով բոլոր հայ մայրերին, ինչպէս նաեւ գնահատելով ու քաջալերելով կազմակերպիչներին եւ բոլոր դերակատարներին, անդրադարձ կատարեց օրւայ խորհուրդին եւ ասաց. «Զոյգերը հիմք ունենալով սէրը ամուսնանում եւ կազմում են ընտանիք, որը համալրւում է զաւակի ծնունդով: Աղջիկները տեսնելով մայրական  ծովածաւալ  եւ անսահման զոհողութիւնը, որն անգամ հասնում է մինչեւ տանջանքի ու տառապանքի, դարձեալ ընդունում են մայր դառնալ, որովհետեւ կշեռքի նժարի վրայ տեսնում են մայրական սէրը, նւիրումը եւ առաքինութիւնը, ինչը գերադասելի է միւս նժարի բովանդակութեան նկատմամբ»:

Միջոցառմանը ներկայ էին քահանից դասի, ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան անդամուհիները եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հինգշաբթի եւ ուրբաթ՝ ապրիլի 4 եւ 5-ին, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը հովւական այցելութիւն կատարեց Շիրազ: Թեմակալ Առաջնորդին նշւած այցելութեան ընթացքում ընկերակցում էին՝ արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանը, արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, սարկաւագները եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբից կազմւած երգեցիկ խումբը:

Նշւած ժամանակաշրջանում, նախ հինգշաբթի երեկոյեան Թեմակալ Առաջնորդը մտերմիկ հանդիպում ունեցաւ տեղի հայ համայնքի հետ, ապա ուրբաթ հայոց ազգ. գերեզմանատանը կատարեց հոգեհանգստեան պաշտօն:

Սրբազան հօր ձեռամբ նաեւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց քաղաքի «Ս. Աստւածածին» եկեղեցում:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երեքշաբթի՝ ապրիլի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզի շրջափակում, ներկայութեամբ սաների մայրերի եւ տատիկների, նշւեց Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:

Ծրագրում նախ օրւան պատշաճ խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզի տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը: Ահա մի հատւածի մէջբերում բացման խօսքից. «Մայրական սիրոյ մասին բազմիցս խօսւել է եւ ոչ ոք չի կասկածում դրա անկեղծութեանն ու մարքրութեանը: Մայրը ոչ միայն քնքշանքի արղբիւր է, այլ նաեւ բարութեան ու մեծահոգութեան ուսուցիչ, ով կարողանում է խստութիւններին եւ դաստիարակչական կանոններին զուգահեռ, իր զաւակին ներշնչել ամենագեղեցիկ զգացումները»:

Շարունակութեան մէջ դպրոցի մանկապարտէզի եւ նախակրթարանի սաները գեղարւեստական յայտագրով ելոյթ ունեցան, որը յագեցած էր մայրերին նւիրւած երգերով, արտասանութիւններով ու պարերով:

Այնուհետեւ զւարճալի խաղ-մրցոյթներ իրականացւեցին սաների եւ իրենց մայրիկների մասնակցութեամբ, իսկ տնօրէնուհու եւ Կրթական խորհրդի անդամ Սաթենիկ Աւետումեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին ընթացիկ տարւայ փետրւարին դպրոցի կազմակերպած հեքիաթասացութեան փառատօնին մասնակից սաներին ու իրենց տատիկներին:

Վերջում մայրիկներին նւիրւեցին ծաղիկներ, իսկ ներկաները վայելեցին նախատեսւած հիւրասիրութիւնը:

Թղթակցութիւնը կազմեց օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ կազմակերպիչների զեկոյցի համաձայն։

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեան

  

Ուրբաթ՝ ապրիլի 12-ի առաւօտեան, Սպահանի Փերիոյ գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով 17-րդ դարում այս վայրում աճիւնները հանգիստ առած, քրիստոնէութեան հաւատի ճանապարհի նահատակ Գրիգոր Արփայեցու կեանքին, ինչպէս նաեւ Բուրվառ շրջանից Նուրիջան անունով մի այլ հաւատացեալ նահատակի կենսագրականին, պատգամեց օրինակ վերցնելով յիշեալ սրբերից ապրել քրիստոնէական դաստիարակութեամբ եւ իսկական հաւատով ապրել ու պահպանել կրօնը: Նա նաեւ կոչ արեց ծնողներին նոյն բարոյագիտութեամբ դաստիարակել մատաղ սերնդին:

Այնուհետեւ ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ: 

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ ապրիլի 3-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն մասնաճիւղի Մշակութային միաւորի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ Մայրերի տօնին նւիրւած միջոցառում:

Օրւայ բացման խօսքն արտայայտեց Էմմա Օրդուբէգեանը, ով շնորհաւորանքի խօսքից յետոյ բարձր գնահատեց հայ կնոջ եւ մօր դերակատարութիւնը ազգի եւ հայրենիքի պաշտպանութեան, ինչպէս նաեւ ընտանիքի ամրապնդման գործում: Նա յատկապէս անդրադարձ կատարելով Արցախից բռնի տեղահանւած ժողովրդին, ընդգծեց արցախահայ մայրերի հերոսութիւնները, ովքեր պատրաստ են իրենց անկոտրում կամքով իրականացնել արծւաբոյն հայրենիքում վերապրելու երազանքը:

Շարունակութեան մէջ Վարդուհի Պօղոսեանը մասնաճիւղի վարչութեան անունից շնորհաւորանքի խօսք եւ բարեմաղթանքներ ուղղեց բոլոր մայրերին:

Ծրագիրը յագգեցած էր հայկական տարազների եւ ուտեստների թեմաներով խաղ-մրցոյթներով, խրախճանքով եւ հիւրասիրութեամբ:   

Յատկանշական է, որ ներկաները սրահ մուտք գործելիս ստացան կրծքանշաններ, որոնցով մասնակից դարձան նաեւ օրւայ վիճակահնութեանը: 

Թղթակցութիւնը կազմեց օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ կազմակերպիչների զեկոյցի համաձայն

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեան

  

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ «Արարատ» միութեան բոլոր միաւորների, մարտի 19-ից 23-ը, նոյն միութեան շրջափակում իրականացւեցին Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերը՝ «Արարատից Արարատ» նշանաբանի ներքոյ:

Բացման հանդիսութիւն

Բացման միջոցառումը մեծ հանդիսութեամբ իրականացաւ երեքշաբթի՝ մարտի 19-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի սրահում, հանդիսավարութեամբ Մանիա Ղուկասեանի եւ Արթուր Քամարզարեանի:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, նոյն խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքաետ պրն. Քարգարը, Սպահանի Սպորտի եւ երիտասարդութեան հիմնարկի պատասխանատուներ, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւննների ներկայացուցիչներ, մի շարք հայ եւ պարսիկ հրաւիրեալներ, կազմակերպիչ միութեան՝ արտօնատէրը, Կենտ. վարչութիւնը, միաւորների վարչութիւններն ու անդամները, Թեհրանից, Թաւրիզից, Ուրմիայից, Շիրազից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից մասնակցութիւն ցուցաբերած մարզական պատւիրակութիւններն ու հոծ թւով ժողովուրդ:

Սկզբում Սկաուտական միաւորի միջոցով խմբապետ Արթին Վարդանեանի հրահանգի ներքոյ իրականացւեց դրօշակի արարաողութիւնը եւ ներկաների յոտնկայս լռութեան ներքոյ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը:

Այնուհետեւ իրականացւեց բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ ճատրակի մարզական պատւիրակութիւնների շքերթ-տողանցքը. նշւած պատւիրակութիւններն էին՝ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը (Հ.Մ.Ա.Կ.), Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Թաւրիզի, Ուրմիոյ եւ Շիրազի մասնաճիւղերը, Հայ Մշակութային «Նայիրի» միութիւնը, Հայ Մշակութային «Սարդարապատ» միութիւնը, Հայ Մշակութային «Սիփան» միութիւնը, Հայ Մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրը եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնն ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղը:  

Յաջորդիւ սրահ մուտք գործեց ջահակիր խումբը եւ Նարէ Ղարախանեանի միջոցով բոցավառւեց 33-րդ Գարնանային խաղերի գլխաւոր ջահը: Յատկանշելի է, որ կրակը վառւել էր Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակից եւ օրհնւել թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ: Նշելի է, որ կարկը տեղափոխող ջահը պատրաստւել է Հայաստանում:

Ջահակիր խմբի միւս անդամներն էին՝ Անի Մկրտչեանն ու Արամէ Սիմոնեանը: Այժմ ծանօթանանք սոյն խմբի անդամներին.

Նարէ Ղարախանեան (գլխաւոր ջահակիր)

Ծնւել է 2004 թւականին, Նոր Ջուղայում: 9 տարեկանից մասնակցել է «Արարատ»  միութեան եւ դպրոցական բասկետբոլի խմբերին եւ յետոյ շարունակել է սկաւառականետման ճիւղը մինչ այժմ: 2018 թ. «Փուեա» լիգայում գրաւել է առաջին եւ երկրորդ տեղերը: 2019 թ. Հայաստանի 7-րդ եւ 8-րդ Համահայկական խաղերին գրաւել է առաջին կարգը: 2021 թ. երկրի մրցոյթներում գրաւել է երկրորդ տեղը: Երկու տարի անդամակցել է Սեփահանի խմբին: 2023-ին մասնակցել է երկրի երիտասարդական մակարդակի կազմակերպւած մրցոյթներին եւ նւաճել երկրորդ կարգը: Թեհրանի ազատ համալսարանի թիմի հետ մասնակցել է լիգայի մրցոյթին եւ գրաւել երկրորդ տեղը, ճանաչւելով որպէս լաւագոյն մարզիկ:

Անի Մկրտչեան

Ծնւել է 2001 թւականին, Նոր Ջուղայում: Զբաղւում է լող մարզաձեւով՝ որպէս մարզիկ, մարզիչ եւ փրկարար: Մասնակցել է բազմաթիւ մրցոյթների՝ Սպահան նահանգի եւ երկրի մակարդակով, ինչպէս նաեւ տարբեր շրջանների Համահայկական խաղերին, որոնց արդիւնքում արժանանցել է բազմաթիւ մեդալների: Վերջին երկու տարիներին մասնակցելով լիգայի մրցոյթներին երկու անգամ գրաւել է չորրորդ տեղը: 2023 թւականին անցակցւող Ուսնաողական օլիմպիադայի արդիւնքում արժանացել է մէկական ոսկի, արծաթ եւ բրոնզ մեդալների՝ ստանալով մօտ ապագայում երկրի մակարդակում կայնալիք մրցոյթների մասնակցութեան թոյլտւութիւնը:

Արամէ Սիմոնեան

Ծնւել է 2012 թւականին, Նոր Ջուղայում: Զբաղւում է կառատէ մարզաձեւով: 2023 թւականին մասնակցելով Սպահան նահանգի, ապա երկրի մասշտաբով «Քիոքոշին կառատէ» մրցաշարերին գրաւել է առաջին պատւաւոր տեղը:

Այս բաժնի աւարտին խաղերի երդման կարգը արտասանւեց մարզիկ Էրիկ Ղազարեանի եւ իրաւարար Արթուր Խաչիկ Գրիգորիի միջոցով:

Շարունակութեան մէջ եղան արտայայտութիւններ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Ժորժ Ղազարեանի, նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի կողմից:

Ժորժ Ղազարեանը նշելով, որ 33-րդ Գարնանային խաղերը յատկապէս վկայում են իրանահայ համայնքների միասնութիւնը, ընդգծեց, թէ այս համայնքները միշտ աչքի են ընկել իրենց հաւաքական կեանքով ու հայրենասիրութեամբ: Նա բարի գալստեան խօսք ասելով մարզական պատւիրակութիւններին՝ շեշտեց, որ զանազան համայնքներից խմբերի ներկայութիւնն առաւել չափով է հարստացնում Գարնանային խաղերը եւ իրանահայութեանը միաւորում որպէս մէկ ընտանիք:

Գեղարդ Մանսուրեանը անդրադառնալով մարզիկի յատկանշիներին եւ գնահատելով համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտում իրականացւող Գարնանային խաղերը՝ յատկապէս անդրադարձ ունեցաւ արդար մրցոյթների անցկացման կարեւորութեանը: Նա շեշտելով Սպահանի հայոց թեմի զաւակների յաջողութիւնները՝ ի մասնաւոի սպորտի ասպարէզում, բարձր գնահատեց «Արարատ» միութեան դերը մարզիկներ կրթելու գործում: Պրն. Մանսուրեանն իր խօսքի աւարտին շնորհակալութեամբ հանդէս եկաւ պետական պատկան մարմիններին՝ այս խաղերի կազմակերպման արտօնութիւնների համար:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ այսօր բնութեան զարթօնքի հետ միատեղ կազմակերպւել են 33-րդ Գարնանային խաղերը, որը խթան է հանդիսանալու հոգեկան ներաշխարհի վերակենդանացման, իր լաւագոյն մաղթանքներն ուղղեց խաղերում ընդգրկւած մարզական պատւիրակութիւններին: Նա շնորհաւորանքի խօսք ուղղեց «Արարատ» միութեան ընդարձակ ընտանիքին, որին յաջողւել է մի անգամ եւս արձակուրդային օրերը յիշարժան դարձնել իրանահայ համայնքի համար:

Երեկոյի գեղարւեստական կատարումների սկիզբը հանդիսացան Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) «Արարատ» պարախմբի «Յաղթանակ» եւ «Ազգագրական» պարային ելոյթները՝ պարուսոյցներ Լինէթ Սարգսեանի եւ Ալմարա Շամիրեանի ղեկավարութեամբ:

«Զոմա-զոմա» երգը կատարեց Վանա Շիրւանեանը:

Գեղարւեստական յայտագրով ծրագիրը շարունակւեց կազմակերպչի՝ «Արարատ» միութան մշակութային եւ մարզական խմբերի անզուգական կատարումներով, ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր Մարտիրոսեանի: Պարային համարներ տեղի ունեցան միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի աւագ եւ կրտսեր խմբերի միջոցով, որոնց պարուսոյցն էր Քաթրին Մարկոսեանը: Պարային առաջին համարներին զուգընթաց հնչեց հանգդրամի կատարում Լալա Ալեքսանդրեանի միջոցով, որի երաժշտութիւնը պատկանում էր Արբի Բաբումեանին, իսկ գործիքաւորումը՝ Հարմա Կարապետեանին: Գիմնաստիկայի պարային-մարզական շարժումներով հանդէս եկաւ միութեան գիմնաստիկայի խումբը, ղեկավարութեամբ մարզիչ Վիլմա Վարդանեանի եւ Թենի Համազասպեանի, իսկ օրիորդաց բասկետբոլի եւ կառատէի խմբերը նոյնպէս կատարեցին պատկան մարզաձեւերի առնչութեամբ շարժումներ. այս երկու խմբրի մարզիչներն էին հերթաբար Լուսինէ Սէթ-Աղայեանը եւ Սերժիկ Մինասքանեանը:

Բացման միջոցառումը եզրափակւեց շրջափակում տեղի ունեցած հրավառութեամբ:

Մարզական խաղերի արդիւնքի ամփոփում

Տղայոց բասկետբոլ (3*3)

Նոր Ջուղա՝ առաջին

Թաւրիզ՝ երկրորդ

Նոր Ջուղա՝ երրորդ

Տղայոց բասկետբոլ

Նոր Ջուղա՝ առաջին

«Սիփան» միութիւն՝ երկրորդ

Հ.Մ.Ա.Կ.՝ երրորդ

Երկսեռ բասկետբոլ (3*3)

«Բռունք» խումբ (Նոր Ջուղա)՝ առաջին

«Արարատ» խումբ (Նոր Ջուղա)՝ երկրորդ

«Նեմեսիս» խումբ (Նոր Ջուղա)՝ երրորդ

Ֆուտբոլ

Նոր Ջուղա՝ առաջին

Հ.Մ.Ա.Կ.՝ երկրորդ

«Սիփան» միութիւն՝ երրորդ

Ճատրակ՝

Արթուն Ազիզի (Ուրմիա)՝ առաջին

Արթին Խուդավերդեանս (Ուրմիա)՝ երկրորդ

Բենիա Ասլանեան (Սարդարապատ մ.)՝ երկրորդ

Արգիշտ Քեշիշեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երիտ.-անհատական

Էմիլի Նաւասարդեան (Նոր Ջուղա)՝ առաջին

Էմմի Մկրտչեան (Նոր Ջուղա)՝ երկրորդ

Իզաբէլ Սարգսեան (Թաւրիզ)՝ երրորդ

Սէրլի Շահմիրզայեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երէց-անհատական

Աննա Քեշիշեան (Նայիրի մ.)՝ առաջին

Փաթրիշիա Դանեղեան (Թաւրիզ)՝ երկրորդ

Ալին Քեշիշեան (Նայիրի մ.)՝ երրորդ

Գալիա Դիլանչեան (Նոր Ջուղա)՝ երրորդ

Սեղանի թենիս-տղայոց, երէց-անհատական

Արսէն Տէր-Գրիգորեան (Հ.Մ.Ա.Կ.)՝ առաջին

Ռոնի Մեհդիխանեան (Հ.Մ.Ա.Կ.)՝ երկրորդ

Արութին Թորոսեան (Շահինշահր)՝ երրորդ

Միրօ Մանուկեան (Շիրազ)՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երիտ.-խմբային

Նոր Ջուղա Ա.՝ առաջին

Թաւիրզ՝ երկրորդ

Նոր Ջուղա Բ. եւ Գ.՝ երրորդ

Սեղանի թենիս-օրիորդաց, երէց-խմբային

«Նայիրի» մ.՝ առաջին

Նոր Ջուղա՝ երկրորդ

«Սարդարապատ» մ. երրորդ

Սեղանի թենիս-տղայոց, երէց-խմբային

Հ.Մ.Ա.Կ.՝ առաջին

Շիրազ՝ երկրորդ

Շահինշահր՝ երրորդ

«Սարդարապատ» մ.՝ երրորդ

Փակման ծրագիր

Փակման արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ՝ մարտի 23-ի երեկոյեան, հանդիսավարութեամբ Վանէ Յովսէփեանի: Յաղթող խմբերին եւ անհատ մարզիկներին շնորհւեցին գնահատագրեր, մեդալներ եւ գաւաթներ:

Այլ միջոցաշումներ

- Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, տեղի ունեցաւ Գարնանամուտի դաշտահանդէս՝ նախաձեռանութեամբ միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի եւ համագործակցութեամբ Մշակութային միաւորի վարչութեան. վերջինս հարկ եղածը դասաւորել էր հաղորդավարի եւ երկու երգերի կատարման ուղղութեամբ: Դաշտահանդէսը յագեցած էր զւարճալի խաղերով եւ ճոխ բուֆէով:

- Հինգշաբթի եւ շաբաթ՝ մարտի 21 եւ 23-ին, տեղի ունեցաւ «Անց ու դարձ» ծրագիրը: Այս բաժնի իրականացման համար Մշակութային միաւորի կողմից կեանքի էր կոչւել առանձին յանձնախումբ: Ծրագրում արտացոլւել էր Գարնանային խաղերին առնչւող հետաքրքիր թեմաներ, մի շարք զաւեշտալի իրադարձութիւններ եւ այն ամէնը, ինչ հեռու էր մնացել հանդիսատեսի աչքերից:

- Ուրբաթ՝ մարտի 22–ի առաւօտեան, նախաձեռնութեամբ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան եւ համագործակցութեամբ նոյն միաւորի Օժանդակող յանձնախմբի կազմակերպւեց «Գիտունիկի տնակ» ամենամեայ մանկական միջոցառումը, որը յագեցած էր հետաքրքիր ձեռքի աշխատանքների պատրաստմամբ, երգ ու պարով եւ զւարճալի խաղ-մրցոյթներով:

- Շաբաթ՝ մարտի 23-ին, Միութեան Ուսանողական միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ գիտելիքների մրցոյթ, որին իրենց մասնակցութիւնն էին ցուցաբերել մարզական խմբերի պատւիրակութիւնները:

- Գարնանային խաղերի ընթացքում աշխատել է նաեւ առանձին յանձնախումբ, որի պարտականութիւնն է եղել լուսանկարել բոլոր մրցոյթները եւ ամփոփել արդիւնքները:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

Շաբաթ՝ մարտի 30-ի երեկոյեան, Ս. Յարութեան տօնի Ճրագալոյցը նշւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը նախագահեց «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութեանը, ուր պատարագիչ հայրն էր արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը:

Ընթացքում որպէս քարոզ Սրբազան Հայրն ընթերցեց Ս. Յարութեան տօնի առթիւ իր պատգամը: Սրբազան Հօր պատգամը ընթերցւել է նաեւ վերոնշեալ միւս եկեղեցիներում:

Ահա մի հատւածի մէջբերում սոյն պատգամից.

«Թող որ մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի հրաշագործ յարութիւնն արթնութեան առիթ հանդիսանայ մեզ համար, որպէսզի սթափւենք մեր ներկայ կործանարար վիճակից, փոխենք մեր մեղսալից կեանքը, զղջանք ու ապաշխարենք, կասեցնենք ազգակործան ու հայրենակործան գործընթացը, ընտրենք բարեգործութեամբ առլեցուն աստւածահաճոյ կեանք եւ մանաւանդ վերականգնենք մեր հաւատն ու յոյսը, որի արդիւնքում վերստանձնենք մեր բոլոր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները՝ անձնական, անհատական թէ հաւաքական, եւ արժանանալով Աստծու ողորմութեանը, գթութեանն ու ներողամտութեանը, ոչ թէ ականատես վկայ, այլ մասնակիցները լինենք մեր Եկեղեցու, Ազգի ու Հայրենիքի սրբակենցաղ յաղթական յարութեան՝ մեր ազգակիցների նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխումով»:

Կիրակի՝ մարտի 31-ին, Ս. Յարութեան տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Աստւածածին» եկեղեցու Ս. Պատարագին, որի պատարագիչ հայրն էր արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը:

Ընթացքում, քարոզախօսութեան փոխարէն, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ տօնի առթիւ, որից ստորեւ մէջբերում ենք.

 «Քրիստոսի յարութիւնը նաեւ պատգա՛մ է ուղղւած մեր ժողովրդին: Պատգամ՝ հաւատարիմ մնալու Քրիստոսի յարութեան խորհրդին եւ այն իրենց հաւատքի կեանքով ու առաքելութեամբ թարգմանած մեր հայրերի սրբազան կտակին: Նաեւ հեռո՛ւ մնալու քրիստոնէական արժէքները նսեմացնող կենցաղակերպերից եւ գործելակերպերից: Հեռո՛ւ վանելու մեզ շրջապատող չարերն ու չարիքները: Պատգամ՝ մերժելու խաւարը եւ բացւելու լոյսին, մերժելու վհատութիւնը եւ փարելու յոյսին, մերժելու մահը եւ կառչելու կեանքին: Արդ, սիրելի՛ հայորդիներ, իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաւաքաբար յաղթահարելու յարութեան հաւատով: Իրար ողջունենք Քրիստոսի յարութեանը յաղթանակին մասնակից դառնալու յանձնառութեամբ, ինչպէս դարեր շարունակ մասնակից դարձանք Քրիստոսի Խաչի ճանապարհին»:

Վեհափառ Հայրապետի պատգամն ընթերցւել է նաեւ նշւած միւս եկեղեցիներում:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Աւագ ուրբաթ՝ մարտի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ներկայութեամբ թեմի քահանայից ու դպրաց դասերի նշւեց Յիսուս Քրիստոսի չարչարանքի, խաչելութեան եւ թաղման յիշատակի օրը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով Քրիստոսի չարչարանքների, խաչելութեան եւ թաղման աւետարանական դրւագներին, պատգամեց՝ առիթն օգտագործել սթափւելու համար, որպէսզի սխալ ընթացքի վրայ լինելու պարագային, ուղղենք մեր կեանքի ճամբան: Նա յորդորեց նաեւ գտնել Աստծուն հաճելի ընթացքը եւ առաջնորդւել դրանով:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Աւագ հինգշաբթի՝ մարտի 28-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան Քհնյ. Աղաբաբայեանը։ Պատարագին մասնակցում էին նաեւ թեմի քահանայից եւ դպրաց դասերը:

Ընթացքում, ըստ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնի, քարոզախօսութեան փոխարէն Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ս. Բարսեղ հայրապետի աղօթքը:

Արարողութեանը ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիներն՝ իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 4:00-ին, Ոտնլւայի կարգ իրականացւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց եկեղեցիներում: «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութիւնն իրականացւեց Սրբազան Հօր ձեռամբ:

Աւարտին թեմակալ Առաջնորդն անդրադառնալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով արքութեան պարգեւին արժանանալուց յետոյ, Ոտնլւայի կարգն իր առաջին պաշտօնական արարողութիւնն է, հետաքրքիր զուգադիպութիւն համարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կուսակրօն քահանաների համար նախատեսւած ամենաբարձր պաշտօնի՝ արքութեան ստացումն ու որպէս առաջին արարողութիւն խոնարհութիւն խորհրդանշող այս կարգի իրականացումը եւ աւելացրեց, որ Աստւած մի կողմից բարձրագոյն պաշտօնի է արժանացնում մարդուն, միւս կողմից պահանջում է խոնարհութիւն, հեզութիւն եւ հնազանդութիւն:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով Վերջին ընթրիքի աւետարանական բաժինը՝ շեշտեց, թէ պէտք է երկրաւոր կեանքն ապրել քրիստոնեային վայել կերպ, լինելով հեզ ու խոնարհ եւ ընտրելով աստւածահաճոյ ընթացք:

Նշելի է, որ եկեղեցիներում Քրիստոսի առաքեալների դերը մարմնաւորեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները:

Այնուհետեւ, երեկոյեան ժամը 7:30-ից սկսեալ, նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Խաւարման կարգը: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում:

Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն օրւան պատշաճ իր խօսքն սկսեց անդրադառնալով Վերջին ընթրիքին՝ բնաբան ունենալով առաքեալներին ուղղւած «Ձեզանից մէկը մատնելու է ինձ» եւ «Դուք չէ որ ինձ ընտրեցիք, այլ ես էի, որ ձեզ ընտրեցի» Քրիստոսի խօսքերը, որոնց միջոցով ընդգծեց յատկապէս այն փաստը, թէ մարդիկ իրենց կեանքում ունեն կամքի եւ ընտրութեան ազատութիւն, սակայն կարեւոր է նրանց շրջապատը եւ ընկերական շրջանակը, որն ընտրում են շփւելու եւ իրենց սեղանակիցը դարձնելու համար: Նա յորդորելով, թէ հարկաւոր է մի պահ կտրւել երկրաւոր կեանքից եւ խորհել տիպար անձի մասին, շեշտեց՝ առիթը պատեհ համարել ընկերական շրջանակը գնահատելու եւ սխալ անձանց ընտրութեան դէպքում, այն սրբագրելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երեքշաբթի՝ մարտի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» ու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Աւագ երեքշաբթի օրւայ՝ Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ արարողութիւնը: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը նախագահեց «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցու կարգին:

Ընթացքում ընթերցւեց պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները, իսկ վերջին ընթերցման պահին պարմանուհիների կատարմամբ մարմնաւորւեց Տասը կոյսերի առակը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն ասաց, որ առակում յիշատակւած լապտերը ոչ միայն լուսաւորելու են կեանքի ճանապարհը, այլ նաեւ հոգեւոր ներաշխարհը, քանի որ եթէ մարեն քրիստոնեայ անհատի ներաշխարհի արթնութեան եւ լուսաւորութեան լապտերը, նա բանտարկւելու է մեղքի բանտում: Թեմակալ Առաջնորդը մեծահասակներին պատգամեց ճիշտ խորհուրդներով եւ ուղղութիւններով օգնեն կրտսերներին ընտրելու իրենց աստւածահաճոյ ճանապարհը, որպէսզի վայելեն երկնքի արքայութիւնը:  

Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնն ապահովելու հարցում թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնները:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի տօնի առթիւ, կիրակի՝ մարտի 24-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում: Նոյն առիթով Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում:

Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն օրւայ առթիւ իր քարոզախօսութեան ընթացքում նախ անդրադարձ ունեցաւ Երիքովի բնակիչ երկու կոյր քոյրերի բժշկութեանը, ապա ընդգծեց, թէ բոլորը երկու ծնունդ ունեն, որոնցից մէկը մարմնական ծնունդն է, ինչից ելած ստանում են որեւէ երկրի քաղաքացիութիւն, իսկ միւսը՝ հոգեւոր ծնունդն է, որն ունի երկու փուլ, առաջինը մկրտութեան ժամանակ է տեղի ունենում, իսկ երկրորդը՝ այն պահն է, երբ ինքնագիտակցութեամբ թողնում են աշխարհիկ կեանքը եւ նւիրւում են հոգեւոր կեանքին:

Նա պատգամեց, թէ կառչած չմնալով անցողիկ աշխարհական կեանքին, մեր նպատակակէտը դարձնենք վերին երկնաւոր Երուսաղէմին՝ դրախտին արժանանալը:

Աւարտին օրհնւեցին եւ ժողովրդին բաժանւեցին ձիթենու ճիւղերը:

Նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի կարգը տեղի ունեցաւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Մինաս» ու «Ս. Յովհաննու Կարապետ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը:

Աւետարանական ընթերցումներին, շարականներին եւ փոխասացութիւններին յաջորդեց Սրբազան Հօր միջոցով իրականացւող փակ վարագոյրի առջեւ երկնային արքայութեան դռների փակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ Պահքի ժամանակաշրջանի համար փակւած վարագոյրը:

Աւարտին Սրբազան Հայրը շեշտելով, թէ մահը մեր կեանքի վերջին հանգրւանը չէ, այլ այն փուլն է, որ մեզ կապում է երկնաւոր կեանքին, պատգամեց՝ ընտրել աստւածահաճոյ ընթացք եւ ապրել հոգեւոր զարթօնք՝ ինքնասրբագրման ու հոգեւոր կեանքին վերադառնալու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Ձեռարւեստի յանձնախմբի, թւականիս մարտի 19-ից 27-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպւեց ամենամեայ կարգով տեղի ունեցող ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառքը, որի բացումը կատարւեց գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի ձեռամբ:

Ցուցահանդէսում ցուցադրւել եւ վաճառւել են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ ձեռներէց կանանց ձեռքի աշխատանքները, ինչպիսին են՝ սեղանի ծածկոցներ, գործւածք հագուստեղէն, պայուսակներ ու զարդեղէններ, աւանդական խմորեղէն եւ այլն, իսկ նշւած կրպակներին կից աշխատել է սրճարանի բաժինը, որն սպասարկել է վանքի թանգարանային բաժին այցելութիւն կատարած զբօսաշրջիկներին:

Նշւած միջոցառումն իրականացւել է Կանանց Գթութեան միութեան անդամուհիների սիրայօժար աշխատանքի արդիւնքում:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Կիրակի՝ մարտի 17-ի կէսօրին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով բոցավառւեց Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի ջահը, որն օրհնւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի ձեռամբ:

Ջահը յանձնւեց այս մրցաշարի գլխաւոր ջահակիր, սկաւառականետորդ Նարէ Ղարախանեանին: Ջահակիր խմբի միւս անդամներն են՝ լողորդ Անի Մկրտչեանն ու կարատէիստ Արամէ Սիմոնեանը:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների պատասխանատուները եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան պատւիրակութիւնը:

Իրանահայ 33-րդ Գարնանային խաղերի բացումը տեղի կունենայ երեքշաբթի՝ մարտի 19-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, «Արարատից Արարատ» նշանաբանի ներքոյ:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, հինգշաբթի՝ փետրւարի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը, խմբավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, հանդէս եկաւ  յոբելեանական համերգով՝ նւիրւած խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

Ծրագրին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու երգարւեստի հաւատարիմ հանդիսատեսը:

Ներկաներին ողջունեց եւ խմբի վարչութեան խօսքով հանդէս եկաւ երգչախմբի վարչութեան նախագահ Վեհանուշ Խուդաբախշեանը, որում մասնաւորապէս ասւած էր. «Նոր Ջուղայի ոսկեզօծ պատմութեան էջերում, բաղձալի հպարտութեամբ ենք հանդիպում երգչախմբային արւեստը ներկայացնող խմբերին եւ նրանց խմբավարներին, որոնք ազնւօրէն եւ անշահախնդիր սիրով, վառ են պահել հայ մշակոյթի ջահը, լուսաւորելով ուղին՝ յաջորդ սերունդների համար: Այսօր եւս մեծ բերկրանքով ենք թերթում պատմութեան այն էջը, որտեղ  1999 թւականի յունւարի 14-ին, Նոր Ջուղայում հիմք դրւեց «Տաթեւ» երգչախումբը, որի մտայղացումը  արծարծւեց  թեմիս ժամանակի հոգեւոր Առաջնորդ երջանկայիշատակ Տ. Կորիւն Արք. Պապեանի կողմից եւ հաստատւեց ժամանակի Թեմական ու Կրօնական խորհուրդների միջոցով: Խմբի ղեկավարութիւնը վստահւեց, այն օրերին Հայաստանում Կոմիտասի անւան կոնսերւատորիայում ուսանող, համայնքիս շնորհաշատ երիտասարդ երաժիշտ Համիկ Ալեքսանդրեանին»:

Վարչութեան խօսքի մի այլ  բաժնում  անդրադարձ էր կատարւել անցնող 25 տարիների ընթացքում թեմի Կրօնական խորհրդին ենթակայ այս երգչախմբի ծաւալուն եւ բազմաժանր աշխատանքներին, սկսած ազգային եւ կրօնական միջոցառումների երգացանկից մինչեւ տարեկան համերգների համար խմբավարի ստեղծագործութիւններին ու մշակումներին, որոնք գերազանցում են 300-ը եւ հնչել են տարբեր բեմերից:   

Յաջորդիւ իրականացւեց համերգային բաժինը, որի ընթացքում հնչեցին հայկական Էստրադային, աշուղական եւ ժողովրդական խմբերգեր՝ Թ. Ալթունեանի, Ալ. Աճեմեանի, Հ. Ալեքսանդրեանի, Գուսան Շահէնի, Ռ. Պետրոսեանի, Ա. Բաբաջանեանի, Յ. Բադալեանի, Ա. Մէջինեանի, Կ. Օրբէլեանի եւ Խ. Աւետիսեանի ստեղծագործութիւններից:

Յոբելեանական համերգն ընդգրկում էր նաեւ Համիկ Ալեքսանդրեանի երաժշտական հրաշալի ստեղծագործութիւններից եւ քառաձայն մշակումներից, որոնք միւս բոլոր  բարձրորակ կատարումների հետ միասին, մեծ հետաքրքրութեամբ եւ գնահատանքի երկարատեւ  ծափողջիւններով ընդունւեցին հանդիսատեսի  կողմից:

Խմբավարը կատարել էր նաեւ երգերի գործիքաւորումը:  

Յատկանշական է, որ կատարումները ընդմիջւում էին երգչախմբի 25-ամեակի առթիւ Նոր Ջուղայի, Շահինշահրի, Թեհրանի եւ արտերկրի ազգային տարբեր կառոյցներից, միութիւններից եւ անհատներից ստացւած շնորհաւորանքի ուղերձներից հատւածների ընթերցմամբ՝ երեկոյի հաղորդավար Ալինա Ալեքսանդրեանի միջոցով:

Համերգի եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, ով նախ խմբավարին  յանձնեց երգչախմբի  վարչութեան կողմից նախատեսւած յուշանւէրը, ապա գնահատանքով եւ երախտագիտութեամբ արտայայտւեց յաջող եւ գեղեցիկ երեկոյի կապացութեամբ:

Թեմակալ Առաջնորդը նկատի ունենալով համերգային բաժինը «Գարնանային» երգով եզրափակւելուն, յոբելեարին նմանեցրեց գարնանային հասակի եւ տարիքի մէջ գտնւող կանաչազարդ, մշտադալար եւ գեղեցկադէմ խմբի, իսկ խմբավարին գնահատեց որպէս ստեղծագործ անձնաւորութիւն: Նա շարունակութեան մէջ ասաց. «Խօսքերի մէջ հնչեցին Տ. Կորիւն Արք. Պապեանի, խմբավար Թակուշ Բաշիկեանի եւ Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանի անունները, այս եռանկիւնի դիմաց էր, որ գործեց սիրելի Համիկը: Թող իմ խօսքի արձագանքը հասնի՝ որպէս շնորհակալական եւ երախտիքի արտայայտութիւն՝ արեւելքից մինչեւ արեւմուտք իւրաքանչիւր անձի, ով դերակատարութիւն է ունեցել ի խնդիր խմբի բարգաւաճման»: 

Երեկոն հագեցած էր նաեւ երգչախմբի անցած ուղին ներկայացնող լուսանկարների, յայտարարութիւնների, յայտագրերի, եկեղեցական զգեստների եւ երգչախմբի տարբեր ժամանակաշրջանների զգեստների ցուցահանդէսով, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ «Գեւիկ» ստուդիա

  

Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, չորեքշաբթի՝ փետրւարի 21-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի յարկի ներքոյ կազմակերպւեց Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնի դասախօս Հայկ Սարեանի հեղինակութեամբ լոյս տեսած՝ «Պահանջ» եւ «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» (نمایندگان ارمنی در مجلس ملی و مجلس شورای اسلامی) գրքերի շնորհանդէսը: Երկրորդ գրքի գրառման գործում համահեղինակ է հանդիսանում դոկտ. Ալիաքբար Ջաֆարին:

Սկզբում աւելիով ծանօթանանք հեղինակին: Հայկ Սարեանը ծնւել է 1975 թւին Նոր Ջուղայում։ Դպրոցը աւարտելուց յետոյ ընդունւել է Դեհաղանի ազատ համալսարան եւ սովորել է` հասարակագիտութիւն։ Յետագայում, նոյնպէս կրթութիւնը շարունակել է ՍՊՀ-ում՝ հայոց լեզւի եւ գրականութեան բաժնում։ Անդամ է Իրանահայ գրողների միութեան եւ համագործակցում է «Ալիք» օրաթերթի գրական բաժնի հետ, որտեղ լոյս են տեսնում նրա գրութիւնները։ Հայկ Սարեանը անդամ է Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի:

Շնորհանդէսի բացման խօսքով հանդէս եկաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը, ապա սփռւեց մի տեսանիւթ, որտեղ այս առիթով իր պատգամը փոխանցեց Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա բարձր գնահատելով հեղինակի աշխատասիրութիւնը յատկապէս խորհրդարանի հայ պատգամաւորներին անդրադարձող գրքի կապակցութեամբ, ընդգծեց նման թեմայով գրքի առկայութեան անհրաժեշտութիւնը, քանի որ մինչեւ այսօր այս մասին միայն անդրադարձ է եղել մի շարք յօդւածներում եւ հարցազրոյցներում: Պրն. Բեգլարեանը շեշտելով հայ պատգամաւորների գործունէութեան կարեւորութիւնը թէ՛ խորհրդարանում եւ թէ՛ համայնքներում՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց հեղինակին եւ մաղթեց նորանոր յաջողութիւններ:

Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից արտայայտւեց Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը: Ահա մի հատւածի մէջբերում նրա խօսքից. «Իրանի խորհրդարանում հայ պատգամաւորներին անդրադարձող գիրքը գերազանցապէս փոխանցում է այս երկրում ապրող հայ ժողովրդի կացութիւնը՝ յատկապէս քաղաքական դաշտում, թէ ինչպէս մի մուսուլման երկրում բնակւող քրիստոնեայ փոքրամասնութիւն, վայելում է իր քաղաքացիական իրաւունքները՝ յատկապէս երկրի խորհրդարանում ունենալով իր զոյգ պատգամաւորներին: Այն փաստում է այն իրողութիւնը թէ երկու տարբեր կրօնների դաւանող ժողովուրդներ ինչպէս են կարողացել միմեանց կողքի ապրել խաղաղ եւ աւելին՝ արտայայտել կարծիքներ ու տեսակէտներ երկրի օրէնսդրական համակարգում՝ առանց որեւէ խտրականութեան»:

Այժմ անդրադառնանք «Պահանջ» գրքին, որի մասին տեղեկութիւնները ընթերցւեցին Վերգինէ Միրզախանեանի միջոցով:

«2020 թւականի սեպտեմբերից ի վեր, երբ սկզիբ է առնում Ադրբեջանի պետութեան ագրեսիայի ոտնձգութիւնները Արցախի անմեղ ժողովրդի դէմ, եւ կրկին հայ ժողովուրդը դառնում է անօրինական բռնութեան զոհ, հեղինակը ձեռնամուխ է լինում իմի բերելով իր բանաստեղծութիւնները, այն հրատարակել մի գրքում: Գրքի բովանդակութիւնը բաժանւած է երեք մասերի.

Առաջին բաժինը պարունակում է բանաստեղծութիւններ, որոնց ժանրն է՝ ազգային, հայրենասիրական ու գաղափարական:

Երկրորդ բաժինը բաղկացած է երկու պատմւածքներից, որն եւ ունի հեքիաթի բնոյթ:

Եւ երրորդ բաժինը յօդւածներ են, որոնց թեմաներն են՝ ազգային, մշակութային, գաղափարական եւ պատմական»:

Յաջորդիւ խօսքը փոխանցւեց Հայկ Սարեանին: Հեղինակն անդրադառնալով «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» գրքին, բացատրեց դրա հինգ գլուխների բովանդակութեան մասին, շեշտելով, որ 2-րդ բաժնում ոչ միայն ընդգծւած են փոքրամասնութիւնների իրաւունքները՝ միջազգային եւ երկրի մասշտաբներով, այլ նաեւ վերլուծութիւններ են կատարւել երկրի սահմանադրութեամբ փոքրամասնութիւններին վերապահւած իրաւունքների շուրջ: Պրն. Սարեանն աւելացնելով, որ գրքի 3-րդ գլխի ներքոյ անդրադարձ է եղել հայ ժողովրդի՝ ի մասնաւորի Հ.Յ.Դաշնակցութեան դերակատարութեանը Իրանի սահմանադրական շարժման գործողութիւններում, ընդգծեց 4-րդ եւ 5-րդ գլուխները, ուր նշւած են հայ պատգամաւորների կատարած կարեւորագոյն աշխատանքները խորհրդարանում եւ նրանց դերակատարութիւնը որոշումների կայացման գործում:

Պրն. Սարեանը գնահատելով հայ պատգամաւորների գործունէութիւնը խորհրդարանում Իրանի Իսլ. յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ՝ նշեց նաեւ, որ նրանց գործունէութիւնը զգալի փոփոխութիւն է կրել յատկապէս յեղափոխութիւնից յետոյ, քանի որ աւելի աչքառու է դարձել հայ պատգամաւորի ազդեցութիւնը երկրի քաղաքական դաշտում:

Նա վերջում յատուկ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են իրեն այս աշխատանքի իրականացման գործում՝ ի մասնաւորի «Նայիրի» հրատարակութեանը՝ գրքերի տպագրման աշխատանքը հովանաւորելու համար:

Ծրագրի աւարտին հեղինակն իր գրքերը մակագրեց ցանկացողների համար, իսկ դրանցից մէկական օրինակ նւիրեց համայնքի երեք գրադարաններին:

Թղթակից (Նոր Ջուղա)

  

Երէկ՝ մարտի 1-ին Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները: Այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

Թշնամական՝ հակաիրանական ուժերի գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, Իրանի ժողովուրդը դարձեալ ցուցաբերեց ազգային-քաղաքացիական բարձր գիտակցւածութիւն, եւ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:

Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ ընտրութիւններին մասնակցել է աւելի քան 25 միլիոն քաղաքացի:

Իրանահայութիւնը եւս իր մուսուլման հայրենակիցների կողքին, խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին:

Նախնական, ոչ պաշտօնական տւեալներով՝ 12-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի իրանահայութեան շահերը կը պաշտպանի գործող պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԸ, իսկ Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանի իրանահայութեանը՝ ԳԵՂԱՐԴ ՄԱՆՍՈՒՐԵԱՆԸ:

Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի ընտրութիւններին մասնակցած 6193 ընտրողներից 5097-ը (82.30%) իրենց ձայնը վստահել են Արա Շահվերդեանին: Ժոզէֆ Ամիրեանի օգտին քւէարկել են 596 ընտրող (9.62%), իսկ Սեւան Սոհրայիի օգտին՝ 424 ընտրող (6.85%): 76 քւէաթերթիկ ճանաչւել է անվաւեր:

Ինչ վերաբերում է Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանին, ապա ընտրութիւններին մասնակցած ընտրողների 78%-ը իրենց ձայնը վստահել են Գեղարդ Մանսուրեանին, իսկ 22%-ը՝ Էմին Յովսէփին:

Իրանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնների շրջագծում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքի պատգամաւորութեան համար իրենց թեկնածութիւնն էին առաջադրել Գեղարդ Մանսուրեանն ու Էմին Յովսէփը: Արդիւնքների ամփոփման աւարտին, քւէների նախնական հաշւարկման հիմամբ, Գեղարդ Մանսուրեանը ձեռք է բերել քւէների 78 տոկոսը:

Նշելի է, որ ընտրութիւնների ընթացքին ծանօթանալու համար Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն ու իրեն ընկերակցող ազգայինները այցելեցին Նոր Ջուղայի երկու, իսկ Շահինշահրի մէկ ընտրատեղամասեր:

Սպահանի գաւառապետ պրն. Ահմադին եւ Շահինշահրի գաւառապետ պրն Քազեմի Թաբան հերթաբար այցելութիւն կատարեցին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու ընտրատեղամասեր:  

Թղթակից (Նոր Ջուղա)

  

40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի բոցավառումը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 7:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում տեղի ունեցաւ ամենամեայ կարգով կազմակերպւող նորապսակների եւ նորածինների ու իրենց ծնողների հանդիպումը Սպահանի Հայոց Թեմի Առաջորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկայ էին ՍՊՀ Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, հոգեւորականաց դասը եւ Եկեղեցեաց վարչութեան անդամները:

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով, որից յետոյ արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ՝ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ Առաջնորդ՝ գերշ. Տէր Սիփան եպս. Քէչէճեանը:

Զաւէն Սիմոնեանը շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ նորապսակ զոյգերին մաղթեց անսահման սէր ու երջանկութիւն:

Նոէլ Մինասեանը ուրախութեամբ անդրադարձ կատարեց այն հանգամանքին, որ նորապսակ զոյգերը ընտանիք կազմելով աւելացրել են մեր համայնքի ընտանիքների թիւը։

«Ազգային մարմիններն իրենց ունեցած հնարաւորութիւնների սահմաններում, կարող են օգտակար լինել Ձեզ: Նաեւ այստեղից յայտարարում եմ, որ եթէ ինչ որ ոլորտում կարող ենք Ձեզ օժանդակել, մենք դա կանենք սիրով: Մաղթում եմ փայլուն ապագայ եւ միասնական ընտանիք», յաւելեց նա։

Թեմակալ Առաջնորդն անդրադառնալով պսակի խորհրդին կարեւորութեամբ նշեց. «Երբ տեսնում ենք նորապսակներ, տեսնում ենք զոյգեր, որոնք իրենց մոռացած, ամբողջ ուշադրութիւնը եւ կենտրոնացումը ընծայում են իրենց կողակցին, իսկ երբ մանուկ է ծնւում, ոչ միայն մոռանում են իրենք իրենց, այլեւ մոռանում են իրենց կողակցին եւ ամբողջութեամբ ուշադրութիւնը սեւեռում երեխայի վրայ: Սակայն անհրաժեշտ է, առաջինը՝ չմոռանաք Ձեր կողակիցներին, ինչքան էլ Ձեր ուշադրութիւնը կենտրոնացնէք Ձեր երեխաների վրայ: Երկրորդ՝ չմոռանաք, որ Ձեր երեխաները, որոնք Աստծոյ տւած օրհնութիւններն են եւ մարմնաւորւած հրեշտակներ, մնայուն չեն եւ հիւր են Ձեր տանը: Ոչ մի ընտանիքի մէջ, ոչ մի զոյգի միջեւ երեխան չպիտի կռւի ու վիճաբանութեան առարկայ դառնայ, այլ ընդհակառակը՝ միութեան ու հասկացողութեան առիթ պիտի լինի»: Սրբազան հայրն իր խօսքն աւարտեց օրհնութիւններով ու շնորհաւորանքներով:

Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:

Թղթակից (Նոր Ջուղա)