ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Պատգամաւորական Ժողովը Թեմի օրէնսդիր գերագոյն ժողովն է եւ նրա որոշումները գործադրելի են համայնքի անդամների եւ ենթակայ մարմինների համար: Այն բաղկացած է Թեմի աշխարհագրական սահմաններում բնակւող ամբողջ հայութեան հոգեւոր եւ աշխարհական պատգամաւորներից, մէկ եօթերորդ հոգեւորականի եւ վեց եօթերորդ աշխարհականի համեմատութեամբ, բացի այն հոգեւորականներից, որոնք ընտրւում են ժողովրդի ուղղակի քւէով:

Պատգամաւորներն ընտրւում են չորս տարւայ համար, ժողովրդի ընդհանուր, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէով, իսկ հոգեւորականները Թեմի հոգեւորականների եւ Կրօնական Խորհրդի միացեալ նիստում: Պատգամաւորական Ժողովի անդամները վերընտրելի են յաջորդ շրջանների համար: Ժողովրդի ուղղակի քւէով ընտրւող պատգամաւորների թիւը ըստ վիճակագրական տւեալների ճշտում է Թեմական Խորհուրդը եւ հաստատում է Պատգամաւորական Ժողովը:

Նշւած պատգամաւորներից բացի, Պատգամաւորական Ժողովին վճռական ձայնի իրաւունքով մասնակցում են թեմակալ առաջնորդը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների մէկական ներկայացուցիչները:

Պատգամաւորների եւ ընտրութիւնների դէմ եղած բողոքների քննարկման իրաւունքը պատկանում է ընտրական յանձնախմբին, իսկ հարցը չլուծւելու դէպքում վերջնական վճռահատումը Պատգամաւորական Ժողովին: Իւրաքանչիւր պատգամաւորի տրւում է լիազօրագիր ընտրական յանձնախմբի կողմից:

Հետեւեալ անձինք խորհրդակցական ձայնի իրաւունքով մասնակցում են Պատգամաւորական ժողովին.

Ա) Ազգային Ընդհանուր Ժողովի պատգամաւորները

Բ) Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած մարմինների անդամները

Պատգամաւորական Ժողովի վճռական ձայնի իրաւունքով մասնակցողների թւի մէկ երրորդի համեմատութեամբ հրաւիրւում են համայնքի փորձառու եւ բանիմաց անդամներ մասնակցելու ժողովին, որի կէսը հրաւիրում է Թեմական Խորհուրդը, իսկ միւս կէսը Պատգամաւորական Ժողովը:

Պատգամաւորական Ժողովի կողմից մէկ վեցերորդի համեմատութեամբ հրաւիրեալները մէկ տարւայ համար «մինչեւ յաջորդ հաշւետւական ժողով», մնայուն կերպով մասնակցում են գումարւելիք Պատգամաւորական հերթական եւ արտակարգ ժողովներին, իսկ Թեմական Խորհրդի կողմից մէկ վեցերորդի հրաւիրեալներն ըստ հերթական եւ արտակարգ ժողովների օրակարգի պահանջների, ժողովից ժողով փոփոխութեան են ենթարկւում:

Պատգամաւորական Ժողովը օրինական է համարւում վճռական ձայնի իրաւունք ունեցող անդամների պարզ մեծամասնութեամբ: Առաջին նիստում ընտրւում է ժամանակաւոր դիւան՝ կազմւած ժողովի երիցագոյն անդամից՝ որպէս ատենապետ, եւ կրտսերագոյն անդամից՝ որպէս ատենադպիր:

Վճռական ձայնով մասնակցողների լիազօրագրերի ստուգումը կատարում է ժամանակաւոր դիւանը եւ ճշտում է ժողովի կազմը: Պատգամաւորական Ժողովն ընտրում է մնայուն դիւան երկու տարւայ համար, բաղկացած ատենապետից, փոխ-ատենապետից եւ երկու ատենադպիրներից:

Պատգամաւորական Ժողովը գումարում է տարեկան մէկ հաշւետւական եւ յաջորդական հերթական եւ արտակարգ նիստեր: Հաշւետւական նիստերը նախընտրաբար գումարւում են հաշւական տարւայ սկզբին, որտեղ Պատգամաւորական Ժողովն ունկնդրում է Թեմական եւ Կրօնական խորհրդների եւ Հաշւեքննիչ Մարմնի տեղեկագրերը, քննարկում նրանց նիւթական եւ բարոյական գործունէութիւնը: Իսկ հերթական նիստերում քննարկւում են ընթացիկ հարցեր եւ տրւում են համապատասխան որոշումներ: Պատգամաւորներն իրաւասու են Ժողովի հաշւետւական եւ հերթական նիստերի օրակարգի վրայ կատարել յաւելումներ եւ յապաւումներ, ձայների պարզ մեծամասնութեամբ:

Անհրաժեշտ պարագային գրաւոր հիմնաւորումով արտակարգ Պատգամաւորական Ժողով կարող են պահանջել Թեմական կամ Կրօնական խորհրդները, Հաշւեքննիչ Մարմինը կամ Պատգամաւորական Ժողովի անդամների մէկ երրորդը, որի պարագայում դիւանը պարտաւոր է ժողով հրաւիրել ստացւած առաջարկի թւականից առաւելագոյնը մինչեւ տասը օր: Հերթական նիստերի օրակարգը կազմում է Պատգամաւորական Ժողովի դիւանը, իսկ արտակարգ նիստերինը ներկայացնում է պահանջող կողմը: Արտակարգ նիստը զբաղւելու է միայն ներկայացւած օրակարգով:

Պատգամաւորական Ժողովի նիստերի վայրը Առաջնորդարանն է, որը կարելի է փոփոխութեան ենթարկւի դիւանի հաւանութեամբ:

Պատգամաւորական Ժողովի պարտականութիւնները եւ իրաւասութիւններն են.

Ա) Կատարում է Առաջնորդի կամ Առաջնորդական Տեղապահի ընտրութիւն կամ հրաժարեցում: Անկախ սահմանւած չորս տարւայ ժամանակաշրջանից, Թեմակալ Առաջնորդի հրաժարեցման առաջարկ կարող են ներկայացնել Թեմական կամ Կրօնական խորհուրդները կամ պատգամաւորների մէկ երրորդը եւ պատգամաւորների երկու երրորդի քւէներով:

Բ) Հաստատում է Անձնական Իրաւունքի օրէնքները եւ յղում Կաթողիկոսին առ ի վաւերացում:

Գ) Քննարկում եւ հաստատում է Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ Մարմնի նիւթաբարոյական տեղեկագրերը եւ տարեկան նախահաշիւները:

Դ) Մշակում եւ հաստատում է Թեմի ազգային-հասարակական եւ տնտեսական գործունէութեան ընդհանուր ծրագիր եւ քաղաքականութիւն: Այս նպատակով Պատգամաւորական Ժողովը կարող է իր անդամներից կազմել զանազան յանձնաժողովներ եւ հրաւիրել մասնագիտական խորհրդատւական հանդիպումներ:

Ե) Իր կամ համայնքի անդամներից ընտրում է Թեմական Խորհուրդ, Կրօնական Խորհուրդ եւ Հաշւեքննիչ Մարմին: Թեմական եւ Կրօնական խորհրդների անդամ ընտրւող պատգամաւորը դադարում է պատգամաւոր լինելու իր հանգամանքից:

Զ) Քննարկում է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովի օրակարգը եւ հաստատում է Թեմական եւ Կրօնական խորհրդների սոյն ժողովին ուղղւած զեկոյցը:

Է) Ընտրում է Ազգային Ընդհանուր Ժողովի եւ Կաթողիկոսի ընտրութեան ժողովի պատգամաւորներ:

Ը) Համազգային կամ համահայկական բնոյթ կրող համաժողովներին մասնակցելու կապակցութեամբ ընդունում է որոշում եւ ընտրում համապատասխան պատգամաւորներ:

Թ) Քննարկում եւ հաստատում է Առաջնորդարանի կանոնագրութիւնները, եւ կատարում անհրաժեշտ փոփոխութիւններ: Կանոնագրութեան յօդւածների փոփոխութեան առաջարկը կատարւում է Թեմական Խորհրդի, Կրօնական Խորհրդի եւ Պատգամաւորական Ժողովի անդամների մէկ երրորդի գրաւոր առաջարկով եւ պատգամաւորների երկու երրորդի քւէներով:

Ժ) Հաստատում է թեմական-եկեղեցական տուրքեր:

ԺԱ) Քննում եւ վճռահատում է Թեմակալ Առաջնորդի կամ Առաջնորդական Տեղապահի դէմ յարուցւած հարցերն ու բողոքները:

ԺԲ) Քննում եւ վճռահատում է Առաջնորդարանի վարչական մարմինների կամ դրանց առանձին անդամների դէմ յարուցւած հարցերն ու բողոքները:

 

Պանգամաւորական Ժողովից ընտրւող մարմիններն են.-

Ա) Սպահանի Հայոց թեմի Թեմական Խորհուրդ

Բ) Սրահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհուրդ

Գ) Սպահանի Հայոց Թեմի Հաշւեքննիչ Մարմին


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ