ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Սպահանի Հայոց Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդը համարւում է Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի ենթամարմին եւ աշխատում է թեմակալ առաջնորդի անմիջական նախագահութեամբ։

Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհրդի գրասենեակը հիմնւել է 2002 թւականին, ժամանակի առաջնորդ գերպ. Տ. Շահան Ծ. Վրդ. Սարգիսեանի նախաձեռնութեամբ. սկզբում գրասենեակն աշխատել է մէկ գործավարով եւ թեմակալ առաջնորդի անմիջական հսկողութեամբ։ Յետագային, 2004 թւականին, Թեմի առաջնորդ գերպ. Տ. Բաբգէն Ծ. վրդ. Չարեանի միջոցով կեանքի է կոչւել համապատասխան Խորհուրդ, որն աշխատում է մինչեւ այսօր: Խորհրդի կազմում աշխատում են Թովմա սրկ. Գալստանեանը, տկն. Դեզիրէ Մկրտչեանը եւ օրդ. Սարինէ Յարութիւնեանը. նախապէս Խորհրդի կազմում եղել են նաեւ Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, Տ. Եսայի քհնյ. Պետրոսեանը եւ պրն. Սասուն Համբարչեանը:

Խորհրդի հիմնական աշխատանքներից է Նոր Ջուղայի եւ Շահինշահրի Կիրակնօրեայ դպրոցների կազմակերպումը:

Կիրակնօրեայ Դպրոցը իւրաքանչիւր տարի սկսւում եւ աւարտւում է ուսումնական տարեշրջանի հետ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ բաժինների աշակերտութեան համար: Դպրոցում դասաւանդւում են կրօնական գիտելիքներ, օգտագործւում են Կիրակնօրեայ Դպրոցի համար պատրաստւած յատուկ դասագրքեր եւ կրօնական բովանդակութիւն ունեցող զանազան գրքեր, կատարւում է Աստւածաշնչի սերտողութիւն, պատրաստւում են դասաւանդութեան նիւթին առնչւող ձեռքի աշխատանքներ, սաները սովորում են հոգեւոր երգեր եւ շարականներ:

Խորհուրդն ամենամեայ դրութեամբ կազմակերպում է երիտասարդական համագումարներ, որտեղ ելոյթ են ունենում տեղացի եւ արտասահմանից հրաւիրւած հոգեւորականներ եւ մասնագէտներ:

Խորհուրդը կազմակերպում է համերգներ, որտեղ հնչում են Հայոց Եկեղեցու շարականները, հոգեւոր եւ ազգային-ժողովրդական երգեր։ Սոյն ծրագրերն իրականացնելու համար հրաւիրւում են Հայաստանի հռչակաւոր երգիչ-ուհիներ, տեղական երգչախմբեր եւ անհատ երգիչ-ուհիներ։

Նոր սերնդի մէջ կրօնական գիտելիքները տարածելու համար, Խորհուրդը տարրական, ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների աշակերտութեան համար կազմակերպել է մրցոյթներ:

Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդը զանազան առիթներով կազմակերպել է հոգեւոր-կրօնական-եկեղեցական տարբեր տեսանիւթերի ցուցադրում, դպրոցական աշակերտների եւ համայնքի համար:

Խորհուրդը կազմակերպում է նաեւ հոգեւոր-կրօնական նիւթերով գրքերի եւ նկարչութիւնների ցուցահանդէսներ Ս. Ամենափրկչեան Վանքում եւ Կիրակնօրեայ Դպրոցի շէնքում:

Խորհուրդը մասնակցում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Երիտասարդական Բաժանմունքի կողմից կազմակերպւած երիտասարդական համագումարներին, կազմակերպել է Կիրակնօրեայ Դպրոցի եւ հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների վերաւորակաւորման դասընթացներ, կազմակերպել է երիտասարդական լսարաններ Ս. Ստեփանս եկեղեցում եւ երի­տա­սարդ­նե­րին յա­տուկ կարճ արա­րո­ղու­թիւն, Ս. Յով­հան­նու Կարապետ եկե­ղե­ցում:

2007 թւա­կա­նի մա­յի­սից սկսեալ, Խորհրդի կարեւորագոյն աշխատանքներից է եղել «Ամե­նափր­կիչ Եկե­ղե­ցին Տան Մէջ» հո­գե­ւոր-կրօնական գունազարդ ամ­սա­թեր­թի հրատարակու­թիւնը:

Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդը հրատարակել է հետեւեալ գրքերը.

ա) Արեւագալի եւ Հսկումի արարողութիւնների առանձին գրքերը

բ) «Քրիստոնէական Ուսուցումներ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու» գիրքը

գ) «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Տօները»

դ) Կիրակնամուտքի ժամերգութիւնը

ե) Կիրակնօրեայ Դպրոցի համար երեք դասագրքեր

զ) Աւագ Շաբաթւան վերաբերող Դռնբացէքի, Տասը Կուսանաց, Ոտնլւայի, Խաւարման եւ Թաղման արարողութիւնների առանձին գրքերը

է) Ս. Պատարագի արարողութիւնը, աշխարահաբար թարգմանութեամբ

ը) «Ինչպէս Խօսել Աստծու Հետ» գունազարդ գիրքը


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ