ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը Թեմի եւ Նոր Ջուղայի գործադիր բարձրագոյն մարմինն է, որն ընտրւում է Պատգամաւորական Ժողովի կողմից երկու տարւայ ժամանակաշրջանի համար եւ բաղկացած է 7 կամ 9 հոգուց: Թեմական Խորհուրդը անցեալում կոչւել է «Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդ» անունով։ Թեմական Խորհրդի անդամները ընտրելի են միայն երկու յաջորդական նստաշրջանի համար, իսկ մէկ նստաշրջանի դադարից յետոյ կարող են կրկին ընտրւել:

Թեմական Խորհրդի որոշումներն ի զօրու են կազմի (7 կամ 9) անդամների մեծամասնութեան քւէով: Խորհուրդն իր առաջին նիստում իր կազմից ընտրում է դիւան հետեւեալ կարգով՝ ատենապետ, փոխ ատենապետ, երկու ատենադպիր, վերահսկիչ հաշւապահ, գանձապահ եւ գոյքապահ:

Թեմական Խորհրդի պարտականութիւններն ու իրաւասութիւններն են.

Ա) Առաջնորդարանի ներկայացուցիչն է բոլոր պետական եւ ոչ-պետական, իրական կամ իրաւական անձանց դիմաց:

Բ) Նշանակում է Կրթական եւ Երիտասարդական խորհուրդներ, Կալւածա-Տնտեսական եւ Բարեսիրական մարմիններ, Նոր Ջուղայի Հայոց Գերեզմանատան Բարեզարդման Յանձնախումբ եւ Համալսարանականների Կրթաթոշակի Հոգաբարձութիւն, որոնց գործունէութեան ժամանակաշրջանը համընկնում է Թեմական Խորհրդի նստաշրջանին:

Գ) Նշանակում է դիւանապետ, որը վարում է Առաջնորդարանի գործերը Թեմական Խորհրդի հսկողութեան ներքոյ:

Նշւած մարմինների եւ դիւանապետի պարտականութիւններն ու փոխ-յարաբերութիւնը Թեմական Խորհրդի հետ ճշտւած են ներքին կանոնագրութեամբ:

Դ) Գործադրում է Թեմի Պատգամաւորական Ժողովի որոշումները, համաձայն հաստատւած նախահաշիւների, իր կամ իր կողմից նշանակւած մարմինների միջոցով:

Ե) Հսկում է Թեմի Պատգամաւորական Ժողովի կողմից հաստատւած ազգային-հասարակական եւ տնտեսական ծրագրերի եւ քաղաքականութեան գործադրութեանը Թեմի շրջաններում:

Զ) Կազմում է Թեմական Խորհրդի տարեկան նիւթական եւ բարոյական գործունէութեան տեղեկագրերը (ներառեալ շրջանների վարչութիւնների եւ ենթակայ մարմինների գործունէութեան զեկոյցները), ինչպէս նաեւ յառաջիկայ տարւայ նախահաշիւը եւ ներկայացնում Պատգամաւորական Ժողովին:

Է) Հիմնադրում, ղեկավարում եւ հովանաւորում է բարեսիրական, մարզամշակութային միութիւններ, բուժարաններ, արտադրական եւ բաշխման համագործակցականներ, արհեստագիտական դպրոցներ, ծերանոցներ, մանկամսուրներ, գերեզմանատներ եւ զանազան ֆոնդեր, նաեւ կազմակերպում է ուխտագնացութիւններ եւ գիտական ճամբորդութիւններ:

Ը) Հիմնադրում ու կառավարում է դպրոցներ, հոգեւոր ու մշակութային կենտրոններ՝ տպարան, թանգարան, լեզւի եւ արւեստի բարձրագոյն դպրոցներ եւ նպաստում հայոց լեզւի տարածմանը յիշեալ հաստատութիւնների միջոցով:

Այն միութիւններն ու հաստատութիւնները, որոնց հիմնադրութիւնը եւ ծրագիր-կանոնագիրը հաստատւում է Թեմական Խորհրդի կողմից եւ իրենց գործունէութիւնը համընկնում է Պատգամաւորական Ժողովի կողմից ճշտւած ազգային քաղաքականութեան, նկատւում են ենթակայ միութիւններ եւ ստանում են Թեմական Խորհրդի նիւթա-բարոյական օժանդակութիւնները:

Թեմական Խորհրդին ենթակայ միութիւններն ու հաստատութիւնները, որոնք ունեն ինքնուրոյն կառոյց, Թեմական Խորհուրդը յիշեալ միութիւնների բարձրագոյն ժողովին մասնակցում է մէկ վճռական ձայնի իրաւունքով:

Թեմական Խորհուրդը քաջալերում է համայնքում նոր կազմւող միութիւնների եւ այլ հասարակական կազմակերպութիւնների նախաձեռնութեան ու համագործակցութեան ոգին եւ հովանաւորում է նրանց Պատգամաւորական Ժողովի հաւանութիւնը ստանալուց յետոյ:

Երբ շրջանների ընտրւած վարչութիւնները կորցնում են իրենց մեծամասնութիւնը կամ որեւէ պատճառով մատնւում են անգործութեան կամ գտնւում են օրինազանց ընթացքի մէջ եւ անմիջապէս նոր ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն չեն ունենում, Թեմական Խորհուրդը նշանակում է վարչութիւն մինչեւ վեց ամիս նոր ընտրութիւն կայացնելու պայմանով:

Թ) Թեմական Խորհուրդն իր տրամադրութեան տակ եղած աւանդ անձեռնմխելի գումարները եւ կամ կտակային գումարները օգտագործում է ճշտւած նպատակների համար:

Ժ) Կառուցում եւ նորոգում է եկեղեցիներ ու սրբավայրեր Թեմակալ Առաջնորդի եւ Կրօնական Խորհրդի հետ համախորհուրդ:

ԺԱ) Կազմակերպում է գիտական եւ մշակութային դասախօսութիւններ եւ գիտաժողովներ (սեմինարներ):

ԺԲ) Կազմակերպում է կրօնական, մշակութային եւ ազգային տօնակատարութիւններ եւ հանդիսութիւններ:

ԺԳ) Գնում եւ վաճառում է շարժական եւ անշարժ գոյքեր, վարձում ու վարձու է տալիս, գրաւ է դնում ու յետ ստանում անշարժ գոյքեր, կատարելով դրանց պայմանական, թէ վերջնական փոխանցումը եւ փոխանակումը: Կատարում է կալւածների մասնատման, գրանցման եւ դատական բոլոր գործերը եւ դասաւորում, ստորագրում, բեկանում կամ վերանորոգում է համապատասխան փաստաթղթերը:

Թեմի անշարժ գոյքերի առեւտուրը, գրաւ դնելը, յետ ստանալը եւ փոխանակելը, ինչպէս նաեւ տնտեսական ներդրումները Թեմական Խորհուրդը կատարում է ըստ Պատգամաւորական Ժողովի որոշումների, կամ ստանալով նրա հաւանութիւնը:

ԺԴ) Բացում է բանկային հաշիւներ, մուծելու եւ վերցնելու իրաւունքով: Ինչպէս նաեւ ապահովում բանկային վարկեր:

ԺԵ) Տնօրինում է իրաւաբանական բոլոր խնդիրները, ըստ երկրի ընթացիկ դատական օրէնքների:

ԺԶ) Կազմում է ներքին կանոնագրութիւններ եւ ճշտում գործելակերպի եղանակներ, ըստ Պատգամաւորական Ժողովի որոշումների:

ԺԷ) Կազմում է Առաջնորդարանի շարժական եւ անշարժ գոյքերի, ինչպէս նաեւ բանկային հաշիւների ամբողջական վիճակացոյց:

ԺԸ) Կազմակերպում է վիճակագրութիւններ եւ արդիւնքի մասին զեկուցում Պատգամաւորական Ժողովին:

ԺԹ) Հրատարակում է գրքեր եւ պարբերականներ:

Առաջնորդարանին պատկանող բոլոր արժէքաւոր գրութիւնները եւ յանձնառական վաւերագրերն ի զօրու են, երբ ունեն երկու ստորագրութիւն՝ Թեմական Խորհրդի ատենապետի կամ փոխ-ատենապետի եւ վերահսկիչ հաշւապահի կամ գանձապահի, եւ կնքւած են Թեմական Խորհրդի կնիքով:

 

Թեմական Խորհրդին ենթակայ եւ նրա միջոցով կեանքի կոչւող մարմիններն են.-

Ա) Սպահանի Հայոց Թեմի Կալւածա-Տնտեսական Մարմին

Բ) Սպահանի Հայոց Թեմի Բարեսիրական Մարմին

Գ) Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհուրդ

Դ) Նոր Ջուղայի Հայոց Գերեզմանատան Բարեզարդման Մարմին

Ե) Սպահանի Հայոց Թեմի Կրթաթոշակների Հոգաբարձութիւն

Զ) Սպահանի Հայոց Թեմի Երիտասարդական Խորհուրդ

Է) Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» Երգչախումբ


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ