«Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԼԱԻ» ԳՐԱԴԱՐԱՆ-ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

   Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքը, իր հիմնադրութեան օրից ունեցել է գրչագիր գրքեր, որոնց վրայ յետագայում աւելացել են նաեւ տպագիր գրքերը, բայց մինչեւ 1844 թւականը դրանք յատուկ տեղ ու պահեստ չեն ունեցել։
   Համաձայն Նոր Ջուղայի պատմագիր՝ Յարութիւն Թ. Տէր-Յովհանեանի, Յովհաննէս Սուրէնեան Առաջնորդի ժամանակ, առաջին անգամ լինելով, Վանքի սեղանատան մի մասն անջատելով՝ դարձրել են գրատուն, որտեղ եւ հաւաքել են Վանքում եղած գրչագիր ու տպագիր գրքերը:
   Այս գրչագիր ու տպագիր գրքերի թիւը գնալով այնքան է շատանում, որ 1905-6 թւականներին, կառուցւում է մի առանձին շէնք՝ «Ս. Ամենափրկչեան Մատենադարան»-ը, Նոր Ջուղայի պատմագիր՝ Յարութիւն Թ. Տէր-Յովհանեանի յիշատակին՝ իր որդու՝ Թադէոսի նիւթական միջոցներով:
   Մինչեւ 1974 թւականը, գրադարան-մատենադարանը յատուկ անուն չի ունեցել. վերոյիշեալ թւականին, երբ նշւում էր Ս. Ներսէս Շնորհալու վախճանման 800-ամեակը, մի պատշաճ հանդիսութեամբ, նախաձեռնութեամբ օրւայ Առաջնորդ Մեսրոպ Վրդ. Աշճեանի, անւանւել է «Ս. Ներսէս Շնորհալի», որի առթիւ մի ցուցատախտակ եւս փակցւել է մուտքի մօտ:
   Մատենադարանի տպագիր գրքերը, 1930 թւականին, երբ հիմնադրւում է թանգարանը, տեղափոխւում են առաջնորդարանի նախկին շէնքի մէջ, որտեղ մնում են մինչեւ 1971 թւականը, երբ թանգարանի համար կառուցւում է առանձին մի շէնք:
   Գրչագրերի առթիւ լոյս են տեսել երկու հատորով ցուցակներ։ Դրանցից առաջինը կազմւել է 20-րդ դարի սկիզբներում, Սմբատ Տէր-Աւետիսեանի կողմից, որը կրկին անգամ վերանայւել է ու պակասները լրացւել են, իսկ երկրորդ հատորը կազմւել է Լ.Գ. Մինասեանի կողմից, որոնք երկուսն էլ տպագրւել են Վիեննայում 1970 եւ 1972 թւականներին, «Գալուստ Գիւլբէնգեան» հիմնարկութեան հայկական բաժնի մատենաշարով:
   1972 թւականին Թեմակալ Առաջնորդ Գարեգին եպս. Սարգիսեանի ջանքերով նորոգւում է գրադարանը, որին միացւում են Նոր Ջուղայում եղած միւս ժողովրդական գրադարանները, որոնք են՝ Հայ Ակումբի «Րաֆֆի», Հայ Կանանց Գթութեան Միութեան «Երկունք», Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան «Իզմիրլեան» եւ ազգային դպրոցների գրադարանները: Վերանորոգւած գրադարանի բացումը կատարւել է 1972 թւականի ապրիլի 2-ին:
   1986 թւականին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նիւթական միջոցներով, տպագրւեց Նոր Ջուղայի Վանքի գրչագրերի գունաւոր ալբոմը՝ Բելգիայում, ՊրոՖ. Արբակ Մխիթարեանի եւ Սիրարփի Տէր Նէրսիսեանի աշխատութեամբ ու ջանքերով:
   Գրադարանի մուտքի երկու կողմերում դրւած են երկու սիրւած հայ բանաստեղծների՝ Պարոյր Սեւակի եւ Յովհաննէս Շիրազի կիսանդրիները:
   Գրադարանն ունի նաեւ մամուլի մի ճոխ ժողովածու, որը գտնւում է մի առանձին սրահում:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ