Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ ՏՊԱՐԱՆ (1636-1972)

   Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի տպարանը հանդիսանում է բովանդակ Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որի պատճառով էլ իր իւրայատուկ տեղն ունի, թէ՛ այս շրջանի զարգացման ու վերելքի եւ թէ հայկական այս ուղղութեամբ տարւող ճիգերի ու աշխատանքների մէջ։

 

Բովանդակութիւն

Տպագրական գիւտն ու հայերէն առաջին տպագրութիւնները

Խաչատուր Վարդապետի առաջնորդութիւնը և տպարանի հիմնադրութիւնը

Կեսարացու տպագրած գրքերը

Յովհաննէս Վարդապետ Քրթշենցը և իր տպագրական աշխատանքները

Յովհաննէս Վարդապետի անձն ու վախճանը

Տպագրական նոր ճիգեր

Տպագրական նոր մամուլներ

Ընդհանուր ակնարկ տպագրւած գրքերի վրայ

Տպաքանակ, արժէք, լեզու և բովանդակութիւն

Պարբերականներ

 

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏՆ ՈՒ ՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
   Տպագրութեան գիւտը տեղի ունեցաւ գերմանացի Յովհան Գուտենբերգի ձեռքով 1445 թւականին, իսկ առաջին գիրքը տպագրւեց մէկ տասնեակ տարի յետոյ՝ 1455 թւականին։
   Այս գիւտից հազիւ 70 տարի անցած, Վենետիկում Յակոբ Մեղապարտի կողմից տպագրւեցին հայերէն լեզւով առաջին գրքերը, որոնք են՝ «Պարզատումար» (1512 թ.), «Պատարագատետր» (1513), «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»։
   Առաջին տպագրիչ Յակոբից յետոյ, երկրորդն եղաւ Աբգար դպիր Թոքատեցին կամ Եւդոկիացին, որ նոյնպէս Վենետիկում 1565 թւականին տպագրեց հայերէն առաջին օրացոյցը՝ «Խառնափնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» անունով։
   Վենետիկից յետոյ, երկրորդ վայրը, ուր հայերէն տպարան է աշխատել, եղել է Կոստանդնապոլիսը, որտեղ իր տպարանը տեղափոխել ու գրքերի հրատարակութիւնը շարունակել է Աբգար Դպիրը 1567 թւականին։
   Յետագայում, յաջորդաբար հայկական տպարաններ են հիմնւել Հռոմում՝ 1594 թւականին, Լւովում՝ 1616 թւականին, Միլանում՝ 1621 թւականին, Փարիզում ինչպէս եւ այլ վայրերում եւս հայերէն գրքեր են տպագրւել, բայց դրանք չեն եղել հայր տպարաններ։
   7-րդ տեղը պատկանում է Նոր Ջուղային, ուր տպարան է հիմնւել առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով 1636-1637 թւականներին, իսկ առաջին գիրքը տպագրւել է 1638 թւականին։


ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՏՊԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

   Խաչատուր վրդ. Կեսարացին, համարւում է Ս. Ամենափրկչեան Վանքի արժանաւոր ու ժրաջան առաջնորդներից մէկը, որ թէեւ յետոյ եպիսկոպոսական աստիճան է ստացել, բայց եւ միշտ էլ մեր գրականութեան մէջ յիշւում է վարդապետական պարզ աստիճանով։
   Կեսարացին նախքան 1620 թւականը, Մովսէս կաթողիկոսի կոնդակով, որպէս նւիրակ մեկնում է Նոր Ջուղա։ Նրա նւիրւած գործունէութեանն ու երիտասարդական եռանդին ի տես, մանաւանդ որ արդէն ծերացել ու տկարացել էր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, տեղի ժողովուրդը սիրով է կապւում նրա հետ եւ խնդրում է կաթողիկոսին, որ նրան նշանակի որպէս իրենց առաջնորդը։
   Կեսարացին 1620 թւականին ստանձնելով Ջուղայի Թեմի առաջնորդական պաշտօնը, շուտով ընդլայնում է տեղի կրթական գործը եւ նոր շունչ ու եռանդ մտցնում։
   Շուրջ մէկ տասնամեակ տեղում աշխատելուց յետոյ, երբ 1630 թւականին որպէս նւիրակ գնում է Յունաստան եւ Լեհաստան, Նիկոլ Թորոսովիչի վէճին վերջ տալու համար, Եւրոպայում տեղեկանում է տպագրւած գրքերի մասին եւ կամ նոյնիսկ տեսնում, ու երբ Նոր Ջուղա է վերադառնում, ինքն եւս ձեռնարկում է գրքերի տպագրելու դժւարին աշխատանքին։
   Վանքի միաբան հայրերը, այդ օրերում, իրենց նեղլիկ խուցերում, որ շարւած էին գլխաւոր մուտքի հիւսիսային կողմում, զբաղւած էին գրչութեան արւեստով, որոնց աշխատանքի դանդաղ ընթացքը չէր կարող բաւարարել մի լուսամիտ ու եռանդուն առաջնորդի, ուստի նա մտածում է ինքն եւս հիմք դնել տպարանի, երբ միանգամայն անծանօթ էր տպագրութեան արւեստին, ինչպէս որ իրաւամբ նա գրում է իր առաջին տպագրած գրքի՝ «Սաղմոս»-ի յիշատակարանում։
   Տպարանական աշխատանքներն սկսւում են դեռեւս 1636 թւականից. Վանքի ողջ միաբանութիւնը լծւում է ծանր ու դժւարին աշխատանքի, տնային միջոցներով պատրաստում են մամուլ, թուղթ, մելան, տառեր եւ ձեռնարկում գործը գլուխ բերելու, որի աշխատանքները տեւում է մէկ տարի ու հինգ ամիս, եւ 1638 թւականին տպագրւում է Ջուղայի առաջին գիրքը՝ «Սաղմոս»-ը։
   Ինչպէս որ մինչեւ այժմ յայտնի է, Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայի տպարանում տպագրւել են չորս գիրք, որոնց թւականները նրանց աւարտման թւականներն են, ուստի այդ հերթականութեամբ էլ ստորեւ առանձին-առանձին անդրադառնում ենք իւրաքանչիւրին։

 

ԿԵՍԱՐԱՑՈՒ ՏՊԱԳՐԱԾ ԳՐՔԵՐԸ
1. «Սաղմոս Ի Դաւթի», 1638 թ.
   «Սաղմոս Դաւթի»-ն կամ գիրքի ունեցած հարազատ խորագրով «Սաղմոս ի Դաւթի» գիրքը, Խաչատուր վրդ. Կեսարացու տպարանից լոյս տեսած առաջին հրատարակութիւնն է, որը մինչեւ 1968 թւականը, այսինքն շուրջ 330 տարի անյայտ էր մնացել մեր բանասէրներին։
   «Սաղմոս»-ը տպագրւել, կամ աւելի ճիշտ, նրա տպագրութիւնն աւարտւել է 1638 թւականին. տպագրական աշխատանքը տեւել է մէկ տարի ու հինգ ամիս, ինչպէս որ ասում է գրքի յիշատակարանը։
2. «Հարանց Վարք», 1641 թ.
   «Հարանց Վարք»-ը Ջուղայի տպարանից լոյս տեսած երկրորդ գիրքն է, որն իր ծաւալով գերազանցում է Խաչատուր Կեսարացու կողմից տպագրւած միւս գրքերին։
   Համաձայն գրքի յիշատակարանին, տպագրութիւնը աւարտւել է 1641 թւականին։ «Հարանց Վարք»-ը, որ հոգեւոր հայրերի՝ ճգնաւորների կեանքն ու մի շարք մոլութիւնների ու խրատականների մասին գրւածքների ժողովածու է, ինչպէս որ ասում է՝ «Հայելի վարուց յորում կան պատմութիւն հեշտալուրք եւ բանի օգտակարք առ ի փրկութիւն մարդկան», որն իր տեսակի մէջ մի կոթողական գործ է, նորահիմն մի տպարանի համար։
3. «Խորհրդատետր», 1641 թ.
   «Խորհրդատետր»-ը կամ «Պատարագամատոյց»-ը հանդիսանում է Խաչատուր վրդ. Կեսարացու տպագրած երրորդ գիրքը։ Թէեւ սրա մասին յիշատակութիւն եղել է մեր բանասէրների կողմից, բայց իրականում գիրքը յայտնաբերւել եւ լրիւ նկարագրւել է վերջին տարիներում։
   Ինչպէս յիշւեց «Հարանց Վարք»-ի նկարագրման ժամանակ, սոյն գրքոյկը աւարտւած լինելով նրա հետ միաժամանակ՝ 1641 թւականին, պէտք է ընդունել, որ այն տպագրւել է «Հարանց Վարք»-ից յետոյ, ուստի եւ պէտք է այն համարել Ջուղայի առաջին տպարանի երրորդ գիրքը։
   «Խորհրդատետր»-ը, ինչպէս անունն է ցոյց տալիս, մի գրքոյկ է, բաղկացած 48 էջից եւ բաժանւած 6 պրակի, իւրաքանչիւրը չորսական թերթով (կամ 8-ական էջ)։
   Համարակալւած է հայկական թւանշաններով՝ Ա-ԽԷ (1-47), էջահամարների մէկ թւի պակասն առաջացել է 44 եւ 45 (ԽԴ եւ ԽԵ) էջերի միջոցում չհամարակալւած մէկ էջի պատճառով։
4. «Ժամագիրք Ատենի», 1642 թ.
   «Ժամագիրք Ատենի»-ն կամ իր ընդարձակ խորագրով «Սաղմոսանց Դաւթի եւ կարգաւորութիւն հասարակաց աղօթից եկեղեցեայց Հայաստանեաց» գիրքը, տպագրւել կամ ասենք տպագրութիւնն աւարտւել է 1642 թւականին, որով եւ հանդիսանում է Ջուղայի տպարանի չորրորդ գիրքը։
   Աշխատանք է տարւել տառերը խոշորացնելու, որի պատճառով էլ գրքի մի մասը՝ սկզբից մինչեւ էջ ՈԶ (606), որ Ժամագրքի վերջն է, շարւած են խոշոր, իսկ յետոյ փոքր տառերով, որ դարձեալ աւելի մեծ են քան «Հարանց Վարք»-ի տառերը։
   Խաչատուր վրդ. Կեսարացու տպարանը, որ իր տեսակի մէջ կարելի է գիւտեմբերգեան երկրորդ գիւտը համարել, շատ կարճ կեանք է ունեցել։ Հազիւ վերոյիշեալ չորս գիրքը տպագրելով, ըստ հասած տեղեկութեան, եղած հակառակութիւնների պատճառով, այրւել է տպարանն ու մամուլը, որից ներկայիս մնում են միայն որոշ թւով տառեր եւ մի քանի տառաշարի կաղապարներ։

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՔՐԹՇԵՆՑԸ ԵՒ ԻՐ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
   Ջուղայի տպարանը զարգացնելու եւ լաւ ու նոր հիմքերի վրայ դնելու համար, Խաչատուր վրդ. Կեսարացին, առաջին գրքի տպագրութիւնից յետոյ, իր ուշիմ աշակերտներից մէկին, Յովհաննէս վրդ. Քրթշենցին, ուղարկում է Եւրոպա, տպագրական անհրաժեշտ աշխատանքներին ծանօթանալու եւ նոր գիտելիքներով ու մամուլով վերադառնալու համար։
   Յովհաննէս վարդապետի Եւրոպա գնալու մասին, առաջին անգամ յիշատակւած է «Ատենի Ժամագիրք»-ի յիշատակարանում (էջ 605)։
   Յովհաննէս վարդապետը Եւրոպայում մնում է եօթը տարի (1639-1646 թթ.) եւ շրջում զանազան երկիրներ՝ Վենետիկ, Հռոմ եւ այլուր, որի ընթացքում կանգ է առնում Լիվոռնոյ քաղաքում, ուր 1644 թւականին տպագրութեան է յանձնում «Գիրք եւ Սաղմոսք Դաւթի որ եւ Սաղմոսարան կոչի» գրքոյկը եւ ուղարկում իր ուսուցիչ Խաչատուր Կեսարացուն։
   Յովհաննէս վարդապետն իր տպագրական աշխատանքների ընթացքում, Եւրոպայի այլ յարանւանութեանց պատկանող կղերականների կողմից ենթարկւում է խիստ հալածանքի, բայց այդուհանդերձ յաջողում է իր առաքելութեան մէջ եւ 1646 թւականին վերադառնում է Նոր Ջուղա իր հետ բերելով մամուլ ու տառեր։
   Մինչեւ Յովհաննէս վարդապետի վերադարձը վախճանւում է Խաչատուր վրդ. Կեսարացին, զրկելով նրան իր պաշտպանութիւնից ու հովանաւորութիւնից, որի պատճառով էլ նա հանդիպում է խիստ հակառակութիւնների ու դժւարութիւնների։ Յովհաննէս վարդապետն իր ունեցած դժւարութիւններով հանդերձ, 1647 թւականին տպագրում է «Գիրք տումարաց որ եւ Պարզատումար կոչի» գիրքը, ապա ձեռնարկում է տպագրելու «Աստուածաշունչ»-ը, որ մնում է թերի։ Սոյն ժամանակներում նա տպագրում է նաեւ «Պօղոսի թուղթք» հատւածը եւ այլ «բազում» գրքեր, ինչպէս որ ասում է Խաչատուր աբեղան։
   Ստորեւ համառօտ ձեւով, ըստ մեր ունեցած ժլատ տեղեկութիւնների, անդրադառնանք այդ լրիւ ու թերի մի քանի գրքերին.
   «Գիրք տումարաց որ եւ Պարզատումար կոչի», 1647 թ.
   «Աստուածաշունչ», 1650՞ թ.
   «Պօղոսի թուղթք», 1650՞ թ.

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՆՁՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ
   Անհրաժեշտ ենք գտնում երկու բառով անդրադառնալ նաեւ մեր այս երախտաւոր վարդապետի անձին ու գործին, ինչպէս եւ նրա չարաբաստիկ ու արկածաւոր վախճանին, որպէս մէկ կամաւոր զոհի։
   Նախքան այդ, տեղին է այստեղ ասենք, որ Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլից կամ տպագրական պարագաներից, այժմ մնում են միայն տառերի մայրեր եւ մի շարք պղնձեայ քլիշէներ։
   Այս քլիշէներից 20-ը պատկանել են Գրիգոր Լուսաւորչին համարակալւած Ա-ից։ Սրանցից երկուսը՝ համար Բ եւ Ի, 1930-ական թւականներին բերւել են Ս. Յովհաննէս եկեղեցուց եւ դրւել թանգարան, մինչեւ որ սրանից մի քանի տարի առաջ, տպարանում կատարւած պրպտումների ընթացքում, երեւան եկան 13 նոյնանման քլիշէներ եւս, որոնց ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ պատկանել են Յովհաննէս վարդապետին, եւ որոնց մաս են կազմում նաեւ թանգարանում եղած երկու քլիշէները։
   Նկատի ունենալով, որ Վանքի Տաճարի Գրիգոր Լուսաւորչին վերաբերող որմնանկարները, հարազատ նմանութիւն ունեն այս քլիշէների հետ, ուստի վստահաբար կարելի է ասել, որ պատկերները նկարւել են սրանց վրայից։
   Ստորեւ առաջ ենք բերում քլիշէների լրիւ ցանկը, ըստ իրենց վրայ ունեցած հերթական համարների.
   Ա.Գրիգոր Լուսաւորչի նկարը (դիմանկար)
   Բ. Ձեռքերը փայտին կապելը (թանգարան)
   Գ. ...
   Դ. Ոտքերը կոճղի մէջ դնելը
   Ե. Ձերբակալելը
   Զ. Ծեծելը
   Է. Գլուխը ճզմիչի տակ դնելը
   Ը. Գլուխը պարկի մէջ դնելը
   Թ. Որովայնը իւղ լցնելը
   Ժ. Գամերի վրայ քաշ տալը
   ԺԱ. ...
   ԺԲ. Ծառից կախելը
   ԺԳ. Գլխին իւղ թափելը
   ԺԴ. Վիրապ գցելը (քլիշէի վերի ու ցածի մասից կտրւած է)
   ԺԵ. Տրդատ թագաւորին բժշկելը
   ԺԶ. Տրդատի եւ թագուհու մկրտւելը (քրիստոնէութիւնն ընդունելը)
   ԺԷ-ԺԹ. ...
   Ի. Գրիգոր Լուսաւորչի գահին բազմելը (թանգարան)
   Այս քլիշէները բոլորն էլ մայրեր են, այսինքն հակադարձ տառերով փորագրւած, որ սովորական տպագրումով, գրութիւնը լինում է սպիտակ սեւ ֆոնի մէջ։ Սրանցից մի քանիսն ունեն թւականներ։
   Այս քլիշէների գրեթէ բոլորի առաջին տողի վրայ քանդակւած է.
   «ԿԱՐԳ (Ա) Ի ՅԻՇԱՏԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՋՈՒՂԱՅԵՑՒՈՅ։ ՈՐ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒԱՄԲ ԹՌԷՇԷՆՑ ԱՍԻ Ի ԹՒԻՆ ՌՂԱ (1642)»

 

ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՃԻԳԵՐ
   Յովհաննէս վարդապետի Նոր Ջուղայից հեռանալուց յետոյ, դադարում են նաեւ տեղի տպագրական աշխատանքները, որ տեւում է մինչեւ 1687 թւականը։
   Վերոյիշեալ թւականներին, Ստեփանոս առաջնորդի ժամանակ, խիստ վէճ ու անհամաձայնութիւն է ծագում Ջուղայի Կաթոլիկ եւ Առաքելական եկեղեցիների հայերի միջեւ, որի պատճառով էլ կրկին կարգի է դրւում Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլը եւ տպագրութեան յանձնւում երեք գիրք, որոնք են.
   «Գիրք ատենական որ ասի վիճաբանական», 1687 թ.
   «Գիրք ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց», 1688 թ.
   «Գիրք համառօտ վասն իսկապէս ճշմարիտ հաւատոյ», 1688 թ.

 

ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՄՈՒԼՆԵՐ
   Վանքի տպարանը շուրջ երկու դար (184 տարի) փակ մնալուց յետոյ, աշխատել է վերսկսում 1872 թւականից։ Այս շրջանի տպարանի մամուլը, որ երրորդը կարելի է համարել, նւիրւել է ջուղայեցի վաճառական ջաւաբնակ Մանուկ Յորդանանեանի (աղջկանց դպրոցի հիմնադիր) կողմից։
   Համաձայն մինչեւ այժմ տիրող կարծիքին եւ տպարանի առթիւ տպագրւած առանձին գրքի տւած տեղեկութեան, մամուլը նւէր է ուղարկւել 1844 թւականին, բայց ըստ «Ազգասէր» ամսագրի հաղորդած մի լուրի, մամուլը Ջուղա է ուղարկւել 1846 թւականին, որի փոխադրութեան սխալ կարգադրման հետեւանքով, կազմածի մի մասը նախ գնացել է Հնդկաստան։
   Համաձայն «Ազգասէր»-ի հաղորդած տեղեկութեան, մեզ թւում է, որ մամուլի լրիւ կազմածը հազիւ թէ 1848-49 թւականներին Ջուղա հասած եւ ամբողջացած լինի, բայց այդ ժամանակ եւս դրան միացնող չլինելով, երկար ժամանակ մնում է Վանքի մի անկիւնում ընկած։
   Սրա տառերը Տ. Դիոնիսիոս քհնյ. Տէր Եղիազարեանը ի մի հաւաքելով, մի փոքր ճնշիչ մամուլով տպագրում է 1863 թւականի գրպանի մի օրացոյց։
   Վանքի այս մամուլը մնում է անգործածելի մինչեւ 1872 թւականը, երբ շնորհիւ առաջնորդ Գրիգորիս արքեպս. Յովհաննիսեանի ջանքերի, գործի է դրւում եւ սկսում է աշխատել, որի օգտագործումը տեւում է մինչեւ 20-րդ դարի սկիզբները, որից յետոյ որպէս մաշւած ու հնացած՝ դրւում է պահեստ։
   Նոր թանգարանի կառուցումից յետոյ, այժմ այն դրւել է ցուցադրութեան։ Պատրաստւած է 1841 թւականին եւ կոչում է «Արծիւ»։
   Նախքան այս մամուլի աշխատելը, ըստ Տիգրան Աբգարեանի տւած տեղեկութեան («Ն.Ջ. Տպարանը», էջ 8), վիմատիպ մամուլով տպագրւել են դասագրքեր եւ այլ աշխատութիւններ, որոնցից դժբախտաբար մինչեւ այժմ որեւէ օրինակ չենք ունեցել ձեռքի տակ։
   1904 թւականը գալիս է նոր թափ տալու Ջուղայի տպագրական գործին։ Սոյն թւականին բագւեբնակ Թումանեան եղբայրների Առեւտրական Տունը, իրենց հանգուցեալ եղբօր՝ Յովսէփ Թումանեանի յիշատակին, Վանքի տպարանին է նւիրում, այն օրերի հասկացողութեամբ, մի արագատիպ արդիական մամուլ, իր բոլոր յարմարութիւններով, որն սկսում է աշխատել եռանդուն ձեւով, շնորհիւ բարեկարգիչ ու բարեջան առաջնորդ Բագրատ վրդ. Վարդազարեանի։
   Այդ օրերի մեծ ու փոքր բազմաթիւ տպագրութիւնների հետ յիշատակութեան արժանի է նաեւ «Նոր Ջուղայի Լրաբեր» երկշաբաթաթերթը, որն իր ուղղութեամբ ու ազգային ոգով, յատուկ տեղ ունի Ջուղայի մշակութային աշխատանքների մէջ։
   Թումանեանների նւիրած մամուլն սկզբում բանում էր ձեռքով պտտւող անիւով, իսկ յետոյ գործում էր ելէկտրականութեամբ աշխատող մի շարժակով։     Թէեւ դա հեռու է արդիական մի մամուլ լինելուց, բայց մի միջոց է՝ տպագրութիւնը մասամբ արագ կատարելու համար։

   1971 թւականի հոկտեմբեր ամսին, տկն. Վիկտորիա Շահբազեանը, մի այրիացեալ ու վաստակեալ ուսուցչուհի, ընդառաջ գնալով Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Գարեգին արքեպս. Սարգիսեանի կոչին, իր միակ որդու՝ Էմիլի յիշատակին, տպարանին նւիրեց գերմանական «Հայդըլբերգ» գործարանի մի ինքնաշխատ արդիական մամուլ, որը թէեւ իր տպագրական չափով փոքր, բայց իր արագ ընթացքով՝ մէկ ժամում մինչեւ 5500 օրինակ տպելով, հնարաւորութիւն է տալիս շատ արագ աշխատանքներ կատարել։ Ի լրացում այս մամուլին, տկն. Շահբազեանի եղբօր՝ պրն. Սարգիս Մարտինի կողմից եւս նւիրւեց մի կայծի ոյժով աշխատող չեխոսլովական «Մաքսիմա» անունով արդիական մի կտրիչ մեքենայ, որն եւս եկաւ փոխարինելու ձեռքով աշխատող նախկին կտրիչին։

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ ՏՊԱԳՐՒԱԾ ԳՐՔԵՐԻ ՎՐԱՅ
   Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի տպարանից, 335 տարիների ընթացքում, լոյս են տեսել 372 հատոր գիրք ու գրքոյկներ, որոնց կարելի է բաժանել վեց մասի, ըստ հետեւեալ ցանկի.
1. Գիրք ու գրքոյկներ
   Գիրք ասելով հասկանում ենք 705 էջից բաղկացած «Հարանց Վարք»-ը մինչեւ 4 էջից բաղկացած մի կանոնադրութիւն։
   Այս գրքերի ու գրքոյկներից ոմանք ունեն շապիկների տպագրութեան յարմար դասաւորումներ եւ սկսեալ 1890-ական թւականներից մինչեւ 1940-ական թւականները, վաճառւել են Վանքում եւ ազգային դպրոցներին պատկանող գրավաճառանոցում։
2. Օրացոյցներ
   Նոր Ջուղայի առաջին օրացոյցը լոյս է տեսել 1863 թւականի համար եւ վստահաբար տպագրւել է 1862 թւականին, Տ. Դիոնիսիոս քհնյ. Տէր Եղիազարեանի ձեռքով։ Ապա սկսեալ 1878 թւականից, յաջորդաբար մի քանի տասնեակ համարներ լոյս են տեսել, որոնք երբեմն իրենց մէջ պարունակել են նաեւ շնչագրութիւններ, վիճակագրութիւններ, խրատներ, գիտելիքներ եւ հետաքրքիր այլ տեղեկութիւններ։
   Վանքի օրացոյցների տպագրութիւնը այժմ ընդհատւել է։
3. Տեղեկագրեր
   Վանքի տպարանում թէեւ բազմազան տեղեկագրեր են տպագրւել, բայց յաջորդաբար տպագրւած ազգային հաստատութեանց տեղեկագրերի թւականը երեք է, որոնք ըստ թւականի հերթականութեան հետեւեալներն են.
   Ա) Բատաւիայի ազգային հաստատութեանց «Տարեւոր Տեղեկագիր»-երը, որ սկսւում է 1880 թւականից եւ դադարում 1930 թւականին։ Սրանցից 1888-1891-ի համարները՝ 4 տարի, լոյս են տեսել Կոստանդնապոլսում, իսկ միւս համարներից ձեռքի տակ չենք ունեցել 1885, 1887 եւ 1892 թւականներինը։ Նաեւ տեղեակ չենք թէ 1926-29 թւականներին տպագրւել են թէ ոչ, կամ եթէ այո՝ որտե՞ղ։
   Բ) Նոր Ջուղայի ազգային հաստատութիւնների «Տարեկան հաշիւ»-ները տպագրւել են սկսել 1893 թւականից եւ յաջորդաբար շարունակւել են մինչեւ 1926 թւականը, որոնք հաշւական տեղեկութիւնների հետ միասին, իրենց մէջ պարունակում են նաեւ պատմական որոշ թւականներ եւ այլ կարգի կարեւոր տեղեկութիւններ։ Հրատարակւել է 33 թիւ։
   Գ) «Ազգային դպրոցների տեղեկագրեր»-ն սկսւել է հրատարակւել 1899 թւականից եւ շարունակւել է մինչեւ 1917 թւականը։ Ձեռքի տակ չկան 1901-1904 եւ 1908-1910 թւականների համարները եւ քանի որ հերթական համարներ եւս չունեն, ուստի վստահ չենք թէ այդ տարիներին տպագրւել են թէ ոչ։ Ձեռքի տակ ունեցածների թւականը հասնում է 11 համարի։
   Այս տեղեկագրերը, որոնց խորագրերն երբեմն ենթարկւել են փոփոխութեան, պարունակում են խիստ հետաքրքիր տեղեկութիւններ, մեր դպրոցների այն օրերի վիճակի մասին, որոնք կարեւոր նիւթեր են դպրոցական ապագայ պատմաբանների ու բանասէրների համար։
4.- Կանոնադրութիւններ
   Տպարանի շատ լոյս ընծայած գրքերից մէկն էլ կանոնադրութիւններն ու ծրագիր-կանոնագրերն են, որոնք պատկանում են ազգային դպրոցներին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ զանազան միութիւնների։ Սոյն գրքոյկները սովորաբար ունեն շատ փոքր ծաւալ։ Դրանցից մի քանիսը բաղկացած են հազիւ չորս էջից։ Ընդհանուր թւականը հասնում է շուրջ 30-ի։
5.- Պարբերականներ
   Վանքի տպարանում տպագրւած առաջին պարբերականը «Նոր Ջուղայի Լրաբեր»-ն է, որ լոյս է տեսել 1904-1908 թւականներին, խմբագրութեամբ առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Վարդազարեանի։
   Բագրատ վարդապետն իր գործունէութեամբ եւ տարած ազգօգուտ աշխատանքներով, համարւում է Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր վրդ. Կեսարացին եւ իրաւամբ արժանի է այդ կոչմանը։
   «Նոր Ջուղայի Լրաբեր»-ից լոյս է տեսել 45 համար միայն, որի մանրամասն ցանկը տրւելու է իր տեղում։
   «Լրաբեր»-ից բացի տպագրւել է նաեւ Նոր Ջուղայի «Բօյ սկաուտս» Միութեան «Ընկեր ամսագիր»-ը, 1920 թւականին, որից լոյս է տեսել միայն երեք թիւ։ Ջուղայում տպագրւել են նաեւ վիմատիպ ամսագրեր։
6.- Զանազան Տպագրութիւններ
   Բացի սովորական գիրք ու գրքոյկներից, տպագրւել են նաեւ զանազան ձեւ ծանուցումներ, յայտարարութիւններ, կոնդակներ, կրօնական բովանդակութեամբ գրութիւններ, ազդեր, ստացագրեր, հաշւեգրեր, հրաւիրագրեր, շնորհաւորագրեր, այցեկարտեր եւ այլն, որոնց նմոյշները թւական հերթականութեամբ եւ առանձին ցուցակով, պահւում են տպարանի արխիւներում։
   Այս այլազան տպագրութիւնների մէջ, յատուկ յիշատակութեան արժանի են 1693 թւականին տպագրւած երկու «Կոնդակ»-ները, որոնք բողոք նամակներ են կաթողիկոսական ընտրութեան առթիւ։

 

ՏՊԱՔԱՆԱԿ, ԱՐԺԷՔ, ԼԵԶՈՒ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
   Թէեւ դժւար է սպառիչ ձեւով խօսել կամ տեղեկութիւններ տալ, մինչեւ այժմ Վանքի տպարանում լոյս տեսած բոլոր գրքերի տպաքանակների, արժէքների, լեզւի ու բովանդակութեան մասին, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է գէթ խիստ համառօտ ձեւով անդրադառնալ դրանց եւ որոշ ծանօթութիւններ տալ։
1. Տպաքանակ
   Տպագրւած գրքերի այլազանութեան նման դրանց տպաքանակն (թիրաժն) եւս եղել է շատ տարբեր։ Թէեւ մեր ձեռքի տակ չենք ունեցել բոլոր գրքերի տպաքանակը, բայց եղածների մէջ եւս նկատելի է անհամեմատելի տարբերութիւններ։ Մեծածաւալ գրքերի մէջ եղած ամենաշատ տպաքանակ ունեցողը, կարելի է 1895 թւականին հրատարակւած «Աւագ Շաբաթ»-ը համարել, որն ունի 621 էջ եւ տպագրւել է 3158 օրինակով։ Այս գիրքն ունի բարդ տպագրութիւն (ձայնանիշների եւ տառատեսակների տեսակէտից)։
   Նոյնանման գրքերից ամենաքիչ տպաքանակ ունեցողը 1963 թւականին տպագրւած «Ժամագիրք Ատենի»-ն է, որ ունի 176 էջ եւ որից տպագրւել է միայն 200 օրինակ։
   Տպարանի առաջին շրջանի գրքերից 1647 թւականին հրատարակւած «Գիրք տումարաց որր եւ Պարզատումար կոչի» գրքոյկից տպագրւել է 500 օրինակ։
   Միւս ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերն եղել են դասագրքերը՝ 400-600 օրինակներով, իսկ վերջին տարիների ամենաշատ տպաքանակով գրքոյկն եղել է «Նոր Ջուղայի թանգարան»-ը՝ 1000 օրինակ։
   Տեղեկագրերը տպագրւել են միջին հաշւով 100-200, իսկ որոշները 20-80 օրինակներով։ օրացոյցներից մեր ձեռքի տակ ունեցած ցուցակում, ամենաշատ տպաքանակը ցոյց է տրւած մինչեւ 399 օրինակ, տպագրւած 1901 թւականի համար։
2. Արժէք
   Գրքերի արժէքները, տպարանի հիմնադրութեան օրերին, բնականաբար եղել է շատ ցածր, հատորը 1-2 ռիալ, իսկ դարերի հետ եւ կեանքի թանգանալու համահաւասար, դրանց արժէքներն եւս սկսել են բարձրանալ։
   «Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի երկու հատորի արժէքը, սկզբնական օրերին եղել է 6 ռիալ, իսկ «Աւագ Շաբաթ»-ը՝ 5 ռիալ։
Նոր տպագրւած եկեղեցական գրքերից 1963 թւականի «Ժամագիրք Ատենի»-ն ունի 200 ռիալ, իսկ 1965 թւականի «Մաշտոց»-ը 150 ռիալ արժէք։
3. Լեզու
   Տպարանից լոյս տեսած առաջին գրքերի լեզուն, բնականաբար եղել է գրաբարը, մինչեւ որ 19-րդ դարի վերջերից սկսել են հրատարակւել նաեւ աշխարհաբար լեզւով գրքեր եւ կամաց-կամաց իրենց տեղը բոլորովին զիջել են վերջինին։
   Մինչեւ այդ թւականները, հայերէն գրական լեզուն ամենուրեք ընդունւած էր գրաբարը, այնպէս որ Նոր Ջուղան բացառութիւն չէր կարող կազմել եւ դրա համար էլ տպարանի հիմնադրութեան օրից սկսեալ բոլոր գրքերը, դասագրքերը, ազդերն ու յայտարարութիւնները, տպագրւում են բացառաբար գրաբար լեզւով։
   Հայ կեանքում տիրող ընդհանուր զարթօնքի ու վերելքի հետ, Նոր Ջուղան եւս յառաջադիմութիւն է արձանագրում եւ կամաց-կամաց գրաբարը տեղի է տալիս աշխարհաբարին։
   Նոր Ջուղան որպէս կրօնական ու մշակութային կեանքի կենտրոն, բնականաբար այնքան հեշտ էլ չպէտք է թողնէր նախնեաց սովորութիւնը եւ հէնց այդ նկատառումով էլ, գտնւել են անհատներ, որ մինչեւ վերջ էլ չեն հաշտւել եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբարին ու աշխարհաբար գրողներին։ Որպէս օրինակ, յիշատակութեան արժանի է Հնդկաստանում ապրող ջուղայեցի յայտնի բանասէր մտաւորական Մեսրոպ Սէթեանցի անհանդուրժողականութիւնը, որ մինչեւ իր կեանքի վերջը՝ 1939 թ., անհաշտ պայքար տարաւ աշխարհաբարի դէմ, նոյն իսկ իր նամակները շարադրելով գրաբարեան պարզ ոճով։
   Տպարանի առաջին աշխարհաբար գիրքը, այն էլ Ջուղայի բարբառով, կարծում ենք պէտք է համարել 1878 թւականին տպագրւած Հ. Բագրատունու «Տարերք քերականութեան» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Տ. Մեսրոպ քհնյ. Դաւթեանը, որպէս ձեռնարկ օգտագործելու համար հայոց ազգային դպրոցներում։
   Ջուղայի տպարանի առաջին դասագիրքը, պէտք է համարել 1772 թւականի «Այբբենարան»-ը, եթէ իհարկէ մինչ այդ խմորատիպով չեն եղել, որոնց մասին յիշատակութիւն կայ, բայց ձեռքի տակ չկան։
4. Բովանդակութիւն
   Բովանդակութեան տեսակէտից եւս, տպագրւած գրքերը հնարաւոր չէ խմբաւորումների բաժանել։ Այս առթիւ կարելի է միայն ասել, որ ամենաշատ տպագրւած գրքերն եղել են դասագրքերը, օրացոյցները, տեղեկագրերը, կրօնական ու եկեղեցական գրքերը եւ որոշ չափով էլ կենսագրական ու պատմական գրքերը։
   Պատմական գրքերի մէջ ամենից արժէքաւորն ու կարեւորը, պէտք է համարել Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայու» երկհատորը, որոնցից առաջին հատորն ունի 497, իսկ երկրորդ հատորը՝ 317 էջ։
   Տպագրւած գրքերն եւս իրենց բովանդակութեան տեսակէտից ուսումնասիրութեան մի առանձին նիւթ են, որոնք սերտօրէն առնչութիւն ունեն տիրող դարի, շրջանի մտածելակերպի, ժողովրդի հասկացողութեան ու ըմբռնումների հետ։
   Տեղին է այստեղ յիշել, որ բովանդակութեան եւ լեզւին կապւող յիշատակելի գրքերից է Սեղբեստրոս քհնյ. Յովհաննիսեանի «Աշխարհաբար համառօտ աղօթագիրք»-ը, տպագրւած 1907 թւականին, որով աղօթքները, կրօնական ասացւածքներն ու Պատարագը, իրենց գրաբարի տեղը զիջում են աշխարհաբարին։
   Տպագրւած գրքերի մէջ կարեւոր տեղ ունեն նաեւ թարգմանութիւնները, որոնք սկսւեցին 20-րդ դարի սկիզբներից եւ շարունակւեցին մինչեւ 1920-ական թւականները։ Դրանցից յիշենք Եզնիկ վրդ. Երկարակեցեանի «Հնդկական», «Ճապոնական» եւ այլ հեքիաթներն ու Տ. Գարեգին քհնյ. Կիրակոսեանի «Մարտիրոսացած Հայաստան» գրքերը։

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Ա) ՏՊԱԳԻՐ
   1. Նոր Ջուղայի «Լրաբեր», 1904-1908, խմբագիր՝ Բագրատ վրդ. Վարդազարեան, Էջ՝ 4, շարւածք՝ 33x22 եւ 41.2x25.5 սմ.
   1904 թ. յունւ. - դեկտ., 12 թիւ
   1905 թ. յունւ. - դեկտ., 11 թիւ
   1906 թ. յունւ. - հոկտ., 10 թիւ
   1906 թ. յունւ. - հոկտ., 11 թիւ
   1907 թ. յունւ. - դեկտ., 4 թիւ
   1908 թ. յունւ. նոյ., 8 թիւ
   Գումար՝ 45 թիւ
   2. Բրիտանական եւ արտաքին Աստւածաշնչի ընկերութեան «Շաբթաթերթ», 1908 եւ 1911 թթ.
   (Ծանօթ. Անունը կայ 1908 եւ 1911 թւականների տպարանի ձեռագիր ցուցակում, (էջ՝ 24 եւ 55), որից տպագրւել է 500-ակն օրինակներ)։
   3. «Ընկեր» ամսագիր, խմբագիր՝ Յովսէփ Աբգարեան, հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի «Բօյ Սկաուտս» Միութեան, 1920 թ., էջ՝ 18, շարւածք՝ 18.2x7 սմ., լոյս է տեսել 3 թիւ՝ յունիս, յուլիս օգոստոս։
   (Ծանօթ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն»-ի մէջ (Ա. Կիրակոսեան, Երեւան, 1970 թ.), յիշւած են Նոր Ջուղայում տպագրւած մի քանի այլ թերթերի անուններ՝ «Նոր Ջուղայի Աւետաբեր» (արդեօք Աստւածաշնչի ընկերութեան շաբաթաթերթ»-ը), «Զանգակ» եւ «Պելճիքա», որոնց տպագրութեան մասին որեւէ տեղեկութիւն չկայ)։

Բ. ԽՄՈՐԱՏԻՊ
   1. «Ջանքեր», գրական, գիտական եւ զաւեշտական ամսագիր, օրգան Ն. Ջուղայի «Դասախօս» Միութեան, խմբագրական կազմ, լոյս է տեսել 1914-1918 թւականներին, էջ՝ 20, գրութիւն՝ 18.5x14 սմ.։
   2. «Կամուրջի Պատանեկան Միութեան Ամսագիր», հրատարակութիւն՝ Հ.Յ.Դ. «Կամուրջ»-ի Պատանեկան Միութեան, 1938 թ., էջ՝ 26, գրութիւն՝ 27x19 սմ.։
   (Ծանօթ.- Լոյս է տեսել 1938-39 թւականներին, հնարաւոր չէ ճիշտ խորագիրն իմանալ, քանի որ գոյութիւն ունեցող միակ համարը յատկացւած է «Մայիս 28»-ին եւ յատուկ վերնագիր չունի)։
   3. «Հայ Երիտասարդ» Ամսագիր, հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի Հ.Յ.Դ. Պատանեկան Միութեան, լոյս է տեսել 1953 թւականին, թիւ 1-ը՝ 1953 թ. մարտ, էջ՝ 24-34, գրութիւն՝ 20x14 սմ.։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ