ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ «ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ս. Ամենափրկչեան Վանքի երգչախումբը կեանքի է կոչւել 1975 թւականի հոկտեմբերին, նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց Թեմի ժամանակի Թեմակալ Առաջնորդ գերպ. Տ. Մեսրոպ Վրդ. Աշճեանի եւ Կրօնական Խորհրդի ջանքերով։ Այժմ երգչախումբը համարւում է Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ենթակայ մարմին:

1990 թւականին ի յարգանս հայ դասական հոգեւոր երաժշտութեան հիմք հանդիսացող Կոմիտաս Վարդապետի, երգչախումբն անւանակոչւել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբ:

Հիմնադրութեան օրւանից ցայսօր, երգչախմբի խմբավարները հերթաբար եղել են՝ պրն. Մովսէս Փանոսեանը (այժմ՝ Տ. Կոմիտաս քհնյ. Փանոսեան), հանգուցեալ Պարթեւ Շահվալադեանը, պրն. Վրէժ Մելիքեանը, պրն. Ռադիկ Մելիքեանը, պրն. Համիկ Ալեքսանդրեանը։ Իսկ ներկայիս խումբը ղեկավարւում է պրն. Արմէն Ամիրխանեանի միջոցով:

Երգչախումբն իր գործունէութեան տարիների ընթացքում, հաւատարիմ իր կոչումին եւ առաքելութեանը, նւիրւածութեամբ մասնակցել է Նոր Ջուղայի հայոց եկեղեցիներում տեղի ունեցող արարողութիւններին, որով իր լուման է ներդրել Հայոց Եկեղեցու պայծառացմանը եւ զարգացրել է հոգեւոր երգեցողութիւնը:

Երգչախումբը պարբերաբար ելոյթներով հանրութեանն է ներկայացրել հոգեւոր, դասական, ժողովրդական, գուսանական, ազգային, յեղափոխական, արեւմտա-եւրոպական եւ ժամանակակից ժանրերում մեներգներ եւ խմբերգներ:

Հայ երգն ու երաժշտութիւնը նոր սերնդի մէջ զարգացնելու նպատակով, ժամանակին կեանքի է կոչել «Գարուն» մանկական եւ «Արցախ» պատանեկան երգչախմբերը, իսկ 2004 թւականից յուսադրիչ սկիզբով աշխատում է «Կոմիտաս» մանկա-պատանեկան երգչախումբը:

Երգչախումբը բազմաթիւ անգամներ իր համերգներով հանդէս է եկել Իրանի հայաշատ քաղաքներում։

2008 թւականին, պրն. Արմէն Ամիրխանեանի խմբավարութեամբ մասնակցել է Հայաստանի Երգչախմբային Ընկերութեան հիմնադրման 50-ամեակի տօնակատարութեանը:

2010 թւականի յուլիսի 21-ից մինչեւ 29-ը, երգչախումբը մասնակցել է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում կայացած միջազգային երաժշտական փառատօնին:

Երգչախումբն երկար տարիների ընթացքում գոյատեւել եւ զարգացել է իրար յաջորդող թեմակալ առաջնորդների հոգատարութեան, Թեմական խորհուրդների նիւթա-բարոյական հովանաւորութեամբ, անցեալի եւ ներկայի ժրաջան տասնեակ անդամ-ուհիների նւիրւած ու նպատակաուղղւած աշխատանքի շնորհիւ: Այսօր եւս նոյն այդ նւիրումով ու համոզումով, անյողդողդ քայլերով, շարունակում է իր երթը՝ ի խնդիր մեր ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ ազգային արժէքների պահպանման:

Երգչախումբն ունի իր սեփական կայքէջը՝ «www.komitaschoirgroup.com»։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ