ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ «ՏԱԹԵՒ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

1999 թւականի յունւարի 14-ին, Սպահանի Հայոց Թեմի ժամանակի առաջնորդ գերշ. Տ. Կորիւն արքեպս. Պապեանի առաջարկութեամբ, Թեմական եւ Կրօնական խորհուրդների հովանաւորութեամբ, տկն. Թագուշ Բաշիկեանի աջակցութեամբ եւ պրն. Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ, կեանքի կոչւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի «Տաթեւ» երգչախումբը։

Երգչախումբն առաջնորդւում է Պատգամաւորական Ժողովի ուղեգծով եւ Կրօնական Խորհրդի հովանաւորութեամբ եւ ցուցմունքներով:

Երգչախմբի նպատակներն են.-

Ա) Հոգեւոր երգի ուսուցումով արմատաւորել քրիստոնէական հաւատը եւ աջակցել կրօնական-հայեցի դաստիարակութեանը:

Բ) Հայ պատանի-երիտասարդներին սովորեցնել հայ հոգեւոր ու ազգային երգը, գիտական հիմունքներով եւ ճշգրիտ ձեւով:

Գ) Վայելուչ երգեցողութեամբ մասնակցել եկեղեցիների արարողութիւններին եւ նպաստել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառացմանը:

Դ) Տարածել հայ հոգեւոր եւ ժողովրդական երգը, մասնակցելով ազգային-կրօնական տօների հանդիսութիւններին՝ համերգների եւ այլ ձեռ¬նարկների միջոցով:

Երգչախմբի գոյութեան տարիների ընթացքում տարւած աշխատանքների ընդհանուր պատկերն եղել է ըստ հետեւեալի.

Ա) Երգչախումբն իւրաքանչիւր շաբաթ օր մասնակցում է Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում կատարւող Կիրակնամուտի ժամերգութեանը, իսկ կիրակնօրեայ Ս. Պատարագներին՝ թաղային տարբեր եկեղեցիներում։ Մասնակցում է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղաւար տօներին՝ Նոր Ջուղայում, Շիրազում, նաեւ Սպահան նահանգի Փերիոյ գաւառի այժմեան եւ անցեալի հայաբնակ գիւղերում։

Բ) Ամէն տարի դեկտեմբերի 24-ին, Կաթոլիկ եկեղեցու «Քրիսմըս» տօնին երգչախումբը մասնակցում է այդ առթիւ կազմակերպւած կրօնական յատուկ արարողութեանը, Սպահանի Ռուդաբէ դպրոցում։

Գ) Երգչախումբն իր ծրագրերի շրջանակում ունենում է զանազան առիթների նւիրւած տարեկան եւ հոգեւոր համերգներ, Նոր Ջուղայում, Շահինշահրում, Շիրազում եւ Թեհրանում։

Դ) Երգչախումբն ամենամեայ ելոյթներով մասնակցում է գաղութում տեղի ունեցող կրօնական եւ ազգային տարբեր տօնակատարութիւններին եւ ծրագրերին, ինչպէս նաեւ պետական հրաւէրներով մասնակցել է Սպահան նահանգի մակարդակում կազմակերպւած տարբեր միջոցառումների եւ արժանացել հանդիսատեսի բարձր գնահատանքի։

Ե) Պրն. Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ, երգչախումբը տարւայ ընթացքում ունենում է տարբեր դասընթացներ՝ անհատական ձայնավարժութեան, Ս. Պատարագի երգեցողութեան, երգեհոնի ուսուցման, սոլֆեջոյի եւ այլնի։

Զ) Անդամների ինքնավստահութիւնը զարգացնելու եւ նրանց կարողութիւններն ի յայտ բերելու նպատակով, ամէն տարի կազմակերպւում է ներքին համերգ, որտեղ նրանք ներկայանում են մեներգերով։

Է) Երգչախումբը ժամանակին ունեցել է հայկական ժողովրդական նւագրաանների դասընթացներ օրդ. Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ։

Ը) 2006 թւականին պրն. Համիկ Ալեքսանդրեանի նախաձեռնութեամբ եւ Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի հովանաւորութեամբ, երգչախումբը թողարկել է ձայնասկաւառակ՝ երգահան Նիկոլ Գալանտերեանի երգերից եւ խմբերգերից։ Աշխատանքը նւիրւել է Նոր Ջուղայում հայերի հաստատման 400-ամեակին։

Թ) Երգչախմբի անդամների համար, պրն. Համիկ Ալեքսանդրեանի միջոցով մշակւել եւ պատրաստւել են սոլֆեջոյի եւ Կիրակնամուտի ժամերգութեան երգեցողութեան ու երգեհոնի նւագակցութեան գրքոյկներ։

Ժ) Վերոնշեալ բոլոր աշխատանքների կողքին երգչախմբի երիտասարդ անդամներին խրախուսելու նպատակով, խմբի վարչութիւնը կազմակերպում է ամենամեայ այցելութիւններ, ճամբարներ եւ խրախճանքներ, որոնք իրենց դրական ազդեցութիւնն են թողնում երգչախմբի գործունէութեան վրայ։

Երգչախմբին անդամակցելու պայմաններն են.-

Ա) Լինել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ:

Բ) Ընդունել երգչախմբի ներքին կանոնագրութեան տրամադրութիւնները:

Գ) Ենթարկւել երգչախմբի Վարչութեան եւ խմբավարի որոշումներին:

Դ) Ունենալ նւազագոյնը տարրական մակարդակի կրթութիւն:

Ե) Լինել նւազագոյնը 14 եւ առաւելագոյնը 24 տարեկան:

Զ) Ունենալ պարկեշտ վարք ու բարք:

Նորեկ անդամները փորձնական շրջանը (երեքից վեց ամիս) աւարտելուց յետոյ, ընդունւում են խմբավարի կողմից, համախորհուրդ Վարչութեան:

Երգչախումբն ունի իր Վարչութիւնը՝ բաղկացած 5 կամ 7 անդամներից, որոնք ընտրւում են երգչախմբի Ընդհանուր Ժողովի կողմից, փակ քւէարկութեամբ եւ ներկաների ձայների պարզ մեծամասնութեամբ: Ընտրւում են նաեւ երկու անձնափոխանորդներ, առաւելագոյն քւէ ստացած երկու անդամներից:

Վարչութեան գործունէութեան ժամանակաշրջանը 2 տարի է, որի անդամները կարող են վերընտրւել:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ